Նոյա Կարապետյանի բոլոր հրապարակումները

noya karapetyan

«Ոչ մի ժպիտ երբեք չի կրկնվում, մի՛ վախեցեք լինել անկրկնելի»

Արտակարգ դրությունը, ցավոք, բոլորիս առջև փակեց շատ ու շատ կարևոր դռներ, ուստի այն հնարավորություն տվեց ուսումնասիրել հայ ժամանակակից գրականությունը և կարծիք ձևավորել արդի գրողների ստեղծագործությունների մասին։

Այսօր վիրտուալ և նաև այլ հարթակներում իր ստեղծագործություններով առանձնանում է ժամանակակից գրող, բանաստեղծ, էսսեիստ Մհեր Արշակյանը։ Բանաստեղծի հետ ունեցած փոքրիկ զրույցը և վերջինիս ստեղծագործությունների մոգական քաղվածքներից մի քանիսը՝ ստորև։

-Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը։

-Իմ առաջին ստեղծագործությունը «Սիրող մարդը» վիպակն էր, որը գրվել է Կամյուի «Անկումի» մոտիվներով։

-Ըստ Պարույրի Սևակի՝ բանաստեղծը ծնվում է խոսելու իր բերանով, բայց բոլորի անունից, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության և դարաշրջանի։ Դո՞ւք էլ եք այդպես մտածում։

-Գիտե՞ք, Սևակը ամենաճիշտ տարբերակը չէ բանաստեղծի և բանաստեղծության էությունը հասկանալու համար։ Բանաստեղծը չի ծնվում, որ խոսի բոլորի անունից, և բանաստեղծը որևէ կոչում չունի, բանաստեղծությունը ընդամենը ներսից չպայթելու մի ձև է։ Արվեստը, ընդհանրապես, իր էությամբ մարդու հրաբուխն է։ Որպեսզի ներսից մարդը չքանդվի այն զգացումներից ու մտքերից, որոնք ունի, արտահայտվում է, եթե չարտահայտվի, կոչնչանա։ Իսկ մյուսները այդ արտահայտություններում գտնում են այն, ինչը իրենց օգնում է չքանդվել՝ առանց արտահայտվել կարողանալու։

-«Բառերը ծուղակ են՝ ամենակարևորն ասելու մտքի մեջ»։ Դուք կարողանո՞ւմ եք առանց որևէ մեկին ծուղակը գցելու՝ հասկացնել ամենակարևորը։

-Ես չեմ փորձում ծուղակը գցել, որովհետև բառերն արդեն ծուղակ են և ես մարդուն մոտենում եմ ծուղակով: Այլ հարց է, որ ես իմ էությունն եմ ավելի բացում՝ զանցելով բառերի «քչախոսությունը»:

«Էությունը՝ զանցելով բառերի քչախոսությունը…

Իսկական բառերն ասելու համար չեն, այլ իմաստավորելու։

Ես քեզ սիրեցի, որովհետև դու նման չէիր ոչ մեկին: Հիմա դու նման ես բոլորին, որոնց չեմ սիրում:

Մի՛ ապրեք կյանքի հաշվին, ապրեք նրա հետ, նրանով։

Երբ դատապարտված ես թողնել լավագույնին, ստիպված ես լինել ավելի լավը…»։

-Կասե՞ք ինձ՝ ո՞րն է հաղթանակի ամենատհաճ զգացումը:

-Առանց սիրո զրուցել մեկի հետ, որին երբևէ սիրել ես:

«Աստված գալիս է հավերժ կյանքի խոստումով: Սատանան՝ հաջորդ կյանքի: Բնականաբար, հաղթում է երկրորդը:

Բանաստեղծությունն ու բանաստեղծն այդպես էլ ընդհանուր լեզու չգտան մուսայի հարցում»:

Անհագ ցանկությամբ ու մեծ սիրով կարելի է ընթերցել մերօրյա գրողներին։

noya karapetyan

Տխուր զրույց

Երեսուն տարի առաջ էր: Սովորական կյանք էր թվում, սակայն այսօր Հայաստան տատիկի համար մի գունեղ ու երջանիկ երազ է թվում: Երկրաշարժը դեռ չէր եղել, ինքն ապրում էր Սպիտակում, ամուսինը, երկու դուստրերը: Ապրում էին բոլոր ընտանիքների նման:

-Փոքր աղջիկս լավ էր սովորում: Ասում էր. «Մամ, ավարտելու եմ, ընդունվելու եմ համալսարան ու մեծ մարդ եմ դառնալու»։

Մեծս սովորելու հետ սեր չուներ: Դպրոցն ավարտել էր ու տնային գործերում ինձ էր օգնում, մեկ-մեկ էլ քրոջ դասերին էր հետևում։

Իմ մարդս լավ մարդ էր: Իրա երեխեքին շատ էր սիրում, ինձ էլ հետը։Ես գործ չունեի, սաղ օրը տունն էի, տնային գործերով։Մինչ Սպիտակ գնալը Քարակերտում ենք ապրել: Երեխեքս ընդեղ են ծնվել, մեծացել ։Հետո ենք գնացել Սպիտակ:

Ուրախ էինք, բալաս, շաատ ուրախ,-արցունքներն աչքերին պատմում էր նա։

Իրենց աշխատանքով ապրող ազնիվ ընտանիք էին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ն ամեն ինչ տակնուվրա արեց:

Հայաստան տատիկի ընտանիքի պատմությունն էլ աղետալի երկրաշարժից հետո ասես փուլ եկավ:

Երկրաշարժից հետո անօթևան մնացած մի ընտանիք տեղափոխվեց Քարակերտ։

-Ընտանի՞ք, բալա ջան։Ես ինձ մարդ չեմ համարում, ես կիսատ եմ,- իմ հարցին, թե ինչով էր զբաղվում ընտանիքը Քարակերտ վերադառնալուց հետո, պատասխանում է Հայաստան տատիկը:

Այդ չարաբաստիկ օրվա զոհ էին դարձել նրա ամուսինն ու կրտսեր դուստրը։ Այն դուստրը, ով պիտի համալսարան ընդունվեր, ով մեծ մարդ պիտի դառնար։

-Ես ու մեծ աղջիկս երկրորդ անգամ ծնվեցինք։

Պատմում է, որ վաղուց մեծ աղջիկն իրենից շատ հեռու է ապրում, ամուսնացել է ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

-Թողեց ու գնաց: Հիմա թոռներ էլ ունեմ։

Հայաստան տատիկն իրեն դժբախտ է համարում, որովհետև դստեր ու թոռներից հեռու է: Մնացել է մեն-մենակ:

-Էսքան տարի շատ դժվարությամբ պահեցի, մեծացրեցի, որ էսօր ինձ եսիմ ով պահի, որ ապրածս դաժան կյանքի կրկնությունը տեսնեմ…

-Դժվար է, բայց սրանից էլ եմ գոհ, այ բալա ջան։

Աղջիկն ու թոռները գումար են ուղարկում մորը, բայց այն հարցին, թե աղջիկը երբևէ չի՞ փորձել իրենց մոտ կանչել, պատասխանեց.

-Ինչների՞ն եմ պետք, պառավ կին եմ, ոչ նորմալ քայլում եմ, ոչ էլ…

Ուրիշ հարցի չպատասխանեց:

-Էլ չեմ կարա, բալա ջան, գնացեք…

Ծանր զրույց էր, տխուր: Ասես ակամա բացեցինք երեսուն տարի չսպիացող վերքը:

noya karapetyan

Ես Նոյան եմ

Բարև բոլորին: Բարև նրանց, ովքեր միշտ ժպտում են: Ժպտում են առանց պատճառի ու շրջապատում երբեք չեն թուլանում:

Ամենաջերմ բարևներս նրանց, ովքեր կարողանում են չժպտալ:

Ու թերևս մեզանից յուրաքանչյուրն ունի այդ շնորհը, բայց քչերն են, որ  կարողանում են ժպտալ, բարությամբ ապրել: Ու քչերն են, որ կարողանում են բարություն տարածել:

Իրականում կյանքն ալիքոտ ծով է, ու այդ ալիքների մեջ մենք ինքներս մեզ ենք փնտրում։

Համառություն, ուժ, կամք, քաջություն  ու առասպելական հզորություն է պետք, որ դիմակայենք ալիքների հզոր հարվածին:

Մեզ շրջապատում են մարդիկ, որոնց հետ  մենք ամբողջանում ենք, որոնց հետ միայն կդիմակայենք հենց այն ալիքին, որի մեջ մենք ձուլվում ենք:

Ապրելու համար պետք է պայքարել: Պայքարելու համար՝ ունենալ կամքի ուժ ու տիրապետել ուրախ լինելու նուրբ արվեստին: Հոգում եղած դատարկությունն ու տխրությունն ամփոփել դրական շրջապատում:

Ապրենք, արարենք, ստեղծագործենք, բայց երբեք չմոռանանք ժպտալու մասին:

Հ.Գ.երևի պիտի սկզբից ներկայանայի:

Ես Նոյան եմ: Սովորական աղջիկ եմ, ով պատրաստվում է ընդգրկվել ապագա ամենաժպտերես բժշկուհիների շարքում: Ժպիտով եմ սովորելու: Մանկությանս ամենաժպտուն երազանքը ուրախ եմ իրականացնելու: