Արևիկ Մկրտչյանի բոլոր հրապարակումները

arevik mkrtchyan syunik

Ընտրություններ դասարանում

Հասարակագիտության դասաժամին մեր ուսուցիչը պատմում էր ընտրությունների մասին: Ուսուցչուհին ասաց, որ պետք է ընտրություններ կազմակերպենք դասարանում: Թեկնածու պետք է ընտրենք: Նա առաջարկեց Մանեին և Հարությունին։ Արկղ և բուկլետներ պետք է պատրաստեինք: Հաջորդ դասաժամին մենք արդեն պատրաստ էինք քվեարկության: Մտածում էինք, թե ում պետք է ընտրենք։

Ուսուցչուհին բացատրեց քվեարկելու կանոնները: Հարցեր պատրաստեցինք թեկնածուների համար: Սկսվեց գաղտնի քվեարկությունը: Քվեարկության ավարտից հետո բացեցինք և հաշվեցինք ձայները: 11 ձայն հավաքեց Հարությունը, իսկ 5 ձայն՝ Մանեն: Եվ այսպիսով, 6 ձայնի առավելությամբ առաջ անցավ Հարությունը:

Պատրաստած հարցերից տվեցինք.

-Ի՞նչ ես անելու, Հարութ, քանի որ արդեն ընտրվել ես,- ասաց Անին:

-Ես զբաղվելու եմ դասարանի կարգապահությամբ,- պատասխանեց Հարությունը:

Բայց շատ հետաքրքիր է, ինչպես կարող է նա զբաղվել կարգապահությամբ, եթե նա դասարանի ամենաչար աշակերտն է:

Ընկեր Պետրոսյանն ասաց.

-Պետք է այդ բուկլետները բաժանենք բոլոր ուսուցիչներին, որպեսզի նրանք էլ տեսնեն մեր աշխատանքը:

Բաժանեցինք ամբողջ դպրոցին: Այսպիսով՝ նախագահի ընտրություններն ավարտվեցին, նախագահ ընտրվեց Հարութը:

Այսպիսի միջոցառումների շնորհիվ մենք հաճույքով ենք մասնակցում դասին։

arevik mkrtchyan syunik

Պաուլոն ու Չուչին

Նրանք իմ ձկնիկներն են: Մի օր, երբ վերադարձա ընկերուհուս հետ զբոսնելուց, սեղանին՝ թասի մեջ, ձկնիկներ
տեսա: Այդ ժամին բոլորը սերիալ էին նայում: Ձկնիկներին տեսնելով՝ շատ ուրախացա:
-Պապ, էս ի՞նչ ձկներ են, որտեղի՞ց:
-Սերոբ պապին ա բերել:
-Հա՜: Պապ, իսկ կլինի՞ սրանցից մեկին պահեմ:
-Հա, ինչի՞ չի լինի:
-Բայց ինչի՞ մեջ պահեմ, կլինի՞ բանկայի մեջ:
-Հա, բայց մեծ բանկայի մեջ գցիր, որ կարողանան ազատ լողալ:
Ես նրանց չէի կարողանում բռնել և գցել բանկայի մեջ: Վախենում էի: Ի վերջո բռնեցի, բայց ոչ թե մեկին, այլ
երկուսին, որովհետև դժբախտ էր ձկնիկս առանց ընկերոջ:
Ես նրանց մանրացրած չոր լավաշ տվեցի, միանգամից կերան: Խոսում էի նրանց հետ և որոշեցի նրանց անուններ
տալ. անհետաքրքիր էր առանց անունների: Ձկներիցս սևին կոչեցի Պաուլո, իսկ սպիտակին՝ Չուչի: Այսպես նրանք
դարձան իմ ընկերները, որոնց հետ ես խոսում եմ այն ժամանակ, երբ տխուր եմ լինում: Նրանք առանց շարժվելու,
շատ ուշադիր լսում են ինձ:

Քարերին նստած տատիկների զրույցը

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Դուրս եկա փողոց: Դրսում՝ քարի վրա, նստած էին հարևան տատիկները: Լուռ նստեցի նրանց կողքին, լսեցի, թե ինչ են խոսում: Նրանք դժգոհում էին, որ երեխաները բարձրագույնն ավարտում են ու նստում են տանը: Քանի որ ես էլ անելու բան չունեի, սկսեցի Թամար տատիկին հարցեր տալ: 

-Թամար տատի, որտե՞ղ ես ծնվել: 

-Ես ծնվել եմ գյուղ Անգեղակոթում: Իմ ծննդավայրը Անգեղակոթն է, որն էլ շատ սիրում եմ:

-Իսկ ի՞նչ ես աշխատել: 

-40 տարի աշխատել եմ գրադարանում, լավ եմ աշխատել: Իմ աշխատանքից ես հաճույք էի ստանում, իմ 2-րդ տունն էր գրադարանը, շատ իմ սիրում կարդալ, արժանանում էի միշտ խրախուսանքի:

-Քանի՞ երեխա ունես: 

-Ունեմ հինգ երեխա, հետո… Էլ ի՞նչ ասեմ:

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

-Հպարտանո՞ւմ ես նրանցով, Թամար տատի: 

-Այո: Բա ինչ եմ անում, իմ երեխաներով շատ-շատ եմ հպարտանում, հինգն էլ խելոք են: Երեք աղջիկ ունեմ, երկու տղա: Աղջիկներս ամուսնացել են, մեկը երկու երեխա ունի, մյուսը՝ երեք: Հետով… Փոքր տղաս դեռ նոր է ամուսնացել, երեխա չունի: Մեծ տղաս՝ Մկրտիչ Արզումանյանը, երկու երեխա ունի՝ մի տղա, մի աղջիկ: Հետով էլ ի՞նչ ասեմ, մասնակցել է պատերազմի, վիրավորվել է Լաչինը գրավելու ժամանակ, 2-րդ կարգի հաշմանդամ է, շատ հայրենասեր տղա է: Նա էս պատերազմին մասնակցել ա, ապրիլյան պատերազմին նույնպես մասնակից ա եղել, հա: Էլ ի՞նչ ասեմ:

-Թամար տատի, ո՞ր թվականին տղադ գնաց պատերազմ:

-Սովետական բանակից հենց եկավ, էդ ազգային շարժումները սկսվեցին, այդ ժամանակներից հենց ինքը մասնակցել էր պատերազմների: Նախիջևանի սարերն էին գնում, մասնակցում էին խմբով: Մեր սահմանակից սարերից, որ կրակում էին, ինքը մասնակցում էր: Ազատագրական շարժումների ժամանակ ջոկատ կազմեցին: Վուրգի ջոկատն էր՝ Վոլոդյա Կարապետյանի գլխավորությամբ: Մասնակցեցին Լաչինի ազատագրմանը, դրանից հետո՝ պատերազմին: 1993թ. մարտի 31-ին շատ ուժեղ կռիվ եղավ, վիրավորվեց: Դրա հետ մեկտեղ՝ Վուրգը մահացավ իր աչքի առաջ, իր ձեռքերի մեջ: 12 հոգի ևս այդ օրը մահացան, որից 7-ը մեր գյուղից էին, մնացածը՝ Բարձրավանից, Բռնակոթից: Քանի՜ տղերք մահացան կռիվների ժամանակ: Մուկուչը շատ ծանր վիրավոր էր: Բոլորը մեզ մեր տանը ցավակցեցին, հետո գնացինք Գորիս, տեսանք՝ վիրավոր է: Շատ ծանր վիճակով տեղափոխեցին Երևան՝ ուղղաթիռով: Մի քանի անգամ վիրահատվեց, մի փոքր ապաքինվեց, հիմա էլ 2-րդ կարգի հաշմանդամ է:

-Նա ինչպիսի՞ տրամադրությամբ գնաց Լաչին: 

-Ինքը իսկի մեզ չի ասել: Ես չէի հավատում, որ կռիվ ա գնում: Ասաց, որ գնում են գրավյալ տարածքները պաշտպանեն, ասաց՝ մենք կռվի չենք մասնակցում, բայց առաջին օրվանից էլ ինքը մասնակցել ա: Դե, մեզ խաբեց: Ասում էր, որ ինքը չգնա, մյուսը չգնա, բա էլ ո՞վ գնա: Բոլորն էլ գնում են, ես էլ պիտի գնամ, պաշտպանեմ մեր հայրենիքը:

Էսպես ամռան մի սովորական օր քարերին նստած տատիկները պատմեցին մեր պատմության ծանր ու հերոսական օրերից, որ կերտվել է իրենց վիշտ ու արյունով:

Բնության դեմ պայքարելն անհնար է

karkutArevik1Հունիսի 29-ը ճակատագրական եղավ Անգեղակոթ գյուղի համար: Պայծառ, արևոտ օր էր: Ամեն մեկը զբաղված էր իր աշխատանքով, այդ թվում նաև մենք: Տատիկս և մայրիկս հենց նոր էին տուն եկել բանջարանոցից, երբ հանկարծ երկինքը միանգամից սևացավ: Սկզբից թեթև անձրև մաղեց, նույնիսկ բոլորն ուրախացան, որ վերջապես անձրև եկավ, հետո միանգամից կարկուտ տեղաց: Այն տևեց ուղիղ 15 րոպե: Գյուղացիներն ասում են, որ այդպիսի բան երբեք չէին տեսել: Այդպիսի մեծությամբ կարկուտը վերացրեց ամեն ինչ. այգիներում ծառերի վրա նույնիսկ տերև չմնաց, դաշտերում և այգիներում մնաց միայն դատարկ հողը: Գյուղացիները անշարժացած, ապշահար կանգնել էին և ոչինչ չէին կարող անել:

karkutArevik

Երկինքը կարծես փլվել էր մեր գլխին: