Լուիզա Սարգսյանի բոլոր հրապարակումները

Կյանքը՝ բազում անհայտներով հավասարում

Երբ մեծերը զրուցում են, մենք հաճախ ենք մեջ ընկնում, փորձում արտահայտել մեր կարծիքը, առաջ տանել մեր ես-ը: Այո՛, երբեմն մեզ թվում է, թե լիովին տարբերում ենք սխալն ու շիտակը, հստակ ու կայուն համոզմունքներ ունենք ու անհրաժեշտ խիզախություն՝ սեփական տեսակետը պաշտպանելու…

Երբեմն մեր ու նրանց կարծիքները համընկնում են, բայց որքա՜ն հաճախ ենք լսում.

-Բալե՛ս, դու մինչև վերջ մի՛ պնդիր քո ես-ը, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինեն քո հաջորդ վայրկյանը, գալիք օրը… Մի ամբողջ կյանք ունես՝ կշռադատելու, մտորելու, սուտը ճշտից զատելու, փորձությունների ենթարկվելու համար: Դեռ շատ բան կփոխվի. և՛ մտածելակերպդ, և՛ կարծր կարծիքներդ: Չէ՞ որ աշխարհը լի է պատասխաններ պահանջող հարցերով ու անորոշությամբ, անքննելի են ուղիները, անկանխատեսելի՝ ճակատագրերը…

Հիմա եմ հասկանում, թե նրանք որքան իրավացի էին: Ավաղ, մեզանից ոչ ոք չգիտի, թե իր հետ ինչ է բերելու վաղվա օրը: Օրինակ՝ ո՞վ կմտածեր, որ մի օր կարթնանաս ու կլսես, որ պատերազմ է: Այո՛, այո՛, ամենաիսկական ու ահազդու պատերազմ: Այս ինչերի՜ միջով անցանք…

…Սեպտեմբերի 27: Այսուհետ սա ուղղակի օր չէ, սա բոթաբեր պատերազմի առաջին օրն է: Տագնապ, զորահավաք… Ցավոք, ոչ բոլորին էր վիճակված վերադառնալ… Ես նոր զգացի, թե ինչ ասել է, երբ օրը տարի է թվում: Ամենքիս թվում էր, թե օրվա վերջանալուն պես պատերազմն էլ կավարտվի: Հայերի օջախներն ասես համրացել էին. շշուկ չէր լսվում, ամեն ոք մի անկյունում կուչ եկած աղոթում էր՝ աղոթում էին իրե՛նց զինվորի, ուրիշի՛ զինվորի ու սահմանում կանգնած ամե՜ն զինվորի համար: Իսկ ի՜նչ սրտատրոփ ահով էինք հեռուստացույցի էկրանին կարդում զոհերի անունները… Մենք վախենում էինք այդ էկրանին պատկերացնել անգամ այն մարդու անունը, ում անչափ կարոտում էինք, ում վերադարձն այնքա՜ն էինք տենչում…

Սա իսկապես համերկրային ողբերգություն էր, որը նկարագրելն անհնար է: Որքա՜ն երեխաներ անհայր մնացին: Իրենց առաջին բառերը թոթովող փոքրիկները այլևս չեն արտասանելու «հայրիկ» բառն ամեն օր, կարոտող ձեռքերով չեն ձգվելու դեպի հայրը… Անդարձ հեռացան մեր հայորդիները, որոնք պետք է վայելեին իրենց երեխաների առաջին ծիծաղը, բառն ու քայլը… Իսկ մայրերը պարզապես խելագարվեցին այս ընթացքում: Նրանք սրտակոտոր աղոթում էին… Միայն թե… Միայն թե բան չպատահի իրենց որդուն… Ավաղ… Շատերին պատուհասեց կորուստը: Շատերն էլ դեռ պատուհանի մոտ նստած սպասում են իրենց որդիներին, որ գեթ մի ակնթարթ փարվեն նրանց: Այլևս դա է նրանց բաժի՛նը, ճակատագի՛րը, միա՜կ փափագը…

Մեր սուգը եռօրյա՛ չէ, այն ողջ կյանքի տևողությամբ է… Բոլորիս հայացքը սառել է, ժպիտները կորսվել են: Մեր աչքերում ցավն է լճացել ու վրեժն է մորմոքում: Վրեժ՝ հանուն անմահացած հարազատի…

Շուտով նոր տարի է: Ասում են՝ իբր աշխարհում ամեն ինչ նորովի է սկսվում այդ օրը: Բայց հայ ազգը իր հետ հավերժություն է տանելու այս ցավը, սուրբ հուշն ու արթուն վրեժը:

«Կանթեղ» գրական խմբակ

luiza sargsyan

Սևանում սպասում ենք

Սևանում ձմեռը երկարատև է: Ձյունը ծանր-ծանր նստում է տանիքներին ու անզիջում համառությամբ փայլում արևի շռայլ, բայց տկար շողերի ներքո։ Բոլորս հասցնում ենք մի լավ հոգնել-ձանձրանալ ու առանձնահատուկ կարոտով ենք սպասում գարնանը։

Այս տարի մի քանի ամսյա բանտարկությունից հետո ուզում էինք վայելել գարունը, բայց ավաղ… Գարունն իր հետ բերեց վիրուսի գույժը: Մինչդեռ մենք այնքա՜ն էինք ուզում շնչել օդի թարմ ու անուշ բույրը, երեխաներն ուզում էին կրկին ցատկոտել դրսում, խաղալ միմյանց հետ: Այդ վիրուսը նման է մի հսկա հրդեհի՝ բռնկվում է շատ արագ և ճարակում է ողջ աշխարհը: Մեզնից ամեն մեկը պիտի ջանք գործադրի՝ հանդարտեցնելու և մարելու այդ չար հրդեհը…

Կյանքն աշխարհում ասես կանգ առավ: Օրեցօր լուրերն ավելի տագնապալի են դառնում: Ու դժվար է այս իրականության հետ հաշտվելը, նոր կյանքին հարմարվելը: Մենք շատ ենք կարոտում դպրոցը, ուսուցիչներին, ընկերներին: Արդեն երկու ամիս է, ինչ հեռավար ենք անցկացնում դասերը: Թվում է, թե պետք է հարմարված լինեինք, բայց… չենք դադարում անհամբերությամբ սպասել: Երանի սա վատ երազ լիներ: Արթնանայի ու տեսնեի, որ ամեն ինչ ավարտված է։ Այ, օրինակ՝ հիմա մենք մեր դասղեկի հետ էքսկուրսիայի պատրաստվելիս կլինեինք: Ինչքա՜ն էինք սպասում այդ օրվան ու քննարկում մանրամասները…

Անկեղծ ասած՝ երբեք մտքովս չէր անցնում, որ այսքան շատ կարող եմ երազել դպրոց գնալու մասին։

Չնայած այս ամենին՝ ես հավատով սպասում եմ, որ մենք մի օր կարթնանանք ու կզգանք, որ վերջացել է այս աշխարհակուլ մղձավանջը: Եվ ամեն ինչ կլինի առաջվանից ավելի՛ լավ։

Նամակ իմ հերոսին

Ես Լուիզան եմ: Սովորում եմ ութերորդ դասարանում: Երբ մեր ուսուցչուհին մեզ հայտնեց, որ պետք է գրենք նամակ մեր հերոսին, ես անմիջապես Ձեր մասին մտածեցի՝ որոշելով իմ ողջ հույզերն ու մտորումներն արտահայտել այս նամակում…

Գիտեմ, որ Դուք որպես տնօրեն և ուսուցիչ աշխատել եք այն դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ ես: Մինչ օրս էլ խոսում են Ձեր մասին, գովաբանում Ձեզ: Երբ յուրաքանչյուր գագարինցու հարցնում են` ո՞վ է այսպես ծաղկեցրել այս դպրոցը, բոլորն առանց վարանելու պատասխանում են.

-Իհա՛րկե, ընկեր Եղիազարյանը…

Դուք դեռ տասնյոթ տարեկան էիք, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Դուք մարտի դաշտում պայքարեցիք անձնազոհաբար, ինչի արդյունքում կորցրեցիք Ձեր բազուկը… Չեմ համարձակվում երևակայել անգամ, թե ի՜նչ փորձություններ եք հաղթահարել ու պատվով՝ որպես հերոս վերադարձել: Սրա մասին են վկայում Ձեր բազմաթիվ շքանշանները… Ձեզ վիճակվել է անցնել պատերազմի սարսափների միջով, բայց Ձեր աչքերում այնքա՜ն լուսավոր բարություն կա:

Սիրելի՛ ընկեր Եղիազարյան, Դուք իմ հերոսն եք: Եվ ուզում եմ հաստատել, որ այժմ էլ հպարտանալու շատ առիթներ ունեք: Ձեր չորս զավակներից երկուսն այժմ աշխատում են Ձեր հիմնած դպրոցում՝ շարունակելով Ձեր գործը, է՛լ ավելի շենացնելով մեր դպրոցը:

Դուք հիմա իննսունչորս տարեկան եք, ունեք Ձեր սեփական այգիները, որոնք մեծ հաճույքով եք մշակում: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես եք քայլում ծառաշարքերի միջով և հոգատարությամբ զննում ամեն ճյուղն ու ոստը, էտում ու պատվաստում ծառերը, զգուշորեն շտկում փեթակները:

Շատ գագարինցիների եք բաժին հանում Ձեր այգիների բերքից: Եվ երբ աշակերտներն անցնում են Ձեր այգիների կողքով, առանց հյուրասիրվելու չեն շարունակում ճանապարհը:

Քանի՜ անգամ եմ լսել, որ ասում եք.

-Նա՛ն ջան, տե՛ս, թե ի՜նչ լավ խնձորներ կան, եկե՛ք, վերցրե՛ք…

Ու սիրառատ, բարի-բարի՜ ժպտում եք՝ որպես հարազատ պապիկ…