Ռիմա Գրիգորյանի բոլոր հրապարակումները

7F856DAF-22DE-40F3-827D-DBAA78E39396

Արտասահմանյան կրթության հայկական փորձը

Նարեկը օրեր առաջ է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ գտնվում էր ուսումնառության նպատակով։ Երեք ամիս ԱՄՆ-ում ապրելուց ու Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողի խոսքերով՝ ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ շոկից: Նարեկը ԱՄՆ մեկնել էր Global UGRAD ծրագրի միջոցով և սովորել Վինսկոնսին նահանգի սբ. Նորբերտ քոլեջում:

Արտասահմանում կրթություն ստանալու հայաստանյան հնարավորությունները

Հայաստանյան 25 բուհերի և մյուս ուսումնական հաստատությունների ուսանողների համար արտասահմանում կրթություն ստանալու համար կան բազմաթիվ ծրագրեր, դրանցում պարզապես մի փոքր հետաքրքրվելով՝ գրեթե ցանկացած ուսանող ըստ իր նախընտրությունների կարող է գտնել իրեն հարմար ուս. հաստատություն: Հայաստանում ամենալայնամասշտաբը Էրազմուս+ եվրոպական միության ծրագիրն է՝ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով։ Այն փոխանակման ծրագիր է, որի միջոցով ուսանողները կարող են որոշ ժամանակ սովորել արտասահմանյան բուհերում մագիստրոսական և բակալավրիատի ծրագրերով: 2014 թվականից մինչ օրս հայ ուսանողների նախընտրելի ուղղութուններն են Լեհաստան, Իսպանիա և Իտալիա: Էրազմուս+ ծրագիրը նախատեսված է 2014-2020թթ․ համար և հաջորդ տարի արդեն ժամկետը լրանում է: ԿԳՍՄ նախարարությունը ևս պարբերաբար հայ ուսանողներին մրցութային կարգով առաջարկում է ուսում արտասահմանյան բուհերում՝ շնորհիվ կնքված միջպետական պայմանագրերի:

Մի քանի կարևոր հնարք լավ հայտ լրացնելու համար

Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը նույնպես հաճախ հայ ուսանողներին ընձեռում է հնարավորություն՝ սովորելու ամերիկյան տարբեր համալսարաններում և ծանոթանալու տեղի մշկույթին: Նախորդ տարի դեկտեմբերին Նարեկը որոշեց դիմել առաջարկվող ծրագրերից մեկին ու ի վերջո ընտրվեց և դարձավ ԱՄՆ մեկնող 3 ուսանողներից մեկը: Նարեկը պատմում է, որ անցնելու համար ինքը օրեր շարունակ զգուշորեն լրացրել է դիմումը, դասախոսներից իրեն բնութագրող նամակներ է խնդրել ու առաջին փուլը հաղթահարելով՝ հրավիրվել է հարցազրույցի: Տղայի խոսքերով՝ դիմում լրացնելիս կարելի է դիմել որոշ խորամանկությունների, օրինակ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել մոտիվացիոն նամակին ու էնտեղ անկեղծորեն նշել դիմելու դրդապատճառները, ինչպես նաև ամեն կերպ ցույց տալ, որ ծրագիրը հենց ձեզ համար է, և որ դուք երկար ժամանակ փնտրել եք նման բան և վերջապես գտել: Ծրագրի ղեկավարների համար շատ կարևոր է կամավորության փորձը և եթե նույնիսկ ձեզ թվում է, որ այն շատ փոքր է և չարժի հիշատակել, միևնույնն է՝ անպայման գրեք դրա մասին:

Պատառիկներ ԱՄՆ-ում սովորած հայ երիտասարդի օրագրից

Նարեկը պատահականությամբ ընտրվել է Վինսկոնսինի համալսարաանում ուսանելու համար, ու թեև համալսարանը տեղի փոքրերից է համարվում, այն մի քանի անգամ ավելի մեծ է եղել նրա հայաստանյան բուհից: Առօրյա ծախսերի համար տղային ամսական 300 դոլար է տրվել, իսկ սնունդը համալսարանում անվճար է եղել, ի դեպ՝ այդ համալսարանի ճաշարանը ողջ ԱՄՆ-ում զբաղեցում է 9-րդ տեղը և համարվում լավագույններից:

Նարեկը պատմում է, որ սկզբում իրեն հատկապես խորթ էր էնտեղի մարդկանց մարդամոտությունը, հաճախ էին անծանոթ մարդիկ իրեն բարևում ու որպիսությունը հարցնում, սկզբում մտածում էր, թե դա կեղծ է, հետո ընտելացավ ու հասկացավ, որ դա նրանց էությունն է: Հայտնվելով Վինսկոնինում՝ հայ ուսանողը լսել էր, որ այն Միացյալ Նահանգների ամենապահպանողական տեղերից է, բայց հասնելով այնտեղ՝ այդպես էլ չի հասկացել՝ խոսքը ինչի մասին է։ Իր խոսքերով՝ 3 ամիս էնտեղ է ապրել ու ոչ մի անգամ նույնիսկ ամենափոքր խտրական դեպք չի տեսել, չնայած տեղի խիստ բազմազանությանը: Իրենց համալսարանում 67 տարբեր երկրներից ուսանողներ են եղել՝ տարբեր բարքերով ու կրոնական հայացքներով, ու եբևէ որևէ խնդիր չի եղել, ոչ էլ երբևէ իրենց օտար են զգացել էնտեղ: «Համալսարանում մենք միջազգային ուսանողների ակումբ ունեինք, ամեն շաբաթ հավաքվում էինք ու ինչ-որ երկրի ազգային ուտեստ պատրաստում, ճիշտն ասած՝ հայկական կերակուր էդպես էլ չպատրաստեցինք,- անկեղծանում է Նարեկը,- մտածում էի՝ կարելի էր փախլավա սարքել, հետո հիշեցի, որ ինքս նորմալ դա պատրաստել չգիտեմ, էլ ուր մնաց՝ հետիս պակիստանցուն սովորեցնեմ: Թվում է՝ փոքր բաներ են, բայց մարդկանց ճանաչելու լավագույն ձևերն են»,- նկատում է զրուցակիցս և հավելում, որ հենց ազգի ներսում պարփակվելու և այլ ազգերի, մշակույթների հետ շատ չշփվելու հետևանքով է, որ մեր հասարակությունը շատ հաճախ իրենից այն կողմ ոչ մի բան ոչ տեսնում է, ոչ էլ ուզում ընդունել, իսկ ինքը ափսոսում է, որ հնարավոր է էլ երբեք առիթ չլինի նորից եթովպական խոհանոցը փորձելու:

Լավ, բա այսքանի մեջ մի վատ բան չկա՞

Անշուշտ, բոլոր դրական կողմերից բացի՝ Նարեկը որոշ բացասական կողմեր էլ է նշում, օրինակ՝ սենյակակիցերի հետ հարմարվելու խնդիր ևս կարող է լինել, թեև ինքը չի ունեցել նման խնդիր: Մինչև դասերի սկսվելը սենյակակիցները կիսել են անհրաժեշտ իրերի ցուցակը, մեկը հեռուստացույց է տարել, մյուսը՝ սառնարան, դե իսկ Նարեկը հարգելի պատճառներով սենյակի կահավորման գործում իր «մեծ ներդրումը» չի ունեցել: Խնդիր չէ, բայց փոքրիկ տհաճություններ լինում էին՝ կապված կլիմայական տարբերությունների հետ, Նարեկի սենյակակիցները հենց տվյալ նահանգի բնակիչներ էին ու սովոր տեղի ցուրտ եղանակին, պատուհանը միշտ բաց էին քնում ու հարուցում Նարեկի, բայց ավելի շատ՝ եգիպտացի ուսանողի զայրույթը: Եվ որպես ամենամեծ բացասական կողմ Նարեկը նշում է մշակութային շոկը, որը ապրել է թե՛ ԱՄՆ գնալիս, և թե՛ Հայաստան վերադառնալիս՝ երկրների մեջ եղած ահռելի տարբերությունների պատճառով: Որպես ամփոփում՝ Նարեկը չի ուզում որևէ մեկին որևէ բան խորհուրդ տալ, այլ պարզապես մտածում է, որ լավ կլիներ՝ բոլորն էլ գոնե մեկ անգամ երկար ժամանակով հայտնվեին արտասահմանում ու հետո փորձեին գոնե որոշ բաներ բերել իրենց հետ Հայաստան։

Ու մենք խղճացինք Ռադիոն, Ռադիոն, որ պիտի անտեր մնա

Մենք ուսանողներ ենք, ուսանողին վայել սովորական կարգավիճակով. ուտում ենք` ինչ պատահի ու փնտրում պատճենահանման մատչելի տեղեր, մի քիչ էլ լրագրությամբ ենք զբաղվում։ Մենք մի տասը հոգի կլինենք, երբ դասի գանք-չգանք, չորեքշաբթի միշտ գալիս ենք, գալիս ենք, որ գնանք Ռադիոտուն: Էնտեղ մեզ միշտ մի կտոր շոկոլադ անպայման կհասնի, հետո նոր՝ նյութեր, քննարկումներ, խորհուրդներ ու վերջում էլի շոկոլադ, որ հանկարծ չդառնանանք։

Ռադիոյում մեր «հովանավորը» մեր դասախոսն է՝ պրն. Մարկ Գրիգորյանը կամ գրեթե միշտ, Մարկը (թող մեզ ների մեր սիրելի դասախոսը, ուղղակի եզակիներին սովորաբար անունով են դիմում)։

Այդ օրը մենք էլի Ռադիո գնացինք: Տխուր էինք, բայց ավելի շատ ջղային։ Բան չհարցրեցինք. ուզում էինք՝  նա սկսի, բայց ինչ-որ նյութ միացրեց,  «ինչ-որ», որովհետև չէինք լսում, ավելի շուտ ուրիշ բան էինք ուզում լսել, բայց չէինք հարցնում, որովհետև հաստատ գիտեինք՝ չէինք հասցնելու ավարտել խոսքը: Ու հերիք էր՝ մեկը փլվեր, մնացածները սկսելու էին քթները սվսվացնել ու լացել, ու այդ մեկը փլվեց։

Մենք ակտիվ քննարկում էինք,  տարբերակներ առաջարկում, բայց հետո նրա ընդամենը մի՝ «արժանապատվություն» բառից հետո համրացանք ու լուռ շարունակեցինք անձեռոցիկներ փոխանցել։

Գիտե՞ք, ախր, մենք հո մեր դասախոսի համա՞ր տխուր չէինք, ինչի՞ մասին է խոսքը: Դասախոսն ինքն իր համար տխուր չէր: Մենք Ռադիոյի համար էինք մտածում, որ հազիվ երիտասարդները սկսում էին լսել, ինքն էր սկսում երիտասարդանալ,  ու հիմա ո՞նց պիտի բացատրենք, որ դեմ են թարմությանը ու նորին փշերով են դիմավորում, չգիտեմ, երևի քիչ են շոկոլադ ուտում։

Հետո մենք թողեցինք Ռադիոտունը Ալեք Մանուկյան փողոցում ու դուրս եկանք Թումանյան փողոց: Էդպես տխուր էլ կգնայինք, եթե սահադաշտում երկու հոգի մեջքի վրա հավեսով չփռվեին: Մի քիչ հռհռացինք, հետո նորից հիշեցինք կատարվածը ու… Կարդա վերնագիրը: