aneta baghdasaryan

Ով ում է պատկանում

Արդեն երեք ժամ է, ինչ համացանցում նայում եմ շիզոֆրենիայով և անձի բազմակիությամբ տառապող մարդկանց հետ հարցազրույցները: Կմտածեք՝ այնքան պարապ եմ, որ էլ չգիտեմ ինչով զբաղվել: Իրականում անգլերենով պետք է ներկայացնեմ ինձ տրված ոլորտներից մի որևէ երևույթ, և ինչպես միշտ՝ ընտրեցի գիտական և բժշկական տերմիններով թեմա, որի տակից չգիտեմ, թե ոնց եմ դուրս գալու:

Ինչևէ, համացանցում նյութ չմնաց, որ նայած չլինեմ՝ սկսած կարճ հարցազրույցներից և վերջացրած փաստագրական ֆիլմերով: Հիվանդներն այնքան համոզիչ էին նկարագրում և այնպես էին հավատում իրենց աչքին երևացող հալյուցինացիաներին և լսվող ձայներին, որ ակամա սկսում էի կասկածել՝ գուցե իրականում հալյուցինացիա տեսնե՞լն է ճիշտ, և մե՞նք ենք հիվանդ, այլ ոչ թե նրանք: Գուցե նրանք տարբերվում են մեծամասնությունից, դրա համար էլ նրա՞նց են խելագար համարում, այլ ոչ թե մեզ:

Իսկ ամենից շատն ինձ զարմացրին անձի բազմակիությամբ տառապողները: Երևի լսել եք Բիլի Միլիգանի մասին, որի մեջ «ապրում» էին 24 «ալտեր էգո», այսինքն՝ այլընտրանքային անձ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատուկ խոսելաձևը, պահվածքը, բարբառը և նույնիսկ հիվանդությունները: Ամեն մեկն ուներ իր դերը, և յուրաքանչյուրը կարող էր արթնանալ Բիլիի ուղեղում տարբեր ժամանակ: Նրանցից մեկը՝ Արթուրը, միակն էր, ով ծխում էր և հետևաբար ուներ թոքերի հիվանդություն: Մեկ ուրիշը` Ռեյջենը, դալտոնիկ էր: Այստեղ ես մի պահ քարացա: Այսինքն՝ հենց որ Բիլին դառնում էր Ռեյջեն, դառնում էր դալտոնիկ, հենց փոխվում էր և դառնում Արթուր, թոքերի վիճակը վատանում էր: Ինչպիսի հզորություն և իշխանություն ունի մեր ուղեղը մեզ վրա: Չէ՞ որ այս բոլոր դեպքերում հենց ուղեղն է ստեղծում այդ ուրիշ անձանց, ստիպում հավատալ տեսիլքներին: Ուրեմն ուղեղն է նաև հիվանդի մեջ ապրող անձանց հիվանդությունները կառավարում, հետևաբար այն կարող է մեզ արդեն ծանոթ Արթուրի ի հայտ գալու ժամանակ թոքերի աշխատանքը վատացնել, և հետո՝ առողջ կերպարի ժամանակ, այդ հիվանդությունը չեզոքացնել: Եվ իսկապես, մարդու ուղեղն այնքան քիչ է ուսումնասիրված, որ ոչ ոք վստահորեն չի կարող սահմանափակել նրա կարողությունները: Հիշեցի մի գիտնական կնոջ դասախոսություն, որտեղ նա ասում էր, որ դա դեռ հարց է՝ ուղեղն է մերը, թե մենք՝ նրանը:

Նկատեցի՞ք՝ արդեն ուղեղին «նա» եմ ասում, իբր թե մարդ է: Բոլորս լավ հասկանում ենք, որ այն չի կարող ուղղակի ինքնուրույն գոյություն ունենալ առանց մարդու: Օրինակ՝ ուղեղս իմ տեղը չի կարող դաշնամուրս բացել ու Ռախմանինով նվագել, կամ հաշվապահության բոլոր տոմսերը սովորել: Չնայած՝ շատ ուրախ կլինեի, որ այդպես լիներ: