Մարիամ Հովհաննիսյան (Շիրակ)ի բոլոր հրապարակումները

Mariam Hovhannisyan.Nor kyanq

Մենք ենք ու մեր մանկությունը

Գիտեք, զարմանում եմ, թե էս երեխեքը ինչ մանկություն են հիշելու։

Այփադով տորթ սարքելը, տիկնիկներին հագցնել-հանելը, թե գնդակ խաղալը։
Հիշում եմ, երբ փոքր էի, ինձ համար տորթ սարքելը հողին մի բաժակ ջուր ավելացնելն էր, իսկ լավագույն դեպքում մի երկու ծաղկով վրան ձևավորելը։
Տիկնիկներս… Ինչքան էի դողում ամեն տիկնիկի, իր շորի, իր հետ կապ ունեցող ցանկացած իրի վրա: Իրենք իմն էին, ուրեմն ես պատասխանատու էի իրենց համար։
Ես այն մանկությունն եմ ունեցել, որում ես նորմալ զուգագուլպա` ռետուզ, չեմ ունեցել, որովհետև ատել եմ իրեն։ Ու իր վրա ցանկացած փոքր բացվածքը կհանդիսանար իր վերջը։ Իմ կյանքի միակ ռետուզը եղել է նապաստակի ականջներով ռետուզը: Էսօրվա պես հիշում եմ մամայիս հորաքույրը Մոսկվայից էր բերել։ Էդ իմ միակ ռետուզն էր, որի վախճանը ես չտվեցի, ու ավելին, ինձ մոտ դժվար ժամանակներ սկսվեցին իրենից հետո։ Ես միշտ զարմանում էի, թե իմ տարիքի երեխեքը ինչ էին գտնում իրենց կարմիր- վարդագույն ծաղիկներով ռետուզների մեջ, ու ես վերջապես ունեցել էի իմ կյանքի մոխրագույն նապաստակով ռետուզը։ Գիտեք, ամեն մարդ իր մանկությունում ունեցել է իր բաժին նապաստակով ռետուզը։
Մանկություն, որտեղ պապս դեռ կար։ Որտեղ պապենց տան առավոտները լավագույներն էին, որովհետև պապս ժամերով հետս խաղում էր։ Ես իր պապն էի, ինքը` իմ թոռը, բայց երբեք ինձ մոտ չէր ստացվում հասնել պապիս «գերպապական» հմտություններին, որովհետև դրանք անզուգական էին, որովհետև ինքը կախարդական էր: Պապս մանկությանս լավագույն էջերի վերնագրեր դնողն էր, ինքը գունավորել, երանգներ է տվել մանկությանս։ Ինքը մանկությանս վառ գույնն էր ու գույնն է։
Մանկություն, որում մենք երեխա էինք ու մեր բակի, փողոցների ամեն մի քարի մեջ մենք կայինք, մենք խաղում էինք անխնա, առանց մի վայրկյան մտածելու, որ տանը համակարգիչ կա, «վայֆայ» կա, կամ չգիտեմ` ինչ գրող ու սև ցավ կա։ Մենք խաղում էինք մինչև կռվելը, իրար վրա քար շպրտելը ու առաջին լացը։
Մենք էինք մեր մանկությունը։ Մանկություն, որում ես մանուկ էի։ Մանկություն, որում պապս կար։

Լեննագանի ժպիտները

Գյումրիում եղե՞լ եք:
Սիրուն է, չէ՞, մեր Լեննագանը։ Սաղը կժպտան, սաղը հումոր կենեն։ Դաժե օդի, ջրի (հա, իմիջիայլոց, էն հրապարակի ֆանտանների կողքի պուլպուլակից խմեք, ըդեղանը շատ համով է), մեջ հումոր կա։

Լեննագանը ի՞նչղ ուրախ քաղաք է, ու էս կարծիքը բոլոր էն մարդկանց մոտ են, ովքեր Լեննագան գուկան, ովքեր հրապարակը, թատրոնի շենքը, Սև բերդը կտեսնին ու լիքը տեղի անուն կռնամ գրեմ, որովհետև մենք լիքը սիրուն տեղեր ունինք, բայց դուք դոմիկների մայլեքը եղե՞լ եք։
Հլը գնացեք, հլը գնացեք ու տեսեք իսկական Լեննագանը։
Գնացեք հարցրեք ընդեղ ապրող երեխեքից, թե իրանք ինչ երազանք ունին։ Գիտե՞ք իրանց ամենամեծ երազանքը՝ գիշերը առանց տեղի մեջ բոլոջների, առանց իրանց ծակ պատալոկից գլխին կաթացող ջրի քնելն է։ Իրանք գուզեն, որ իրանց մաման կուշտ քնի, որ իրանց մաման էլ լաց չէղնի, երբ մտածե, որ իրանք քնել են։ Իրանք Լեննագանն են ու իրանք Լեննագանի իսկական ժպիտն են։ Լեննագանը, իրոք, կժպտա Լեննագանը, երջանիկ կեղնի մենակ էն ժամանակ, երբ էդ երեխեքը տուն կունենան, ու իրանց երազանքը կեղնի, օրինակ, հեռախոսը, հեծանիվը, կիթառը, ու չիդեմ ինչ-որ երեխուն բնորոշ երազանք։
Եթե դուք նորմալ կհամարեք, որ 5֊6 տարեկան երեխեն կճանչնա սաղ բոլոջների տեսակները, սաղի խածածները կտարբերե իրարից, ուրեմն սաղ լավ է։
Կպատկերացնե՞ք, 5֊6 տարեկան երեխուն կհարցնես` ինչի՞ դպրոց չես էշտա, կսե` որովհետև ես թազա կոշիկ չունիմ։ Կոշիկ չունի երեխեն, երբ էդ երեխու կոշիկի փողով ինչ֊որ մեկը ռեստորանը նստե կերե-խմե, հետո էլ կոշիկը «չայեվոյ» է թողե։
Հմի կսեք` կռցե, ռեստորան է գնացե, ինքը` իրա փողը։ Ես կխոսամ էն ինչ֊որ մեկերի մասին, որ էդ երեխեքի փողերն են կերե։
Ըբը, մեծերը որ կնստին փողոցին սարքած իրանց նստարաններին ու էդ դառը, տանջված փայլող աչքերով երսիդ կնայեն։ Ընբես էլ հավեսով խորաթա կենեն, ինչից սես կխոսան, բացի ժաժքից։ Էնքան գունավոր կպատմեն իրանց մանկությունը, որ դու կնախանձես իրանց մինչ 88 թիվը։
Գիտե՞ք, ամենասիրածս մասը էդ պատմություններում կինո էրթալն է, սաղը կինոյի տոմս չեն ունեցե: Սքան վախտ հլը մեկմ չի սե, որ կինո տոմսով է նայե. կամ դռան արաքից են նայե, կամ «պռաժեկտրի» մոտից։
Գիտեք, իրանց առաջին բարեմաղթանքը, ըդիգ ժաժք չտեսնիք։
Ու հա, չմոռանամ։ Իմ պաշտելի, անկրկնելի հասարակության մի մաս։ Գիտե՞ք, որ մասի հետ եմ. էն, որ կսեք` սաղ կյանքերը լեննագանցոնք տուն լացան ուզին։ Դուք ժաժքից հետո դաժե շոր լաց կեղնեիք, գուզեիք: Տո եսիմ, է, կռնանայիք բաշարեիք դոմիկի մեջ ապրեիք ու մարդ մնայիք։
Հայաստանի քարտեզի վրա Լեննագանից բացի հեչ մի քաղաք ժաժքին չէր դիմանա։ Դիմանալը ըդիգ հոգեկան դիմադրության մասին կխոսամ, եթե եսօր Լեննագանը սքան ուրախ, հումորով ու պայծառ է։
Մե պահմ պատկերացրեք ինչ կեղներ, որ ժաժք էլ տեսած չէղներ։
Ու ոչ միայն Լեննագանը, Շիրակը ամենապայծառ մարզն է։
Ամենահումորով, ամենաջիգյարով ու ամենալոպազ իմ շիրակցի, կսիրեմ քեզի։

Mariam Hovhannisyan.Nor kyanq

Արի Հայաստան

-Տոմսերը առանք, մի շաբաթից թռնում ենք պապայի մոտ։

Կյանքումս լսած ամենատարօրինակ նախադասությունն էր։ Լսելու պահին մեջս ինչ-որ բան պոկվեց։ Մի կողմից ուրախացել էի, որ պապայի մոտ էինք գնում, մյուս կողմից՝ գնում էինք։
Ու մենք գնացինք։ Գնացինք հեռու։

Յոթ ժամ ինքնաթիռի մեջ մտածել եմ միայն մեր տան մասին, որ մնաց ներքևում, տատիս, պապիս, հարազատներիս, հարևանների, մեր փողոցի շների, որոնց պապիցս թաքուն հաց էի տալիս, ու խեղճ մարդը զարմանում էր, թե էս աբուռ-նամուս կորցրածները իր էդքան ծեծելուց հետո ինչի չէին լքում մեր բակը։ Մտածում էի այն մարդկանց մասին, որոնց մասին մտածում էի, որ չեմ մտածի։

Ու վախենում էի, որ տատս ու պապս իրենց մյուս թոռներին ավելի շատ կսկսեն սիրել ու ինձ կմոռանան։ Անկեղծ նախանձում էի։ Ու մինչև ես կարոտելով նախանձում էի, մենք հասանք։
Պապան մեզ դիմավորեց, գրկեցի ամուր, կարոտել էի ու մի փոքր ժամանակ հետո հասկացա, որ կարոտս կարոտով եմ փոխարինել։ Երբ նայեցի էդ ռուսական երկնքին, մարդկանց, հասկացա, որ կարոտը դառնալու է ապրելակերպ։

Ես փնտրում էի ինչ-որ հարազատ բան, բայց չկար այն, չկային քարերս, սարերս ու լեռներս։
Պապան մեզ տարավ մեր նոր «տուն»։ Ինձ համար դա այդպես էլ տուն չդարձավ։ Տունը մի տեղ է, որտեղ դու դու ես, որտեղ դու ապրում ես, ոչ թե քարշ ես տալիս կարոտդ, որը պարանի պես կախված է վզիցդ։ Ու գիտեք՝ ամենավատը այն էր, որ ես չէի համակերպվում իմ նոր կյանքին, չէ՛, ոչ թե չէի համակերպվում, այլ չէի ուզում համակերպվել։ Որովհետև էդ բոլորի համար երանելի Ռուսաստանում ես ես չէի, ես ուղղակի ինչ-որ մեկն էի։

Անցավ մի ամիս։ Ու էն պահին, երբ ես մտածում էի, որ սրանից վատ չի կարող լինել, ինձ քարշ տվեցին դպրոց։ Մերոնք ստիպեցին, որ մի շարք ռուսների հետ դասի գնամ։ Դուք չեք պատկերացնում՝ ով էին իրենք, ու ով էի ես։

Ես սկսեցի համոզվել, որ դժոխքը նաև երկրի վրա է լինում։ Սեպտեմբերի մեկը, որը իմ ամենապայծառ օրերից էր, վերածվեց դժոխային ցերեկույթի։

Ես միշտ սիրել եմ էդ օրը, որովհետև իմ ընկերները, իմ դասարանը մի ուրիշ աշխարհ էին։ Ու քեզ ստիպում են քեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու մարդկանց մեջ գոյատևել։ Մերոնք ինձ համոզում էին, ասում էին՝ ամռանը կգնաս Հայաստան, տատենց մոտ կմնաս, մենակ հիմա հանգստացիր։ Ու ես ողջ գիշեր մտածելուց հետո որոշեցի, որ էս 9 ամիսը ձգեմ, հետո որ Հայաստան գնացի, էլ հետ չեմ գա։ Ու էս հիանալի գաղափարովս մխիթարված՝ գնացի դպրոց, բացեցի դասարանի դուռը, մտա ներս ու երկու նստարանների կողքով անցնելուց հետո լսեցի․

-Լա՞վ ես։

-Լա՞վ եմ։

Ներսումս փոթորիկ էր․ ամեն ինչ իրար խառնվեց, մի կտոր Հայաստան կար իմ դիմաց նստած։ Հայաստանի մասնիկ, որին ես մի ամիս է՝ փնտրում էի։ Դասն ավարտվեց, դուրս եկանք միջանցք, ողջ դասամիջոցին մի կտոր Հայաստանս էի փնտրում, չկար։ Հաջորդ դասին ես առանձնացա դասարանի կեսից․ մեր դասարանում երեխեքը շատ էին ու երբեմն երկու խմբի էինք բաժանվում։ Էս դասին էլ մի կտոր Հայաստանը չկար։ Ու ես սկսեցի մտածել, որ գժվել եմ, ու ականջներս ձայն են տվել։

Զանգից հետո իջանք բուֆետ։ Նստեցի մենակ, չնայած՝ արդեն դասարանի երեխեքի մեծ մասին գիտեի, բայց մենակ էի ուզում մնալ։ Նստած թեյ էի խմում, ու մեկը ձեռքը դրեց ուսիս.

-Չասեցիր՝ լա՞վ ես։

Ու ես նույնիսկ չզգացի՝ ոնց տաք թեյը ձեռքերիս լցվեց, ոնց ձեռքս վառվեց։

-Կամա՛ց, «պաժառ» ընկար։

-Հա՞յ ես։

-Չէ՛, ուզբեկ։

-Իսկակա՞ն ես։

-Ձե՞ռ կառնիս։

-Գյումրիի՞ց ես։

-«Անկետան» լրացրիր, դե հել ձեռքդ սառը ջրի տակ պահե։

Ես չբարձրացա տեղիցս, որովհետև մեջս վախ կար՝ կորցնելու գտածս Հայաստանը։ Մի կտոր Հայաստանը Արմանն էր՝ լավագույն հիշողությունը, որ մնաց Ռուսաստանից։

Արմանը ինձ նման չէր, ինքը չէր եղել Հայաստանում, բայց գիտեր, որ հայ է ու հպարտ էր դրանով։ Ես պատմեցի իրեն, որ չէի ուզում գալ, պատմեցի, թե ինչքան լավն է իմ Հայաստանը։ Ու մենք իրար խոստացանք, որ մի օր իրար հետ Հայաստան ենք գնալու, ու ես իրեն ցույց եմ տալու իմ Հայաստանը։

Մի տարի ապրեցինք այնտեղ, ու մի սիրուն օր մաման հայտնեց այդքան սպասված նորությունը։ Հետ ենք գնում։

Մենք հետ եկանք, ես սկսեցի նորից ապրել, շնչել։ Բայց մի բան իմ մեջ փոխվեց․ ես հասկացա, որ ես գիտեմ, թե ինչ ունեմ, գիտեմ իմ Հայաստանի համն ու հոտը։ Իսկ Արմանը մենակ լսել էր դրա մասին։

Այսօր, երբ նայում եմ երկնքին ու էս գծերին, որ կիսում են երկինքը, ես հասկանում եմ, որ դրանցից յուրաքանյուրը արմաններ է բերում, ու որ իրենք տեսնելու են իրենց Հայաստանը։

Mariam Hovhannisyan.Nor kyanq

Ուղղակի դարձած անուղղակիները

Ինձ մեղադրեցին, որ սկսել եմ աշխարհին սև նայել, որ ընդամենը տասնվեց տարեկան եմ ու պիտի ուղղակի ապրեմ։ Ազնիվ խոսք, որոշեցի, որ վերջ. պիտի ուղղակի ապրեմ: Ուղղակի քայլում էի փողոցով…

Մի ութ տարեկան տղա դասն ու դպրոցը թողել ու աղբամաններն է ընկել, որ երեկոյան իր հավաքածը պիտի ներկայացնի ու դրա դիմաց մի կտոր ցամաք հաց ստանա։
Պատռված շորերով, փայլուն աչքերով, մրոտ ձեռքերով, նստած նստարանի ծայրին՝ վաստակած հացն էր ուտում։ Էս ամենը շատ ուղղակի եմ ասում։

Ուղղակի Անդրին ու Նռանեն 3 տարի է՝ հորը չէին տեսել, հարցնողներին էլ, չէ՛, առաջին հերթին, իրենք իրենց էին ոգևորված ու մեծ հավատով համոզում մոր ասած խոսքերը, որ գնացել է խոպան՝ լիքը-լիքը փող աշխատի, որ գա, գնան ռեստորան՝ խորոված ուտելու,
որ իրենց ուզած խաղալիքները ու շորերը առնեն, որ իրենց սառնարանը միշտ լիքը լինի, ու որ իրենք էլ սոված չքնեն։ Իրենք հավատում էին, որ հավատում են մորը։ Էս էլ էր ուղղակի։

Ուղղակի Արա հոպարը մենակ էր ապրում գյուղի իր մեծ տանը, երկու որդի ուներ, որոնց հասցրել էր իրենց նպատակներին, որոնց համար պատրաստ էր հոգին տալ, որոնց սրտի ուզածի չափ երես էր տվել։ Բայց որոնք նույնիսկ չէին բարեհաճում զանգել, դե զբաղված էին (Արա հոպարը էս խոսքերը ասում էր նրանց, ովքեր առյուծի սիրտ էին կերել ու որոշել էին տղերքի հասցեին թթու խոսք ասել, պատառ-պատառ էր անում էդ մարդկանց)։ Բայց էդ տղերքը պատրաստ չէին իրենց հիվանդ հորը տանել իրենց տուն: Դե, իրենք չէին ամուսնացել, որ իրենց կանայք իրենց հիվանդ հորը պահեին։ Բայց իրենք, չգիտես՝ ինչու, որոշել էին, որ էդ մարդը ծնվել էր, որ անդադար աշխատեր ու երկու մակաբույծ մեծացներ։

Ուղղակի մանկատան երեխեքին եմ տեսնում։ Իրենց բարությունը, իրենց երազանքներն ու նպատակաները, իրենց երջանկությունն ու ուրախությունը էն պահին, որ իրենցից մեկը հասնում է երազանքին՝ գտնում է իր տունը։ Էդ երեխեքը չեն ուրախանում, որ էդ պահից սկսած նույն խաղալիքով 30-ի փոխարեն 29-ը կխաղա ու իրենց սիրած շորի հերթը իրենց ավելի շուտ կհասնի։ Իրենք անկեղծ են, իրենք սիրում են իրար անկեղծ ու մաքուր՝ առանց մեզ էդքան ծանոթ արհեստականության։

Էսքան ուղղակի չի կարող լինել։ Ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ էսքան անուղղակի չլինի։

Mariam Hovhannisyan.Nor kyanq

Իմ գտած բարևը

Լա՞վ եք ապրում։
Դուք գուցե, բայց ես՝ չէ։

Եթե ձեզ համար լավ ապրելը ասոցացվում է լավ սննդի, լավ հագուստի, թանկարժեք մեքենայի ու էսպես լիքը նյութական բաների հետ, ուրեմն դուք կարող է` լավ եք ապրում։
Այս կյանքում անտարբերությունը դեպի դիմացինն էնքան շատ է, որ կյանքում մարդկային հոգու արժեքը արժեհամակարգում ավելի ու ավելի ներքև է իջնում։
Երեքշաբթի է։ Ինձ համար հասարակ դարձած ծանր երեքշաբթի, պարապմունքից վազելով հասա տրանսպորտին, նստեցի ու րոպեներն էի հաշվում, որ տուն հասնեմ ու տաքանամ։ Հասանք գիշերօթիկի մոտ։ Երթուղայինը կանգնեց, մի երեխա բարձրացավ։ Նրան գրեթե շպրտեցին գազելի դռնից ներս, դաստիարակն էր կամ գիշերօթիկի աշխատողներից մեկը։
Սակայն էս ամենի մեջ ինձ ամենաշատը հուզող հարցերից մեկը այն էր, թե ուր էին երեխայի հարազատները, ու թե ինչի իրեն դիմավորող չկար։
Մի 7 տարեկան տղա էր, ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ուներ։ Գազելի մեջ տեղ չկար, տեղս իրեն տվեցի, նայեց աչքերիս մեջ․ չեմ կարողանում մոռանալ աչքերը, էդքան բարություն ու անկեղծություն կյանքում տեսած չկայի։ Ասաց՝ բարև, էնքան բարև կար իր բարևի մեջ, ժպտացի, ես էլ իրեն բարևեցի։ Գազելի վերջում ինձ տեղ տվեցին, սկսեցի հետևել պուճուր Բարևին։
Տեղավորվեց, նայեց նստածներին, ժպտաց, սկսեց բարևել ու ձեռքի շարժումով հերթով բոլորին ողջունել։ Ինքն իր անկեղծ բարևներից էր ուզում, բայց իր բարևները անպատասխան էին մնում, չէր հիասթափվում, էլի ու էլի բարևում էր։ Բայց չէ, ո՞նց կարելի էր, իրենց բարևը ամեն մեկի համար չէր։ Իրենք սովոր են շինծու բարևներին, ու երեխայի անկեղծ բարևը իրենց համար հարմար չէր։
Ու էս պուճուրը զարմացած պտտվեց, հակառակ կողմով նստեց՝ ծնկերի վրա, դեպի վարորդը։ Վարորդի կողքին երկու տղամարդ էին նստած, բարևեց ու վերջապես ստացավ իր բարևի բարևը։
Շուռ էկավ, էլի աչքերն աչքերիս նայեցին, ու ես գտա էս կյանքում բարևի բարին։
Նայում էի շուրջս ու հասկանում, թե ինչքան «լավ» ենք ինտեգրում։