Մուշեղ Բաղդասարյանի բոլոր հրապարակումները

arxiv

Լոբու «ծառը»

Երբ հինգ տարեկան էի, եղբորս ասացի.

-Գոռ, արի լոբի աճեցնենք:

-Հա, արի,- ասաց նա:

Եվ մենք մայրիկից խորհուրդներ էինք հարցնում, թե ինչպես են լոբի աճեցնում:

-Առաջին հերթին ձեզ մի աման է պետք:

-Ինչի՞, որ ծառը ջրե՞նք:

-Չէ, դմբլո, որ լոբին դրա մեջ ցանեք:

-Ի՜, բա մենք էլ գիտենք, թե բակում ենք ցանելու,- հիասթափվեց Գոռը:

-Մենք բնակարանում ենք ապրում,- ասաց հայրիկը, հողամաս չունենք:

Եվ մենք թթվասերի ամանի մեջ հող լցրեցինք,մեջը լոբի դրեցինք և մի-մի դույլ ջուր դատարկեցինք յուրաքանչյուր լոբու վրա: Հայրիկն ու մայրիկը մի կերպ մեր ձեռքից վերցրին ցեխակոլոլ ամանները և դրեցին խոհանոցի պատուհանի գոգին:

-Վերջ, վերջ, սպասենք, տեսնենք, թե ե՞րբ կծլի,- ասաց մայրիկն ու մեզ տարավ սենյակ:

Հինգ րոպե անց ես վազելով մտա սենյակ և ասացի.

-Հայր, լոբին լծել է:

-Ոչ թե լծել, այլ` ծլել,- խորհրդավոր ասաց Գոռը:

Բայց մեր լոբին ոչ լծել էր, ոչ էլ` ծլել: Ես ոտքից գլուխ ցեխոտ էի, որովհետև փորել-հանել էի լոբու հատիկն ու բերել սենյակ, որ հայրիկն ու Գոռն էլ տեսնեն:

-Դեռ ժամանակը չէ,- ասաց հայրիկն ու նորից ցանեց այն:

Գիշերն էլ Գոռն էր արթնացել ու մատիտով հողը քչփորել: Բայց լոբին էլի չէր ծլել:

-Էս ցեխից ու ջրից շուտով մենք կծլենք,- բողոքեց մայրիկը,- տարեք այգում ցանեք:

Մենք այդպես էլ արեցինք: Ամեն երեկո գնում էինք զբոսայգի և հիանում էինք մեր աշխատանքով: Մի օր էլ տեսանք, որ ինչ-որ մեկը մշակում է մեր լոբին, երևի բերքն էլ հավաքեց ու լավ հարստացավ, իսկ մեզ չհիշեց էլ:

Մուշեղ Բաղդասարյան 10 տարեկան

arxiv

Մի անգամ գարնանը

Ընկերոջս՝ Հովիկի ծննդյան օրն էր: Դասամիջոցին մենք նրան նվերներ տվեցինք: Բոլորս գործնական նվերներ էինք բերել՝ փողկապ, հաշվիչ, նոթատետր… Հոբելյարը երջանիկ էր, արդեն մի տոպրակ նվեր էր հավաքել: Երբ դասերը վերջացան, Հովիկը մեզ հրավիրեց սրճարան: Գնացինք «Սմակ»: Քանի որ շատ սոված էինք, արագ կերանք-խմեցինք, տասնհինգ րոպե հետո էլ սրճարանում անելիք չկար:

Ընկերներս գնացին տուն, իսկ ես դեռ պետք է սպասեի հայրիկիս: Ես կարծում էի մի երկու ժամ կմնանք սրճարանում, դրա համար ասել էի՝ ուշ գա իմ հետևից: Ստիպված պետք է փողոցում սպասեի ծնողներիս: Տեսա՝ ուշանում են, սկսեցի զբոսնել: Վայելում էի գարունը: Մի կես ժամ վայելեցի: Ծնողներս ուշանում էին: Ես դեռ հիանում էի գարնան գեղեցկությամբ, որն ինձ արդեն այնքան էլ գեղեցիկ չէր թվում: Եվս մեկ ժամ անց զոռով նայում էի գարնանը, արդեն չէի կարողանում հիանալ:

Ծնողներս չկային ու չկային, ես սովածացա: Հետո արդեն զահլես գնաց գարնան գեղեցկությամբ հիանալուց: Մտքումս սկսեցի հայհոյել թե գարունը, թե Հովիկին: Այ, եթե նվեր գնած չլինեի, էդ փողով հիմա ուտելիք կառնեի, կուտեի: Դա էլ օր է գտել ծնվելու՝ գարնանը: Գոնե մի օր ուշ ծնվեր՝ համ ես կուշտ կլինեի, համ էլ ինքը՝ երիտասարդ: Մինչ պատկերացնում էի, թե ինչ ուտելիքներ կարող էի գնել նվերի փողով, ծնողներս եկան:

Մուշեղ Բաղդասարյան, 11տ., 2001թ.

arxiv

Երևան, իմ համով քաղաք

Ֆելիետոն

-Ալո: Մո՞ւշ:

-Հը՞:

-Լա՞վ ես:

-Ըհը:

-Վաղը ի՞նչ ես անում:

-Հեչ, ի՞նչ կա:

-Ուզում էինք վաղը մի տեղ գնայինք, մի բան ուտեինք. սոված մեռանք:

-Ո՞ւր եք ուզում գնալ:

-Եսի՞մ: Երևի էլի «Յոլկի-Պալկի» գնանք:

-Չէ: «Կովկասում» ավելի լավ է:

-Դու ի՞նչ ես հասկանում:

Եվ այս նույն խոսակցությունը կրկնվում է համարյա ամեն շաբաթ: Սուտ չի լինի, եթե ասեմ, որ սա այն եզակի թեմաներից մեկն է, որի մասին ես խոսում եմ հեռախոսով: Եվ էլի սուտ չի այն, որ ես սիրում եմ այս խոսակցությունը: Ես ընդհանրապես, սիրում եմ ուտել, չնայած որ ուտող-խմողի տեսք չունեմ: Մանավանդ, սիրում եմ ուտել երեվանյան «օբյեկտներում»: Եվ ասեմ, որ ոչ միայն ես եմ այդպիսին, այլ համարյա իմ բոլոր դասընկերները` Դավիթը, Հովիկը, Լևոնը և այլն… Մենք , որպես կանոն, դասերից հետո գնում ենք «հաց ուտելու»: Տանջվելով հինգ ժամ` մենք յուրահատուկ ձևով մխիթարում ենք ինքներս մեզ նման ձևով:

Շատ եմ սիրում «Յոլկի-Պալկին», չնայած շատ թանկ է, և այնտեղ գնում ենք հազվադեպ, հիմնականում, եթե ինչ-որ մեկն ուզում է նշել իր ծննդյան օրը և մեզ հրավիրում է: Ավելի շատ սիրում ենք ոչ այնքան թանկ տեղեր, որովհետև երկրի վիճակն է այսպիսին. փող չկա: Պետք է խոստովանեմ, որ մեր բախտը բերել է: Երևանը լիքն է էժան տեղերով, որտեղ կարելի է կարգին հաց ուտել: Օրինակ, «Սմակը»: Պետք է ասել, որ «Սմակում» մեզնից բացի ուրիշ մարդ չի լինում, այդ պատճառով շատ ենք ծիծաղում`տեսնելով ինչ-որ այլ մարդկանց:

Իմ ընկեր Հովիկը շատ չաղ է և ուտում է երեք հոգու տեղ: Պատմեմ մի զվարճալի պատմություն: Մի անգամ ես, Հովիկը և Դավիթը գնացել էինք չեմ հիշում որտեղ: Եկավ մատուցողը և հարցրեց, թե ինչ ենք ուտելու: Ինչպես միշտ, առաջինը կանգնեց Հովիկը և ասաց.

-Երեք բաժին խորոված, երեք հատ էլ ֆրի:

Ապա նա շրջվեց դեպի մեզ և հարցրեց.

-Իսկ դուք ի՞նչ եք ուտելու:

Իմ ընկերներ Դավիթը և Լևոնը արտաքինից սոված մնացած երեխաներ են, սակայն դա միայն արտաքինից…

Մի անգամ ես և Դավիթը ցանկանում էինք գնալ մի տեղ սնվելու, քանի որ շատ սոված էինք, սակայն ունեինք շատ քիչ փող: Այդ պահին եկավ Լևոնը, և մենք վերջնականապես կորցրեցինք մեր հույսը, որ եղած գումարով կարող ենք բավարարել երեք հոգու ստամոքս: Բայց Լևոնն ասաց.

-Տղեք, ես կերած եմ: Խաշի էի: Հորս ընկերն էր հրավիրել: Լավ բթվանք:

Եվ այդ պահին հույս ծագեց. եթե Լևոնը չի ուտելու, ոչինչ, ապա գումարը կբավարարի երկու ստամոքսի: Եվ մենք գնացինք ինչ-որ մի օբյեկտ:

Դավիթը կանչեց մատուցողուհուն և ասաց.

-Երկու հատ ֆրի, մեկ էլ երկու հատ ամենափոքր հյութերից:

Լևոնը, լսելով ուտելիքի մասին, հավանաբար մոռացավ, որ ինքը առավոտյան խաշի էր, քանի որ ասաց, որ իրեն բերեն երեք շիշ խորոված: Մատուցողը արագ գրի առավ պատվերը և հեռացավ: Մենք լուռ ու թաքուն հեռացանք այդ օբյեկտից, առանց սպասելու, որ մատուցողը բերի պատվերը: Իսկ Լևոնը մի լավ ծեծ կերավ:

Մուշեղ Բաղդասարյան 12տ., 2002թ.

arxiv

Երջանիկ մարդու դիմանկարը

Ես տարբեր տարիքներում տարբեր բաներ էի պատկերացնում խաղաղություն ասելիս: Նորածին երեխայի համար երևի խաղաղությունը մայրիկի կաթն է: Նրանք հանգիստ տեղավորվում են մայրիկի գրկում ու այնքան երջանիկ դեմքով են ուտում: Նրանց համար աշխարհն իրենց մայրն է, որի հետ անց են կացնում իրենց ողջ օրը:

Երեխան՝ մի քիչ մեծանալով, մոռանում է, թե ինչն էր իր համար խաղաղությունը մի քանի տարի առաջ: Ես, օրինակ՝ չորս-հինգ տարեկանում խաղաղություն ասելով պատկերացնում էի խաղալիքներով լիքը մի պարկ, որի միջից խաղալիքներ էին թափվում:

Երբ դարձա յոթ տարեկան և գնացի դպրոց՝ խաղաղություն ասելիս պատկերացնում էի, որ նստած դաս եմ սովորում և ամեն խնդիր հեշտությամբ լուծում եմ ու «հինգեր» ստանում:

Դառնալով յոթերորդ դասարան, ես խաղաղություն ասելիս պատկերացնում էի մի քանի ինձ դուր եկած գիրք, որոնք կարող էի հա կարդալ և չհոգնել:

Երբ դառնամ իններորդ դասարան, խաղաղություն ասելիս երևի կպատկերացնեմ իմ հավանած աղջկան, որի հետ հեռախոսով զրուցում եմ:

Երբ մեծանամ, ամուսնանամ, երեխաներ ունենամ, խաղաղություն ասելիս երևի կպատկերացնեմ, որ նստած թերթ եմ կարդում, կինս էլ կողքիս նստած է, իսկ երեխաներս խաղում են մեր դիմաց:

Երբ դառնամ պապ, ես երևի խաղաղություն ասելիս կպատկերացնեմ, որ ծխամորճը ձեռքիս նստած եմ բազկաթոռին, կողքիս կինս է նստած, իսկ սեղանի շուրջ նստած են տղաներս՝ իրենց ընտանիքներով:

Երբ էլի մեծանամ և դառնամ մի ծե՜ր մարդ, և իմ ամեն երազանք իրականացած լինի, ես կասեմ. «Փա՜ռք Աստծո», և ժպիտը դեմքիս կվայելեմ վերջին շունչս:

 

Մուշեղ Բաղդասարյան, 13տ., 2003թ.