Սոնա Ղավալյանի բոլոր հրապարակումները

sona ghavalyan

Երգ խաղաղության

Իմ Տավուշը անձեռակերտ ու քարակերտ ամրոց է, քարեղեն ու խոսուն կենսագրություն, բեզարած ռանչպարի արոր ու մաճ, և ոչ թե լոկ հող, պատմական տարածք կամ էլ թշնամու համար պատերազմի թատերաբեմ։

Սա սիրո ու արարումի երկիր է․ ամեն բուռ հողի մեջ գյուղացու քրտինքով ձեռք բերած վաստակը կա, դաշտային ամեն ծաղկի բույրի մեջ՝ մանկան արևավառ ժպիտը,  բարձր լեռների ու դյութական սարերի գրկում ամեն մեկիս թաքուն պահած երազանք կա, բայց և այնպես, բոլորը միահյուսված, բոլորի շուրթերին էլ՝  խաղաղություն գրված․․․

Եվ նորից մենք պարտադրված ենք  գիշերը կրակոցի ձայներից չքնել, իսկ այգաբացին վերստին մեր մտքերի մեջ կորսված՝ մեր չջրած այգու ու չհնձված արտերի մասին մտածել․․․

Ուզում եմ ամեն առավոտ առաջվա նման նորից հեծանիվս վերցնել ու մտքերիս հետ ծալ-ծալ թերթվող դաշտերի մեջ խորանալ։ Ուզում եմ ոսկի հասկերի եզրին նստել ու ծղրիդի ձայների ներքո խճճված մտքերիս կծիկն ի մի բերել, հետո նայել ծավի երկնքին ու խորհել․ արդյո՞ք ամենասիրուն գույնը երկնագույնը չէ, մի՞թե խաղաղաբեր գույնը երկնագույնը չէ։ Նայել արևից խանձված արտերին ու դրա մեջ էլ գեղեցիկը տեսնել, և մտքերի խոժոռ բեռից ծանրացած՝  հասկերի մեջ պառկել ու քնել՝ ասես Տավշո աշխարհի հոգին չի վրդովվել երբեք։ Երազիս մեջ դարձյալ երկնքի կապույտը ու քամու՝ մեղմ շնչից օրորվող մայրացած հասկերը տեսնել․․․ Երեկոյան արթնանալ մայրամուտի՝ հրդեհի մատնած բոսորաթույր լույսի հունձքից և սպասումի հայացքով մայրամուտին նայել ու հրաշեկ կտավի մարող երանգները հաշվել։

Մտմտալով ու հոգոց հանելով բռնել կածանը վերադարձի՝ կրկին ու նորեն խորհելով մարդու անմիտ քայլերի ու, չգիտես՝ ինչու, հավերժորեն կրկնվող պատերազմների մասին․․․

sona ghavalyan

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը

Ճիշտ է, ավարտվեց ավանդույթ դարձած Հաղարծնի հոգևոր-մշակութային ամենամյա շաբաթը, բայց այդ օրերի ամենաջերմ հուշերը արևավառ մնացին:

Մեր Հաղարծինը հոգևոր-մշակութային հարուստ ժառանգություն ունի։ Կանաչազարդ պատմություն ունի՝ քարերին թողած, խորհուրդ խորին ունի իր մեջ և ապրելու հավիտենավառ տենչ։ Մենք հնարավորինս շատ ջերմություն ու լույս պիտի տանք, որ հազարամյակներով ապրի ու շարունակի ծաղկել բազմադարյան պատմություն ունեցող մեր վանքը։ Տավուշ աշխարհի «սիրո քաղաքը» պիտի շարունակի պատմություն կերտել, որտեղ աշխարհիկն ու հոգևորը կխաչվեն իրար, և երկնային արդար սիրո կենարար լույսով կհամակվեն ամենքը։ Ու պիտի ամեն տարի Հաղարծինն ավելի մեծ թվով կանաչ շապիկավորների թևաբաց իր գիրկն առնի, իսկ իր կամավոր-կամակոր ընկերներն անպարփակ սեր պիտի տան ու հոգևոր անսպառ ջերմություն առնեն նրանից։

Այս տարի Հաղարծինը՝ մեր հույսի ու լույսի քաղաքն իր գիրկն ընդունեց ութսուն կամավորների։ Ութսուն երիտասարդներ՝ ստեղծագործ, շնորհաշատ, ողջախոհ ու կենսասեր, հնարավորություն ունեցան լավագույնս ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու ու ինքանաճանաչվելու։ Յոթ կենսաթրթիռ ու կանաչերանգ օրերը մեզ ավելին տվեցին, և մեր էության մեջ ամբարվեցին հոգևորն ու աշխարհիկը։ Լուսապայծառ ընկերներ գտնելը, հոգևոր աշխարհին մերձենալը, Տավուշ աշխարհի բնության սքանչության մեջ ապրելը վեհացրին հոգեպես։

Իրապես շնորհակալ եմ ապրող Հաղարծնին ու կամավոր-կամակոր ընկերներներիս այլուն-փայլուն գույներ ու կարոտավառ հուշեր ընծայելու համար: