Տաթև Խաչատրյանի բոլոր հրապարակումները

Խաղաղ կեսօր Վահան գյուղում

Կամք և նպատակ

Լուսանկարը` Լենա Մանուսարյանի

Լուսանկարը` Լենա Մանուսարյանի

Մեր նպատակները այն երազանքային ծաղիկներն են, որոնց  ցանկանում ենք հետագայում հանդիպել մեր ճանապարհին: Սակայն չէ որ ոչինչ առանց սերմի, խնամքի և հոգատարության չի ծաղկում:  Ինչպես ծաղիկների փթթուն տեսքի համար  նրանց խնամել, ջրել, մշակել է հարկավոր, այնպես էլ մեր նպատակների իրագործման համար պետք է ուժ, եռանդ, համբերատարություն և, ամենակարևորը, կամքի մեծ  ուժ ցուցաբերել:  Գուցե ուժեղ կամք ոչ բոլորին  է տրված, բայց մի՞թե մեզնից  յուրաքանչյուրը թե՚ բացահայտ, թե՚ քողարկված  նպատակներ չունի: Ամեն դեպքում ես հավատում եմ, որ մարդկային մտքի և հոգու անսահմանափակ կարողություններն են ստեղծում ամենամնայուն արժեքները, իսկ մարդու հաջողության  առանցքը կամային դրսևորումն է: Նպատակն ամուր հիմնասյուն է, որն անքակտելիորեն կանգնած է կայունության և կոնկրետ նպատակաուղղվածության պատվանդանին: Կամքի դերը անտեսանելի մի ուժով հիմնասյան անխախտելիությունն ու  անխոտորության պահպանելն է: Կամքը ուժ  է, որով մարդիկ  անպարտելի են  դառնում, որով մի օր հասնում են հեռվից  ժպտացող այն փոքրիկ, լուսավոր կետին, որն իրականում  բավականին մեծ նշանակություն ունի: Այդ փոքրիկ կետը երկար ժամանակ  փայփայած նպատակն է, երբեմնի երազանքն ու իղձը: Մարդիկ ուժեղ են, քանի դեռ անհաղթելի  է ոգու կորովը, նրանք ունեն նպատակներ, քանի դեռ առաջ մղող ուժի անվանումը հավատ է: Հաջողակ են, եթե լավատեսությունն է նրանց ուղեկիցը, երջանիկ են, եթե նպատակի  ակունքները բխում են կամքից:Ու այս ամենից  հետո  մնում  հետեվություն կատարելով՝ ավելացնել ՝ ինչքան էլ դեպի նպատակ տանող ճանապարհները  փնտրենք այլ աշխարհներում, ուրիշների հայացքներում այնուամենայնիվ այնտեղ տանող միակ միջոցը մեր հոգու անհուն խորքերից է սկսվում, այնտեղից , որտեղ ծնվում է մարդուն  կենդանական աշխարհից զատող հատկանիշներից մեկը՝ կամքը: