Հայկ Սարգսյանի բոլոր հրապարակումները

hayk sargsyan

Մեկ ամբողջ տարի և երկու ճակատագրական օր

16.03.18

-Հայկո, Ֆլեքսի պատասխանները եկել են: Անուշն ու Վալենտինան չեն անցել: Շուտ ստուգի մեյլդ` տես գոնե դու անցե՞լ ես,- դպրոցում ոստրեի նման նստած էի, երբ մայրս այս խոսքերը արտաբերեց իր ռուսական շրթունքներից:

-Օ, Տիեզերք,- տակնուվրա եղան ներքին օրգաններս,- բայց անցնողներին զանգում են, մենակ չանցնողներին են նամակ ուղարկում,- այդժամ հուզմունքս և հիասթափությունս կաթի և սուրճի պես միաձուլվեցին:

-Մեկ ա` մի հատ ստուգի:

Ստուգեցի` չէի անցել…

21.03.19

-Հայկ, անցնողներին էսօր զանգել են` քեզ չե՞ն զանգել,- հաղորդագրություն ստացա Անուշից: Այս տարի էլ էինք փորձել ներխուժել ԱՄՆ` Միացյալ Նահանգների կառավարության հովանու ներքո (այս տարի էլ էինք դիմել Ֆլեքսին): Ուղղակի այս անգամ առանց Վալենտինայի: Պարզվեց` նա երկու օրով «ծեր ա» Ֆլեքսի համար: Մեզ հետ էր նաև արևաշուք Արփինեն, ցավոք, ՖԼԵՔՍ-ը բավականաչափ լավը չէր նրա համար (տխուր էմոջի):

-Չէ, Անուշ, չեն զանգել: Բա քե՞զ,- անհասկանալի զգացողությունների տեղատարափ` ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող բնութագրել:

-Չէ, չեն զանգել: Լսի, ոնց որ էս տարի չանցնողներին էլ են զանգում:

-Լավ, որ զանգեն` անպայման կասես,- ճանաչելով Անուշին, ես գիտեի, որ եթե ինքն անցնի ու ես չէ`  չի ասի, որ ինքը անցել է, որպեսզի ես չտխրեմ կամ չնեղանամ:

Ինչևէ, մեզ ոչ ոք չէր զանգել, այդ իսկ պատճառով էլ շարունակում էի ամիոբայի ռեժիմով ապրել ու բացի փլաններումս գրած պլաններից ամեն ինչով զբաղվել: Օրինակ, ինստայում թափառել, ֆեյսբուքում ճոճվել, ինստայում թափառել, ֆեյսբուքում ճոճվել…

-Ալլո՞:

-Բարև ձեզ, Հայկ Սարգսյանի հե՞տ եմ խոսում:

-Այո,- գաղտնի ու էլեգանտ ձայնի տոնով պատասխանեցի ես:

-Ձեզ անհանգստացնում են Ամերիկյան խորհուրդների գրասենյակից,- ահա, էս տարի անգամ պարտվողներին են զանգում, ուրեմն ես պարտվող եմ` կարճ նրա մասին, թե ինչպես է մեր ուղեղը ֆիլտրում ինֆորմացիան,- շնորհավորում ենք ձեզ, դուք դարձել եք Ֆլեքս ծրագրի հաղթող

-Ի՞նչ, ահ, լու՞րջ եք ասում,- մաման կողքից զգում ա, որ մի բան կատարվում ա, ու ինձ ուզում ա հասկացնի, որ պատասխանեմ, թե ով ա զանգել ու կամաց հարցնում ա` ֆլեքսի՞ց են զանգել, բայց ես էքստազի մեջ եմ ու չեմ նայում նրան:

-Այո, այո: Շնորհավորում ենք:

-Մերսի շատ…

-Մամ, ես հաղթել եմ Ֆլեքսը,- չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ հույզերս: Պատկերացրեք, թե ձեր առջև հայտնվել է փիրուզագույն առյուծ, որի մասին դուք 2 տարի է, ինչ երազում էիք: Պատկերացրեք, թե ձեզ նվիրել են ադամանդե քարով մատանի, որը կշռում է 5 կգ, ու դուք այդ մատանին կարող եք վաճառել: Պատկերացրեք, թե դուք հովազ եք ու վերջապես գտել եք միայնակ եղնիկի ու պատրաստվում եք նրան հոշոտել: Լավ, դա ահավոր համեմատություն էր… Երջանկությունս տևեց 38,9 վայրկյան, քանի դեռ չհիշեցի Անուշի մասին: Այն վերափոխվեց սրտի արագ տրոփյունի` բա Անուժ Անո՞ւշը:

-Ան, ինձ հենց նոր զանգեցին:

-Ինձ էլ:

-Ու՞, անցել ես:

-Անցե՞լ ես ,-միաժամանակ գրենցինք իրար:

-Հա…

-Հա,- ես սկսեցի գոռալ ինչպես ատամնաբուժարանում առանց անզգայացման ատամ հանող հիվանդը:

-Ա….

-Ա…

-Չեմ հավատում, ա…

-Ա…

Шёл четвёртый час: Մաման մեր բոլոր հարազատներին, ծանոթներին, ընկերներին զանգում ու տեղյակ էր պահում, որ ես ու Անուշը անցել եք ֆլեքսը:  Ես նույնպես ինձ չկորցրեցի ու ֆեյսբուքում ստատուս գրեցի: Ի՞նչս ա պակաս, որ…

Էստեղ կարող էր լինել խոհափիլիսոփայական պերճախոսություն` չհանձնվելու մասին, ու այն կլինի (լավ ոչ այդքան պաթոսախեղդ, ստեցի): Երազանքնե՞ր, վատ ա հնչում, չէ՞: Մի տեսակ անիրական ու ֆանտազիայի ճահճից: Երբ 2 տարի առաջ Խաղաղության կորպուսի կամավորից իմացա, թե ինչ է ֆլեքսը, իմ երազանքն էր` դիմել դրան ու մասնակցել: Ես երազում էի Ամերիկա գնալու մասին: Բայց երբ անցյալ տարի ես իմացա, որ չեմ անցել, երազանքս փուչիկի պես տրաքեց: Բայց ես ռետինից էի` չկոտրվեցի: Այդժամ սկսեցի ինքնակատարելագործվել ու վերլուծել քայլերս: Հասկացա, որոնք են սխալներս ու աշխատեցի դրանք շտկել: Ես հասա իմ ուզածին:

Ոչ ոք բախտավոր չի ու ոչ ոք բախտի բերմամբ հաջողության չի հասնում: Մի կոտրվեք ու թույլ մի տվեք, որ ընկճվածությունը հաղթի ձեր միջի նպատակասլացին: Ու երբեք, երբեք ու էլի երբեք մի հանձնվեք: Բոլորին տիեզերական փոշի եմ «հուու» անում ու ասում` Valar Morghulis, քանի որ շուտով «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերան է:

Իմ Ավշար

hayk sargsyan

Կարևոր մի բան

-Քանիսի՞ն ա շարժվում:

-15:30, եթե, իհարկե, չեմ սխալվում,-ասածիս մեջ կասկած ունենալով, բայց ձայնիս ճոխ վստահությամբ պատախանեցի ես:

-Իրականում, 15:50,- պորտս տեղը դնող հայացքով պատասխանեց դիմացս նստած ոսկեշող մազերով սիրունիկ աղջիկը:

-Ավելի վատ, այսինքն` դեռ 47 րոպե կա,- հրճվեցինք ես և նա (Նար Դոսն էստեղ լիներ` կժպտար), մինչև մեջ չընկավ մի տղամարդ, ում կինը փորձում էր հանգստացնել «դախ» ձայնով լացող երեխային, իսկ նա անզգացմունք դեմքով ընդունում էր նիկոտինի երրորդ  ձողիկը:

-Էս ի՞նչ բան ա, Արտաշատի ու Մասիսի ավտոբուսները 15 րոպեն մեկ էթում են, իսկ Արարատինը` ժամը մեկ: Չե՞ն ջոկում, որ չի հերիքում ժողովրդին:

-Էհ, տղա ջան: Վայ, Նիկոլ, Նիկոլ… Դու հլը Նիկոլ ես, երբ էս անտեր ավտոբուսների հարցը լուծես` նոր կդառնաս Փաշինյան,- լայն ժպիտով պատասխանեց  կանաչ գլխաշոր կապած տատիկը, ինչի արանքից ձնծաղիկների պես թափվել էին նրա բարակ ու ճերմակ մազերը, որոնք ողողում էին տատիկի կնճռոտած, բայց քրտինքից փայլող ճակատը:

-Է՞ս էր ձեր հեղափոխությունը: Հեսա հելնելու ենք` Նիկոլին էլ պաշտոնից գցենք: Յանըմ բան փոխվեց: Ոչ աշխատավարձ բարձրացրեց, ոչ թոշակ, ոչ էլ ավտոբուսների հարցը լուծեց: Հլը առաջ գոնե կարում էինք գողություն անեինք` մի էրկու կոպեկ փող կպցնեինք, հիմա էդ էլ չենք կարում:

Ջուր բերեք, սառը ջուր: Բերեցի՞ք: Դե հիմա լցրեք վրաս, որ էս շոկից դուրս գամ ու գնամ էլեկտրաշոկային ճանապարհով հիշողությունս կորցնեմ: Շա՞տ թանկ ա, ոչինչ, ես պատրաստ եմ դրան, միայն թե մոռանամ զառանցանքը, որ նոր լսեցի: Ակամայից հիշեցի Ջոզեֆ դե Մեստրի հայտնի արտահայտությունը. «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Վերջ: Վերջակետ…

Գնում է ավտոբուսը: Կարծես դիմացիս սիրունիկ աղջիկը և այն տատիկը քնել են, կողքիս պերճուհին էլ է քնել: Մայրը հանգստացրել է այն լացող երեխային, իսկ հանճարեղ գողը լլկվել է և խորհում է երևի «Մերժիր Նիկոլին» շարժման մասին, ո՞վ գիտի: Իսկ ե՞ս:  Ես փորձում եմ դիմանկարի հաճախորդ ման գալ, որ կարողանամ հեռախոսիս ապառիկը մուծել…

hayk sargsyan

Ճառ` ասված ոչ Նոբելյան մրցանակի առիթով

Եվ այսպես բեմահարթակը, ոմանց համար` հանդիսավոր կերպով, ոմանց համար` ոչ այնքան, իսկ մասնավորապես ինձ համար, ով ելույթի ժամանակ բեմից ընկել էր, լքում է 2018 թվականը:

Բախումների, հակասությունների, պարտությունների, ձեռքբերումների տարի:

Ո՞վ էի ես 2018-ի սկզբին և ով եմ ես հիմա: Տեսականորեն ես  նույն Հայկն եմ. ոչ ոք չի գողացել ինձ, տարել Դուբայ, օրգաններս վաճառել, տեղը ուրիշի օրգաններ դրել, որպեսզի ուրիշ Հայկ լինեի, բայց հոգեպես ես շատ եմ փոխվել: Եկեք ամփոփենք արդյունքներս:

Սկսենք ոչ այնքան լավ բաներից: Ես մի քիչ ալարկոտ եմ եղել և, ինչպես միշտ, ամեն ինչ արել եմ վերջին միլիվայրկյանին: Որպես կանոն` դրանք ոչ դրական հետևանքներ են ունեցել: Ես` ոչ միշտ, բայց հաճախ նախընտրել եմ Ինստագրամը, այլ ոչ TED-Talk-երը, սպորտով զբաղվելու փոխարեն` մահճակալ եմ քշել, ըմբոստացել և ընդվզումներ եմ կազմակերպել ծնողներիս դեմ, դպրոցի տնայիններս ընդհանրապես չեմ արել… Այս ցուցակը կարող էր շարունակվել հավերժ, եթե  մի օր չորոշեի, որ ժամանակն է փոխելու ամեն ինչ, ու չպատրաստեի շքեղազարդ մի պաստառ հետևյալ տողերով.

«Ե՞րբ, եթե ոչ հիմա: Ո՞վ, եթե ոչ դու»:

Սրտաճմլիկ էր, չէ՞:

Իսկ հիմա սրտաճմլիկ պաստառից բխող դրական հետևանքները:

Ես դուրս եկա իմ հանգստի գոտուց ու հասկացա, որ ամեն ինչի, լսո՞ւմ եք, ամեն ինչի կարելի է հասնել: Գնացի մաթեմատիկայի պարապմունքների, քանի որ իմ գիտելիքների ու տաղադների մեջ մաթեմատիկան ամենահաշմանդամն էր, ու հիմա վստահ, բայց մի քիչ կաղալով գնում եմ ինքնակատարելագործման:

Դուրս շպրտեցի իմ ինտրովերտ ընկերոջը և ծանոթացա անթիվ ու անհամար նոր մարդկանց հետ:

Նաև բացահայտեցի իմ շրջապատում արդեն իսկ գտնվող մարդկանց ու հասկացա, որ շատ հաճախ մեզ շրջապատում են հրաշալի մարդիկ, ուղղակի պետք է բաց սրտով ու աչքերով նայես նրանց:

Սկսեցի սպորտով զբաղվել` դե, կլասսիկ արտահայտություն (ոչ դեպուտատ)` առողջ մարմնում առողջ հոգի:

Կիրառեցի «Այսօրվա գործը վաղվան մի թող ասույթը»: Ամեն դեպքում փորձում եմ, դեռ էնքան էլ լավ չի ստացվում, բայց առաջընթաց կա:

2018-ում ես չվախեցա պարտվելուց, դասեր քաղեցի պարտությունից ու հիմա հաղթանակած քայլում եմ դեպի 2019-ը, բայց ոնց որ ուզում եմ սայթաքել…

hayk sargsyan

Սենյակումս

-Հա՜յկ (ռուսական ակցենտով), ինչքա՞ն կարելի ա: Մեկը մտնի քո սենյակ` սրտի կաթված կստանա: Ամեն ինչ չափ ու սահման ունի: Սկոլկը մոժնը: Լավ, մի շաբաթ, 2 շաբաթ, մի ամիս չհավաքեցիր սենյակդ, բայց սա արդեն գագաթնակետն ա: Ասում ես` ինքնուրույն ու անկախ: Տեսնում եմ ինքնուրույնությունդ:

-Մամ, սկսենք նրանից, որ ոչ ոք իրավունք չունի առանց իմ թույլտվության մտնի իմ սենյակ, ու առավել ևս, սրտի կաթված ստանա: Սա իմ անձնական տարածքն է, ու ես եմ տնօրինում, ու ես եմ որոշում, թե ոնց ու երբ մաքրել սենյակս:

-Սա վերջին զգուշացումն էր: Հայկ (չենք մոռանում ռուսական ակցենտի մասին), երեկոյան սենյակդ մաքուր լինի:

-Հա, մամ, իմ հոգու պես մաքուր կլինի:

Ինչ արած, վաղ թե ուշ այս օրը գալու էր: Ինչպես նկատեցիք, ես սենյակս միայն նահանջ տարիներին եմ մաքրում` 4 տարին մեկ: Եթե չեմ սխալվում, վերջինը Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ էր: Հա՜, այդ տարի Ղրիմն էլ Ռուսաստանին միացավ:

Լավ, Հայկ, խորը շունք քաշիր: Հիշիր այն բոլոր մեդիտացիաները, որոնք դու մեկ-մեկ անում ես ու սկսիր: Հենց գրքերից էլ կսկսեմ: Վա՜յ, ինֆորմատիկայիս ու ՀԵՊ-ի դասագրքերը: Ես հոկտեմբերից ման էի գալիս: Ահա թե ուր էիք դուք` մահճակալիս տա՞կ: Ավազակներ, էդ ինձնի՞ց էիք փախել, թե՞ ընկեր Պատուրյանից:

Իսկ սա՞: Իսկ սա իմ կյանքի օրագիրն է, որը ես լրացրել եմ 6 տարի առաջ` 2012 թվականին: Միայն ոչ սա: Եթե դուք կարծում եք, որ միայն 13 տարեկան սիրահարված աղջիկներն են կյանքի օրագիր պահում, ապա շտապեմ ձեզ զարմացնել ու հիասթափեցնել, հերիք է կարծրատիպերով ապրեք:

«Ես ապրել եմ տասը տարի և հասցրել սիրահարվել: Ես ասում եմ` սերը տարիք չի հարցնում: Մարդիկ կան, որ համաձայն չեն այդ արտահայտության հետ, բայց սերը մեզ տրված է ծնված օրվանից մինչև մահվան ժամ»:

Այսպիսի թևավոր խոսքով է սկսում կյանքիս օրագիրը: Հուզիչ էր: Խոստովանում եմ` ուզում եմ հետ տալ:

«Սերը մի երազ է, որը գալիս է և գնում մեկ ակնթարթով: Մարդիկ ճիշտ են ասում, որ սերը կյանք է: Այո, կյանք, որ ընդամենը ապրում է մի ամբողջ դար կամ էլ մեկ վայրկյան»:

Չգիտեմ, թե ինչի ազդեցության տակ էի սա գրելու ժամանակ, բայց չափաբաժինը բավականին մեծ է եղել…

«Անցողիկ են կյանքում գրեթե բոլոր բաները, սակայն սերը` սերը առաջին կմնա մեր սրտի խորքում: Հայկ,10 տարեկան, գ. Ավշար»:

Շահել եմ անպատասխան սեր, բայց կցանկանայի` ուղեղ:

-Հայկո՜ (ավելի ճիշտ` Айко), մաքրում ես, չէ՞, սենյակդ:

-Հա, մամ:

Լավ, սրան հետո կանդրադառնանք, ես պետք է դեռ այս սենյակը մաքրեմ ու դեռ ինչեր եմ գտնելու…