Միշել Հարությունյանի բոլոր հրապարակումները

Mishel Harutyunyan

Նոր հաղորդում

Ես իմ նյութերից մեկում անդրադարձել էի «Վերադարձ հեռուստաընկերություն» թեմային:
Ինչպես նշել էի, պատրաստվում էինք նոր հաղորդաշար սկսել, որը արդեն կյանքի է կոչվել:

Այն որոշեցինք անվանել «Հետաքրքիր է իմանալ»:
Այս ծրագիրը մանկապատանեկան ուսուցողական հաղորդաշար է, որի ընթացքում խոսում ենք տարբեր թեմաների շուրջ, հարցազրույցներ ենք անում…
Արդեն սկսել ենք առաջին նկարահանումները: Այդտեղ շատ հետաքրքիր է անցնում ժամանակս, երբեք չեմ ձանձրանում:
Կան բաներ, որ չգիտեմ, բայց ընթացքում ինձ ամեն ինչ սովորեցնում են:
Լինում ենք տարբեր տեղերում:
Հարցազրույցներ ենք անում տարբեր մարդկանց հետ` կլինի ուսուցիչ, քաղաքացի և մեկ այլ մարդ:
Իսկ անձնակազմը ուղղակի հիանալի է: Մենք միմյանց հետ անմիջական ենք: Եթե ինչ որ հարց եմ ունենում կամ խորհրդի կարիք, կապ չունի՝ գիշեր է թե ցերեկ, նրանք միշտ պատրաստ են օգնել ինձ:
Այնքան ուրախ եմ, որ աշխատում եմ այդտեղ, դա իմ ամենամեծ երազանքն էր՝ աշխատել լրագրող-հաղորդավար:

Mishel Harutyunyan

Արձակուրդներ են

Այս տարի չնկատեցի, թե ժամանակը ինչպես այդքան արագ անցավ, և սկսեցին ամառային արձակուրդները։ Ամփոփելով այս ուսումնական տարին, կասեմ, որ այս տարի մրցույթներ քիչ եղան մեծերի համար, եղան և հաջողություններ, և պարտություններ։

Այս տարի, ինչպես անցած տարիներին, դպրոցում կազմակերպվեցին միջոցառումներ։ Սակայն այս տարի «փոփոխություններ» կատարվեցին դպրոցում։ Աշխատանքից ազատեցին մեր շատ սիրելի տնօրենուհուն՝ տիկին Ռուզաննա Հայրապետյանին։
Շատ տխրեցինք:
Հիմա արձակուրդներ են, դասերն ավարտվեցին, և մի լավ շունչ կքաշեմ և կհանգստանամ։ Քննություններ չունեմ:
Մի քիչ էլ խոսեմ, թե ինչպես եմ անցկացնելու իմ արձակուրդները։
Կաշխատեմ, որ այն անցնի հետաքրքիր։ Արձակուրդների ընթացքում այցելելու եմ տատիկիս և պապիկիս։ Մեր դասարանով գնալու ենք էքսկուրսիա։ Կարդալու եմ գրքեր, ինչպես նաև հաճախելու եմ խմբակների՝ ֆրանսերենի և երգի։
Ահա այսպես եմ անցկացնելու իմ ամառային արձակուրդները։

Mishel Harutyunyan

Սուրբ Սարգիսը

Երիտասարդների ամենասիրած տոներից մեկը Ս. Սարգիսն է։ Հայերը այն նշում են մեծ շուքով։ Ս. Սարգսի տոնը հայ եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Ս. Սարգսի ծիսակատարություններից միայն մեկ սովորույթ է մինչ օրս պահպանվել, այնինչ հնում տոնը այլ ձևով է նշվել։ Օրինակ՝ հայերը հնգօրյա պահք էին պահում, ցորենից խաշիլ և փոխինձ էին պատրաստում։ Ուրբաթ գիշերը տանտիկինները սկուտեղի վրա փոխինձ էին լցնում, հարթեցնում և դնում պատուհանի գոգին։ Նրանք վստահ էին, որ Ս. Սարգիսը իր ձիով այդ գիշեր պիտի այցելի իրենց, և որպես իր այցելության նշան, ձիու պայտի հետքը պիտի թողնի փոխինձի վրա։ Որպեսզի Ս. Սարգիսը հեշտությամբ մտներ տուն, շատերը տան դուռը բաց էին թողնում։ Շաբաթ առավոտյան բոլորը շտապում էին տեսնելու՝ Ս. Սարգիսը այցելե՞լ է արդյոք իրենց: Եթե հանկարծ նշմարվում էր ձիու պայտի հետքը, անչափ երջանկություն և հաջողություն էր սպասվում այդ ընտանիքում, և այդ մասին իմանում էին բոլորը՝ բարեկամները, հարազատները, հարևանները։ Սակայն լինում էին դեպքեր, երբ մարդիկ իրենք էին պայտը հպում փոխինձին։ Դրա համար էլ կային մարդիկ, որոնք չէին հավատում այդ ամենին։ Մայրս պատմում է.

-Ս. Սարգսի տոնի նախորդ ուրբաթ գիշերը, բոլորի նման, մենք էլ էինք փոխինձով սկուտեղ դրել տանիքին։ Առավոտյան, երբ տեսանք դրոշմած  փոխինձը, շատ ուրախացանք, սակայն դրա հետ մեկտեղ, նաև շատ զարմացանք։ Փաստորեն Սարգիս զորավարը գիշերն այցելել էր մեզ, և որպես նշան, թողել էր իր ձիու պայտի հետքը։ Ում էլ պատմում էինք, չէին հավատում, կարծում էին՝ մենք էինք հպել պայտի հետքը փոխինձին։

Ուրբաթ երեկոյան, չամուսնացած աղջիկներն ու պատանիները, նույն այդ փոխինձից աղի բլիթ էին պատրաստում և ուտում։ Գիշերը՝ երազում, ով իրեն ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ  հարսնացուն։ Տատիկս ասում է, որ նաև հետևում էին, թե ինչ բաժակով են ջուր տալիս իրենց՝ կավե, արծաթե, թե ոսկյա։ Եթե ջուր էին տալիս ոսկյա բաժակով, ուրեմն ընտրյալը հարուստ մարդ է լինելու, եթե կավե՝ ուրեմն աղքատ, իսկ եթե արծաթե՝ ուրեմն այդքան էլ հարուստ չի լինի։ Ս. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։

Mishel Harutyunyan

Վերադարձ հեռուստաընկերություն

Ուղիղ 5 տարի առաջ ես սկսեցի վարել «Արարատ» հեռուստաընկերության` «Մանուկների օրագիր» հաղորդաշարը։ Այն ինձ շատ բան տվեց՝ ճանաչում, նոր ընկերներ, գիտելիքների շտեմարանս ավելացրեցի նոր գիտելիքներով։ Առաջին եթերից հետո մեջս առաջացավ հետաքրքրություն հեռուստատեսության նկատմամբ։ Ես շատ սիրեցի այդ մասնագիտությունը։ Մի եթերը չավարտված՝ անհամբեր սպասում էի մյուս եթերին։ Սակայն այդ ամենը տևեց ընդամենը 2 տարի։ Այդ ծրագիրը որոշ խնդիրների պատճառով դադարեց։ Ես ու ընկերներս շատ տխրեցինք։ Մեզ այդ ամենից մնացին ընդամենը գեղեցիկ հուշեր։
Երկար դադարից հետո, 3 տարի անց՝ գովազդով տեսա, որ «Մանուկների օրագիրը» կյանքի է կոչվել։ Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ էի։ Ուրախությանս չափ ու սահման չկար։ Ես անմիջապես զանգահարեցի մեր գլխավոր խմբագրին՝ ընկեր Անուշին, որպեսզի իմանամ, թե երբ է լինելու մեր առաջին հաղորդումը։ Առաջին երկու եթերը ամանորյա էին, դրանք շատ ուրախ անցան։ Ես ու ընկերներս մեզ շատ լավ էինք զգում։ Հետո ընկեր Անուշը ասաց, որ դա մեր վերջին եթերն էր «Մանուկների օրագրում», քանի որ մեզ փոխարինելու են գալիս փոքրիկները։ Մենք էլ էինք շատ փոքր, երբ առաջին անգամ ոտք դրեցինք հեռուստաընկերություն։
Հիմա մենք աշխատում ենք նոր ծրագրի վրա և հեռուստադիտողին կհանդիպենք, արդեն որպես պատանի։

Mishel Harutyunyan

Սուրբ Վարդանա ուխտի տոնը Ալափարսում

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակին, Ալափարս գյուղում ալափարսեցիները մեծ շուքով նշում են Սբ.Վարդանա ուխտը, որին մասնակցում են ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտերկրից։ 

Պապիկս պատմում է, որ այն ժամանակ  Ալափարս են գաղթել խոյեցիները, որոնք իրենց հետ բերել են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված երկու սև քար, որոնցից մեկը պահում են Ալափարսի եկեղեցիներից մեկում, և այն դարձել է Սբ.Վարդանա եկեղեցու հիմնաքարը: Դրանից հետո մարդիկ ամեն տարի նշում են Սբ.Վարդանա ուխտը: Այս տարի այդ տոնը նշեցին հոկտեմբերի 23-ին:

Ես ինքս շատ եմ սիրում այդ տոնը և ամեն տարի անպայման տատիկիս և պապիկիս հետ գնում եմ Ալափարս`  մասնակցելու այդ տոնակատարությանը: Այս տարի ևս բացառություն չէր: Նշեմ, որ այդ տոնի անբաժանելի մասն է կազմում փահլևանը: Այդ օրը ամենուրեք հանդիպում ես  հարյուրավոր վաճառականների, որոնք վաճառում են տարբեր զարդեր, հուշանվերներ, խաչեր, խաղալիքներ, բամբակ, շաքարաքլոր, սարի ծամոն և էլի ու էլի շատ բաներ:

Լուսանկարը` Միշել Հարությունյանի

Լուսանկարը` Միշել Հարությունյանի

Ամեն ինչ շատ հիանալի էր, անմոռանալի: Ուղղակի մի բանի ինձ դուր չեկավ, որ վաճառականները վաճառում էին գրպանի դանակներ, չար հոգիների դեմքով դիմակներ և մոխրամաններ: Ինչպե՞ս կարելի է եկեղեցու դիմաց նման բաներ վաճառել, կամ սա սրբերին նվիրված տոն է, և այս ամենը չի կարելի վաճառել: Մնացած ամեն բան լավ էր: Խորհուրդ եմ տալիս, մյուս տարի անպայման մասնակցել այդ տոնակատարությանը:

Mishel Harutyunyan

Իմ առաջին քայլերը

Ես Հարությունյան Միշելն եմ, մի մարդ, ով երազում է դառնալ հայտնի հաղորդավարուհի: Հաղորդավարուհի եմ, սակայն նպատակ ունեմ աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում, և ինչպես նշեցի,  դառնալ հայտնի լրագրողուհի: 

Այդ հարցում 17.am-ը ինձ շատ օգնեց: Առաջին քայլերս անում եմ այստեղ: Ինձ սովորեցնում էին հոդվածներ գրել, հարցազրույցներ վերցնել: Այժմ ես համարվում եմ իմ մարզի պատանի թղթակից և վերցնում եմ հարցազրույցներ, պատրաստում հոդվածներ, դրա հետ մեկտեղ ստանում գիտելիքներ թե ֆոտոլրագրության, թե կինոյի ոլորտում:

Անկեղծ ասեմ, իմ տարիքը չէր ներում, որ ես մասնակցեմ իրենց դասընթացներին, քանի որ դեռ 12 տարեկան եմ: Սակայն տեսնելով, թե ես ինչքան եմ ցանկանում մասնակցել դասընթացին, նրանք ինձ հնարավորություն տվեցին մասնակցել դասընթացին, ինչի համար շատ շնորհակալ եմ:

17.am-ը իմ կյանքում շատ մեծ դեր խաղաց, և ես կփորձեմ լինել իմ մարզի ակտիվ թղթակիցների շարքում:

Mishel Harutyunyan

Ուզում եմ փոխվել

Ես Միշել Հարությունյանն եմ: Ապրում եմ Արտաշատում: Լավ եմ սովորում դպրոցում, համարյա բոլոր միջոցառումներին ու մրցումներին մասնակցում եմ: Մի քանի ամիս առաջ  մասնակցեցի Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադային և հասա մինչև մարզային փուլ, սակայն այդ փուլում ինձ տվեցին, ոչ թե վեցերորդ, այլ ութերորդ դասարանի թեստ: Դե պարզ է, որ այդ հարցերից միայն երեքին կարողացա պատասխանել:

Այդ օրվանից հետո ես հուսահատվեցի: Ինձ թվում էր, թե մյուս բոլոր մրցույթները նույնպես անարդար կլինեն: Դրանից հետո ես մասնակցեցի ընթերցանության օլիմպիադային և հասա հանրապետական փուլ: Սակայն այդ օրը համընկավ «Ամենախելացին» մրցույթի օրվա հետ, ես շատ տխրեցի: Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր, որ ես պետք է մասնակցեի նման մրցույթի: Րոպե առաջ ուզում էի վերադառնալ Արտաշատ: Մայրս բարկացավ ու ասաց, որ ես արդեն հաղթող եմ, որ հասել եմ հանրապետական փուլ, և լինելու բանը կլինի:

Իմ ընկճվելու պատճառով վատ ընթերցեցի և, բնականաբար, գրավեցի ցածր հորիզոնական: Հետո մենք հետ վերադարձանք: «Ամենախելացի»-ի աշխատակիցները ինձ թույլ տվեցին մասնակցել մրցույթին Երևանի բնակիչների հետ: Հիմա ես շատ եմ ափսոսում, որ կարող էի հաղթել, բայց իմ` շուտ հուսահտվող բնավորության պատճառով միայն տուժեցի: