Astghik Ghazaryan

Միայն թե տանը լինեն

-Աստղի’կ, էս գրքերդ թախտի վրիցը վեր կալ, կարող ա՝ մինն ուզըմ ա նստի:

-Ամայ, մթամ տանը մարդ կա…

-Է~, դյուզ ա, չարդ տանեմ…

Իհարկե «դյուզ ա». յոթհոգանոց ընտանիքը սովորական մեծ ընտանիք է, բայց մեր տասնհինգը… Մերն իսկական գերդաստան էր: Էր…

Իմ ապրած տասնութ տարիների ընթացքում մենք ամբողջ ընտանիքով մի սեղանի շուրջ նստել ենք Նոր տարուց Նոր տարի, Զատիկից Զատիկ ու Վարդավառից Վարդավառ: Բայց մի սեղանի շուրջ ասելն էլ սխալ է, որովհետև իրականում երկու սեղան էր իրար միացրած: Իսկ այսօր լավ է, մի սեղանը բավական է յոթիս:

Նախկինում երբեք չէի տեսել, որ մերոնք փոքր կաթսայով բորշչ եփեն, իսկ այսօրվանից երևի չեմ տեսնի մեր մեծ կաթսաները: Չնայած լավ է. սոված երկար չեմ սպասի եփվելուն:

Առաջ չէի էլ պատկերացնի, որ երբևէ համակարգիչը գոնե հինգ րոպե կհանգստանա: Ամբողջ օրը հորեղբայրս` Վովա պապան, նորություններ էր կարդում, պատմական ֆիլմեր նայում: Համակարգչին նույնիսկ «կախվելը» չէր փրկում, մեկ է, եղբայրս սարքում էր, ծրագիրը փոխում, բայց էլի դիմացն էր հայտնվում Վովա պապան: Չեմ էլ խոսում, թե ինչ տանջանքով էի համոզում, որ վեր կենա, նյութերս ուղարկեմ կամ դաս անեմ: Հիմա լավ է. օրերով համակարգչին մոտեցող չի լինում: Չգիտեմ` Վովա պապան ինչ է անում Ռուսաստանում առանց համակարգչի, բայց հաստատ գիտեմ, որ մեր արհամարհված համակարգիչը կարոտում է իրեն:

Այլևս չեմ լսի Անո մամայի` «Ժամը վեցի դեղը տար տու Վովա պապային» հրամանը: Ախր, ես դեղերը ոչ թե ժամերով, այլ անուններով գիտեի: Մեղավորը երևի ես էի. երեք-չորս տարվա մեջ չկարողացա սովորել, թե ժամը մեկի, վեցի ու իննի դեղերը որոնք են:

-Նա~նո, Նու~շո, Մա~միկ, Ա~ստղիկ…

Այսպես էր լինում, երբ յոթ թոռնատեր ամայս (տատիկ) ուզում էր մեկիս կանչել, բայց անունը չհիշելով` միանգամից բոլորիս անունն էր տալիս: Մենք էլ «ծլլաշար» գալիս, կանգնում էինք առաջին: Հիմա տանը երկու թոռս ենք, ամայն էլ միայն «Մամիկ, Աստղիկ» է կանչում:

Երևի հեշտ չէ յոթ թոռ պահելը, յոթին էլ հավասար սեր տալը: Բայց ամայը միշտ էլ աշխատել է հավասարությունը պահել: Երբ տանը մի կոնֆետ էր լինում, թոռներից մեկը դանակ ու տախտակ էր բերում, դնում ամայի գոգին, ամայն էլ յոթ հավասար մասի էր բաժանում, ու թեև ամենքիս մի փոքր կտոր էր բաժին հասնում, սակայն բոլորս էլ ուտում էինք: Հիմա ամայի գործը հեշտացել է. երկու մասի է բաժանում, մեր փայն էլ շատ է լինում: Լավ է:

Առաջ եղբայրներս բռնցքամարտի էին գնում, տանն էլ ինձ վրա էին պարապում: Հիմա, երբ բանակում են, էլ վնասվածքներ չեմ ստանում: Լավ է, չէ՞:

Ի՞նչն է լավ: Ոչ մի բանն էլ լավ չէ: Թո’ղ որ Նոր տարուց Նոր տարի սեղան նստենք, թո’ղ որ ճաշը մեծ կաթսայով ու ուշ եփվի, թող որ Վովա պապան ամբողջ օրը համակարգչի առաջ լինի, ու ես հիմա համոզեմ, որ վեր կենա, նյութս ուղարկեմ, թող կոնֆետից քիչ բաժին ունենամ, թող եղբայրներս ինձ վրա պարապեն, թող… Միայն թե բոլորը տանը լինեն, ու ամեն ինչ առաջվանը լինի: Այդ ժամանակ իրոք կասեմ` լավ է: