Արփինե Միքայելյանի բոլոր հրապարակումները

arpineMikayelyan

Վերջին անգամ Վերջին զանգից րոպեներ առաջ

Բարև, սիրելի ընթերցող, հուսով եմ լավ ես, վստահ եմ, որ գիտես, թե ինչ օր է այսօր… Այո, դու ճիշտ ես, այս տարվա մայիսի 24-ն էլ եկավ, այս տարվա Վերջին զանգերն էլ հնչեցին, ու որոշեցի, որ կարող եմ մի փոքր կիսվել մտորումներովս, որոնք անընդհատ պտտվում են գլխիս մեջ նոր պտտած հոլի պես…

Երբ դեռ 2-րդ դասարանում էի սովորում, մի անգամ կողպվելուց եմ պրծել, դե հիմա ի՞նչ անեմ, ես դեռ մանկուց չափից դուրս հանգիստ եմ եղել: Չէ, չէ, պետք չի անհանգստանալ, իրականում, այդ պահին գիտակցեցի, թե ոնց չեմ պատկերացնում իմ ողջ դասաժամը մենակ` չորս պատերով, տարատեսակ գույների ու չափսերի հագուստներով շրջապատված, ու սկսեցի ինքնամոռաց հարվածել դռանը, ինչը միանգամից նշան եղավ ուսուցչիս, որ դուռը փակելուց առաջ հաստատ «լավ» ստուգել էր դասարանի դատարկ լինելը…

Ակամայից հիշեցի, թե ինչ հիմար բաներից կարող էինք բարկանալ մենք` աղջիկներս: Օրինակ, ով ֆիզկուլտուրայի ժամին կյանքի ու մահվան կռիվ չի տվել, երբ հակառակորդ թիմի աղջիկները որևէ խարդախություն էին թույլ տվել: Ու բում… Հատկապես, երբ հաջորդ ժամը մաթեմատիկա է, ու դու ուղղակի այլընտրանք չունես, պետք է վահանն էլ, սուրն էլ գցես ու նահատակվածի դեմքով մտնես դասի:

Դպրոցում ամենաշատ աշակերտներով դասարանն էինք, ու միշտ բողոքում էին մեր ուսուցիչները, որ անարդար է` իրենք մեկն են, մենք` շատ: Հետո էնքան մաղվեցինք, դարձանք մի բուռ. չէ, էդքան էլ մի բուռ չէ, բայց շատ կորցրինք:

Մենք միշտ դպրոցի լավագույն դասարանի կարգավիճակում ենք եղել, բայց մեծանալուն զուգընթաց էդ լավագույն կոչման կողքին ավելացավ նաև ամենաչար կոչումը:

Ամեն անգամ ասում էի.

-Ընկեր Մարգարյան (դասղեկս), մեր դասարանը դպրոցի ամենայուրահատուկ դասարանն է, ինչքան լավ բան կա` մեզնից է դուրս գալիս, բայց դե ինչքան վատ բան կա, էլի մեզնից է դուրս գալիս:

Լուռ ժպտում է ընկեր Մարգարյանը ու ոչինչ չի ասում: Դե, որովհետև ինչ էլ լինի ու ինչ էլ անենք` մենք լավն ենք, ու ինչքան էլ նա բարկանա ու նախատի, մեկ է, ինչպես ծնողի համար է իր երեխան տարբեր բոլորից` իր թերություններով հանդերձ, էդպես էլ մենք` ընկեր Մարգարյանի համար:

Մենք ունեցել ենք շատ տարբեր ուսուցիչներ, առանց որոնց մի տեսակ չեմ պատկերացնում վաղը:

Օրինակ, համալսարանում ոչ մի դասախոս չի մտնի լսարան ու ասի. «Կանգնեք, մի հատ տեսնեմ ձեր դեմքերը», կամ էլ ոչ մեկը մեզ  չի սովորեցնի Նապոլեոնի ձիու անունը կամ տարատեսակ արտահայտություններ, որոնք կարող ենք օգտագործել, երբ պաշտպանվել ուզենք (կատակում եմ), կամ էլ մաթեմատիկական հաշվարկներ անելու, ծննդյանդ օրը մեկ վայրկյանում իմանալու (թե շաբաթվա որ օրն է) մի շարք հեշտ եղանակներ, ոչ մեկը չի կարող ձեռքի մեկ կախարդական շարժումով նշան անել, որ ձայնը պետք է կտրել, կամ էլ մյուս կախարդականը. «Սուս, ասեցի»: Չեմ պատկերացնում օրերս առանց մաթեմատիկայիս դասաժամերի ու դրանց ժամանակ հնչող ոսկի արտահայտությունների ու վերջապես չեմ պատկերացնում հետոն առանց ընկերներիս: Ախր, կլինի էնպես, որ գիշերը` ժամը 12-ին, խմբով էլի մի ծառ թալանենք, կամ էլ մտածելով, որ ոստիկանական մեքենան մեզ է հետապնդում, արագ գործողություններ ձեռնարկենք (բայց իրականում մեզ հետ կապ չուներ): Կրկին  կտեսնեմ ընկերներիս ժպիտները, կլսեմ նրանց ձայները…

Ախր, էլ չեմ մտնի գրադարան ու տեսնի Նարեի ու Անուշի հոգնած, քնի կարոտ, բայց ֆիզիկայի ու կենսաբանության դասագրքերին նվիրված աչքերը, չեմ լսի Դավթի ու Գևորգի հոգեբուխ քննարկումները տարատեսակ խնդիրների շուրջ, չեմ տեսնի ընկեր Մարգարյանի հանգիստ ու խոհուն հայացքը, որոնք իրենց մեջ անչափ գեղեցիկ դիմագծեր են պարունակում:

Մի քանի տարի առաջ փափագում էինք այս ավարտական բաղձալի օրը, իսկ հիմա… Ինչքան էլ ասենք. վերջապես, մեկ է, հետո որ կարոտենք` դասարանը էլ հետ չենք կարող բերել:

Գիտեմ, որ էլ չեմ կարող աշակերտ լինել, գիտեմ, որ շատ-շատերին երկար չեմ տեսնի, գիտեմ, որ ամեն ինչ կփոխվի. ամեն-ամեն ինչ:

Մեր դպրոցական տարիներն ինձ համար հրաշալի հուշեր են, ու ես դրանցից յուրաքանչյուրում կյանքի մի մասնիկ ունեմ պահած:

Իսկ այդ ամեն մասնիկի մեջ մեկին ունեմ, ում գտել եմ ու չեմ կորցնի…

Շնորհավոր, սիրելի շրջանավարտներ:

arpineMikayelyan

Կասեմ հենց այսօր

-Արփ, ինչքա՜ն նման ես մամայիդ,- ասում է ցանկացած ոք, երբ տեսնում է ինձ։

-Հա՜, գիտեմ,- հպարտորեն ասում եմ ես։

Երևի իմ ամենասիրելի արտահայտություններից մեկն է սա. որ շատ նման եմ մայրիկիս ամեն ինչով. և՛ տեսքով, և՛ բնավորությամբ, և՛ սովորելով (չնայած մայրս ավելի աշխատասեր է)։ Մենք նման ենք նաև ճաշակով ու մտածելակերպով:

Բայց ես չեմ խոսելու իմ մասին, որովհետև այսօր մայրիկիս օրն է։

Շատ տարիներ առաջ, ձմեռային այս ցուրտ օրը ջերմացել է, լուսավորվել ու իմաստավորվել: Գիտե՞ք ինչու, որովհետև մայրս ունակ է մռայլն ու սևը լուսավորել:

Մայրիկիս անունը Շողիկ է` ճիշտ արևի շողի պես, լավագույն անունն իր համար։ Երբ խոսում ես իր հետ, վտահ եղիր, որ երբեք չես ձանձրանա ու ակամայից կժպտաս։

Մայրս շատ լավատես է: Ճիշտն ասած, մեկ-մեկ զարմանում եմ, կամ էլ բարկանում. ինչպե՞ս կարելի է ամեն ինչի մեջ լավը տեսնել: Նույնիսկ եթե ողջ աշխարհը դեմ է որևէ բանի և կարծում է, որ դա վատագույնն է, էստեղ հայտնվում է մայրս ու ասում` ԲԱՅՑ…

Մա՛մ, չեմ ճանաչում քեզ պես համբերատար մարդու, ում հույսը երբեք չի կտրվում, իսկ հավատը երբեք չի կորչում: Դու ունակ ես միլիոնավոր խավար կետերի մեջ գտնել այդ մի սպիտակը (անգամ խոշորացույցով):

Ես միշտ փորձում եմ քեզ ուրախացնել ու գիտեմ, որ միշտ չի եղել, երբ ինձ պահել եմ էնպես, ինչպես դու կցանկանայիր տեսնել:

Դու ես ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում պայքարել ու հաղթել, դու ես սովորեցրել սիրել, հարգել ու միշտ ժպտալ, դու ես օգնել քայլել առաջ ու հետ չնայել… Դու պարզապես անփոխարինելի ես։

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ասել այս խոսքերը, բայց հիմա կասեմ:

Ես քեզ շատ եմ սիրում։

arpineMikayelyan

Պատմեմ տատիկիս մասին

-Տա՛տ, կուզե՞ս քո մասին նյութ գրեմ,- ուրախ-ուրախ հարցրի տատիս:

-Հա՛, հա՛, գրի, որ տատիս մեր վրա շատ է խոսում, արդեն խելքը գցում է. դե, մեծ է արդեն՝ դրանից է, գրի՛,- ծաղրական տոնով արձագանքեց տատս:
Դե հա, տատիս արդեն 70 տարեկան է, բայց միևնույն է, հումորը մի գրամ անգամ չի պակասել: Չկա երևի տատիկիս պես երկրորդն էս աշխարհում, բոլոր առումներով: Բարձրահասակ, խաժ աչքերով, հպարտ ու ամուր կին է: Ասում եմ ամուր, որովհետև տարիքը չի խանգարում, որ նա անի մի շարք աշխատանքներ, իսկ հպարտ, որովհետև բավականին համառ է:
Երբ նայում եմ տատիս երիտասարդ ժամանակվա նկարը (թերևս այն մեկն է. տատիկս նկարվելը տանել չի կարողանում), հասկանում եմ, թե ինչքան հմայիչ ու գեղեցիկ կին է եղել (ու կա): Ամեն անգամ ասում եմ, թե ինչ սիրուն գույն ունեն իր աչքերը, և որքան կուզեի, որ իմն էլ էդպիսին լինեին (միայն եղբորս է նման բախտ վիճակվել): Ինչևէ, աչքերս շագանակագույն են, իսկ տատիկս այդքան էլ չի հիանում իր խաժ աչքերով:

-Ա՛րփ, հիմա տատիկիդ անունն ի՞նչ է,- համարյա միշտ հնչում է  նմանատիպ մի հարց:

-Դե, իր անունը Թեհմինե է, բայց իրեն Դույնո են ասում,- ինչպես միշտ պատասխանում եմ ես:
Միշտ էլ չեմ հասկացել, թե ինչ նմանություն կա այդ երկու անունների միջև. ավելի ճիշտ, ոչ մի նմանություն էլ չկա, հավանաբար մեկն էդպես է ասել, ու մնացել է:

Դույնո տատին, ինչպես մյուս տատիկները, սիրում է սերիալներ, հատկապես հնդկական:

-Արփինե ջան, էն Քուշիի կինոն չի՞ սկսել։

-Չգիտեմ, տատ, էդ ո՞րն է, բայց հիմա կփորձեմ հեռուստաալիքի ցանկի ժամերով իմանալ:

-Լավ, եթե հիմա չկա, էն լավ տղու կինոն դիր` նայենք:

Փորձում եմ հիշել, թե ով էր էդ լավ տղան, որպեսզի միացնեմ իր ֆիլմը:

-Տատ, դու շատ համով ես պատրաստում, բայց մեկ է, հորքուրի պատրաստած տոլման ուրիշ է:

-Հա՛, հա՛, դու էլ, քո հորքուրն էլ… Էդ հորքուրն իմ երեխան է, ինձնից է սովորել: Լավ, զանգեմ, ասեմ` ուրախանա,- ասում է ու միանգամից զանգում:

Տատին, ինչպես տատիների մեծամասնությունը, չի սիրում նորաձև դարձած սովորույթներ ու երևույթներ (որոնք հասու չեն եղել հնում):

-Էն ժամանակ մենք իրավունք չունեինք մեր հոր դիմաց նստեինք, հաց ուտեինք,- ինչ որ անուղղակի հպարտությամբ ասում է տատս ու հիշում հին օրերը, երբ իրենց հայրիկը ճիշտ իրենց հասակի ձմերուկներ էր տուն բերում:

-Տատ, բայց դա լավ չի: Ուրեմն չես կարող նաև լավ շփվել ծնողներիդ հետ: Կամ, որ 14 տարեկանից ամուսնացել են, էն էլ ծնողների ընտրությամբ, առանց ճանաչելու, բավարար կրթություն ստանալու,- ասում եմ ես, սովորականի պես դեմքս խոժոռելով, որովհետև այդ ավանդույթին դեմ եմ:

-Դե հիմա էդ էր, բայց նամուս կար, թասիբ կար: Բա չէ, հիմա, էս ջահելությանը թողնես` ամբողջ օրը հեռախոսները ականջներին ու առանց կարգին հագնվելու կչափչփեն փողոցները…

Դե բնական է, սա բոլորին չի վերաբերում (ինչպես միշտ, ժպտում եմ տատիս ու գլուխս կախում գրքիս վրա)։
Կամ օրինակ, եթե տատիս ճար ունենար, Woomen’s club-ը հաստատ փակել էր տալու. առաջին հերթին իրենց արած արտահայտությունների համար, որոնք սերտելով, երիտասարդությունը հաստատ լավ բան չի սովորում:
Տատիս ունի մի շնորհ. խոսքը գրպանում ծալված դրված է (ժողովրդական խոսքի պես): Դե ցանկալի կլիներ, որ այդ գենը ժառանգեի, բայց իմ կյանքն էլ էսպես է դասավորվել  (կատակում եմ, սա դժբախտություն չէ. հումորով մոտենալ):
Հա, մեկ-մեկ էլ մեր վրա խոսում է, բայց դե էդ էլ է պետք, չէ՞:
Ոչ մեկս էլ կատարյալ չենք ու մինչև մեր կյանքի վերջը կարող ենք ու պետք է նորը սովորենք:
Մի խոսքով, եթե տատիկ ունես, իմացիր, որ ժամանակդ չի մեռնում, դու էլ չես ծերանում:

Հ.գ.Էն լավ տղան պարզվեց Գոռ Եփրեմյանն էր:

arpineMikayelyan

Մի արագիլի պատմություն

-Ա՛ն, իսկ ձեր գյուղում հայկական եկեղեցի կա՞ր,- մի անգամ զրույցի ընթացքում հարցրի ազգակցուհուս՝ Անիին, որը եկել էր Ախալքալաքի փոքրիկ գյուղից:

-Հա՛, իհարկե, հենց մեր տան կողքին էր, ու երևի դրանից էր, որ երազումս շատ հաճախ էի սրբերի տեսնում:

-Ի՜նչ հետաքրքիր է, ինձ հետ նման դեպք երբեք չի պատահել: Իսկ դու հաճա՞խ էիր գնում եկեղեցի:

-Գրեթե ամեն երեկո: Կուզե՞ս մի շատ հետաքրքիր և հուզիչ բան պատմեմ դրա հետ կապված։

-Հա՛, հա՛, լսում եմ,- խանդավառված տեղիցս թռնելով՝ բացականչեցի:

-Լավ։

Ստացվել էր այնպես, որ եկեղեցու գմբեթի խաչն ընկել էր, ու այդ ընթացքում արագիլները բույն էին հյուսել այդ նույն տարածքում ու ապրում էին իրենց փոքրիկ ձագուկների հետ: Դե, բնական է, որ բույնին ոչ ոք ձեռք չէր տա, հետևաբար նրանք հրաշալի ապաստարան ունեին, դե, մենք էլ մեծ ուրախությամբ և հիացմունքով էինք դիտում իրենց: Բայց օրերից մի օր՝ ուշ գիշերին, քամի ու փոթորիկ եղավ, որին հաջորդեց կայծակը. էնպիսի մի կայծակ, որը ի զորու էր մեծ ավերածություն գործել: Ես այդ երեկո տանից դուրս չեկա, քանի որ սարսափում եմ կայծակներից, թեև այն դադարել էր: Հաջորդ օրը՝ լուսադեմին, ձայներ հասան ականջիս, ու վեր թռա տեղիցս: Դուրս եկա տանից ու տեսա, որ եկեղեցու բակում մի մեծ ամբոխ էր հավաքվել: Մոտեցա ու կարողացա ճեղքելով մարդկանց բազմությունը՝ հասնել եկեղեցու դռան մոտ ու տեսնեմ՝ ինչ… Մարդիկ ցավով ու հիասթափությամբ աչքերները հառել էին անշնչացած արագիլներին, որոնց սպանել էր այդ չարաբաստիկ կայծակը, իսկ բույնը ավերվել էր: Մի քանի արագիլներ էլ դեռ քանդված բույնի վրա ընկած էին, որոնց հատուկ սարքավորումներով ներքև իջեցրին: Մենք դրանց հողի մեջ թաղեցինք՝ մտածելով, որ կենդանության կգան, բայց ապարդյուն:

-Տե՜ր Աստված, ինչքան ափսոս…

Սակայն ձագուկներից մեկը դեռ շնչում էր: Գյուղացիներով նրան վերցրինք, պահեցինք ու մեծացրինք՝ մեր երեխայի պես. պարզապես, նա բոլորինս էր: Սկզբից փորձում էր հեռու մնալ մարդկանցից, բայց ժամանակի ընթացքում ընկերացանք: Այդ փոքրիկ չարաճճին սովորել էր, որ մենք պետք է նրա հետ կիսենք մեր հացը ու չէր էլ փորձում կեր փնտրել: Հա, ի դեպ, նա շատ-շատ էր սիրում ձուկ ու գորտ ուտել: Նա արդեն չէր վախենում մարդկանցից, այլ ազատ շրջում էր տարածքում, մոտենում գյուղացիներին՝ թեկուզ շոյվելու համար:

Լսիր, մի օր էլ, երբ զարթուցիչս չէր արթնացրել ինձ, ու ես չէի հասցրել ճիշտ ժամին դպրոցում լինել, հանկարծ պատուհանիս կտկտոց լսեցի. կարծեցի, թե փողոցի չարաճճի փոքրիկներն են մանր քարեր նետում դեպի իմ սենյակի պատուհանը: Բարկացած վեր կացա, որպեսզի դուրս գամ տանից և մի լավ դաս տամ այդ չարաճճիներին: Բայց երբ բաց արեցի պատուհանը, տեսա, որ ոչ թե երեխաներն են, այլ այն փոքրիկ արագիլը, ով եկել էր ինձ արթնացնելու:

-Իսկ դպրոցում չբարկացա՞ն ուշանալուդ համար։

-Դե՜ հա, ամենավատն էլ այն էր, որ հենց տնօրենի դասն էր: Բայց գիտե՞ս՝ այդ օրից ի վեր ես այլևս չուշացա դասից. նախ զարթուցիչս էր զնգում, այնուհետև պատուհանիս կտկտոցը… Այո՛, նա մեր լավագույն ընկերն էր։ Ախր շատ էինք սիրում, է՜:

-Իսկ հիմա՞, մինչև հիմա այդտե՞ղ է ապրում։

-Ափսոս, հիմա տեղեկություն չունեմ: Գուցե կրկին բույն է հյուսել այն նույն տեղում, որտեղ իր հայրն ու մայրն էին իրենց համար ապաստան գտել, կամ էլ մեկ այլ վայրում, չգիտեմ…

-Ինչ հուզիչ է։ Հուսով եմ, որ այդ արագիլը նույնպես կունենա ձագուկներ ու նրանց կբերի, որպեսզի ընկերանան իր հարազատ գյուղացիների հետ:

-Հա, ես էլ հույս ունեմ, որ երբ գնամ էնտեղ, կհանդիպեմ իմ հին ընկերոջը։

Մեր կյանքն իրոք զարմանահրաշ է։ Թռչուն լինի, թե կենդանի, կամ էլ այն փոքրիկ սարդիկը, որը ժրաջանորեն ճերմակ սարդոստայն է հյուսում և նույնիսկ մրջյունը, որը անընդհատ այս ու այն կողմ կեր է փոխադրում, շատ հնարավոր է, որ մի օր դառնա լավագույն ընկերդ:

Հ. Գ. Ի դեպ, Անին հիմա այնտեղ է ու իր փոքրիկ ընկերոջ հետ ջերմ ողջույններ է ուղարկում քեզ։

arpineMikayelyan

«Ծամված» դասանյութերի զոհերը

-Դուք պետք է սովորեք ու պատրաստ լինեք. գուցե այս տարի բոլոր քննական առարկաները մարզում հանձնեք, դուք պետք է բարեհաջող ավարտեք, դուք պետք է․․․

Անվերջ լսվող արտահայտություններ դպրոցական հենց առաջին օրվանից:

Արդեն 12-րդ դասարանում ենք սովորում: Այս տարի կավարտենք, ու ինչպես ասում են, կվերջացնենք, կգնանք: Կգնանք՝ կարծելով, թե կարևոր գործը հաղթահարված է, 12 տարի պարտաճանաչորեն հաճախեցինք դպրոց, ու ահա, ժամը կգա հեռանալու: Տարիներ շարունակ ստանալով բաղձալի գովասանագրերը՝ կարծում ենք, թե ավարտին ենք հասցրել կյանքի կարևորագույն գործերից մեկը ու հիմա մեր գլուխը լի է դպրոցական դասագրքերի նյութերով, որովհետև մի ամբողջ տարի սերտել ենք այնտեղ գրվածն, ու մեզ գերազանցիկ են ասում:

Մենք գլուխներս բարձր քայլել ենք, որովհետև առաջինն ենք եղել, բայց մի՞թե սա ամենակարևորն է: Չէ՞ որ մենք չենք սովորել, որ ավելի լավ է հետ չմնալը, քան առաջինը լինելը, մենք չենք սովորել գրվածքը կարդալուց հետո մեր պատկերացումները թղթին հանձնել, այլ սովորել ենք անգիր անել, մենք չենք տրամաբանել, այլ պարտավոր ենք եղել հիշել, որ (a+b)²=a²+2ab+b² և այլն:

Մենք անգիր ենք սովորել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և կարդացել ենք «Վերք Հայաստանի»-ն ոչ թե նրա համար, որ մեզ իրոք հետաքրքիր էր, այլ մենք պարտավոր էինք, որովհետև երեխաների մտածելակերպը սահմանափակող շտեմարան կոչվածներում զետեղված են հարցեր այդ ստեղծագործություններից, ու մենք պետք է կարողանանք պատասխանել դրանց` բարձր գնահատական ստանալու համար, ու էդպես շարունակ:

Տարիներ շարունակ «ծամված» և մեզ հանձնված նյութը սերտել ենք սիրով ու մեծ ոգևորվածությամբ, բայց երբ հերթը հասնում է իմացածը թղթին հանձնելուն, արգելակվում ես, որովհետև դու տրամաբանելու հնարավորություն չես ունեցել, դու պարզապես անգիր ես արել՝ փոքր-ինչ հասկանալով ու չհասկանալով, ու վերջապես արգելակվում ես, որովհետև նյութը դու չէիր «ծամել», այն շատ բարդ կերպով «ծամել» ու քեզ էին տվել:

Բայց ես չեմ մեղադրում իմ ուսուցիչներին, որովհետև նրանք կատարել են իրենց առջև դրված պարտականությունը. այն, ինչը տրված էր ծրագրով:

Հիմա պետք է պատրաստվենք. գուցե միասնական քննություններ հանձնենք: Հրաշալի գաղափար է: Եթե աշակերտը կարող է քննություն հանձնել դպրոցում, ապա ինչո՞ւ ոչ մարզում: Բայց ի՞նչ հիմքերով ստուգել ամենը: Ո՞վ է ասել, որ սա կդիտվի որպես բարեփոխում: Միայն պարզ կդառնա, որ ՀՀ դպրոցների աշակերտների մեծամասնությունը անբավարար է ստացել, դե, հավանաբար, տղաներն էլ բանակ կգնան առանց դպրոցն ավարտելու:

Եկե՛ք մեր կրթական համակարգը տան տեսքով պատկերենք: Տան ամեն անկյունում կան մի շարք ավելորդ առարկաներ, ինչպես դպրոցում, ու մենք չենք հասցնում ուշադրություն դարձնել դրանց, քանի որ կան կարևորները, ինչպես դպրոցում, բայց ցավոք մենք չունենք նաև հնարավորություն դրանք դեն նետելու, կամ լավագույն դեպքում՝ ընտրություն կատարելու: Մենք պարտավոր ենք․․․ Բայց մի՞թե հնարավոր է սերտել բոլոր առարկաները, կամ սիրել դրանք նույն կերպ։ Մենք միշտ պարտավոր ենք եղել հնարավոր դարձնել դա, ու մեզ թվացել է, թե դրա սահմաններից այն կողմ ոչինչ չկա: Մտածել ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց ահա, այդ «Ճիշտ ճանապարհին» մեր սխալներն անթիվ են:

Ու հիմա մենք պետք է տունը սկսենք կառուցել տանիքի՞ց: Երեխան դեռ առաջին դասարանից պետք է ճիշտ կրթվի, ըստ այդմ, տան հիմքը ամուր կլինի: Պետք է փոխվեն դպրոցական դասագրքերի նյութերը, կրճատվեն դասաժամերը, ուսուցումը դարձվի ավելի արդյունավետ, դյուրին ու հասանելի, չպարտադրվեն անգիրներ ու շտեմարանային գիտելիքներ, և ի վերջո, թույլ տրվի, որ գլխուղեղը շնչի ու տրամաբանի:

Ու հենց այս ժամանակ կարելի է վայելել ճիշտ աշխատանքի պտուղները:

Ու հիմա, այս ամենի բացակայության պայմաններում, ինչպե՞ս ստեղծել տանիքը, եթե չկա հիմքը:

Բնական է, սա անհնար է միանգամից անելը, բայց պետք է հուսալ ու ճիշտ գործելով առաջ շարժվել բաղձալի արդյունքի հասնելու համար:

arpine mikayelyan

Դու չնկատեցիր

Դու քայլում ես փողոցով, ու հանկարծ մի շուն դուրս է գալիս քո առաջ: Դու վախից մի կողմ ես թռչում, գոռում, աղաղակում, իսկ կողքից էլ մեկը անխղճորեն քարով հարվածում է ու հեռացնում այդ անմեղ արարածին քո ճանապարհից։ Տե՛ս, հիմա դու ինքնավստահ և հանգստացած շարունակում ես քայլել, բայց դու բաց թողեցիր, դու չտեսար ամենակարևորը, որը թաքնված էր շան աչքերում, այն աչքերում, որոնք քեզ էին նայում՝ կարեկցանք ակնկալելով։ Ախր, նա չէր պատրաստվում քեզ վրա հարձակվել ու կծել, այլ գուցե մեկ կտոր չորացած հաց խնդրելու համար էր եկել, գուցե քեզ էր նայում, քանի որ վստահ էր, որ դու կդառնաս իր ընկերը, չէ՞ որ ամենահավատարիմ կենդանին է։ Չէ, կարիք չկա, որովհետև դու չնկատեցիր։

Հաջորդ վայրկյանին հանկարծ քեզ է մոտենում մի մարդ, ով գուցե քո օգնության կարիքն ունի, բայց այնքան է շփոթված, որ հուզմունքից չի կարողանում խոսել ու հեռանում է։ Մտածում ես, թե ժամանակի կորուստ էր, կամ գուցե այլ բան, բայց դու կրկին չնկատեցիր այն, ինչը պետք էր առաջինը նկատեիր։ Գուցե նա այնքան խելացի էր, գուցե դու իրոք կարողանայիր օգնել, բայց չէ՞ որ դու չտեսար նրա իրական ներաշխարհը, դու նույնիսկ նրան հետ չպահեցիր, երբ նա նույնքան անվստահ քայլերով հեռացավ, ինչպես և եկել էր։

Ահա երեկո է, լուսինն այնքան պայծառ է, որ ուզում ես թռչել ու հասնել նրան, իսկ այն ծառերի մասին, որոնց ճյուղերի շարժումից ստեղծվում է կախարդական մեղեդի ու հաճելի զով, դու անգամ մեկ վայրկյան չես մտածում, որ շատ հնարավոր է՝ մի քանի օրից այդ ծառը չորանա, քանի որ դրան դիտում են որպես իր պարտականություններին պարտաճանաչորեն հետևող ռոբոտ, չէ՞ որ այն պարզապես մի սովորական կանաչ արարած է։ Ցավալի է, դու չնկատեցիր, որ դրա ոտքերի մոտ հողը ծարավից ճաքել է, և դու չես ջրի այն հաջորդ առավոտ, որովհետև չնկատեցիր ու վերջ։

Աննկատ մնացին նաև հին կազմով, բայց ոսկե պարունակությամբ այն գրքերը, որ բարի պապիկը ամիսներ շարունակ փայփայում է ու հույսը չի կտրում, որ մի օր դրանք կնկատվեն այն գեղեցիկ, գունագեղ ու նոր կազմով գրքերի և գերզարգացած սարքավորումների կողքին։

Մարդիկ քայլում են մռայլ դեմքերով, մեկը չի ժպտում մյուսին, քանզի կարծում է, թե դիմացինը այլ բան կմտածի. և դա շատ հնարավոր է, որովհետև շատերը չեն ընկալում այն համախմբելու ու ջերմացնելու զորությունը, որ ժպիտն ունի իր մեջ։ Նույնիսկ այն կրպակի աշխատակցուհին չի ուզում նկատել դա՝ աջ ու ձախ փնթփնթալով, որ իր խանութ մտնում են առանց իմանալու, թե ինչ են ուզում, և որ ինքը ժամանակ չունի կանգնելու ու սպասելու, թե երբ գնորդը կկողմնորոշվի։ Դե հա, չի էլ նկատում, որ էդպես վիրավորում է իր դիմաց կանգնած մարդուն:

Հիշում ես կյանքիդ դառը դեպքերը, հիշում վատն ու մութը, ու քեզ զգում ես ամենադժբախտ մարդն այս աշխարհում։ Էլի դժգոհ ես ու էլի չես մտածում, որ ամեն օր մարդիկ կորցնում են մերձավորներ, երիտասարդ զինվորներ, մանկահասակ երեխաներ, բայց նրանք շարունակում են ապրել, իսկ դու դեռ փնփնթո՞ւմ ես։ Ո՛չ, դու չփորձեցիր հիշել կյանքիդ լավագույն դեպքերն ու ամենամեծ նվաճումները, որոնք կստիպեին քեզ տխրելու փոխարեն նոր կյանքով լցվել ու հստակ քայլերով առաջ շարժվել։

Դու չտեսար լավը, չտեսար այն, ինչը պետք է տեսնեիր, ու ինչն իրականում այնքան տեսանելի է, բայց ցավոք, ամեն ինչ գնաց բնականոն հունով, ու դու կրկին ու կրկին չնկատեցիր։

Կարելի է թվել այս աննկատելիների շարքը, ու ահա, այդ ժամանակ ևս մեկ բան մենք չենք նկատի։

Չնկատեցիր, չես նկատում ու չես նկատի, եթե չուզես։ Ու ահա, կյանքը թռչում է, բայց ցավոք այն փյունիկի պես չէ։ Այն նորից թևեր չի առնում, իսկ ամենացավալին այն է, որ անցնում է սահուն ու աննկատ, ու  ամենակարևորը, չնկատելու սավանի ներքո։

arpine miqayelyan

Գնա՞նք կարուսել

-Մա՛մ, մա՛մ, արի՛ գնանք կարուսել, հետո կոնֆետ կուտենք: Կուզե՞ս նաև կգնանք մուլտ դիտելու, խնդրում եմ,- մեկն անընդհատ ասում էր իր մայրիկին, ով ասես նման մտադրություն չուներ:

Հետաքրքրեց, շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ է պատահել, և նկատեցի, որ կնոջ կողքին ոչ թե փոքրիկ է, այլ բավականին մեծ աղջիկ, ով շարունակ ասում էր.

-Մա՜մ, գիտեմ, որ դու էլ քո հոգու խորքում ցանկանում ես կրկնել մանկական արկածներդ, դե, արի՛…

Կարծես երեկ էր, երբ արեցինք առաջին քայլերը, երբ մայրիկի և հայրիկի ձեռքից բռնած գնացինք մանկապարտեզ`մի վայր, որի հետ կապված հիշողությունները միշտ գունավոր են, երբ փոքրիկ քայլերով մտանք դպրոց ու նստեցինք առաջին նստարանին:

Մեծանալ դեռ չի նշանակում՝ մեծանալ: Այո՛, թվերը գումարվում են թվերին, սկսում ենք ավելի խորը մտածել, բայց այս ամենի մեջ կա մի անփոփոխ բան`մանկական երջանկությունը:

Երբ դեռ շատ փոքր էինք, ուշադիր հետևում էինք, թե ինչպես է մայրիկը քաղցրավենիք պատրաստում, բայց բնական է, որ դա անում էինք ոչ թե նրա համար, որ պարզապես հետաքրքիր էր, այլ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ վերջապես նա մեզ կհանձնի այն ամանը, որի մեջ դեռ ոչ պատրաստի քաղցրավենիքի մնացորդներ կային: Ահա, երբ վերհիշում եմ, հասկանում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել. Դե, ինչ մեղքս թաքցնեմ, կարծում եմ ինձ նման շատերը դեռ մեծ ուրախությամբ սպասում են այդ ամանի հանձման հանդիսավոր արարողությանը:

Հիշում եմ նաև այն մեծ բերկրանքը, որն ապրում էինք, երբ մեզ տանում էին կարուսել, նաև ստանում էինք քաղցր բամբակ ու պաղպաղակ… Էլի ոչինչ չի փոխվել, էլի անսահման երջանիկ ենք, երբ ունենք քաղցրավենիք ու հնարավորություն`ադրենալին հաղորդող ատրակցիոններից օգտվելու:

Երևի ավելորդ է մուլտերի մասին խոսելը, քանի որ դա այն մեծ ուրախությունն է, որը պարզապես երբեք չպետք է հեռանա մեր կյանքից, ու նույնիսկ այն մարդիկ, որոնք արտաքուստ այնքան լուրջ են թվում և պահվածքով ուզում ապացուցել, որ մանկությունը իրենց համար պարզապես վառ հիշողություն է, միևնույն է, նրանք նույնպես սիրում են մանկանալ ու դիտել իրենց սիրելի մուլտը. գուցե հենց իրենց փոքրիկի հետ`բոված եգիպտացորենի և շոկոլադե սալիկների ուղեկցությամբ:

Ասում են, թե մանկությունը գունավոր է, լուսավոր ու անհոգ. դե հա, մեծանալուն զուգընթաց ավելանում են խնդիրները, բայց դու կարող ես քո հոգում պահել մանուկ մնալու ծաղիկը, որն անդադար ծաղկում է ու լցնում ողջ ներաշխարհդ: