Վիկտորյա Նահապետյանի բոլոր հրապարակումները

Հոր նամակը սահմանից

«Իմ աղջիկ, նորից շտապում եմ…

Շատ էի կարոտել բոլորիդ: Կարոտել էի իմ ընտանիքը, սիրելիներիս, մտերիմներիս… Սիրում եմ բոլորիդ, բայց ես չեմ կարող ավելի շատ չսիրել իմ հայրենիքը։

Ավելի քան 1 ամիս է` մենք նորից պատերազմի մեջ ենք․ ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում հայության դեմ, այն էլ ինչ պատերազմ, թուրք-ադրբեջանաահաբեկչական ոսոխը նորից փորձեց անցնել այս լեռներով, ներս մտնել մեր դարպասներից ինչպես պտտահողմ, ինչպես ամպրոպն ահավոր։ Անցյալ դարերում մեր թշնամին այսքան նենգ ու վայրագ երբեք չէր եղել, բայց գիտե՞ս, մեր 18-20 տարեկան հզոր տղաները իրենց կենսագրության էջերն են շարունակում գրել Հայոց բանակի զինվորական մատյանում, յուրաքանչյուրն ուզում է դառնալ այս հողի առաջին պարիսպը: ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶՆԻՎ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ…

Չէ, ընկճված չեմ, այլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր հզոր բանակը տապալում է թշնամու զորքը: Ոչ մի ժամանակի և ոչ մի երկրի զինվոր չի կարող համեմատվել հայ զինվորի հետ իր քաջությամբ ու հայրենասիրությամբ, որովհետև հենց հայ զինվորի արյունով է թաթախված այս հողը, ամեն քարի ու ժայռի մեջ արյան կանչ կա։

Մենք ոչ մի թիզ հող չենք թողնի թշնամուն:

Ահա թե ինչու եմ շտապում, հայրենի հողը կանչում է ինձ, իմ զինակից ընկերները ինձ են սպասում։

Այսօր բոլորիս վիճակված է լինել անկոտրում և Արցախի զինվորն ու տերը։ Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրենիքից։ Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը կստիպի աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ՊԱՐՏՔ»:

viktorya nahapetyan

Մայր

Մայրը նա է, ով մանկատան հասցեն չունի,

Ով իր ցամաք հացով անգամ

Իր զավակին կուշտ կպահի:

Կյանքը շատ է մարդուն ծռում,

Մայրը նա է, ով չի ծռվում,

Մայրը նա է, ում աչքերում

Միշտ Տիրամոր դեմքն է փայլում:

Մորը չի հաղթի ո՛չ ցուրտ, ո՛չ էլ սով,

Նա միշտ զինված է զավակի սիրով,

Մայրը այն միակ կենդանի սուրբն է,

Որ տուն է պահում իր աղոթքներով:

Մայրը կարող է դառնալ տղամարդ,

Կարող է հողից դուրս բերել արմատ,

Կարող է որդուն պահել առանց հոր,

Դարձնել հպարտ ու զուսպ տղամարդ:

Իմաստուն մորից կրթված երեխան

Հիսուս լսելիս՝ ծունկը կծալի,

Մայր չեն հռչակվում միայն ծնելով,

Այլ երբ սիրում են Տիրամոր սիրով:

Screenshot_12

Միֆեր covid-19-ի մասին

  • Այն, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն ցուրտ երկրներում, միֆ է. վիրուսը կարող է տարածվել յուրաքանչյուր երկրում՝ նույնիսկ ամենատաք կլիմա ունեցող։
  • Միֆ է, որ ցուրտն ու ձյունը կարող են սպանել կորոնավիրուսը, չվարակվելու համար պետք է հետևել մասնագետների խորհուրդներին, ոչ թե հույսը դնել եղանակի վրա։
  • Եթե վիրուսն արդեն ձեր օրգանիզմում է, ամբողջ մարմինը սպիրտով պատելը չի օգնի, ավելին՝ շատ քանակությամբ սպիրտը կարող է վնասել մաշկը։
  • Որևէ ապացույց չկա, որ քթի մեջ աղային լուծույթ լցնելն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում։
  • Սխտորն, իհարկե, օգտակար է, բայց չկա հիմք կարծելու, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից։
  • Հակաբիոտիկները սպանում են միայն մանրէները, իսկ կորոնավիրուսը վիրուս է, հետևաբար միֆ է, որ հակաբիոտիկներն այս դեպքում արդյունավետ են։
  • Տաք լոգանքը չի կարող որևէ կերպ պաշտպանել կորոնավիրուսից, մարդու մարմնի ջերմաստիճանի վրա լոգանքը չի ազդում։

Հայ Գրականություն

Եթե չգիտեք, ասեմ, որ խոսակցություններ են գնում դպրոցում «Հայ Գրականություն»-ը փոխելու «Գրականության»։ Ո՞րն է դրա իմաստը։ Նրանք ուզում են, որ մենք մոռանանք մեր մեծ գրողներին և ճանաչենք այլ օտարերկրյա գրողների։ Այդ գրքերում կատարվել են դարերի խզումներ և գրականությունը սկսվում է Խաչատուր Աբովյանից։ Հանվել են Գրիգոր Նարեկացին և այլոք։ Չկան սփյուռքահայ գրողները, օտարագիր հայ գրողները, օրինակ՝ Վիլյամ Սարոյանը։ Սահմանափակվել են արևմտահայ գրողները։ Փոխարենը դպրոցում Կաֆկա կկարդան։ Նրա ստեղծագործությունները համաշխարհային գրականության գանձերից են, ինչ խոսք, բայց շատ բարդ են դպրոցահասակ երեխաների համար։ Նոր գրքերում կա մի կոպիտ սխալ՝ 7,8,9-րդ դասարաններում ուսումնասիրելու են նոր դարերի գրականությունը, ապա՝ հին։

Արդյոք կառավարությունը նպատակ ունի հայերին մոռանալ տալու իրենց հազարամյա պատմությունը։