Ամալյա Խաչատրյանի բոլոր հրապարակումները

Մեր Սևազգեստ Արևը. Կոմիտասին ճանաչելիս

20190922_205727 (1)

Նրան ճանաչելը դժվար չէ, բայց հեշտ նույնպես չէ, քանի դեռ մեր աջ ու ձախը լցված է անորոշ, տտիպ հնչյուններով: Քանի դեռ ով մեզ հարկավոր է լսելու համար, ստիպված է նույն խոսքերը կրկնել, ու ցավոք, իրեն լսելու են նորից նույն մարդիկ` նախորդ լսարանը: Բայց մեկ է, այդ մարդիկ պարտավոր են անընդմեջ կրկնել այն, ինչին իրենք իսկապես հավատում են, եւ ինչին պիտի հավատա նոր մարդը, որը քայլելու է դեպի գիտելիքը, հեռանալու է պրիմիտիվությունից, հեռանալու է մեծամասնությունից, սկսելու է մտածել եւ ապրել արժեքներով:

Խոսքս վերաբերում է Կոմիտաս քարոզելուն: Երկու տարի չկա, ինչ տարվել եմ մեր Հարստությամբ ու կտրվել իրենից չեմ կարողանում: Փնտրումը ինքնակրթվելու ճանապարհիս, մի օր ինձ պատահական ծանոթացրեց իրական Կոմիտասին, ու ցայսօր խոհերը ինձ կրծոտում են, ես հաճախ փորձում եմ հիացմունքս արտահայտել իր յուրահատկությունների մասին խոսելով, նամակներից անուշ խոսքեր ցիտելով եւ փնտրելով իրեն ամբողջ քաղաքում` հիանալով, որ ով կամենում է տեսնել Կոմիտասին, կգտնի նրան` Արշակունյաց փողոցում, Մ. Գրիգորյան փողոցում, Իսահակյան-Մոսկովյան փողոցների մեջտեղում, գետնանցումներում, կանգառներում` գրեթե ամենուր, բայց կարծես իր հետ ապրում են քչերը: Ինքը ստեղծում է մի նուրբ կախվածություն, իրեն միանալը վերջակետ է դնում քո մենակ զբոսանքին, քանի որ իր համեստ-պայծառ ժպիտը ուղեկիցդ է դառնում: Իրեն գտնելը դժվար չէ, բայց եթե միայն փնտրելու ցանկություն  կա, եթե իրենից չես վախենում ու խիստ տարված չես կյանքի տեմպը բռնելով:

Գիտելիքի պաշարումը շղթայակապ շնչող երեւույթ է, մի բացահայտմանը խորապես հետազոտելիս գրառումներիդ տետրում հայտվում են բազում նշումներ, որոնց պիտի անդրադառնաս քիչ ուշ: Նմանատիպ շղթաներից մեկն էլ դարձավ Կոմիտասը, ներկան ու անցյալը կապվեցին  բացահայտելով ինձ համար անչափ կարեւոր բաներ: Երկու տարի առաջ, երբ հերթական բացահայտումս Արթուր Մեսչյանն էր, լսում էի իր հին ու նոր հարցազրույցները ու ապշում, որ իմանալով հանդերձ այս անունը կրող մարդու գոյության մասին, այսքան ուշացել եմ իսկական Մեսչյանին բացահայտելու ու հետո էլ անդադար լսելու մեջ: Թե որչափ ուսուցանելի ու դաստիարակչական են այս մարդու խոսքերը, ինչքան մտածված ու կենսափորձով լի է իր ամեն  բառը, լրիվ այլ թեմա է, որին անպայման արժի անդրադառնալ: Այսպես, երիտասարդի, ում անհրաժեշտ է այս թափթված խոսքերի ու կարծիքների լաբիրինթոսում գտնել իրական ու ճշմարիտ` պինդ, անդրդվելի գաղափարներ, հանդիպեցի այս մարդու մտահոգություններին, որը ինչ-որ տեղ լայնության ու օբյեկտիվ լինելու առումով պիտի ամուր կապով կապվեր իմ անձնական խոհերին ու հարցերին, որոնք ծագել ու ծագում են սումբուրի վերածված մտքումս: Շատ հարցերից մեկը փոքր-ինչ տարբերվում էր մնացածից: Մեսչյանը լուրջ ու խիստ մտահոգված տոնով, դեռ 1991-ի հարցազրույցում զարմանքն էր հայտնում, որ մենք` մեզ հայ համարող մարդիկս, չգիտենք Սայաթ-Նովա և Կոմիտաս, որ չգիտենք Կոմիտասի հիանալի բանաստեղծ լինելու փաստը, որ եթե մեզ խնդրեն երգել Կոմիտասի հինգ երգ, մենք կշվարենք: Մի փոքր էլ շարժվեցի առաջ այս հետազոտության մեջ` տեսա Ամերիկայում իր համերգներից մեկի ժամանակ երգում է «Ճանապարհ» երգը, որի խոսքերը Կոմիտասի բանաստեղծություններից մեկն է, մի փոքր էլ` պարզվում է երգի երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է` ինձ համար բացահայտում եմ Վահան Արծրունի` մեկ այլ մտավորական, ով հիացնում է իր առանձնահատուկ նրբակիրթ խոսքով, գրագիտությամբ, ճաշակով, տաղանդով` համեստ քարոզով, որը փորձում է քեզ տանել դեպի ինքնաճանաչում: Գտնում եմ Արծրունու«Կոմիտաս. տասը հայտնություն» շարքը, որի երգերի երաժշտությունը գրված է հենց Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Առանձնացնում եմ ինձ համար հատկապես «Նոճիներ ու մայրիներ», «Սալահատակը և ուղին» ու դե արդեն հարազատ «Ճանապարհը»… Հենց այս ամառ Ֆրեսկո միջազգային կինոփառատոնի ժամանակ առիթ ունեցա վայելելու «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգը Արծրունու կատարմամբ:

Հարցազրույցները հասնում են 2012: Մինչ այս հարցազրույցին հասնելը, հասցնում եմ գտնել մեր Կոմիտասի մասին մենագրություններ, յուրացնում եմ դրանք, վերընթերցում ինչ-որ հետաքրքիր փաստեր, տարվում արդեն ծանոթ, բայց նախկինում ինձ օտար եղած ստեղծագործություններով, վերջապես լսում եմ Պատարագը: 2012-ի հարցազրույցը` Մեսչյանը որպես ճարտարապետ, աննկարագրելի ոգեւորությամբ անցնում է սրահից սրահ, փորձում է առանց որևէ բան բաց թողնելու ներկայացնել իր «նորածնին»` արդեն պատրաստ է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Քայլում է թեքահարթակով, ասում է. «Դե գիտեք, այստեղ ոչ մի բան ուղղակի չեմ արել, մի բանաստեղծություն ունի Կոմիտասը, ասում է. «Բարակ ուղին սողալով, ոտի տակին դողալով…», մի խոսքով, սա էդ ուղին ա…»: Թանգարանի դրսի թեքահարթակը, որը ուղղորդում է դեպի մուտքի դուռ, նույնպես խորհուրդն է այս բանաստեղծության` բարձրանում ես վերև, հասնում մուտքի դռան մոտ, դռան վրա նույնպես փորագրված է.

Բարակ ուղին սողալով,                               Ոտի տակին դողալով                                     Ճամփի ծայրին բուսել է                       Կյանքի ծառը շողալով:

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի                             Այս ճանապարհն անհունի                                                                                        Մարդու, բույսի, գազանի                                                 Եվ թևավոր թռչյունի:

«Ճանապարհ»-ն է…

Ու այսպես զարմանալով, ճանաչել ու բացահայտել մենք պարտավոր ենք, քանի որ, ինքս էլ քայլ առ քայլ հասկանում եմ Մեսչյանին: Իսկապես էլ, մեզ չճանաչելը մտահոգվելու առիթ է տալիս, չկամենալը մեր ինքնությունը բացահայտելու` պաթոլոգիական բնույթ ունի ու սարսափելի է:                                                                                                                          Լրիվ այլ առիթով Մեսչյանը, ամենասկզբում նշածս միտքն էր ասում, որը երևի իր սակավաքանակ մտքերից է, որին համաձայն չեմ: Ասում էր, որ անընդհատ խոսելու առիթ չկա, քանի որ ինքը նույն գաղափարներն է մշտապես հայտնում, իսկ ովքեր իրեն լսում են` մշտապես նույն մարդիկ են: Այդ մարդիկ էլ պետքը չունեն այլեւս իրեն լսելու, քանի որ արդեն վաղուց համաձայն են իր հետ, և իր փոխվելու կոչը ուղղված է բացառապես այլ մարդկանց: Իրավացիություն կա, բայց եթե անգամ ամեն տարի չորս-հինգ հոգի փոխվելու որոշում կայացնի և որոշի, որ ընտրում է (ինքնա)կրթվելու ուղին իրենցպեսների միջոցով, ապա կարծում եմ կրկնվել արժե:

Ծնունդդ շնորհավոր մեր Կոմիտաս վարդապետ: