Ռուբեն Մովսիսյանի բոլոր հրապարակումները

Ruben Movsisyan

Ուղեղս հոգնել է

Հերթական ավարտական դասարանի պարապող աշակերտի հոդված։ Արդեն ձանձրացել եք երևի, բայց դե, էս էլ ասեմ ու գնամ։

-Ուղեղդ հոգնե՞լ է, Իքս,- ասաց ինչ-որ իգրեկ առարկայի կրկնուսույցը, երբ սույն Իքսը էլ չէր կարող կենտրոնացած լսել իրեն։

Իրոք հոգնել էր Իքսի ուղեղը։ Ինչպե՞ս թե` ուղեղդ հոգնել է, ուղեղն է՞լ է հոգնում։

Հա, հոգնում է, մեր սիրելի Իքսը այօր հասցրել էր լինել զեթ առարկայի պարապմունքին, իսկ այս իգրեկ առարկայի դասն էլ այնքան ձանձրալի է։ Չէ, մեր Իքսը ֆիզիկապես չի հոգնել, հոգնել է նրա ուղեղը։

Ու էսպես լիքը Իքսեր (Իքս 1, Իքս 2) ամեն օր ավելի ուժեղ ու ցավոտ են զգում, որ ուղեղը հոգնել է։

Մեր Իքսը հոգնել է իր հետ ինչ-որ անիմաստ ու անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա կազմող մնացած իքսերի հաջորդականությունից։ Մի լուսավոր կետ կա՝ որոշ իքսեր առանձնացել են հաջորդականությունից ու դարձել առավել սիրելի։ Իքսը հոգնել է նաև իր սիրելի իգրեկ ու զեթ առարկաների կրկնուսույցներից, որոնք ինչքան էլ լավը լինեն, արդեն հոգնեցրել են իրենց այդ դերում, Իքսը իր նույն ուսուցչին մեծ սիրով կտեսակցի, երբ ընդունելության քննությունները հանձնած կլինի, երբ ուղեղը հանգստացած կլինի։

Իքսը հոգնել է նույն շենքերից, նույն առօրյայից, նույն դեմքերից, նույն ճանապարհներից։ Էն ճանապարհներից, որ արդեն անգիր է արել, ու առանց մտածելու կարող է անգիր ասել՝ քանի քայլ է տնից մինչև շենք։

Ուղեղս հոգնել է, իմ շրջապատ նոր ուղեղներ բերեք, ինձ ու իմ առանձնացած իքսերին տվեք նոր շենքեր ու ճանապարհներ, տարբեր գույների ճանապարհներ։

Ruben Movsisyan

Ժպի՞տ, չէ՛, չէի ասի

Ժպի՞տ, չէ, ժպիտ չէի ասի, կասեի` գեղեցիկ մի դիմակ, հեռախոսակենտրոն հասարակության մնացուկներս ամեն առավոտ անկողինը լքելուց առաջ էդ նույն սմարթֆոնի միջից մի սիրուն, կլոր, դեղին, անուշիկ, ժպտացող, նույնիսկ ծիծաղից լացող էմոջի ենք գտնում ու լղոզում առանց այն էլ բարձի վրա շուռումուռ գալուց լղոզված դեմքերիս։

Վերջ, էսօր էլ ունեցանք մեր ժպիտ-դիմակը։ Հասա դպրոց, ճամփին դեմքիս մի սառած էմոջի էր լղոզվել, մտա դպրոց, էլի պիտի ներկեմ էն առավոտվա սիրուն ծիծաղող էմոջիով, հասա դասարան, ծիծաղողը էլ չի հերիքում, արդեն պիտի ծիծաղից լացես, որ նորմալ լինի։ Մի քիչ հոգնած, էլի դուրս եկա փողոց՝ մի տեղ, որտեղ կարող ես քայլել՝ ոնց կուզես, բայց ամեն դեպքում արժի «չափի մեջ» ժպիտ լղոզել, չմտածեն՝ էս նամռոտ դեմքն ո՞վ է։

Հասա պարապմունքի, մի գիտունիկ էմոջի պետք եկավ լղոզել, էդ էլ արեցի։ Հասա տուն, չեմ ուզում մերոնց դեմքերի առանց էն էլ հոգսաշատ դեմքի իբր ժպտացող էմոջին մաքրել։ Իրենց տղան տխուր էմոջիով եկավ, իրենք էլ տխուր կլինեն, մի խոսքով՝ էլ էմոջի է պետք, էլի ծիծաղող։ Ու վերջապես եկավ գիշերը՝ պահ, երբ կարող եմ մաքրել էդքան լղոզածը։ Ու վերջում կմնա դեմք-էմոջին՝ էն ծորակի պես հոսող արցունքներով, բայց արցունքները դուրս չեն հոսում իմ դեպքում, այլ ներս։

Լացում էի, փորձեցի աչքերս սրբել, բայց դրանք թաց չէին։

Նորից գիշերը եկել է ինձ հյուր

Նորից թակում է դռներս խախուտ,

Փորձում է պոկել կողպեքս փտած,

Որ պաղ սենյակի մութ անկյունից

Լացս դուրս հանի:

 

Դուռս՝ քանդված, կողպեքս՝ փտած,

Թվում է՝ հեշտ է քանդել, ներս մտնել,

Բայց թե կարող է, անզոր է

Ներսից մի բան դուրս բերել:

Ներսում լաց չկա, կամ թե դեռ կա էլ,

Երբեք դուրս չի գա։

Ruben Movsisyan

Դասարանցիներս պատրաստվում են վերջին զանգին

Դե ինչ, նստած եմ դասի, էսօր վայֆայս մոտս չի, պարապ եմ մնացել, ինչ-որ տեղից թույլ վայֆայ գտա, բայց դե, չէր հերիքի PUBG խաղալու համար: Որոշեցի թերթել 17.am-ը, առանձնակի սիրելի է ինձ համար էդ կայքն ու նախաձեռնությունը: Ծանոթներիս գրածները կարդալուց հետո անցա ուրիշներին, հետո մտածեցի` ինչո՞ւ ես էլ չունենամ հոդված։

Հետաքրքիր է, չէ՞, թե ինչով է զբաղվում 12-րդ դասարանի աշակերտը դասի ժամին. խաղ, վայֆայ, բրաուզեր։ Ոչինչ, քիչ մնաց, մի քիչ էլ, ու կլրանա 12 տարվա դատիս վերջին օրերը, ու կազատվեմ էս ճաղերից։

Հա, դպրոցը դարձել է ճաղերով փակված շենք, իսկ դասարանը՝ մութ խուց, որտեղ դու չես ընտրում սենյակակիցներիդ։ Ու միշտ չի, որ նրանք կարող են լինել հաջողված ու դուրեկան։ Մի ժամանակ ընկերներս դասարանից էին, բայց էլ չէ, նույնիսկ դպրոցից չեն, չեմ էլ բողոքում, ի՞նչ կարևոր է։
Այս տարի վերջին զանգ է, պատրաստվում են։ Հա, ճիշտ տեսաք` «են», ես` չէ։ Խուցը առավել մթնեց, իսկ սենյակակիցները ավելի քիչ սկսեցին սիրել, եթե իհարկե սիրում էին, եթե չէ, ատել սկսեցին առավել շատ, քան առաջ։ Ուսուցիչներս զարմացած էին, տնօրենս նույնիսկ առանձնազրույց ունեցավ ինձ հետ: Ուսուցիչներն ասել էին, որ Ռուբենը մեկուսացել է դասարանից։ Հա, կա էդպիսի բան, բայց ոչ էն երանգավորմամբ, ինչպիսին հասել էր տնօրենիս, ու շատ շնորհակալ եմ, որ տնօրենս հասկացավ ինձ, ինքն էլ ընդունեց, որ մենք չենք ընտրում` ում հետ ընկերանանք։

Կան մարդկային տեսակներ, որ քո սրտին մոտ չեն ու ընկեր լինել չեն կարող։ Բայց այստեղ մնացածի վատը լինելու խնդիրը չէ: Գուցե ես եմ վատը, կամ էլ, հնարավոր է, ես էլ վատը չեմ։
Վերջին զանգին բեմ է բարձրանում դասարան, իսկ մարդ, ով այդ դասարանից վտարյալ է (պատճառը էական չէ), չի մասնակցի Վերջին զանգին։