Մարիամ Սահակյանի բոլոր հրապարակումները

mariam sahakyan

Վերջաբանները միշտ էլ տխուր են լինում

Ես չէի կարողանում հարմարվել աշխարհին…

Երբեմն լինում են ծայրահեղ ծանր ժամանակներ։ Ժամանակներ, որոնց հետ չհամակերպվելով՝ փորձում ես ստեղծել քո իրականությունը, որը երբեք չի դառնում իրական, որովհետև դա քո աշխարհն է, ու այնտեղ ոչ ոք տեղ չունի… Ինձ համար իսկական հոգեկան տանջանք էր գիտակցելը, որ ես ապրում եմ մի աշխարհում, որտեղ մարդիկ մեկը մյուսին ցավ պատճառելուց բավականություն են ստանում։ Ես հոգնել էի բարին մատուցող վհուկներից, հոգնել էի կեղծ ժպիտներից, ես ամեն օր ավելի էի հիասթափվում, որովհետև գիտակցում էի մարդկության մեղսագործության աստիճանը։ Ես գիտակցում էի, թե որքան խղճուկ ենք մենք՝ մարդիկս, որ հայտնվել ենք Երկիր մոլորակի վրա… Երբ ուզում ես փախչել աշխարհից, որովհետև սկսում ես գիտակցել, որ քո մեջ կորցրել ես Աստծուդ, ամենագարշելին այն գիտակցումն է, որ մարդկային թերությունդ ու սեփական թուլությունդ այնքան զորեղ են եղել, որ մարդիկ կարողացել են տանել քեզանից հենց քո իսկ սեփական փրկությունը։

Ես տասնինը տարեկան էի, երբ հոգեկան տանջանքներն ինձ ստիպում էին արթնանալ ու ոռնալ անձայն։ Անձայն էր, որովհետև ձայնս մարդկանց համար լսելի չէր ու անգամ ծիծաղելի էր, ինչը չափից ավելի զզվելի էր։ Շատ տհաճ էր հասկանալ, որ քո ցավը ինչ-որ մեկի ծիծաղի պատճառն է դարձել։ Ես մոռացել էի, թե ինչ է նշանակում գլուխը հանգիստ դնել բարձին ու քնել: Ու այդպես շարունակվեց երեք ամիս։ Դժվար էր հայելու մեջ նայել տասնութ տարվա սեփական «Ես»-իդ ու հասկանալ, որ տասնիններորդ տարում դու նոր, լրիվ ուրիշ մարդ ես, որի սովորությունները, նախասիրությունները, ամեն ինչը փոխվել է… Երբ կողքիդ վառվող գլանակներն առաջվա պես հանգցնելու փոխարեն, դու գրպանիցդ հանում ես ծխախոտն ու կրակայրիչը՝ սկսում ծխել՝ մեկ հատ, երկու, երեք… Ու այդպես շարունակ, մինչև ձեռքդ հանդիպում է քեզ համար անսովոր դատարկության. ծխախոտի դատարկ տուփը հիասթափություն էր առաջացնում, որովհետև… Ա՜խր, ես չէի ծխում։

Բայց երևի կյանքը հենց դրանով է կյանք, որ ստիպի վերստին հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք քեզ համար անտանելի են եղել, ու այդպես ապացուցի  քո  մարդկային թերարժեքությունը… Մի տարի շարունակ ես անում էի այն ամենը, ինչը մնացած տարիներին ինձ համար անընդունելի էր եղել, ու հենց այդ ժամանակ էր, որ ես սիրահարվեցի մի մարդու, որի ֆիզիկական ներկայությունը կողքիս դանդաղ սպանում էր ներաշխարհս, իսկ բացակայությունը ստիպում, որ մեռնեմ…

Ես հոգնել էի, և դա այն սովորական հոգնածություններից չէր, որ ութ ժամվա քնով հաղթահարվեր, դա մի զգացում էր, որ նմանվում էր մե՛կ ցավի, մե՛կ հաշմանդամության, մե՛կ անհաղթահարելի նոպաների, ու դրանց դեմ ոչ դեղամիջոց կար, որ գոնե մեղմացներ, ոչ էլ բժիշկ, որ կարողանար բուժել։ Իմ ցավերի հետ ես մենակ էի… Ես շատ էի փորձել հասկանալ, թե ի՞նչ է ցավը, ու իմ որտեղն է ցավում, բայց այն ընդամենը մի բութ զգացողություն էր, որը ներսից կամաց-կամաց հասցնում էր հոգեկան անհավասարակշիռ վիճակի. ես երևի գժվել էի։ Ես քայլում էի փողոցներով ու ամենուր տեսնում այն, ինչն ընդհանրապես գոյություն չուներ… Ես փնտրտուքների մեջ էի, բայց ոչինչ ու ոչ ոքի չէի փնտրում. ես ինձ էի փնտրում։ Ուզում էի հասկանալ՝ ինձ ո՞ւր եմ թողել, որտե՞ղ եմ կորցրել, որովհետև ոչ մի տեղ չկայի… Այս փոքր քաղաքում ես ինձ շատ հեռու էի թողել։ Մի քաղաք, որին և՛ սիրում էի, և՛ ատում ու նայելով նրան՝ հասկանում, որ նույնն էլ ինքն է զգում իմ հանդեպ։

Ու այդպես էլ չեն հասկանա ինձ՝ ոչ քաղաքը, ոչ էլ մարդիկ… Եվ գիտե՞ք, ես չեմ մեղադրում նրանց, քանի որ տեսակս չափից շատ է բարդ, չափից շատ է անհասկանալի։ Ես ընտրում էի իմ կյանքում այնպիսի մարդկանց, որոնց կկարողանայի սիրել ինձնից շատ ու չէի հասկանում, որ ի վերջո նրանք կգնան՝ հասկանալով, որ իրենց հեռացումը կկործանի ինձ։ Էդպիսին է այն բոլոր հիմարների վերջը, ովքեր իրենցից շատ որոշում են սիրել ուրիշներին։

Հիմա, երբ նրանց բոլորի մասին խոսում եմ, հասկանում եմ, որ իրականում նրանցից ամեն մեկը մի ամբողջ կյանք տարավ իր հետ ու մի ամբողջ կույտ թողեց հիշողությունների, որ ոչ ուզում եմ պահել, ոչ էլ կարողանում եմ ջնջել։ Ու սուտ է, որ ասում են, թե մարդը մոռանում է ժամանակին իր հետ կատարվածը, որովհետև կյանքում ոչինչ չի մոռացվում։ Ամենատաղտկալին այն զգացողությունն է, որ անզորությունդ ստիպում է համակերպվել՝ համակերպվել, որ դու ոչինչ ես ինչ-որ բան փոխելու համար։ Ես շատ եմ մտածել ժամանակը հետ տալու մասին ու հասկացել եմ, որ գնացել է այն վաղուց՝ ես նրա հետևից հասնել չեմ կարողացել։ Դրա համար էլ հարցերը կուտակվել ու խեղդել են ինձ, ինչպես պարանը, որ ինքնասպանություն գործած մարդու վզից մի կերպ են հանում։ Կուզեի մի քանի րոպեով հետ գնալ մանկության իմ աշխարհ ու մորս հարցնել. ինչո՞ւ…

Նա առաջինն էր, որ թողեց ինձ այն ժամանակ, երբ ամեանաշատը բռնվելու կարիք ունեի։ Այն ժամանակ, երբ ես անմեղ ու անփորձ էի։ Նա պիտի սովորեցներ ինձ կյանքում ճիշտ ապրել, բայց ես այդ ամենը ստիպված եղա հասկանալ ինքնուրույն։ Ինքնուրույն հասկացա նաև, որ սրտումդ հարազատ մարդկանց թողած բացերը լրացնել չի լինում ու ամեն գնացած հարազատից հետո հորդառատ անձրևներ են պետք լինում համակերպվելու համար։

Շատերի մեջ եմ քեզ փորձել գտնել, մամ, չնայած նրան, որ դու չես մահացել… Շատերի քնքուշ բառերի մեջ փորձել եմ գտնել քոնը, մինչև որ գիտակցել եմ, որ դրանք իմը չեն, որ օտար են, իսկ օտարը հարազատ երբեք չի դառնում։ Շատ եմ մեղադրել քեզ ինձ թողնելու, լքելու, գնալու համար։ Բայց հիմա, երբ քսան տարեկան եմ, ու միտքս ավելի հասուն է դարձել՝ կուզեի ասել, որ ներել եմ քեզ։ Եվ որ շնորհակալ եմ ծնունդիս համար… Թեև գիտեմ, որ ծնունդս քեզ համար սպասելի չէր ու անգամ հաճելի չէր, բայց ես շնորհակալ եմ ու ամեն անգամ երախտագիտության ավելի մեծ զգացում եմ ունենում, երբ հասկանում եմ, որ չսպասված ծնունդս փառահեղ կյանքի ու պատմություն դարձած մահվան սկիզբն է կնքել։

Ես ինձ շատ եմ փորձել համոզել հեռանալ անցյալից, բայց չկարողանալով դա անել՝ շատ անգամներ կոտրվել եմ, որովհետև զգացել եմ, որ հոգեպես ուժ չունեմ դա անելու համար. ես թույլ էի ներկայում ապրելու համար։ Դժվար է տարիներ շարունակ ապրել ցավի հետ կողք կողքի։ Դժվար է ամեն անգամ հիասթափվել մարդկանցից, որոնց մարդ լինելուն հավատացել ես։ Ինձ երբեք չեմ համարել ռեալիստ, որովհետև միշտ ապրել եմ իմ ստեղծած աշխարհներում, իսկ մարդիկ ստիպել էին հեռանալ իմ պատրանքներից։ Ես ուզում էի հետ բերել այն աշխարհը, որը բոլորից հեռու էր, որում ոչ ոք չկար: Ես վերադարձել էի մի տեղ, որը մարդիկ իրականություն էին կոչում. մի տեղ, որում բացի ցավից ուրիշ ոչինչ չկար։ Ես երջանիկ չէի ու այդ փաստը ոչ մի կերպ թաքցնել չէի կարողանում։ Մինչդեռ նրանք ինձ անընդհատ ասում էին, որ ժպտա՛մ, ժպտա՛մ, որ պարտադիր չէ ուրիշներին ցույց տալ ներսումս եղածը… Ախր, դուք ի՞նչ գիտեիք՝ ինչ եմ զգում ես։ Դուք անգամ ի վիճակի չէիք հասկանալու, որ իմ արցունքները ոչ թե վկայում էին այն մասին, որ ես թուլամորթ եմ, այլ պարզապես դա միակ բանն էր, որ մնացել էր ինձ…

Իմ տարեդարձը, իմ տասնինը տարեկանը ես դիմավորեցի արցունքներով, որովհետև չէի հավատում, որ ևս մեկ տարի անցավ ու ես դեռ ողջ եմ, քանի որ ես ամենուր իմ մահն էի փնտրում։ Չմեղադրեք ինձ․ ես պարզապես հոգնել էի։

Ես մեկ ատում էի ինձ ու մեղադրում աշխարհին, որ ծնվել եմ, մեկ էլ հիանում ինձանով ու շնորհակալություն հայտնում Աստծուն, որ ինձ այսպիսին է ստեղծել։ Ինձ շատերն էին սիրում, իսկ ես սիրում էի նրանց, ովքեր ինձ երբեք չէին սիրելու։ Ու միշտ է այդպես լինում կյանքում․ մենք խելագարի պես սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում։ Վախենում ենք նրանց բացակայությունից, իսկ մարդուն չպիտի էնքան սիրես, որ կորցնելուց վախենաս։ Ես շատ եմ համոզվել, որ ոչ ոք ոչ մեկի կյանքում երկար չի մնում։ Բոլորը գալիս, անցնում են։ Ոմանք իրենց հետ ամեն ինչ տանում են՝ քեզ ոչինչ չթողնելով, ոմանք էլ իրենցից հետո հետքեր են թողնում՝ չմաքրվող հետքեր։

Ու պատահում է երբեմն, որ մենք մնում ենք անցյալի ու ներկայի մեջտեղում։ Ախր, անցյալն այնքան պատմություններ է ամփոփել իր մեջ, այնքան պահեր են եղել, որոնք ներկայում զգալու համար պատրաստ ենք ամեն ինչի։ Եվ միևնույն ժամանակ այդ անցյալից հիմա մենք այնքա՜ն հեռու ենք, իսկ ներկայում ապրելն անտանելի ծանր է, որովհետև հետևում կիսատ թողած շատ պատմություններ կան, և որովհետև ներկայի ամեն անցած օրն իր մեջ անցյալ է պարունակում. ամեն օրվա գնալու հետ մեզանից ինչ-որ բան մնում է անցյալում։ Ինչ-որ անհասկանալի կարոտ կա, ինչ-որ դատարկ հանդարտություն…