Մանե Հասրաթյանի բոլոր հրապարակումները

Կարոտել եմ

-Բարև, տնային հանձնարարությունը կատարե՞լ ես։
-Այո։
-Ես չեմ արել, խնդրում եմ, օգնի՛ր ինձ՝ միասին կատարենք։

Բարև։ Սրանք այն տողերն են, որոնք մենք՝ դպրոցականներս լսել ու ասել ենք կարանտինից առաջ։ Վստահ եմ՝ ձեզնից եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը այս տխուր օրերին հիշում է դպրոցի խենթությունները, դասերը չսովորած դասի գնալը, տետրերը սեղանին մոռանալը և շատ ու շատ զվարճալի այլ դեպքեր ու պատմություններ։ Իրոք կարոտում եմ, հա, շատ եմ կարոտում դպրոցը, կարոտում եմ մեր գունավոր դասարանը։ Ամենաշատը կարոտել եմ դասարանցիներիս, մեր արկածները։ Առավոտյան գալիս էինք դպրոց։ Առաջինը եկածները դասարան մտնելուն պես հարցնում էին. «Այսքա՞նն ենք »։ Իսկ ես փոքր-ինչ զարմացած ու ցածր ձայնով ասում էի՝ հա։ Հետո գալիս էին մյուսները ու սկսվում էր դասարանի աղմուկը։ Հաճախ էին ուսուցիչները, տնօրենը և ուսմասվարը գալիս մեր դասարան բողոքով։ Բողոքում էին, որ ձայները շատ բարձր են և ամենուրեք լսվում են։ Իհարկե, մենք որոշ ժամանակ լռում էինք, բայց… Հաջորդ դասամիջոցն առջևում էր։ Այդպիսի նկատողությունը կարծես դեղ լինի. որոշ ժամանակ ազդում է, իսկ հետո կորցնում է իր ազդեցությունը։

Շատ հետաքրքիր ու արկածային պատմություններ կան, որոնք կուզեի պատմել, բայց հաստատ չեմ կարողանա այդքանը գրել։ Յուրաքանչուր աշակերտ դպրոցակսն օրերին արթնանալիս ասում էր. «Շատ եմ հոգնել, էլ չեմ ուզում դպրոց գնալ»։ Իսկ հիմա մենք՝ աշակերտներս ասում ենք. «Էլ չեմ դիմանում կարանտինին, ի՞նչ վատ կլիներ, որ դպրոց գնայինք»։ Երբ կորցնում ենք որևէ բան, հետո ենք այն գնահատում։ Հիմա էլ է այդպես։ Կորցրինք մեր ընկերների հետ շփվելու հնարավորությունը, հետո հասկացանք, թե այն մեզ որքան պետք էր։

Ամեն անգամ պատրվակ եմ փնտրում տնից դուրս փախչելու։ Մի օր որոշում եմ գնալ խանութ, մի օր՝ աղբը թափելու, ու այդպես էլի-էլի պատճառներ։ Շատ եմ կարոտել մեր՝ տնից դուրս գալը։ Հիմա այնքան քիչ եմ տնից դուրս գալիս, որ այն դարձել է տոն։ Երկար պատրաստվում եմ։ Հագնում եմ ամենագեղեցիկ զգեստս, գեղեցկանում ու գնում ընդամենը խանութ։

Հուսամ այլևս չի լինի որևէ իրավիճակ, երբ չկարողանանք դուրս գալ, արևի ջերմությունը վայելել, քայլել ընկերների հետ, բակում անհոգ խաղալ։