Նանե Ներսիսյանի բոլոր հրապարակումները

nane nersisyan

Սպասելի ավարտը՝ անսպասելի շրջադարձով. լավատես ենք

Դե հա, մեր հերթն էլ եկավ: Ավարտում ենք դպրոցը՝ թողնելով շատ բարի հուշեր: Ավարտում ենք։ Գեղեցիկ է հնչում, բայց չէ, սխալ է մի բան։ Ճիշտ կլիներ ասել, որ պետք է ավարտեինք, եթե ճակատագիրը մի փոքր բարի գտնվեր և հետաձգեր իր գործերը հանուն մեզ: Հիմա մենք պետք է վայելեինք դպրոցական կյանքի վերջին ամիսները, պատրաստվեինք բոլորի կողմից այդքան սպասված վերջին զանգին, որ մի լա՜վ հուզվեինք ու հուզեինք։

Մենք շատ էինք սպասում այս տարվան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ հիմա մի ջերմ, փոքր անկյունում, իրար գլուխ հավաքված կռվով ու ծիծաղով սցենար գրելու փոխարեն պետք է մնանք տանը և նույնիսկ հնարավորություն չունենանք տեսնելու միմյանց: Բայց հասկանում ենք՝ մենք բոլորս պատասխանատու ենք մեր և մեր շրջապատի համար, ու եղել են էլ ավելի դժվար պահեր, որոնք հպարտորեն ասում եմ՝ հաղթահարել ենք: Ընկերություն, հարգանք, համերաշխություն, նվիրվածություն և ազնվություն՝ անսկիզբ ու անավարտ արժեքներ, որոնք 12 տարիները մեզ սովորեցրին պատմության և քիմիայի դասերին զուգընթաց: Ինչպե՜ս կարող ենք շնորհակալ չլինել։

Ինչպես էլ անցնի այդ օրը, միևնույնն է, այն միշտ հիշվելու է: Իրական դժվարությունները դպրոցից դուրս են սկսվում, դասընկերներին հանդիպելն էլ դառնում է ավելի հազվադեպ ու սպասված: Մեկ տարի առաջ տեսնելով մեր դպրոցի շրջանավարտներին՝ ժպտում էի ու գիտեի, որ այդ ամենը կրկնվելու է իմ կյանքում, և ունենալու եմ իմ վերջին զանգը, իսկականն ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ ընդամենը մեկ ամիս է մնում այդ ամենին, իսկ մենք չենք էլ զգում նախավերջինզանգյան խառնաշփոթը: Մենք արդեն պատկերացնում էինք, թե վերջին զանգի միջոցառման ժամանակ ինչպես ենք ուրախանալու ու հուզվելու, իսկ բանաստեղծություն ասելիս աչքերում կուտակված արցունքի կաթիլները մի կերպ թաքցնելու կոպերի տակ, բայց կարծես թե այդ ամենը ապրելու և զգալու հույսը մարում է: Տանը նստած՝ հեռուստացույցով լսում եմ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին. հա, թվում է՝ ոչ մի արտառոց բան չի կատարվում ինձ հետ, չէ՞ որ ես առողջ ու ապահով տանը նստած եմ, բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէ: Ամեն մի նոր դեպքից ավելի է մարում հույսս, ավելի եմ մոտենում այն մտքին, որ էլ երբեք չեմ ունենալու այն զգացողությունը, որն ունենում են շրջանավարտները վերջին զանգին դասարանցիներին գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում են, որ բաժանվում են, որ էլ երբեք չեն նստելու կողք կողքի դպրոցական նստարանին ու չեն ծիծաղելու դասի ժամին՝ ինչ-որ մեկի անհամ կատակից։ Ինչ էլ լինի, մեկ է՝ սիրում էինք ու սիրում ենք դպրոցը։

Իսկ մենք՝ շրջանավարտներս, պետք է սովորենք միշտ առաջ քայլել, ժպիտով հաղթահարել բոլոր խոչընդոտները, և գլուխը միշտ բարձր պահել:

Հ.Գ. Ի դեպ, չմոռանաք նաև լավ պատրաստվել քննություններին. դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով ենք հիշելու: