Լուսինե Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

Ամառային ճամբար երիտասարդների ուժերով

Ահա արդեն երրորդ տարին է, ինչ մենք՝ Վայքի ակտիվ երիտասարդներս, կազմակերպում ենք ամառային ճամբար, որին մասնակցում են 6-15 տարեկան երեխաներ, ովքեր կտրվում են համակարգչից ու պարապ չեն մնում: 

Մի փոքրիկ պատմություն ճամբարի նախապատրաստական և առօրյա կյանքից:
Նախորդ երկու տարիներին կամավորական աշխատանք ենք կատարել Սյունիք ՀԿ-ի հետ, և ամեն ինչ շատ բարեհաջող էր ստացվել: Տարածքի, երաժշտության և այլ նմանատիպ խնդիրների առաջ չենք կանգնել:

Այս տարի առաջարկություն ստացանք մեկ այլ ՀԿ-ի հետ սկսել ճամբարը: Սակայն մինչ ճամբարը սկսելը, ՀԿ-ի տնօրենը մեզ տարածք և երաժշտություն էր խոստացել, բայց չտրամադրեց: Ճամբարային առաջին օրվա ծրագիր էինք գրել ու շատ հետաքրքիր, բայց ապարդյուն… Քանի որ իր խոստացած երաժշտությունը չկար, որ կարողանայինք անել այն, ինչը որ մտածել էինք: Նա խոստացավ, որ վաղը կլինի, բայց… Անընդհատ վաղը պետք է լիներ, բայց չեղավ:Վերջապես գտնվեց մի ծնող, ով իր տան երաժշտական սարքը վստահեց մեզ: Տարածքի առումով էլ տրամադրեց ընդամենը մեկ սենյակ, այն էլ երեխաներին գրեթե չէր կարելի ներս մտնել: Մենք էլ ստիպված հով տարածքներ էինք փնտրում դրսում՝ արևից պաշտպանվելու համար: Այդ սենյակն ու շենքն էլ մենք աղջիկ ջոկատավարներով ամեն օր մաքրում, հավաքում նոր դուրս էինք գալիս: Արդեն չէինք կարողանում այդպես շարունակել, ուստի որոշեցինք գնալ քաղաքապետարան (քաղաքապետն էր հովանավորել, որպեսզի երեխաների համար գրենական պիտույքներ գնեինք), խնդրեցինք կա՛մ մեզ տարածք տրամադրել, կա՛մ ավելի լավ է այսքանով ավարտենք ճամբարը: Նա էլ զանգեց ՀԿ-ի տնօրենին, և մի կերպ բացեցին տարածքի դուռը:Երեխաների հետ աշխատելն իրոք հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, աշխատատար և հոգնեցուցիչ: Չնայած այս ամենին, ամեն-ինչ շատ բարեհաջող ավարտվեց: Եղավ մեր փակման միջոցառումը: Մտածում էինք՝ լավ չի լինի, բայց սխալ էինք ենթադրում, շատ լավ անցավ: Երեխաներն ու ծնողները շատ գոհ էին, և ցանկանում էին, որ շարունակվի այս ծրագիրը:

Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին երգել, պարել, սպորտով զբաղվել, ձեռքի աշխատանքներ կատարել, նկարել, թատրոնում խաղալ:
Մի խոսքով, ունեցանք նյարդային, ուրախ, հոգնած ու հետաքրքիր 10-օրյա ամառային ճամբար:

Աղվերանի մեդիա ճամբար. Սկսում ենք աշխատել

-Լուս, հեռախոսդ զանգում ա:

-Ո՞վ ա:

-Երևանի կոդով համար ա:

-Վա՜յ, սպասի էս էրեխեքին լռեցնեմ` գամ,- այդ պահին ես աշխատում էի կամավոր Վայքի բակային ճամբարում:

Հեռախոսը վերցրի և իմացա, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Սկսեցի տեղում թռվռալ ու բոլորին ասում էի.

-Էրեխեք, ես հեսա մեդիա ճամբար եմ գնալու:

Անհամբեր սպասում էի ճամբարի սկսվելուն: Ժամերն էի հաշվում: Վերջապես եկավ սպասված օրը: Հավաքվելու էինք Երևանում՝ «Մանանա» կենտրոնում: Զանգելով, հարցնելով մի կերպ գտա շենքը: Ծանոթացանք միմյանց հետ և, մինչ մեր տաքսիները կգային՝ քննարկում էինք մեր անելիքները ճամբարում: Վերջապես հասանք հյուրանոց: Աղվերանում համեմատաբար ավելի ցուրտ էր: Հյուրանոցում տեղավորվելուց ու ճաշելուց հետո հավաքվեցինք քննարկումների սենյակում: Եվս մեկ անգամ ծանոթացանք, որ չմոռանանք միմյանց անունները: Այնուհետև անցանք գործի: Ամեն օր պետք է կազմեինք 5-6 հոգանոց խմբեր, որոնք պատասխանատու կլինեին այդ օրվա «ճամբարային օրագրի» համար: Ես ձեռք բարձրացրի և ստացա հանձնարարությունս: Մենք պետք է լինեինք այդ օրվա «լրագրողները»: Խմբից երկու հոգի հարցազրույցներ պետք է անեին, մի քանի հոգի նաև լուսանկարեին, իսկ մյուսներս՝ հոդվածներ գրեինք:  Մինչ մեր խումբը իր հանձնարարությունն էր ստանում, քննարկումների սրահում արդեն սկսվել էր գաղափարների քննարկումը: Քննարկման ժամանակ խոսեցինք ֆիլմերի ձևի և բովանդակության մասին, պատմեցինք մեզ հուզող հարցերի մասին և քննարկեցինք ֆիլմերի գաղափարները: Երեկոյան՝ ընթրիքից հետո, մեզ անակնկալ էր սպասվում: Անակնկալը 17.am-ի թղթակիցների հատուկ շապիկներն էին: Մեզ բոլորիս շապիկները շատ դուր եկան, սկսեցինք փորձել: Այստեղ գալուց առաջ էլ ես մտածում էի, որ ճամբարը նախատեսված չէ հանգստի կամ ժամանցի համար: Այստեղ մենք աշխատում ենք, գրում ենք: Մեր առօրյան խիտ պլանավորված և հագեցված է: Բայց չնայած այդ խտությանը՝ ինձ շատ է դուր գալիս լինել մեդիա ճամբարում: DSC_0683

lusine hovhannisyan

Նյարդերի պատերազմ

Ահա և վերջացան նաև մեր քննությունները… Հոգնել էինք արդեն ամեն օր պարապելուց և անգիր անելուց: Ուզում էինք շուտ ավարտվի այս, կարելի է ասել նաև, «մղձավանջը»: Պարապմունքների ժամանակ վազքի մեջ ես լինում (վազիր այս տուն կամ էլ մյուս): Ամեն պարապմունքը սկսելիս մենք միշտ հիշում էինք շտեմարան կազմողներին: Տեսնես` ի՞նչ են մտածել, որ կազմել են դա. երեխաներին սահմանափակե՞ն, մտածելու կարողությունից զրկե՞ն, թե՞ նեղմիտ դարձնեն: 

Մի խոսքով, ազատվեցինք այդ ապրումներից:
Մի կողմից ուրախ եմ, բայց մյուս կողմից էլ չեմ հավատում, որ ավարտվեց կյանքի ևս մի կարևոր ու շատ սպասված շրջան:

Մի փոքրիկ դրվագ պատմեմ իմ պարապմունքներով լի կյանքից:
Այս վերջին շրջանում ավելի լրջացել էի և սկսել էի ավելի արդյունավետ պարապել, որպեսզի հասնեմ նպատակիս: Ես պարապմունքից գալիս էի տուն հոգնած ու ընդհանրապես չէի խոսում տանեցիների հետ, հարց տալուց էլ գոռալով կամ դժկամությամբ էի պատասխանում նրանց: Մայրս զարմանում էր, թե ինչո՞ւ եմ այդքան ագրեսիվ դարձել: Ես չէի զգում, թե ինչպես եմ վիրավորում կողքիններիս, որովհետև ուշք ու միտքս շտեմարաններն էին: Տարօրինակ է, գիտե՞ք, հետևել, թե ինչպես է մարդը, ով միշտ տիրապետում է իրեն, կորցնում ինքնատիրապետումը: Կորցնելով ինքնատիրապետումը թողնում է իր ներսում գտնվող աշխարհը, վազում, փորձում փախչել: Բայց միևնույն է, չես կարող փախչել այն ամենից, ինչ քո ներսում է:

Մի անգամ երեխեքով հավաքվեցինք ու որոշեցինք վառել դրանք: Քանի որ որոշել էինք գնալ Վրաստան, մտածեցինք գրքի մնացորդներից որոշ մասը կլցնենք Քուռ գետը:

Մի խոսքով, վերջ, ով դիմացավ նյարդերի պատերազմին, քննությունները բարեհաջող տվեց, ով չդիմացավ, կամ պիտի բավարարվի իր չուզած ֆակուլտետում սովորելու հեռանկարով, որտեղ թափուր տեղեր կան, կամ նորից անցնի այս ամենի միջով:

lusine hovhannisyan

Քիչ մնաց

Հաջողակ մարդիկ իրենց առաջ նպատակ դնելու ու դրան հասնելու յուրահատուկ սովորություն ունեն: Նրանք միշտ պլանավորում են քայլ առ քայլ իրենց անելիքները: Նույնիսկ գիշերը չեն քնում, եթե պլանավորած չեն լինում հաջորդ օրվա անելիքը: Հաջողակները միշտ իրենց օրվա ծախսածը հաշվարկում են:

Մեզ շրջապատող աշխարհը ոչ չար է, ոչ էլ բարի: Այն այնպիսին է, ինչպիսին, որ մենք ենք ընկալում: Իսկ մենք մեր անհաջողությունների համար մեղադրում ենք ոչ թե ինքներս մեզ, այլ՝ նրան: Մարդկանց ներկա վիճակը իրենց անցյալում կատարած սխալների հետևանքներն է: Ես այսպես եմ կարծում:
Օրինակ, հիմա ես զբաղված եմ իմ պարապմունքներով. Ինչո՞ւ, որովհետև ժամանակին չեմ սովորել այն, ինչ ուսուցիչները տվել են ինձ (չնայած կլինեն ուսուցիչներ, որ բավական գիտելիքներ չեն տա աշակերտներին, որպեսզի նրանք կարողանան բուհ ընդունվել): Բայց չէ՞ որ մենք գիտենք, թե դրա հետևում ինչ է թաքնված: Բացի այդ, դպրոցում անցած թեմաներն ու դասերը չեն համապատասխանում շտեմարաններին:

Հա, շտեմարան ասացի, հիշեցի. այդ բթացնող շտեմարաններն ինչո՞ւ են արտադրում: Մեզ գիտելիք տալո՞ւ, թե՞ գումար կորզելու ու իրենց բիզնեսը առաջ տանելու համար: Դրանք մեզ չեն կրթում: Ինձ թվում է, այնտեղ կան այնպիսի բաներ, որոնք մեզ երբևէ պետք չի գալու: Բայց ինչ արած, եթե ուզում ես բարձրագույն կրթություն ստանալ, պետք է շտեմարանները անգիր անես: Ինքս էլ չեմ հասկանում` սովորեցի՞ ինչ-որ բան, թե՞՝ ոչ:
Ես հիմա պարապում եմ երեք առարկա` հայոց լեզու, անգլերեն և մաթեմատիկա, բայց դեռևս չեմ կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրել: Երբ մայրիկիցս խորհուրդ եմ հարցնում, նա միշտ սկզբում նշում է, որ լավ մասնագետ դառնալու համար առաջին հերթին լավ մարդ պետք է դառնալ, այնուհետև ամեն ինչ իր հերթին կլինի:
Այժմ տատանողական վիճակ է. ջուրը մեկ ինձ տանում է ձախ, մեկ` աջ: Երբ փոքր էի, ուզում էի դառնալ բժշկուհի, քանի որ համարում էի կարևոր մասնագիտություն, իսկ հետո որոշումս փոխեցի: Ժուռնալիստ, դերասան, իրավաբան, դիզայներ էի ուզում դառնալ, բայց այդ երազանքներն էլ փշրվեցին, քանի որ ամենից շատ սիրում եմ պարել: Պարը իմ կյանքի մի մասն է , առանց որի անհնարին և անիմաստ եմ այն համարում ապրելը: Արդեն 14 տարի է, ինչ պարում եմ: Պարի խմբով համերգների ենք գնում (Երևան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք,Վրաստան նույնիսկ): Այդ համերգներից հետո մոտենում կամ հեռվից մատով են ինձ ցույց տալիս և առանց ինձ ճանաչելու խորհուրդներ տալիս. «Գնա պարի ու այն երբեք չթողնես» կամ` «Դու դրա համար ես ծնվել», և այդպիսի այլ խոսքեր:
Արդեն երկար ժամանակ է ուզում եմ թարգմանիչ դառնալ, սակայն սա էլ շատ աշխատատար մասնագիտություն է: Նաև չեմ կարող պարը շարունակել, այդ իսկ պատճառով որոշեցի ընտրել ավելի «թեթև» մասնագիտություն: Եվ ես իմ կարծիքով գտա, դա` սոցիոլոգիան է (թող սոցիոլոգները ինձ ներեն, ախր, շատ բան չգիտեմ): Բայց էլի չգիտեմ, կարող է` որոշումս նորից փոխեմ և ընտրեմ մեկ այլ մասնագիտություն:
Այժմ մտածում եմ իրարից տարբեր, բայց մի կողմից էլ իրար նման մասնագիտությունների մասին: Այսինքն, կա՛մ տնտեսագիտություն, կա՛մ սոցիոլոգիա: Միայն թե` հասնեմ հաջողության: Դառնամ իմ ուզած մասնագետը և լավագույնը իմ գործի մեջ: Քիչ մնաց:

lusine hovhannisyan

Մանկությունս

Մանկությունս անցել է Վայքում, որտեղ ես ծնվել եմ: Մեր տան, ինչպես նաև մեր բակի միակ երեխան էի: Բոլորը սիրում էին ինձ:

Մենք խանութ ունենք, և այնտեղ երաժշտական գործիքներ կան: Հայրիկս, երբ միացնում էր երաժշտությունը, ես տնից լսում էի դա և իջնում էի բակ ու կարծես մենահամերգ էի տալիս: Շենքի բնակիչները իջնում էին ու մեծ ուրախությամբ հետևում էին իմ շարժումներին:
Ես մեր տան դուռը չէի կարողանում բացել, ձեռքս չէր հասնում բռնակին: Հորեղբորս կինը տեսնելով, որ ես ամեն անգամ «կախվում» էի դռնից ու չէի կարողանում բացել, որոշեց օգնել ինձ և սովորեցրեց բացելու ձևը: Ու ամեն անգամ ես դուռը բացում էի ու փախչում դուրս:

Դե, ես փոքր ժամանակ շատ էի սիրում «դիմահարդարվել», բայց ինչպես նկատեցիք, դիմահարդարվելը չակերտներում, որովհետև դա դիմահարդարվել չէր:

Մի անգամ էլի հորեղբորս կինը նոր շրթներկ էր գնել, ու ես, կարելի է ասել, գաղտնի վերցրել էի դա և փչացրել: Հետո, դե, բնականաբար բոլորը ինձ վրա բարկանում էին: Ճիշտ է, հարսիկս էլ էր ջղայնացած, բայց զարմանալիորեն ինձ էր պաշտպանում: 
Տան առաջնեկը լինելը դա մի ուրիշ բան է: Երբ դու ես տան միակ երեխան, ու հարազատներդ քո բոլոր ասածները կատարում են: Եթե մեքենան շարժվում էր, Լուսինեն մեքենայի մեջ էր, եթե մեկը տեղ էր գնում, Լուսինեն էլի իրենց հետ էր: Մի խոսքով, Լուսինեն ամեն տեղ կար: 
Ու այսպես ես մինչև այժմ էլ ամեն տեղ կամ. թե՛ միջոցառումներին, թե՛ մրցույթներին և թե՛ տարբեր հավաքույթներին:


Խաղաղությունն իմ աչքերով

Լուսանկարը՝ Արփինե Խոջայանի

Լուսանկարը՝ Արփինե Խոջայանի

Առավոտ էր: Քաղաքը դեռ չէր արթնացել: Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր` թե՛ գիշեր, թե՛ ցերեկ: Քնած էին բոլորը: Քնած էր ամեն ինչ: Քնած էին մարդկային հոգիները: Քնած էին շենքերը: Միայն արթուն էր մեկը. Նա պարոն Խաղաղությունն էր: Նա միշտ արթուն էր: Մեկ միլիոն, թե մեկ ու կես միլիոն դար էր ապրել: Այլևս չէր հիշում, կամ չէր ուզում հիշել: Տեսել էր նա ամեն ինչ: Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը, դրանից մինչև անիվի հայտնագործումը, սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և աշխարհի զարգացումը: Տեսել էր նա պատերազմներ և դրանց մեջ արյան ծովեր, մարդկային չարության և ագահության ծովեր: Նա փորձում էր հաշտություն ու խաղաղություն հաստատել չարերի, պատերազմասերների և ագահների միջև: Ավաղ, ավաղ, մարդկային մոլորությունները գնալով շատանում էին, և մարդիկ՝ չարանում: Մեռած էին մարդկանց հոգիները: Նա կարոտում էր առաջվա մարդուն, որ երջանիկ էր ոչնչից և ոչնչի պատճառով: Քայլում էր պարոն Խաղաղությունը փողոցներով, դիպչում էր մարդկային հոգիներին, տեսնում նրանց հոգու սովը: Կարծես թե մի վարակ էր տարածվել քաղաքում և վարակել բոլորին, չկար որևէ հակավարակ դրա դեմ: Այդ բոլորը զոմբիացված գնում էին դեպի չարիքը և անտեսում Խաղաղությանը: Խոր քուն էր մտել քաղաքը և չէր պատրաստվում արթնանալ այնքան ժամանակ, որքան որ չարիքը դուրս կգար մարդկանց միջից, մինչև մարդիկ կսիրեին խաղաղությունը և միմյանց: Մեռել էր քաղաքը արդեն: ՄԵՌՅԱԼ ԷՐ ՔԱՂԱՔԸ ԱՐԴԵՆ…

Ինձ համար խաղաղությունը այն չէ, որ մարդիկ ապրեն խաղաղ կապույտ երկնքի տակ, բայց միևնույն ժամանակ՝ իրար դեմ չարացած: «Խաղաղությունն իմ աչքերով» բառակապակցության իմաստը ես հասկանում եմ այսպես. այն է, որ հասարակությունը լինի բարի, կամեցող և ոչ թե տաքարյուն և ըմբոստ: Ապրեն երջանիկ և անհոգ, լինեն բարյացկամ, բարեհամբույր և ունենան նույն զգացողությունը նույնիսկ թշնամու նկատմամբ:

Կարմրի և դեղինի խառնուրդ

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Շուրջս այլևս կանաչ չէր, ինչպես որ ամիսներ առաջ, սակայն այն ստացել էր ավելի գեղեցիկ երանգավորում: Կարմիր էր, չէ, դեղին, դա էլ չէր, բա , այդ դեպքում… Այն ուներ կարմրի և դեղինի խառնուրդի նուրբ երանգ: Ծառերից պոկված արդեն ծեր ու ցամաքած տերևները փշուր-փշուր են լինում, երբ մարդիկ կոխոտում են առանց հասկանալու, որ ցավ են պատճառում, որ նրանք նույնպես շնչելու և աճելու ունակություն ունեն: Բայց… Ավաղ…Նրանք չունեն խոսելու և իրենց հույզերն արտահայտելու ունակություն, և իրենց կոկորդը խեղդող վիշտը մնում է հենց այնտեղ: Նրանք էլ մեզ պես մի կյանք են ապրում, և պատկերացնում եք, որ մեզ հետ վարվեին այնպես, ինչպես տերևների հետ ենք վարվում՝ճզմեին ու անցնեին, աղբը լցնեին մեզ վրա, որպես գերեզմանահող:

Աշուն, այն գեղեցիկ եղանակներից մեկը, որը իմ սրտում թողել է գեղեցիկ, գունագեղ հրաշալի և ամենա-ամենա տպավորություն: Սիրում եմ աշունը իր թե՛լավ, և թե՛ վատ կողմերով: Այն ինձ համար հանդիսանում է կատարյալ, և չեմ կարծում, որ ունի բացասական կողմեր: Թեպետ մարդիկ աշնան փոփոխական բնույթը չեն սիրում, բայց հենց ինքը՝ աշունը, այդպես է գեղեցիկ: Իր անձրևային եղանակները ստիպում են մարդկանց մնալ տանը և տանից դուրս գալ միայն շատ կարևոր գործերի դեպքում:

Մի անձրևային առավոտ արթնացա և շատ էի տխրել, որ անձրև է, և չեմ կարող տանից դուրս գալ: Մտածեցի այսօր օրս դարձնեմ տնային: Վերցրի մի բաժակ տաք թեյ, ծածկոց և գիրք, կուչ եկա տան մի անկյունում և բացեցի գրքի առաջին էջը: Սկզբում անհետաքրքիր էր: Սակայն կամաց-կամաց գիրքն ինձ գրավեց, և ես սկսեցի կլանված կարդալ, կարդալ… Հանկարծ զգացի, որ այլևս չեմ կարողանում կարդալ , աչքերս փակվում են, և ես միանգամից փակեցի գիրքն ու գնացի քնելու: Դեռևս կարդում եմ այդ գիրքը և չեմ վերջացրել:

Աշնանային տրամադրությունը միանգամից փոխվեց մի պատմության, որը կատարվել էր ինձ հետ մի որոշ ժամանակ առաջ:

Աշունը քեզ տրամադրում է այնպես, որ թեկուզ լինի մռայլ ու թախծոտ եղանակ, միևնույն է, մնում ես երջանիկ: