Սոնա Հովակիմյանի բոլոր հրապարակումները

Դեպի Հնդկաստան

Դեռ մանկուց սիրել եմ Հնդկաստանը, երազել եմ գոնե մի քանի րոպեով հայտնվել Հնդկաստանում, տեսնել, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչ են ուտում, ինչով են զբաղվում…

Ես ապրում էի իմ երազանքով։ Երբ մարդկանց մոտ վստահ ասում էի, որ կգա մի օր, և ես կգնամ Հնդկաստան, նրանք ծիծաղում էին, իսկ ես ավելի ու ավելի էի տրամադրվում։ Եվ ի՞նչ։ Մի անգամ մի հայտարարություն տեսա «Տնից հեռու» կազմակերպության էջում՝ «Խմբակային ճանապարհորդություն դեպի Հնդկաստան»: Գիտե՞ք, շատ էի ցանկանում գնալ, բայց կային երկու խանգարող հանգամանքներ՝ փոքր էի և համարձակություն էլ չունեի ծնողներիս հարցնելու։ Փորձեցի համակերպվել այդ մտքի հետ, բայց չստացվեց։ Սկսեցի հետևել նրանց ճամփորդությանը, և ամեն անգամ իմ ֆեյսբուքյան էջում տարածում էի տարբեր նորություններ՝ կապված դեպի Հնդկաստան ճանապարհորդության հետ։ Չորս անգամ տարբեր խմբեր գնացին և հիացած վերադարձան։ Եվ եկավ այդքան սպասված հինգերորդ ճամփորդության ժամանակը։ Ինչո՞ւ սպասված, որովհետև երազանքները վաղ թե ուշ կատարվում են, և այո, համարձակվեցի հայտնել ծնողներիս, որ այս անգամ ուզում եմ գնալ (թեև ամեն անգամ էլ ցանկանում էի)։ Ճիշտ է, վախենում էին միայնակ ուղարկել ուրիշ երկիր, բայց հանուն իմ երջանկության համաձայնեցին, և ինձ վստահեցին նրանց։ Գիտե՞ք, բոլորն ասում էին՝ որ գնաս, հիասթափվելու ես, կարծես հենց նոր էին վերադարձել Հնդկաստանից, ասում էին՝ մենակ ի՞նչ ես անելու, և էլի այդպիսի խոսքեր։ Մի պահ սկսեցի կասկածել երազանքիս, հետո սթափվեցի և գնացի դրա հետևից:

Արդեն մի քանի օր է՝ Հնդկաստանում եմ, և հիացմունքս այնքան մեծ է, որ չկարողացա սպասել մինչև տուն, որոշեցի գրել, և բոլորին պատմել այս հրաշք երկրի, մեր խմբի և խմբի ղեկավարների մասին։ Այս մի քանի օրվա ընթացքում հասցրինք դառնալ մի ընտանիք, ունենալ անմոռանալի օրեր, որոնք դեռ շարունակվում են: Կարծում եմ՝ ուրիշ մարդկանց հետ այս երկիրը չէի էլ կարողանա բացահայտել, որովհետև թիմս ամեն ինչ անում է, որ առօրյան հագեցած և ուրախ անցնի՝ առանց թերությունների: Իսկ ինչ վերաբերում է Հնդկաստանին, այո, այն իմ պատկերացրած Հնդկաստանը չէր, այլ ավելին էր։ Ներկա գտնվեցինք հնդկական հարսանիքների, ճիշտ այնպես, ինչպես ֆիլմերում են… Իսկ հիմա ուզում եմ վստահ ասել, որ երազանքները կատարվում են, ուղղակի պետք է մի քիչ սպասել, հավատալ:

Sona Hovakimyan

Րեխե՜ք, տյուս եկեք…

Հիշում եմ, երբ փոքր էի, Բերդում չկար մի այնպիսի բակ, որտեղ չլսվեին խաղացող երեխաների ձայները: Արթնանալուն պես դուրս էի վազում տնից, գլխիս էի հավաքում բոլոր երեխաներին, և գնում էինք խաղալու: Ամեն օր մեր առօրյան ամբողջովին փոխվում էր, չկար մի այնպիսի օր, որ կրկնեինք նախորդ օրվա արկածները: Նույնիսկ եղանակը չէր կարողանում խոչընդոտել մեզ: Անձրևոտ օրերին շենքի միջանցքներում «ռեզին» էինք խաղում, «տուն-տունիկ», կամ էլ տնից հանում էինք բոլոր խաղալիքները, դասավորում աստիճաններին և «խանութպան» խաղում: Իսկ ամռանը շենքի բոլոր երեխաներով ձևավորում էինք բակը և հանդեսներ կազմակերպում ծնողների համար: Մանկությունս նման էր մի կախարդական, հրաշքներով լի հեքիաթի: Երբ գնում եմ իմ հին բակ, որտեղ անց եմ կացրել մանկությունս, ընկնում եմ հիշողություններիս գիրկը: Նայում եմ շուրջս, ամեն ինչ նույնն է մնացել, ամեն բան իր տեղում է, սակայն այլևս չկան խաղացող երեխաներ: Չէ՜, կան խաղացող երեխաներ, բայց ոչ առաջվա նման, այլ ամեն մեկը նստած մի անկյունում, և ամբողջովին մտած հեռախոսների մեջ: Մի անգամ պատահաբար լսեցի նրանց խոսակցությունից մի հատված.

-Րեխե՜ք, «ռեկորդ» խփեցի:

-Արա՜, էդ վե՞րն ա:

-Էն գնացքների խաղը, մի միլիոն քյնացի:

Եվ գիտե՞ք, դա էր նրանց զրուցելու միակ թեման: Հիշեցի մեր խաղերի ընթացքում հնչած բացականչությունները.

-Մի պա՜ս։

-Րեխե՜ք, տյուս եկեք, պաժառ ա, նորից են փակըմ, կամ էլ՝ էլ խաղ չեմ:

-Չէ՜, օյինս տու, նոր:

Շատ կցանկանայի, որ ամեն բան լիներ առաջվա նման: