Սյուզաննա Մաթևոսյանի բոլոր հրապարակումները

Syuzanna-matevosyan-

Լուսաբացին իմացանք, որ պատերազմ է

Օրը դեռ նոր էր սկսվում, երբ էկրանի հակառակ կողմից լսելի եղան ռումբերի ձայները, տեսանելի եղավ փոշիապատ օդը, որի հետ քաղաքը փլվեց: Փլվեցին մարդիկ, երազանքներ, կյանքեր, մեծ ու փոքր ճակատագրեր: Պատերազմ է Սիրիայում: Բայց կապ չունի, թե որտեղ: Պատերազմ է մեր բոլորի համար, որովհետև տուժում է մարդ տեսակը` մեզանից մեկը ու հազարավորը, ու կապ չունի՝ դա փոքր երկիր է, թե գերտերություն: Ի վերջո, բախումից ցավ է ծնվում, ցավից` հակահարված տալու ցանկություն ու այդ երկուսի արանքում տուժողը կյանք դեռ չմտած սևուկ աչքերով այն փոքրիկ սիրիացին է, իսկ տարիներ հետո այդ նույն աչքերով այդ պատմությունն ընթերցողը:

Եվս մի պատմություն գրվեց կարմիրով սպիտակի վրա, ևս մի քանի տողով մեզ ծանոթ գրքերում ու հանրագիտարաններում մեր երեխաները ավելորդ անգամ կարտասանեն «պատերազմ» բառը: Իսկ ինձ թվում էր, որ մենք էն սերունդն ենք, որ չի իմանալու էդ գոյականի ֆիզիկական, բնական, գործածելի ձևի մասին, որ բացատրությունը փնտրելու է նույն գրքերում ու հանրագիտարաններում: Բայց ինձ միայն թվում էր…

Պատերազմը դաժան գոյական է: Խոսքի մասը պիտի փոխվի, դարձվի բայ, որովհետև սուր գործողություն է: Թերևս ամենասուրը՝ բոլոր բայերի մեջ: Ու սխալ է՝ գրությունից մինչև օգտագործում:

Ո՞ւմ հարցնես, որ ցանկանա ծակ տանիք, արյուն, ցավ, կորուստ, ո՞ւմ հարցնես, որ չսարսափի էն մտքից, որ հանկարծ մի օր հայրենի հողը կարող է ցնցվի ոտքի տակ, գլխիվայր շուռ գա ու հողի տակ առնի իրեն, ո՞ւմ հարցնես, որ չխելագարվի էլ հայրենիք չունենալու մտքից (չնայած, որ անհայրենիք ազգեր շատ կան, մարդն ընտելացող տեսակ է, ցավոք):

Ու լուսաբացին, երբ արդեն պատերազմ է լուսամուտիդ հակառակ կողմում, աչքերդ փրկությունից բացի ոչինչ չեն որոնում: Փրկում ես մարմինդ ֆիզիկապես, բայց հոգեպես մնում լուսաբացին կարոտ: Չէ՞ որ իրականում և ոչ մի ժողովուրդ`ո՛չ թուրք, ո՛չ քուրդ, ո՛չ ռուս, ո՛չ ամերիկացի պատերազմ չի ցանկանում: Ցավալի է, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր կարող են տնօրինել երկու-երեք հոգի, երկու-երեք գերտերության առաջնորդներ: Երբեք, երբեք ոչ ոք իրավունք չունի տնօրինելու դիմացինի ճակատագիրը ու որոշելու, թե ոնց է ավելի լավ կամ վատ: Ոչ մի ուժ իրավունք չունի բռունցքը սեղանին խփելու ու լուսաբացին «ռազմական գործողություն» նկարելու խաղաղ աշխարհի քարտեզի վրա, որովհետև մարդ միանձնյա որոշելու իրավունք չունի, որովհետև պատասխանատվությունը դիմացինի երջանկության ու կյանքի հանդեպ պետք է բարձր լինի «քաղաքական» ցանկացած ձգտումից, ու վերջապես, որովհետև ամենամեծ ձգտումը, որ երբևէ մեզ տրված է` սիրելն է: Սիրել դիմացդ կանգնած կնոջը, երեխայիդ, թե մի ողջ մոլորակ` նույնն է: Սերը նաև չի հարցնում, թե ով ես դու՝ որպես էս աշխարհի մի մասնիկ: