Նարե Շարմազանովաի բոլոր հրապարակումները

Դուք լավն եք, մարդիկ

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Դալայ Լաման ասում է՝ տարվա մեջ գոնե մեկ անգամ գնա այն տեղը, որտեղ երբևէ չես եղել: Երևի ինքդ քեզ նորովի բացահայտելու համար: Մեկ ուրիշն էլ ասել է՝ գնացեք այն վայրը, որտեղ եղել եք վաղուց, որտեղ ամեն ինչ նույնն է, և կզգաք, թե որքանով եք փոխվել: Այստեղ մարտահրավեր է նետում հույն փիլիսոփան, թե` նույն գետը երկու անգամ չես մտնի:

Այդպես է. մենք անընդհատ և շարունակաբար փոխվում ենք, քիչ թե շատ՝ 0,01 տոկոսով, թե հիմնովին, էական չէ: Ընդունենք այս աքսիոման ու անցնենք հետևանքին: Իսկ հետևանքը փնտրտուքն է, երբ փորձում ենք տարիներ անց գտնել անցյալը, հարազատ վայրում թողած մանկությունը, հուշերն ու ապրումները, դեմքերն ու «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ: Մի տեսակ գունափոխված, կուզեք՝ հասունացած կամ ճախրանքի բարձրությունից ցած ընկած: Հիմա դրան ասում են՝ մեծացել ես: Իսկ ես խճճվում եմ այն խաղաղության մեջ, որտեղ եկել եմ փնտրելու՝ ուր եմ ի վերջո հասել:

Գյուղական անդորր, իշխանական, հինավուրց գերեզմանատուն, անբացատրելի խաղաղություն, միջնադարի ու նորագույնի խաչմերուկում կանգնած Սանահին:

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Տարիներ առաջ ամեն ամառ գնում էի տատիկիս տուն, հավաքում բակի փոքրերին ու արշավ կազմակերպում դեպի Սանահին: Հաց ու պանրի բրդուճներով, տատիս տնից բեռնավորված «կահ կարասիով», աղմուկ աղաղակով քայլում էինք գյուղի նեղ ճամփեքով: Մինչև հիմա էլ չեմ հասկանում ՝ ոնց էին գյուղի տատիկները հասկանում, որ իրենցից չեմ:

-Այ բալամ, քաղաքի՞ց ես: Ումոնցի՞ց ես:

Ես էլ գերագույն հաճույքով, որ հնարավորություն կա ներկայանալու, տեղը տեղին պատմում էի: Այս  անգամ այլ էր. փոքրիկ Նարեն չկար, ոչ էլ նրա ընկերներն ու աղմուկ աղաղակը, որով լցվում էին գյուղի խաղաղ ճամփեքը: Փոխարենը կար սուր կարոտ. այ այստեղ էր նստում  տատը, որ ամեն անգամ կանչում էր, իր գործած գուլպաներից նվիրում, որ Երևանում ձմռանը հագնեմ ու չմրսեմ: Նա էլ չկա, յոթ տարի է անցել, մի տեսակ վախենում եմ թակել դարպասն ու ներս մտնել, գուցե չգտնեմ նրան:   Հակառակ սրան, մի սպասում կար, որ համոզմունք էր. պետք է հնարավորինս արագ հասնել վանք, այնտեղ է Նա, որ հավատարիմ է, երբեք չի լքում և արձագանքում է Իրեն կանչողին:

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Այս անգամ արշավ չէր, արդեն գիտեմ՝ ինչ է ուխտը, շիրիմների հետ զրուցելը, վանքում միայնակ շարական երգելը՝ «Տեր ողորմեա…»:

Շըշշշ…

Սանահինը ինձ պես դատարկ էր, մարդկային որևէ շունչ չկար: Հավանաբար դա էր պատճառը, որը օգնեց մեզ իրարով լցվել, վայելում էի մենությունը: Ուզում էի միայն ես հաղորդակցվել աստվածային հրաշքին, ժամերով մտածել սյունին հենված, լսել լռության ձայնը: Լռությունը ապրեցնող էր, լռությունը ըմբոստ չէր: Այնքան հեշտ է նրա հետ ընկերանալը, երբեք չի հակաճառում, ինչ էլ ասես` կհամաձայնվի: Եվ ամառային քամու հետ ականջիս են հասնում սաղմոսները: Այստեղ` աշխարհից ու աշխարհիկից հեռու, քաղաքի թոհուբոհից ու վազքից պոկված զգում ես քեզ զորավոր ու պաշտպանված՝ անսահման ազատության մեջ: Ազատություն, որ քաղաքում պարիսպներ է կառուցում, շատ դեպքերում վնասում դիմացինին: Սովոր ենք, չէ՞, անընդհատ լսել՝ իմ իրավունքը, իմ տարածքը, ես, չփորձես խոչընդոտել, ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, կրթության, աշխատանքի, հանգստի իրավունքներին: Այսպես հարյուրավոր իրավունքների պատեր, որ կարծես ազատություն պիտի բերեն, բայց ճաղեր են շարում, անգամ երկու մարդու միջև: Ո՞ւմ են պետք դրանք, եթե չկա իրականը՝ ազատությունը: Ուրեմն ի՞նչ, ազատությունն այնտեղ է, որտեղ մարդիկ չկա՞ն: Ազատությունն այստե՞ղ է՝ վանքո՞ւմ, ուր շիրիմների մի ամբողջ քաղաք է: Նրանք լուռ են, չեն պահանջում իրենց իրավունքները, չեն սահմանում իրենց տարածքը, անհաղորդ են: Բայց շատ ազդեցիկ ուղերձով՝ «Սա էլ կանցնի», ինչպես մի ժամանակ իրենք են անցել՝ նշանավոր մարդիկ, պատերազմներ հաղթած իշխաններ, վանքեր ու քաղաքներ կառուցած թագավորներ, բարեգործ և ողորմած թագուհիներ: Այո, նրանք անցյալ են, հետաքրքիրն այն է, որ որքան էլ բանականորեն հասկանում ես, որ մի օր դու էլ ես նրանց պես անցյալ դառնալու, միևնույն է, ժամանակից դուրս չես կարողանա ինքդ քեզ պատկերացնել: Որքան հրաշալի է այն ազատությունը, որ ժամանակից դուրս է: Այստեղ որևէ մեկին ապացուցելու բան չկա, այստեղ կա երկու «ես»՝ դու և Նա, որ հավիտենության մեջ եք: Նա չի դատում, չի ցավեցնում, համբերատար է: Եվ որքան էլ աշխարհի աղմուկը փորձի բաժանել մեզ, լռությունը աղաղակում է՝ դուք լավն եք, մարդիկ, ես սիրում եմ ձեզ:

Վերջին զանգի լռությունը

Մայիսի 25-ի լուսաբացը ցնցող էր. արթնացա պատուհանիս տակ հնչող խելահեղ վանկարկումներից: «Ովքե՞ր են էս ցնդածները…» , ուղեղս տակնուվրա արած աղմուկը «արդարացվեց»՝ վերջին զանգն է՝ ավանդական «ուտուշ-խմուշով»:

Զանգ՝ այն էլ վերջին. հայհույն ու ձայնավոր միջավայրը էս օրվա գույնն են: Երբևէ մտածե՞լ եք, որ վերջին զանգը անձայն էլ է լինում: Կասեք՝ աբսուրդի ժանրից է: Ամենևին. լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում վերջին զանգը լռության զանգ էր: Լռություն, որ պարտադրված է ոչ թե տպավորություն ստեղծելու համար, այլ բնականից:

Այստեղ շատ բան է ուրիշ, սա լռության աշխարհն է: Աշխարհ, որտեղ աղմուկը չի խանգարում, չի խլացնում, չի բթացնում: Աշխարհ, որտեղ սրտի ձայնն է հնչում, որտեղ աչքերն են խոսում և խոսում են շատ ուրիշ, այնքան ուրիշ, որ խոսքով չի պատմվում …

Բայց ես կփորձեմ պատմել նրանց մասին: Նրանք չեն խոսում, որովհետև չգիտեն՝ ինչ է լսելը: Բայց տեսնում են և տեսնում են շատ ավելին, միայն թե այդ տեսածը դարձյալ ուրիշ է:

Մեր և նրանց աշխարհն էլ է ուրիշ: Այնքան ուրիշ, որ վերջին զանգից հետո կրթահամալիրից դուրս սպասվող այդ աշխարհն այնքան էլ երազանք չէ նրանց համար: Մի տեսակ մոլորված են, որքան էլ օրն ու տրամադրությունը տոնական են:

Տխուր են, որովհետև հրաժեշտ են տալիս ոչ միայն դպրոցին: Սա նրանց համար միայն դպրոց չէ, էստեղ ուսուցչին «մամա» են ասում: Էստեղ նրանք բոլորով են, փակ դռներ չկան: Իսկ դրսում նրանք անպաշտպան են ոչ այն պատճառով, որ երիտասարդ են, անփորձ: Նրանք պարզապես տարբեր են, ինչպես ընդունված է ասել: Ես կասեի՝ յուրահատուկ, բայց ոչ տարօրինակ:

«Մենք տարբերվում ենք նրանով, որ քիչ գիտենք այն, ինչ շատ գիտեք դուք»,- ասում է խուլ ընկերս ու թվարկում այն փակ դռները, որոնք փոքրիկ հաղթանակների շնորհիվ փորձել է դպրոցն ավարտելուց հետո բացել ,- Կրթությունը Հայաստանում այնպիսի մակարդակի վրա չի, որ լսողներն ու խուլերը հավասար սովորեն ու հավասար էլ աշխատեն: Եթե արտասահմանի խուլերը կարող են սովորել համալսարաններում, աշխատել սպասարկման ծառայություններում, հայ խուլերն էլ կարող են: Բայց քանի որ հասարակությունը զարգացած չի, մարդկանց մի մասն է լավ ընդունում մեզ»:

Խուլերը հաճախ են բախվում, մեղմ ասած, անհարմարությունների: Ստիպված են հարմարվել՝ էստեղ մենք և նրանք նույն «հարմարվողականության» պարտադրված մասնակիցն ենք՝ պիտի և վերջ: Այ հենց այդ «պիտի»-ն էր նրանց վերջին զանգի տոնական քողի տակ թաքնված աղմուկը: Դա էր այն անհանգիստ զանգը, որ հնչում էր սրտից սիրտ: Դա լռության զանգ էր, որ ճեղքում էր բոլոր պատերը, որ ուղիղ խփում էր դահլիճում նստածների բանականությանը:

Սա այն զանգն էր, որ չղողանջեց, չլուսաբանվեց, չմասսայականացվեց: Խուլերը համեստ են, էստեղ չկա ավելորդ ճոխություն: Բեմից հնչող երաժշտությունը և հումորային համարները լսող ծնողների, ուսուցիչների և ներկաների համար էին: Խուլ ընկերներս լավ էին պատրաստվել: Իսկ որքա՞ն ենք մենք պատրաստ՝ գոնե մի պահ լռեցնելու աշխարհի աղմուկը, որ խանգարում է զգալ, տեսնել և վերջապես լսել:

«Երբեմն ես մտածում եմ՝ խուլ լինելն էլ իմ առաքելությունն է, որ մարդիկ տեսնեն այն, ինչ չեն լսել»,-ասում է ընկերս:

Հ.Գ. Մի բան էլ, ամեն ինչ այդքան էլ տխուր չէր: Վերջին զանգի լռությունը խախտեց խուլ երկու ընկերներիս սիրո աղմուկը:

Հեղափոխության անտեսված կողմը

Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն:

Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրանցից մեկը, գուցե աննշանը՝ ես եմ: Ու եթե մարդիկ մտահոգված էին դրսում կանգնած երեխաներով և նրանց անվտանգությամբ, ես և հեղափոխության այս կողմում մնացած անչափահասները անտեսված մնացինք:

Չէ՞ որ հեղափոխության տեսանելի կողմը փողոցում կանգնած անչափահասներն են: Ես բարեբախտաբար թե ցավոք, հեղափոխության անտեսանելի անչափահասն եմ, ում համար երկար ժամանակ պիտի պահանջվեր բացահայտելու երևույթներ և իրավիճակներ, որոնց համար արժեր ապրել «մղձավանջ երազը»:

Այս օրերին շատ է խոսվում, որ հեղափոխությունը խաղաղ եկավ, առանց տուժածների և ագրեսիայի, թալանված խանութներ և ջարդուփշուր եղած մեքենաներ չկային: Փոխարենը կա այս ամենի դարձյալ անտեսանելի կողմը՝ թալան, որի դերակատարները «ընկերներս» էին, ջարդուփշուր եղած հարաբերություններ, որոնք դեռ երեկ այնքան թանկ էին ու թվում էին՝ անդավաճան:

Այո, հեղափոխության ժամանակ զոհեր չունեցանք՝ անարյուն էր և, փառք Աստծո: Միայն թե ինքս «հուղարկավորեցի» շատերին… Վերքեր էլ եղան, ցավոտ էլ է: Նրանց անունները մեկ-մեկ գրեցի թղթի վրա: Ասում են՝ երբ ուզում ես սիրածդ մարդուց հեշտությամբ բաժանվել, գրիր նրա անունը թղթի վրա, հետո այրիր: Գրեցի էլ, պատռեցի էլ, վառեցի էլ, բայց նրանց պատկերները  չեն հեռանում աչքիս առաջից: Նրանք այստեղ են ՝ սրտիս մեջ, իսկ մտքումս՝ մի հարց ՝ ինչի՞ համար:

Ասում են՝ կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել ճիշտ հաշվով: Այս օրերին ես կորցրի այդ հաշիվը. ի՞նչ էի արել նրանց, ում իմն էի համարում, նրանք էլ՝ կարծես թե ինձ՝ իրենցը: Ասացին ՝ «Սա քաղաքականություն ա, մի խառնի անձնականի հետ»:  Կամ՝ «Անկախ ամեն ինչից, մենք սիրում ենք քեզ ու քո կողքին ենք»: Կամ՝ «Դու մեծ պոտենցիալ  ունես, ուդաչի…»: Ստացվեց ես ունեի թևեր, որ ճախրում էի, բայց նրանք կտրեցին իմ ոտքերը: Իսկ ոտքերս մինչ հեղափոխությունը ամուր էին, հիմա՝ էլ ավելի: Պարզապես զգացմունքների հեղեղից հետո բանականությունը փսփսաց, մի փոքր հետո ավելի բարձր, իսկ ավելի ուշ գոռաց ՝ ինչի՞ համար: Ինչի՞ համար են գեղեցիկ փաթեթավորված խոսքերը, եթե իրականում դուք իմ կողքին չեք: Ի վերջո, ամեն ինչ շատ պարզ է՝ չկա գոլ վիճակ: Կամ պաղ ես, կամ տաք: Եվ եթե կողքիս չես, չկա այլ երես, չկա այլ քող, որ կարողանա ծածկել  ցավը:

Հարգելի պարոն ապագա վարչապետ, ես գիտեմ, որ քաղաքականությունը հեշտ գործ չի և շատ ավելի հեշտ է գեղեցիկ մտքեր ասելը, քան դրանք իրագործելը: Գուցե իմ խնդրանքը շատ չնչին է այն բոլոր մեծ ու փոքր, լուրջ ու բարդ գործերի համեմատ, որ պիտի արվի հայրենիքի համար: Բայց որպես այս հեղափոխության անտեսված կողմ, խնդրում եմ. փորձեք վերացնել  այն ատելությունը, որ այս օրերին տեղատարափ անձրևի պես թափվեց: Փորձեք Ձեր օրինակով կրթել  ինձ նման անչափահասներին, սովորեցնել , որ ատելությունը լավ չի, որ վատ է, երբ հեղափոխական հարթակից  երեխան հայհոյում է իր պապի տարիքի մարդուն, և  մեծերը ծափահարում են նրան:

Փորձեք բացատրել անչափահասներին, որ այդ քաղաքական գործիչները, ում «ֆուֆլո» են ասում, իրենց նման անչափահասների հայրեր և պապիկներ են: Փորձեք սովորեցնել, որ իսկապես անկախ բոլոր իրավիճակներից, դավաճանությունը լավ չի: Փորձեք սովորեցնել նրանց, որ ընկերությունը չի վաճառվում «օրվա քյարով», ինչպես հորս ընկերներից մեկն ասաց ՝ «Մերժում եմ Սերժին, որովհետև ինձ համար իմ քյարն ա կարևոր»:

Սովորեցրեք մեծերին ու փոքրերին, որ կարելի է չդավաճանել սեփական գաղափարներին, եթե անգամ  կողքիններն ասեն, որ սխալվում է: Սովորեցրեք, որպեսզի նրանք չտրվեն վարակիչ ալիքին, եթե ունեն իրենց ճշմարտությունը: Սովորեցրեք նրանց, որ մտավոր և ֆիզիկական ուժը կարելի է վաճառել, բայց վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին, որովհետև դա է մոդայիկ, որովհետև դրսում դրան ծափահարում են:

Փորձեք սովորեցնել՝  նախ մեծերին, որ  հեղափոխությունը հաղթելու համար պետք չի տղամարդուն կնոջ շորերով պատկերել, փորձեք արժևորել ու քաջալերել մարդկանց, ովքեր զուսպ են, ովքեր քմծիծաղ չեն տալիս ու չեն «ղժում» ընկերոջ վրա, ովքեր ամիսներ առաջ, օրինակ, շնորհակալ էին «պարոն Շարմազանովին», իսկ այսօր նա «վատ մարդ է»:  Ու «որքան հնարավոր ա՝ պետք ա արագ տարածել այդ ինֆոն»: Ու այսպես շարունակել՝  որքան վատ նրանց, այնքան լավ՝ մեզ մոտիվացիայով:

Հ.Գ.

Եթե Ձեզ հաջողվի աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ պրոցեսների արանքում ժամանակ գտնել և հիշել անչափահասիս խնդրանքը և քարոզել սեր և հանդուրժողականություն,  ես իրապես կլինեմ Հայաստանի հպարտ քաղաքացի: Այս ամենը հեշտ չէ , բայց տեսեք՝ ինչ կարող եք անել:

Էդուարդ Շարմազանովի դուստր՝ Նարե Շարմազանովա

nare sharmazanova

Ամենակարևորը

Ամենակարևորը աչքով չես տեսնի… Աչքով ֆիքսածը նրանց գրեթե բոլորի դեպքում նույնն է՝ մարդ, որը օգնության կարիք ունի կամ, ինչպես ընդունված է հայերի մեջ ասել՝ ողորմություն է խնդրում: Կարճ ասած՝ մուրացկան է:

Այս մարդիկ բոլոր երկրներում նույնն են՝ Երևանում, թե Աթենքում, որտեղ հանդիպել եմ նրանց: Նույնն է տառապանքը և անդունդը: Տառապանք, որ զգում եմ ամեն անգամ, երբ հանդիպում եմ, և անդունդ, որ անկախ մեր կամքից ցցված է մեր միջև:

Այդ տառապանքը դառնում է ամենակարևորը: Այն աչքով չես տեսնի, ոչ էլ կչափես կամ կհոտոտես: Այն թևածում է մեզ բաժանող հսկայական անդունդի վրա՝ միացնելով մեզ: Ինչ-որ սահմանում մենք միասին ենք այդ տառապանքի մեջ. ես, որ տեսնում եմ նրան, ամեն անգամ յուրովի ուսումնասիրելով հետաքրքրասեր հետազոտողի պես, կարծես նոր գտածո հայտնաբերած լինեմ: Չէ որ նա ինձ նման է, այնպիսին է, ինչպիսին փողոցի անցորդներն են, բայց ինչու՞ է այստեղ, ինչու՞ է այս եզրագծին, որտե՞ղ են հարազատները: Գուցե չունի: Էդ դեպքում ՝ ո՞վ եմ ես, որ նրա ցեղատեսակից եմ, գուցե ե՞ս եմ նրա հարազատը, իսկ ինչո՞ւ չեմ մոտենում, զրուցում նրա հետ:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Գուցե սպասում է, որ մոտենամ, ի՞նչ կլինի, եթե բարևեմ. մի կարճ բարև… Գուցե ստացվի զրույցը, ու խոսենք այն ամենից, ինչը տառապանք է բերում երկուսիս էլ:

Հասկացա՝ վախենում եմ: Մինչ այդ խղճում էի, հետո երկար մտածում էի՝ ինչո՞ւ, իսկ հիմա… Հիմա ոչինչ չկա: Ու մեզ բաժանող անդունդի վրա կախված է «ոչինչը», որ դարձյալ միացնում է մեզ:

Տեր Աստված, ես բթացել եմ` ոչինչ չեմ զգում: Ես էլ նրա նման նայում եմ ու չեմ զգում: Երբ առաջին անգամ եկավ մուրալու, նա էլ էր վախենում, գուցե սարսափում էր, հետո ամաչեց, հետո… Հետո եկավ այդ սարսափելի «ոչինչը»:

Մենք դարձյալ միասին ենք. էլ տառապանք չկա: Մեզ բաժանող հսկայական անդունդի վրա կախված է «ոչինչը»: Ոչինչ չասող աչքեր, որ ամենակարևորը չեն տեսնում:

451° ըստ «Մանանայի»

Հիմա մենք քեզ գիտենք. դու, որ վախեցար տողերի քանակից ու արագ փակեցիր էջը և դու, որ չնայած դրան՝ մարտական նստեցիր մի հարմար տեղ ու սկսեցիր կարդալ, քեզ բարի ընթերցում:

Օր 1-ին.

Ժամը 10:10 կանգառում եմ: Ժամը 10:30 է, մեկ է՝ էլի կանգառում եմ: Ըհըն, ավտոբուս երևաց, նստում եմ: Ոչինչ, կվազեմ ու 11-ին էնտեղ կլինեմ: 4-ից 5 անգամ նայում եմ ինձ հայելու մեջ: Չէ, էսպես մի ժպտա, երևում է, որ ամաչելու ես, հանգստացիր, Ամալյա, հանգստացիր: Իջնում եմ, սկսում եմ վազել, 10:57-ին համարյա հասել եմ, բայց հիմա ո՞ւր: Ըհըն, իմ տարիքի երեխեք են կանգնած, երևի «Մանանա» են գնում: Ու, բարեբախտաբար, Լուսինեն եկավ.

-Դու Ամալյան ես, չէ՞:

-Հա,- մի կերպ արտաբերում եմ ես և ուրախանում, որ մեկն ինձ ճանաչում է:

Մտնում ենք ներս, նստում ենք, նայում եմ Աստղին, շատ ծանոթ է դեմքը, թղթակից է երևի, նայում եմ մյուս կողմ ու չեմ գտնում մեկին, ում հետ կարելի է խոսել: Մի երկու բառ իրար եմ կապում ու մի կերպ ներկայանում եմ: Է, Ամալյա, ախր, խոսք էիր տվել չամաչել: Դասընթացի ընթացքում Էլիզաբեթը հարց է տալիս, ես կմկմալով մի կերպ պատասխանում եմ: Իսկ այ վերջում, երբ գնում էի տուն…

-Կանգնիր, ինչի՞ չես կանգնում, ես չեմ հասցնում քեզ նման արագ քայլել,- լսվեց Էլիզաբեթի ձայնը, որը մի կերպ հասավ ինձ ու սկսեց խոսել:

Պարզվեց՝ Էլիզան ճանապարհի կեսը ինձ էր կանչել, իսկ ես այդպես էլ չէի լսել: Ամոթից փակում եմ դեմքս, բայց փորձում նրա հետ խոսել: Ու ամաչած, կարմիր դեմքով վազում եմ տուն:

Ամալյա Հարությունյան

***

«Է՜, Նարեկն ո՞ւր ա, չկա, բա որ ուշանանք ու ներս չթողնեն: Բայց մի րոպե, Նարե՞ն չի էն ականջակալներով աղջիկը, որ էս կողմ ա գալիս: Հա, էլի»:

-Ա՞ստ,- բարևեցինք, գրկախառնվեցինք,- «Մանանա՞» ես գնում, արի՝ տանեմ:

-Նար, Նարեկին եմ սպասում:

«Գնաց, բայց կարո՞ղ ա պիտի Նարեի հետ գնայի, եսիմ»: Մտքերս ցրվեցին մեկի ձայնից: Եկավ, մոտեցավ ինձ, թե բա՝ կներեք, կարո՞ղ ա «Մանանա» կենտրոնի տեղն իմանաք: Չեք էլ պատկերացնի ինչ ոգևորութամբ պատասխանեցի, որ սպասում եմ՝ գան տանեն, ինքն էլ ինձ հետ սպասեց, Մարիամն էր: Բայց մեկ է, վերջում Նարեենց հետ գնացինք: Չգիտեմ, ինչ բառերով բացատրեմ՝ ոնց էի ամաչում, ոտքերս ինձ չէին ենթարկվում, հազիվ հետս «քարշ տալով» նստեցի: Անկեղծ ասած՝ արդեն պատկերացնում էի «Մանանա» կենտրոնը՝ մեծ ու շքեղ շենք, պատին էլ մեծ-մեծ տառերով գրված՝ «Մանանա» կենտրոն: Իսկ այն իրականում Մաշտոցի պողոտայի աչքի չընկնող շենքերից մեկի բնակարաններից մեկն էր՝ բայց ինչքան սիրով լցված: Մարդիկ ամեն օր անցնում են այդ փողոցով՝ արագ կամ դանդաղ, բայց քչերն են իմանում, որ այդ չորս պատի ներսում կյանքը եռում է, սերունդներ են կրթում, շա՜տ սերունդներ: Լավ, վերադառնանք սենյակ: Դե, արի ու դողացող ձայնովդ ներկայացիր, որ վրադ չծիծաղեն: Անունս էի ասել միայն, երբ տիկին Ռուզանը հարցրեց՝ լացո՞ւմ ես: Փաստորեն հուզմունքս թաքցնել չհաջողվեց: Դա դեռ հեչ, երբ Վահեն գրիչներն էր բաժանում, հերթը հասավ ինձ, և նա իր սովորական դիմելաձևով հարցրեց՝ ի՞նչ կա, Զվյոզդ (Վահեին էլ եմ շուտվանից ճանաչում), հուզմունքից մոռացա հարցին պատասխանել, մի բան էլ գրիչը վերցնելիս մի ձեռքով բռնել էի մյուս ձեռքս, որ չերևա՝ ցնցվում է: Լարվածությունս մինչ դասի վերջ էլ չլքեց ինձ…

Աստղիկ Հունանյան 

***

Գետնանցումում հայտնվելով՝ էլի իմ սովորության համաձայն վեց ելքերը փորձելուց հետո վերջապես գտա ճիշտ ճանապարհը։ Մնացածն արդեն հեշտ էր։ Շենքը գտա, հիմա էլ՝ մուտքը, հետո՝ հարկը: «Էնտեղ երեխեք կան կանգնած, կարող ա իրանք էլ են 17-ի համար եկել, հարցնե՞մ, բա որ ուրիշ մարդիկ լինեն լրիվ, լավ է, հարցնում եմ»։

-Երեխեք, 17-ի՞ց եք։

-Հա, դու գիտե՞ս տեղը։

Տեղը գտանք, բարձրացանք, 160 անգամ թակեցինք, էդպես էլ ոչ մեկը չբացեց։ Նորից իջանք, զանգեցինք, ասացին՝ մեզ 12-ին են կանչել։ Ո՞նց թե 12-ին, հիմա մի ժամ ի՞նչ ենք անելու։ Մի ժամ չէ, 1 ժամ 20 րոպե։ Պարզվեց ոչ էլ 12-ին են կանչել: 30 րոպե հետո եկան, ու ամեն ինչ սկսվեց։ Սիրուն ու հավես անցավ ամեն ինչ։ Առաջին օրը մենք հայտեր էինք լրացնում, որոնց մեջ մի քանի տարօրինակ հարցեր կային։ «Սիրած լուսանկարի՞չ։ Ախր, ես սիրած լուսանկարիչ չունեմ, է, ի՞նչ գրեմ»,- մտածեցի ես ու առաջին դասարանցու նման փորձեցի գաղտագողի նայել, թե կողքինս (որ հետո պարզվեց հեչ էլ Մարիամը չէր, այլ Էլիզը) ինչ է գրել։ Գրել էր «չունեմ»: «Ո՞նց չէի ֆայմել, որ կարելի ա գրել «չունեմ»»։ Ինչ շատ են Մարիամները…

Տաթև Չուխուրյան

***

«Դոդի մեկը, հլը հիշի ճանապարհը, անցած անգամ ո՞նց էիր եկել, է։ Հեսա կգնամ, էնտեղ լիքը երեխաներ կլինեն, տենց կհասկանամ, որ էդ ա։ Եկա, ու ի՞նչ, ոչ ոք չկա, լավ, հեսա կգտնեմ»։

-Լավ, ասենք թե գտար, հետո՞,- սկսեց խոսել աջ ուսիս նստած Էլիզաբեթը,- հա, կժպտաս ու ծանոթներ կփնտրես, հարցեր կտաս ու պատասխաններ կտաս, երբ քեզ էլ հարցեր կտան։ Եկա, հասա, անծանոթ դեմքեր շատ կային։ «Վա՜յ, ես ճանաչում եմ իրան, իրան էլ։ Ինքը էն աղջիկն ա, որ մրցանակաբաշխությանը խուլ ու համրերի լեզվով էր խոսում, իսկ ինքը էն մյուսն ա, որ 17-ում նկարի մեջ գլխին էն տերևներով բանից ա դրած»:

«Ի՞նչ տերևներով բան, հավաքի քեզ, լրջացի մի հատ, ապուշի ժպիտը երեսիցդ թաքցրու»,- խոսեց ձախ ուսիս Էլիզան։

«Նրան էլ գիտեմ, էն «պոնչո» թուշիկներով աղջիկն ա»։

Հետո՝ տուն գնալիս, էդ «պոնչո» աղջկա հետ գնացի: Լավ էր, ես ինչպես միշտ զվարթ էի ու էլի չէի ամաչում։

Էլիզաբեթ Հարությունյան

***

«Երևի էս շենքն ա, պիտի բարձրանամ հինգերորդ հարկ: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ… Մի րոպե, վերջացա՞ն հարկերը, բա հինգերորդ հարկն ո՞ւր ա: Է, դե հաստատ մուտքը շփոթել եմ, զանգեմ Լուսինեին»:

-Ես արդեն հասնում եմ, սպասիր, միասին կգնանք:

Լուսինեն եկավ, ասաց Նարեն էլ գա, միասին գնանք: Նարեն էլ եկավ։

-Էնտեղ «Մանանա» եկող էլի երեխեք կան, Նարեկին են սպասում:

-Լավ, միասին կգնանք:

Երբ վերջապես հասանք, շատերն արդեն այնտեղ էին: Առաջին օրը ինձ շատ կաշկանդված էի զգում, որովհետև ոչ ոքի չէի ճանաչում, բայց ամենից շատ ինձ մենակ զգացի լանչին: Չէի համարձակվում ոչ ոքի մոտենալ, ծանոթանալ: Հանկարծ Մարիամը մոտեցավ ինձ ու Ամալյային ու հարցրեց.

-Որտե՞ղ եք սովորում:

Սկսեցինք զրուցել: Ընդմիջումից հետո տրամադրությունս ավելի բարձր էր, ավելի ազատ էի ինձ զգում: Երևի դա նոր ծանոթությունների արդյունքն էր, ինձ էլ մենակ չէի զգում: Դասերն անցնում էին ընկերական մթնոլորտում: Ամենից լավ հիշում եմ շատախոս և հետաքրքրասեր Էլիզային, որին շատ սիրեցի: Բոլոր ուսուցիչներիս շատ սիրեցի հենց առաջին օրվանից: Օրվա ամենատխուր մասը դասերի ավարտն էր: Մի քիչ Մարիամի և Տաթևի հետ գնալուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն կանգառում, բարեբախտաբար, կրկին Տաթևին հանդիպեցի: Տեղանքին դեռ լավ ծանոթ չէի, և եթե Տաթևը չհուշեր ճիշտ ճանապարհը, չգիտեմ՝ ուր կգնայի: Ստացած դրական տպավորություններից հետո նույնիսկ շոգը չէր զգացվում: Միայն ուզում էի շուտ տուն հասնել, որ մայրիկիս պատմեմ իմ օրվա մասին:

Մարիամ Գրիգորյան

***

Մեքենան կանգնեց.

-Մարիամ ջան, դու ստեղ կիջնե՞ս, գնաս, ուղղակի կանգնելու տեղ չկա ուրիշ։

-Հա, հա, ես տեղը գիտեմ, խնդիր չկա, մերսի շատ, հաջողություն։

«Յա՜, տեղը գիտեմ, բա չէ։ Լավ, կենտրոնացի, Մարիամ, առանց խուճապի, հանգիստ։ Ուրեմն, պոնչիկանոցի դիմացի մայթին. էն պոնչիկանոցն ա, էն էլ՝ դիմացի մայթը։ Դիմացը շենքեր կան ու հավաքված մարդիկ, հաստատ էս ա «Մանանան»։

Ինձնից գոհ-գոհ մոտեցա հավաքվածներին.

-Բարև ձեզ, կներեք, դուք «Մանանա» կենտրոնի տեղը գիտե՞ք:

-«Մանանա», հըմ, հլը սենց բարձրացի վերև։

Ուրախ-ուրախ բարձրանում եմ վերև։ Իրականում ուղղությունն ավելի սխալ էր, քան ես պատկերացնում էի։ Է՜հ, դե արի էս շոգին էսքան էլ իջի ներքև։ Վերջին հույսս մնացել էին «Պոնչիկանոցի» աշխատողները, բայց որոշեցի էդտեղ կանգնած մեկից էլ հարցնեմ։ Մոտեցա.

-Բարև ձեզ, կներեք, կարող ա՞ իմանաք «Մանանա» կենտրոնը որտեղ ա։

-Վայ, մենք էլ ենք «Մանանան» փնտրում, զանգել ենք, հիմա կմոտենան։

Մեր Զվյոզդն էր՝ Աստղը։ Վերջապես «Մանանա»-ում ենք: Նստած ենք, իմ հերթն է ներկայանալու։ Թու՜, էնքան խառնված էի՝ Միլենի ազգանունը սխալ ասեցի։ «Լավ, կլինի՞ դու մի անգամ առանց իրար խառնվելու հանգիստ խոսես, ուֆ՜»։

Լանչի ժամն էր։ «Ես, ախր, միս չեմ ուտում։ Լավ, հիմա քեզ հավաքի ու կեր, ամոթ ա»։

Առաջին օրը մի կերպ կերա միսը։

Մարիամ Պապոյան

***

Քննություններն ավարտված են: Վերջ, կարելի է հանգիստ շունչ քաշել՝ հույս ունենալով, որ քիչ թե շատ նորմալ ամառ կունենաս ու պասիվ հանգիստ: Պասիվ, այսինքն՝ գիշերը հինգին քնել, 18:00-ին արթնանալ, ու վարել քեզ հարազատ արջի կենսակերպը: Բայց մինչ երազանքների գիրկն ընկնելը, արժե սկզբի օրերը ինչ-որ նպատակի ծառայեցնել, չէ՞: Երբ մոտակա մի քանի օրվա ամեն առավոտ կարթնանաս ժամը ութին՝ հասկանալով, որ ոչ թե քննության ես, այլ վորքշոփի: Ի տարբերություն մյուսների՝ ինձ համար սկիզբը հուզումնառատ չէր: Չէի լարվում, չէի հուզվում, հակառակը՝ սպասում էի, թե երբ եմ ներկայանալու և ուրիշների գլուխը տանելու: Արի ու տես, որ ոչ ոք ոչ մեկի գլուխը չտարավ. պարզապես եռման ջերմաստիճանը շատ բարձր էր, բայց այդ ամենը՝ մեր ներսում, իսկ արտաքուստ միայն մի քիչ խառնաշփոթ կար: Փչացել էր աշխատանքային «հարդ դիսկը», ֆլեշը չէր ուզում աշխատել, իսկ հնաբնակ Նարեկն ու Վահեն էլ «ճնշում էին» նորեկներին՝ դառնալով բոլոր պատասխանների «հեղինակավոր տերերը»: Բայց, դե հո չէի՞նք բողոքի: Ինչքան էլ մեզ համոզեցին, որ խոսենք, նորեկների մեջ համարձակներ չգտնվեցին: Փոխարենը լսեցինք ու հավաքեցինք այն, ինչը քիչ թե շատ պիտի օգներ հետագա երկու օրերի աշխատանքին:

Նարե Շարմազանովա

***

Առաջին օրը սովորությանս համաձայն ուշացած հասա վորքշոփին: Դե՜, տեղը չէի գտնում: Դե՜ լավ, մի քիչ էլ ուշ էի տանից դուրս եկել: «Հիմա ի՞նչ կմտածեն իմ մասին, եկած-չեկած ուշանում եմ»,- մտածում էի ես, երբ ինձ ուղեկցող աղջիկը բացեց դուռն, ու ներս մտա: Իսկ իրականում ներսում արդեն իսկ այնքան ջերմ մթնոլորտ էր, որ դժվար թե մեկը կենտրոնանար իմ մասին մտածելու շուրջ: Երևի:

Առաջին օրն ավելի ճանաչողական էր. ծանոթանում էինք միմյանց ու ընդհանուր աշխատելաոճի հետ: Մեզ տրվող բացարտրություններն ու հրահանգները պարզ էին ու հստակ, իսկ դա միանշանակ շատ է հեշտացնում աշխատանքը: Ինքս էլ չնկատեցի, թե ինչպես 5-6 ժամն անցավ, բայց մի բան հստակ գիտեի՝ ուզում էի, որ դասընթացի հաջորդ օրը հնարավորինս շուտ գա:

Էլլա Մնացականյան

Օր 2-րդ 

Էս անգամ էլ ավտոբուսը շուտ եկավ: 10:30 էր, ու ես արդեն հասել էի: «Է, դե, Ամալյա, մի օր չեղավ կարգին ժամանակին գաս»: Քայլում եմ ու զգում, որ մեկն իմ ուղղությամբ է քայլում: Դասընթացի երեխեքից էր, մոտենում է:

-Բարև:

-Բարև,- վախեցած պատասխանում եմ:

-Երեկ ո՞նց հասար:

«Ե՞ս, ո՞նց հասա, երե՞կ, ես երեկ իր հետ չեմ ծանոթացել, էս ի՞նչ հարցեր է տալիս»:

-Դու ինձ հիշո՞ւմ ես,- համարձակությունս ներեց հարցնել:

-Հա, ոնց չէ, Մարիամը չե՞ս:

-Չէ, Ամալյան:

-Վայ, բայց երեկ ասացիր անունդ Մարիամ է:

Ես մի կերպ փորձեցի համոզել, որ ես Ամալյան եմ, ու եթե ճիշտն ասեմ՝ այդքան էլ չստացվեց: Տաթևն էր: ճիշտ է՝ ես երբեք չեմ կարող հասկանալ ինչպես է ստացվել, որ մենք բոլորս իր համար Մարիամ ենք, բայց արդեն սովորել ենք: Բոլորը եկան: Հայացքս գնում է այս ու այն կողմ, «երեկվա աղջկան» (Էլիզաբեթին) եմ փնտրում: Գտա, անցած օրը, երբ քայլել էինք իրար հետ, այնքան էի երջանկացել, ուզում էի մոտենալ, խոսել հետը, ամաչեցի: Գնում ենք ֆոտոարշավի, առաջին օրը մի քիչ էլ երկու Մարիամների հետ էի խոսել, փորձեցի ավելի մտերմանալ, իսկ Տաթևի ծաղիկ քաղելն ու իր մազերի մեջ դնելը դարձավ պատճառ, որ շարունակեմ շփվել հետը: Հա, էսօր ավելի շատ էի խոսում, բայց թե ինչ էի խոսում՝ ես էլ չգիտեի:

-Համ էլ ես քո բոլոր նյութերը կարդացի,- մոտենում էի Էլիզին ու շփման փորձեր անում:

Հետո էլ սկսեցինք ֆոտոներ անել, հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց: Ինչ խոսք, դեռ ամաչում էի, բայց մեծ հաշվով կարմրելս բան չփոխեց (բացի նրանից, որ լուսանկարիս մեջ կարմրած էի):

«Հիմա էլ կինոյի դասն է, ու դու, Ամալյա, պետք է մի խումբ անծանոթ մարդկանց մոտ քո կարծիքն ու գաղափարն առաջարկես»: Իմ հերթի ժամանակ էդպես էլ չկարողացա խոսել, իսկ վերջում՝ ստիպված էի: Դասընթացն ավարտվեց: Ես, Մարիամը, Վալենտինան ու Հովհաննեսը իրար հետ մետրոյով տուն գնացինք: Այսօր ավելի անկաշկանդ էի, չեմ բողոքում, ընդամենը երկու հարց էր տանջում՝ «երեկվա աղջիկը» մտածե՞ց՝ ես խենթ եմ, և տեսնես, որ էդքան խառնված խոսում էի, մի բան հասկանո՞ւմ էին:

Ամալյա Հարությունյան

***

«Օր երկրո՞րդ, հա էլի, երկրորդ օրն ա արդեն, չփորձվես նորից ամաչել ու բերանդ ջուր առնել, նստել, Աստղ, կխառնվես երեխեքին (սիրում եմ ինքս ինձ ոգևորել ինչ-որ բանից առաջ)»։ Գիտե՞ք, մյուս օրն ինձ մի քիչ ազատ էի զգում։ Չգիտեմ՝ մթնոլորտի՞ց էր, թե տիկին Ռուզանի անցյալ օրվա խոսքերն էին ազդել վրաս. «Աստղիկ ջան, մի քիչ ազատ եղի, էստեղ ոչ մեկը քեզ չի ուտելու»։ Մի բան ասե՞մ, շատ սիրեցի տիկին Ռուզանին։ Քանի որ առաջին օրը շատ կաշկանդված էի ու վախենում էի, որ հայացքս կհանդիպեր երեխեքի հայացքներին, այսօր միայն կարողացա նորմալ ուսումնասիրել նրանց։ Լավ է, գնացինք թե չէ, ասացին՝ գնում ենք ֆոտոարշավի։ «Աստղ, զսպի ուրախությունդ, խայտառակ չլինես, այ էդպես, շատ ապրես, առանց ուրախության ճիչեր արձակելու հանգիստ դուրս արի ու գնա ֆոտոներ անելու»,- ինքս ինձ հետ խոսելով դուրս եկա շենքից։ Ֆոտոարշավն էլ ուղղակի հոյակապ անցավ։ Սկզբից ամաչում էի նկարներ անել, բայց այ հետո՜, ինչ տեսնում՝ նկարում էի։ Իսկ Նարեն այսօր էլ՝ երեկվա պես, ջանում էր այնպես անել, որ չամաչեմ։ Մի բան էլ պատմեմ. չասեք՝ շատ ա խոսում էս աղջիկը, պատմելու շատ բան ունեմ: Ֆոտոարշավի ժամանակ ծաղիկների մոտ նստած մի տատիկի տեսա, հարցրի՝ կարո՞ղ եմ Ձեզ նկարել, ու մի փոքր տասնյոթը ներկայացրի։ Վե՜րջ, մնացի այնտեղ։ Սկսեց պատմել, թե ինչպես է շատ տարիներ առաջ առանց կառավարության օգնության ամեն ինչի հասել, ինչպես է ապրել, սկսեց բողոքել նախարարությունից և այլն։ Մեկ էլ գլուխս թեքեմ, տեսնեմ՝ մենակ եմ, երեխեքը չկան։ Արագ զանգեցի Նարեկին, որ ինձ սպասեն։ Տատիկին նկարեցի ու արագ վազեցի, հասա երեխեքին։ Հետո հետ եկանք, ու կինոյի դասը սկսվեց։ Այնքան հետաքրքիր էր ու այնքան նոր բաներ իմացա։ Անգամ ամուսնուն բանանի հետևից ուղարկող կնոջ ու հենց ամուսնու մասին ֆիլմի սցենար գրեցինք, անկեղծ ասած՝ ես էլ շատ հետաքրքիր գաղափարներ ունեի այդ սցենարի վերաբերյալ, բայց, դե գրողը տանի, ախր ամաչում էի խոսել։ Օրվա վերջում տիկին Ռուզանի «էսօր ոնց որ ժպտում ես» բառերը լսելուց ու մի լավ ոգևորվելուց հետո նոր գնացի տուն։

Աստղիկ Հունանյան

***

Գնում ենք ես ու «Նեմրան», այսինքն՝ «Նեմրան» նվագում է, ես քայլում եմ դեպի «Մանանա»։ Դե, ինչպես հասկացաք՝ ականջակալներով եմ, բայց դա չխանգարեց, որ Մարիամին նկատեմ, է՜, ասում եմ՝ Մարիամին, Ամալյային։ «Էս աղջկա դեմքը ինչ ծանոթ ա, կարո՞ղ ա երեկվա Մարիամն ա, էն որ ճանապարհն էր կորցրել, հա էլի»։

-Բարև, «Մանանա՞» ես գնում,- հարցրի ես:

-Բարև, հա, դո՞ւ էլ,- բարևեց, կասկած չկա, որ Մարիամն է:

-Հա, էրեկ ո՞նց տեղ հասար։

-Լավ,- ու տարօրինակ նայում է։

Հասանք շենքի մոտ, մեկ էլ.

-Ես էլ քեզ չճանաչեցի, լսի երեկ ակնոցով էիր, չէ՞, երևի դրա համար,- ու նայում եմ դեմքին, որ տեսնեմ՝ ո՞ւր է ակնոցը։ Արևային ակնոցը հարմարեցված էր գլխին։ Չէ՜, հաստատ Մարիամն է:

-Հա երևի, անունս հիշո՞ւմ ես։

-Հա, բա ոնց չէ, Մարիամ։

-Չէ, Ամալյա:

Այ քեզ առեղծված, էսպիսի բան մեկ էլ հետս առաջին կուրսում էր եղել, սեպտեմբերի մեկին։

«Ինչ լավ է՝ ֆոտոարշավով սկսեցինք։ Բայց մի րոպե, հիմա ես ի՞նչ պիտի նկարեմ։ Լավ է, կարևորը մասնակցությունն ա»,- մտածեցի ու առաջ շարժվեցի։ Ճանապարհին էլ ծաղիկ չէր մնացել, որ գլխիս չհավաքեի, Էլիզն էլ գլուխս էր նկարում։ Ճիշտն ասած՝ չէի ուզում ֆոտոարշավը վերջանա։ Ուզում էի անընդհատ քայլենք, նկարենք։ Բայց լրագրության դասն էլ պակաս հետաքրքիր չէր։ Տիկին Ռուզանն էնքան հետաքրքիր բաներ էր պատմում լրագրությունից, կլանված լսում էինք, որ ոչ մի բան բաց չթողնենք։ Դասամիջոց էր։

-Երեխեք, էս «Նեմրութն» ու՞մ wi-fi-ն ա, ծածկագիրը կասե՞ք։

«Ինչ տարօրինակ հարցեր են տալիս, իհարկե, իմն ա, էլ ո՞վ կարա «Նեմրային» էնքան շատ սիրի, որ wi-fi-ի անունը «Նեմրութ» գրի։ Բա լանչը… Ես մի կես ժամ ինչ-որ մեկին համոզում էի, որ մեջը միս չկա։ Համենայնդեպս՝ չկար։ Հա ի՞նչ, բանանով բուլկու մեջ ոչ մի միս էլ չկար…

Տաթև Չուխուրյան

***

«Արդեն երկրորդ օրը պիտի գնամ, ես հիշում եմ՝ մրցանակաբաշխությանը Լիդուշն ու Միլենան ոնց էին ընկերներին դիմավորում, ես էլ եմ էդպես ուզում, բայց ուզելը քիչ է, մի տեսակ՝ չի ստացվում լավ մտերմանալ»։

-Այ անֆայմ, բա բոլորն ամաչկոտ են, ուզում ես մտերմանա՞լ, դե գնա ու խոսի,- ձախ թևիս Էլիզան էլի ճիշտ է։

«Վայ, տեսնում եմ աղջիկներից մեկին, շատ ծանոթ մեջք ունի։ Հա՜, գնաց և գրկախառնությամբ բարևեց «չոլկայով» աղջկան, իսկ ինքը հաստատ 17-ից ա։ Մոտեցա ու բարևեցի, նրանք պետք է սպասեին համակուրսեցուն՝ իր եղբայր Արմանի հետ, դե ես էլ չեմ շտապում։ Գնացինք իմ առաջին ֆոտոարշավին։ Ժամերը թռան, բայց ես դեռ առույգ էի և, ինչ մեղքս թաքցեմ, նաև անչափ սոված։ Լանչին Թամարան մոտեցավ ինձ և սկսեցինք զրուցել։ Տուն վերադառնալու ճանապարհին կրկին նրանց հետ էի, ում հետ եկել էի։ Չեմ ուզում երրորդ օրը գա, որ չվերջանա մեր վորքշոփը։

Էլիզաբեթ Հարությունյան

***

Երկրորդ օրը մի քիչ ուշացա, բայց ճանապարհը հեշտ գտա: Լավ, ժամանակին հասա, միանգամից ներկա-բացակա արեցին, բաժանվեցինք թիմերի, և ճամփորդությունը սկսվեց: Սկզբում ինձ տպավորեց Թամարան: Մինչ գրեթե բոլորը մտածում էին, թե ինչ նկարեն, նա ամեն քայլափոխի հետաքրքիր կադրեր էր գտնում և անմահացնում: Բայց քիչ անց, մտաբերելով Դիանայի և Լիլիթի խորհուրդները, բոլորս էլ սկսեցինք հետաքրքիր կադրեր ստանալ: Ամենալավ կադրերի «հովանավորը» Վահեն էր: Օրը շատ հետաքրքիր անցավ, այդ օրվանից մնացել են վառ տպավորություններ: Ֆոտոարշավին հաջորդեցին լրագրության և կինոյի դասերը: Ամբողջ ընթացքում ականջներս սրած լսում էի, որ տիկին Ռուզանի և պարոն Արայի խորհուրդները բաց չթողնեմ: Երանի դպրոցի ուսուցիչներն էլ նրանց նման լինեին:

Մարիամ Գրիգորյան

***

Էլի երկար դեգերումներից հետո հասա «Մանանա»։ Մտա։ Արդեն քիչ թե շատ ծանոթ դեմքեր կային։

-Ֆոտոարշավի ենք գնում։

-Ուռա՜, ինչ հավես ա լինելու։

«Հա, շատ հավես կլինի ֆոտոներ անելը, բա էս շոգից մեռնելն ինչ հավես կլինի»,- ինքս ինձ ասացի։ Բայց սխալ էի մտածում։ Էնքան հավես ու ընկերական մթնոլորտում անցավ ֆոտոարշավը, որ շոգն էլ էդքան չզգացինք։ Կատակ եմ անում. լա՜վ էլ զգացինք, բայց մեկ ա՝ օրն ընտիր անցավ։ Հետո հետ եկանք։ Նստեցինք ժուռնալիստիկայի դասին։ Արդեն ձայնս քիչ էր դողում։ Տիկին Ռուզանն ասաց, որ իմ նյութը հավանել են ու կտեղադրեն կայքում։ Նյութս կարդում է տիկին Ռուզանը, էդ ընթացքում ես, խնձորի բոլորը գույները դեմքիս ստանալով, վերջապես ալ կարմիրի վրա կանգ եմ առնում։

«Մարիա՛մ, ձայնը դողացնել ու կարմրել չկա (ինքս ինձ հանգստացնում եմ, էլի)»։

Լանչի ժամանակ էլ համարձակությունս ներեց՝ միսը հանեցի սենդվիչի մեջից։

Մարիամ Պապոյան

***

Սկսվեց երկրորդ բաղձալի օրը: Բաժանվեցինք երկու խմբի՝ յոթ-յոթ հոգով: Չեմ ուզում մանրամասն նկարագրել՝ ինչ արեցի, ոնց: Անհետաքրքիր կստացվի, առավել ևս, որ մշուշոտ եմ հիշում: Բայց կասեմ, որ հին Երևանում էինք, ու աչքս չէի կարողանում կտրել շենքերից: Հատկապես պիտի շեշտեմ Օրիորդաց գիմնազիան (շնորհակալություն Դիանային՝ ցույց տալու համար), որը ցնցեց ճարտարապետական լուծումներով, ու այսօրվա բարձիթողի վիճակով: Սիրուն ա հնչում՝ Օրիորդաց գիմնազիա, պատկերացնում եմ ինչ նազանքով, շորորանքով, ճեմել են նրանք այս գեղեցիկ շենքի հարկաբաժիններում: Իսկ գուցե ըստ արժանվույն հագած-կապած փեսացուներն էլ դրսո՞ւմ էին սպասում… Ինչևէ, մենք 21-րդ դարում ենք, օրիորդները՝ չկան, շենքի դարպասները փակ են: Մուտքի մոտ ընկած երկաթե ճաղերը բանտարկեցին հարսնացու օրիորդների և սիրահար փեսացուների մասին երազանքները: Կիսատ մնաց:

Նարե Շարմազանովա 

***

Երկրորդ օրն ավելի շատ հիմնված էր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու վրա: Դեռ երկու օր առաջ իրար չճանաչող անծանոթներն արդեն մի դրական թիմ էին դարձել, որտեղ յուրաքանչյուրի կարծիքն ու դիտարկումը ուշադրության էր արժանանում ու քննարկվում: Վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկն ու դրա շուրջ մտածելու հանձնարարությունն էլ ավելի ոգևորեց ինձ: Ուրախ էի, որ մասնակցում եմ դասընթացին:

Էլլա Մնացականյան 

Օր 3-րդ 

Մտքերը, որ այսօր վերջին օրն է, ստիպում են դանդաղ քայլել: էսօր էլ Վալենտինային հանդիպեցի ճանապարհին: Կրկին փակ էր դուռը, շուտ էինք եկել: Կանգնում ենք շքամուտքում ու սկսում խոսել: Երկրորդ ֆոտոարշավ: Այս անգամ արկածները շատ էին: Գնացել էինք ֆոտո անելու, բայց 2 ժամում այնքան բան հասցրինք անել: Տարօրինակ մարդիկ այնքան շատ էին հանդիպում: Ամենուրեք ծխախոտով տատիկներ էին, անսովոր հայացքով մարդիկ, դե էլ չասեմ, որ մի տատիկ էլ մեզ ինչ ասես չասաց՝ իրեն լուսանկարելու համար: Ֆոտո անելու հետ մեկտեղ՝ ես, Էլիզան ու Վալենտինան հասցնում էինք խոսել ամեն ինչից, ծիծաղել, մենք ինքներս նկարվել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, ու պիտի խոսովանեմ, որ մեկ-մեկ էլ բարկացնում էինք՝ անընդհատ հետ մնալով խմբից: Բայց ես հուսով եմ, որ մեզ կներեն, որովհետև էլիզի, Վալենտինայի ու մյուսների հետ անցկացրած պահերն անմոռանալի էին: Ամբողջ ընթացքում միայն մի բան էի կրնկում.

-Ինձ չեք մոռանա, չէ՞:

Լանչն էլ էր արտասովոր այսօր: Ինձ մենակ զգալու ու ամաչելու փոխարեն անընդհատ խոսում էի: Հետո՝ լրագրություն: «Մի բան հարցնեմ, իմ նյութը լա՞վն էր» հարցիցս հետո որոշեցին, որ պիտի բարձրաձայն կարդան նյութս: Է, Ամալյա, այս ինչ արեցիր, դե արի ու մի ամաչի: Բայց վերջում արձագանքներից այնքան ուրախացա: Վերջին դաս: Սկսեցի ատել այս բառը, երանի ամեն օր գայինք վորքշոփի, երանի ամեն օր տեսնեի երեխեքին ու երանի ամեն օր գրկեի նրանց: Նստած եմ Էլիզայի կողքին ու կռվում եմ ինքս ինձ հետ: Ես նրա հետ նկար եմ ուզում: «Հա, բայց ամոթ ա, չէ, չեմ ասի»: Ու ես էլ չհասկացա՝ ոնց.

-Էլիզ, ես քեզ հետ նկար եմ ուզում:

Էլիզի դրական պատասխանը երջանկացրեց ինձ: Դուրս եկանք, նկարվեցինք, բայց տուն գնալ չէինք ցանկանում: Ես, Տաթևը, Էլիզն ու Մարիամը գնացինք պաղպաղակ ուտելու հետքերով: Ես դեռ հազարավոր օրեր կքայլեմ Օպերայում, բայց ամեն պահի Տաթևը նկարվել չի ուզի, Մարիամը ուրախությունից չի թռվռա, Էլիզը պաղպաղակը չի գցի, ես էլ ամբողջ ընթացքում չեմ ժպտա: Ես դեռ հարյուրավոր մարդկանց հետ կծանոթանամ ու կփորձեմ ճանաչել նրանց, բայց չեմ կարծում, որ հենց առաջին օրվանից զգամ այն ջերմ էներգիան, որը նրանցից էր գալիս: Շնորհակալ եմ, «Մանանա», մեր շփումն ապագա ունի:

Ամալյա Հարությունյան

***

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր զգում այն աղջիկը, որը առաջին անգամ էր մեն-մենակ երթուղայինով ինչ-որ տեղ գնում, այն էլ՝ Երևանի շատ ու տարբեր փողոցներով: Ես էլ չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց դրան ավելացել էր այն, որ վորքշոփի վերջին օրն էր, որ էլ խելագարի պես չէի «փորձելու» բոլոր շենքերը, մինչև «իսկական» շենքը գտնեմ: Ինչևէ, դա չեմ եկել պատմելու: 10:30 էր, «Մանանա» կենտրոնում էի, չէ, ներսում չէ, դռան հետևում կուչ եկած մի քանի հոգու հետ սպասում էինք գային, դուռը բացեին: Ներս մտանք, թե չէ, ասացին՝ էլի ֆոտոարշավ: Մի քանի րոպե անց բոլորով ներքևում էինք, արդեն խմբերի բաժանված, հանձնարարություն ստացած ու պատրաստ՝ ֆոտոարշավի գնալու: Պետք է շոգող մարդկանց նկարեինք: Ի՞նչ վատ էինք է շոգում, կանգնեինք, մեկս մյուսին նկարեինք, գնայինք կինոյի դասին, էլի: Համենայնդեպս ծխող տատիկներից, գրավաճառներից ու «մոդել» պատշարից հետո մեզ դա էլ մնաց անելու: Ցայտաղբյուրի բացակայության պատճառով էլ Վահեի ու Դիանայի գլխավորությամբ բոլորս լցվեցինք խանութ՝ ջուր գնելու: Այս անգամ արդեն համարձակությունս ներում էր մարդկանց խնդրել, նկարել: Մի փոքր նստարանի մեջ մի կերպ տեղավորված մի քանի պապիկի նկարելուց նրանցից մեկից «լրիվ չամիչով բուլկի ա էս աղջիկը» բառերն էլ մոռացնել տվին շոգը: Մի փոքր էլ գլուխ գովեմ: Մինչ երեխեքը մի անձրևանոցով կին էին գտել ու փորձում էին նկարել, ես մի սիրահար զույգի տեսա, դե կանգնեցի՝ նկարեմ, տղան էլ մռայլ ու բարկացած դեմքով նայեց, ես էլ փախա: Հավատացեք, դաս քաղեցի: Երբ «Մանանա» էինք վերադառնում, էլ ավելի հավես սիրահար զույգ տեսա: Բայց դե հո չէի՞ կանգնի անցյալ անգամվա պես նկարեի, մեկ է՝ չէին թողնի, ես էլ դիմեցի խորամանկության: Փողոցն անցա ու թաքուն նրանց հետևից նկարեցի. պահ, դե մի թողեք: Կինոյի դասն էլ անչափ հետաքրքիր անցավ, արդեն հարցեր էի տալիս ու բավականին սպառիչ պատասխաններ ստանում: Իսկ այ վերջում մի կարճամետրաժ ֆիլմ նկարեցինք, դե Նարեկը նկարեց, իսկ մենք «խաղացինք» ֆիլմում: Բայց վերջում շատ դաժան էր, բոլորի խորհուրդները լսելուց հետո դուրս եկանք, իսկ դա շատ տխրեցնող էր, կուզեի ողջ ամառ վորքշոփներ լինեին, ես էլ մասնակցեի: Վերջում աղջիկներից մի քանիսն ինձ ճանապարհեցին մինչև կանգառ ու վերջ, գնացի տուն: Վե՞րջ, ի՞նչ վերջ, մեր աշխատանքն ու ընկերությունը շարունակվում է՝ էլ ավելի ամրացած:

Աստղիկ Հունանյան

***

«Չէ, չեմ ուզում գնալ, լավ էլի (չէ, ձանձրալի չի, ոչ էլ հոգնել եմ, ուղղակի էս վերջին օրն ա, պատկերացնում եմ՝ էլ չենք գնալու, էսօր էլ, ու վերջ, ինչի՞ ա ամեն լավ բան էսքան շուտ ավարտվում)»: Վերջապես հավաքում եմ ինձ ու ճամփա ընկնում դեպի «Մանանա»։ Վերջին օրն ավելի հետաքրքիր անցավ։ Մեզ ավելի ինքնավստահ էինք զգում, որովհետև արդեն հասցրել էինք լավ մտերմանալ։ Վերջում, երբ արդեն պիտի հրաժեշտ տայինք, որ գնայինք, մտածեցի. «Լավ, էն աղջկան էլ գնամ հաջող անեմ, բայց ի՞նչ էր է անունը, հա, Մարիամ» ու գոռում եմ.

-Մարիամ, Մարիամ, սպասի բան եմ ասում,- իրականում ես Էլիզին էի կանչում, բայց կողքին էլ Մարիամն էր կանգնած, ու երկուսով ինձ նայեցին։ Ինձ թվաց, թե ճիշտ եմ ասել անունն ու գնացի նրանց մոտ, բայց Էլիզը ոչ էլ սպասեց, որ տեսնի՝ ինչ եմ ասելու: Փոխարենը Մարիամը նայեց վրաս ու.

-Ինձ բա՞ն էիր ասում։

«Վայ,- կայծակնային արագությամբ հիշում եմ, որ էն աղջկա անունը Էլիզա էր, ոչ թե Մարիամ,- լավ, բա հիմա Մարիամին ի՞նչ ասեմ»:

-Հա, ես էն աղջկան էի կանչում, ուղղակի բոլորին Մարիամ եմ ասում,- «Տաթև, լավ էլի՜»։

Երբ իջանք, երեխեքի մի մասը դեռ շենքի մոտ էր։ Քանի որ վերջին օրն էր, որոշեցինք մի փոքր ավելի երկարացնել ու ես, Էլիզան, Ամալյան ու Մարիամը (չէ, իրոք Մարիամն էր, չեմ սխալվում) գնացինք զբոսնելու։ Էնքան լավ էր, որ չէինք ուզում տուն գնալ, բայց եկավ 8-ը ու տարավ Էլիզին, հետո Ամալյան գնաց մետրոյով, 41-ն էլ եկավ Մարիամի հետևից, հետո՝ իմ 46-ը, ու ամեն ինչ վերջացավ: Բայց էդպես էլ չհասկացա, դրանով ամեն ինչ վերջացավ, թե դա ինչ-որ մի նոր բանի սկիզբն էր…

Տաթև Չուխուրյան

***

«Տեսնես՝ գոնե այսօր կստացվի՞ մտերմանալ նրանց հետ»։ Դե, ես արդեն տեղում եմ, ու էլի մենք ֆոտոարշավի ենք գնում։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ես մտերմացա էնպես, ինչպես ուզում էի, ինձ սիրեցին, և ես սիրեցի նրանց։ Ողջ օրը բոլորով երազում էինք, որ օրը չվերջանա։ Իսկապես այսպիսի ընկերներ ձեռք բերելու համար արժեր անել ամեն բան։ Ֆոտոարշավ, որը մտերմացրեց հատկապես ինձ, Վալենտինային և Ամալյային, տատիկի անեծքով։ Դե, մեզ մի տատիկ անիծեց, որովհետև մենք նրան նկարեցինք։ Հետո՝ լանչ, որը մտերմացրեց մեզ նաև Մարիամներին, Մարիամներին սիրող Տաթևիկին, Աստղիկին, որը դարձավ մեր «Զվյոզդը» և մյուսներին… Շնորհակալ եմ այս դասընթացների համար, ես գտա լավ ընկերներ և ստացա գիտելիքներ, որոնք խոստանում եմ, որ կկիրառեմ:

Էլիզաբեթ Հարությունյան

***

Դասընթացների վերջին օրը հենց առավոտվանից ինձ լավ չէի զգում: Սկզբում ցանկանում էի զանգել, զգուշացնել, որ չեմ գնալու, սակայն հիշելով նախորդ երկու օրերից ստացած տպավորությունները՝ որոշեցի գնալ: Չէ՞ որ վերջին օրն էր, դեռ երկար ժամանակ չենք հանդիպելու: Հետո էլ, չէի ուզում դասերը բաց թողնել: Որոշ ժամանակ ինձ շատ վատ էի զգում, շոգն էլ՝ մի կողմից, բայց ֆոտոարշավի ժամանակ խմբի տրամադրությունը ինձ էլ փոխանցվեց, և մոռացա գլխացավիս մասին: Ինչպես նախորդ օրը, ֆոտոարշավը շատ ուրախ անցավ: Հանդիպում էինք տարբեր մարդկանց. մի մասը չէին ուզում, որ իրենց նկարենք, մյուսները ուշադրություն չէին դարձնում, մի քանիսն էլ իրենք էին ասում, որ նկարենք, պնդելով, որ շատ «ֆոտոգենիչնի» են: Երբ վերադարձանք, արդեն լանչի ժամն էր: Ինձ էլ մենակ չէի զգում, արդեն ընկերացել էի շատերի հետ՝ Մարիամի, Աստղիկի, Ամալյայի, Էլիզայի, Վալենտինայի և Տաթևի, որը բոլորին Մարիամ էր ասում: Անիմացիոն մի քանի ֆիլմ դիտել էի և միշտ ցանկանում էի իմանալ և մասնակցել ստեղծման ընթացքին, չգիտեի, որ այդքան հետաքրքիր և զվարճալի է: Դասընթացի ավարտին բաժանումը դժվար էր, հասկանում էի, թե ոնց եմ կարոտելու բոլորին: Մրցանակաբաշխության ժամանակ տեսա տիկին Ռուզանին, ուզում էի մոտենալ, գրկել, բայց ամաչեցի, իսկ այս անգամ սխալս ուղղեցի: Վերջ, դուրս եկանք… Այնպիսի դատարկություն էի զգում, կարծես ինձնից մի մասնիկ թողել էի «Մանանա» կենտրոնում: Դասերի ավարտից հետո չէինք կարող միանգամից տուն գնալ: Օրը ավելի վառ և հիշարժան դարձավ Էլիզայի գեղեցիկ ֆոտոների, պաղպաղակ գնելու երկու անհաջող փորձերի և Երիտասարդականը փնտրելիս կատարած շուրջերկրյա ճանապարհորդության շնորհիվ: Որոշ ժամանակ անց դժվարությամբ հրաժեշտ տվեցինք իրար: Ավտոբուսի մեջ ամփոփում էի այս երեք օրը, որոնք ամենահիշարժանը կլինեն այս ամառվա ընթացքում: Դեռ երկար կհիշեմ Էլիզայի փայլող աչքերը, Ամալյայի փոքրիկ, ամաչող աչքերը և ժպիտը, Տաթևի մեկ գրկախառնությունը, որը ազատեց ինձ բոլոր կոմպլեքսներից: «Ինչ լավ արեցի, որ եկա, թե չէ էսքան բան բաց կթողնեի»,- օրվա վերջում մտածեցի ես:

Մարիամ Գրիգորյան

***

Առանց մոլորվելու «Մանանան» գտա։ Ջրի ճամփա էր դարձել։ «Արդեն վորքշոփի վերջին օրն ա, լավ ա տեղը սովորեցիր վերջապես, Մարիամ»։ Էլի ֆոտոարշավի էինք։ Արդեն անհամբերությամբ էի սպասում արևի տակ այրվելուն։

-Մարիա՜մ,- լսվեց Տաթևի ձայնը։

Ուրախացած շրջվեցի. «Ուռա՜, ինչ-որ մեկն անունս հիշում ա»,- մտածեցի։

-Հա, Տաթ ասա։

-Ես քո հետ չէի, ես Մարիամի հետ էի։

Դե, դեմքս պատկերացնում եք, չէ՞։ Հիասթափված էի, ինչ խոսք։ Մերոնք տասնհինգ տարի շարունակ հավատացրել են, որ անունս Մարիամ ա։

-Չես հավատա, բայց Մարիամը ես եմ:

-Չէ, է, ես էն աղջկա հետ էի,- ու ցույց տվեց Էլիզաբեթին։

Էլիզաբեթի դեմքն էլ պատկերացրիք, չէ՞։ Իսկ արդեն վորքշոփից հետո, երբ մտերմացել էինք, Տաթևն ասաց.

-Երեխեք, ես էնտեղ ոչ մեկիդ անունն էլ չէի հիշում, դրա համար էլ, բացի տղաներից՝ բոլորին Մարիամ էի ասում։ Համ էլ՝ «Էլիզաբեթ» մինչև ասեի, օրը կպրծներ։

Հիմա Տաթևն արդեն մեր անունները հիշում է։ Մենք էլ արդեն իրար համար հատուկ «նիքնեյմեր» ունենք։ Երրորդ օրն էր, որ «Մանանա»-ում էինք, բայց էնքան էի կապվել, որ մի տեսակ դժվարությամբ էի պատկերացնում առավոտյան արթնանալն ու չգալը, չմոլորվելը ու արևի տակ ֆոտոներ չանելը։ Երևի մթնոլորտից էր, գիտեք։ Իսկ գիտեի՞ք, որ էդ խուճուճ-մուճուճ փողոցների մեջ կա մեկը, որի իրար կողք շարված շենքերից մեկի վերջին հարկի բնակարանն էդքան ջերմություն ունի իր մեջ:

Մարիամ Պապոյան

***

Կիսատ էր նաև երրորդ օրը. կիսատության զգացումը մինչև վերջ էլ մնաց: Երեք օր, 18 ժամ միասին: Հավատացեք, չհերիքեց իրար բացահայտելու, լիարժեք գիտելիք ստանալու, վորքշոփը մինչև վերջ վայելելու համար: «Մանանայի» մանանան ինձ համար, մեղքս ինչ թաքցնեմ (չկարծեք՝ գուրման եմ), տիկին Ռուզանի թաբուլեն էր: Կարոտեցի… Կսպասեմ:

Նարե Շարմազանովա

***

Երրորդ ու ամենավերջին օրը լի էր իրադարձություններով: Սկզբում ֆոտոարշավը, որի հիմնական թեման շոգն էր, ամենաարդիականն այդ պահին: Ընդամենը 1-1,5 ժամում շատ հետաքրիր կադրեր ֆիքսեցինք քաղաքի կենտրոնում: Լուր, ակնարկ, հարցազրույց, ֆելիետոն… Գրեթե բոլոր ժանրերի մասին խոսեցինք, ու վստահ պիտի ասեմ, որ յուրաքանչյուրի մասին էլ հստակ պատկերացում կազմեցինք, հասկացանք, թե որ ոճով ենք ուզում գրել: Յուրաքանչյուր թեմա ներկայացվեց հասկանալի օրինակներով, քննարկեցինք նաև մեր գրած նյութերը: Հա՜, մեզնից գուցե նաև լրագրողներ դուրս գան: Ի սրտե շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին՝ մեգահետաքրքիր դասընթացի, նոր ծանոթությունների ու տրված հնարավորությունների համար:

Էլլա Մնացականյան 

***

Կադրից դուրս.

-Երեխեք, բայց ես ինձ ամենաշատը լանչին էի մենակ զգում:

-Վայ, ես էլ:

-Երեխեք, ես էլ:

-Չեք պատկերացնի, բայց ես էլ:

-Բա, այ դեբիլներ, մեկիդ խելքին չփչե՞ց մոտենար:

Կան օրեր, որոնք չեն ջնջվի հիշողությունիցդ, ուզում ես ունեցիր կրկնակի լավերը, անցկացրու հազարավոր ուրիշ պահեր, մեկ է՝ օրեր կան, որ մխրճվում են էն ամուր պատրաստված փոքրիկ պահեստում ու արգելում իրենց անգամ մի պահ չմտաբերել:

Հեղինակներ` Ամալյա Հարությունյան, Աստղիկ Հունանյան, Տաթև Չուխուրյան, Էլիզաբեթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Մարիամ Պապոյան, Էլլա Մնացականյան, Նարե Շարմազանովա, Նարեկ Բաբայան

nare sharmazanova

Ես ասելու բան ունեմ

Այն, որ չեմ լսում, չի նշանակում ասելու ոչինչ չունեմ… Բայց երբեմն վախերս խանգարում են ճիշտ ու հանգիստ ապրել: Ապրում եմ լսող ընտանիքում, որտեղ  միակ խուլն եմ: Հաճախ ինձ սխալ են հասկանում, հաճախ չեն էլ փորձում հասկանալ: Որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ  ես զգում. անգամ ծնողներիդ, ովքեր արգելում են հանրային վայրերում խոսել ժեստերով: Ասում են՝ ամոթ է, առանց մտածելու, որ ամոթ չէ, այլ շատ ցավոտ… Բոլորը քեզնից վախենում են, աչքերը չռած նայելով, իբրև այլմոլորակայինի, երբ խոսում ես մայրենիով: Ով աչք ունի՝ թող լսի…

Իսկ իմ աչքերը սովորականից առավել են: Այո, նրանք ոչ միայն տեսնում են, այլև լսում են:  Նայում եմ ուղիղ քո բերանին: Չէ, ես չեմ նայում, որովհետև տարվել եմ քեզնով, ուղղակի փորձում եմ որսալ ամեն մի բառդ և գոնե մոտավոր հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Այն այնքան կարևոր է ինձ համար: Ինչո՞ւ:

Կասեք՝ անմտություն է խուլ աղջկա սերը լսող տղայի հանդեպ:  Սիրում եմ նրան անմնացորդ: Իսկ նա… Նա սիրում է ուրիշին: Ինչ բարդ դրություն է՝ մտածում եք դուք, իսկ ես հիասթափվեցի, պայքարեցի ու հաղթելով պարտությունս, ասացի, որ սիրում եմ: Հիանալի իմանալով, որ անպատասխան է: Ես խախտել եմ չգրված օրենքները և ոչ միայն: Ես՝ խուլս, սիրել եմ լսողի: Ինչ բարդ դրություն է՝ կասեք դուք, իսկ ես ազատ եմ, անսահման ազատ իմ աշխարհում, որտեղ սերը խցկել է մեկին, ով չպիտի լիներ: Իսկ նա կա, ինչպես ես, բայց ոչ այնտեղ, որտեղ իրական աշխարհն է, այլ խուլ տարածության մեջ: Այստեղ՝ իրականությունից դուրս, անկեղծությունն է և ցավը:

Խուլ եմ, խուլ մշակույթից, որտեղ ամենը անկեղծ է ու մաքուր, պարզ ու շիտակ: Խուլ եմ, ով ժեստերի աշխարհում ազատ է ու անկաշկանդ, ով ճանաչում է մարդուն շատ արագ, ով արդեն հաղթահարել է լսողների անտարբերությունը, ով ունի ներքին հզոր լսողություն, ով լսում է այն, ինչ տեսնում է: Չեմ ամաչում իմ խլությունից, հակառակը՝  հպարտ եմ: Հպարտ եմ, որ ունեմ մայրենի հրաշք լեզուս, ժեստերը՝ իմ Աստծո պարգևը, որի շնորհիվ քայլում եմ լսողների կողքին, բայց ոչ նրանց հետ… Դա իմ աշխարհն է, որից դուք՝ լսողներդ, վախենում եք: Իսկ ես լսում եմ երկնքից եկող ձայնը՝ մի վախեցիր, միայն հավատա:

Հ.Գ. Ամեն ինչ պարզ է. կա նա՝ այնպիսին, ինչպիսին կա, և կաք դուք՝ այնպիսին, ինչպիսին կաք: Այս պատմությունը իմ ընկերուհու մասին է, ում միջոցով ճանաչեցի մեզ համար այնքան խորհրդավոր և քողարկված խուլերի աշխարհը: Իսկ նրանք մեր կողքին են, այնքան մոտ և միաժամանակ հեռու: Մենք՝ լսողներս, կարող ենք փոխել իրավիճակը և կրճատել հեռավորությունը: Գուցե սովորե՞նք ժեստերի լեզուն, մեզ համար հնարավոր է: Իրենց համար մեր լեզուն սովորելը ՝ անհնար: Քայլը մերն է:

nare sharmazanova

Քառակուսուց դուրս իմ բզեզները

Ինչ որ չես հասկանում, այն քեզ չի պատկանում. հայտնի ճշմարտություն, որ մարդկային շփման բոլոր մակարդակներում ենթադրում է խոսք: 

Հյուրանոցի միջանցքում տեսա վազվզող հրաշեկ մազերով, վառվող աչքերով, չարաճճի բզեզներին, ժպտացի, պարզապես հաճելի էր մանկության հոտը:

Հաջորդ վայրկյանին այդ հոտը թունավորվեց՝ տեսա նրանց լսողական ապարատները: Նման դեպքերում սկսում ես ցավակցել նրանց, ովքեր «կիսատ» են… Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրանց, լսողական ապարատը դառնում էր այն կենտրոնը, որի շուրջ պտտվում էին մտքերս: Դրանք այնքան ճնշող էին՝ հալածելու աստիճան: Բայց արի ու տես, որ փոքրիկ «բզեզները» գոնե ինձ համար վերացրեցին քառակուսու սահմանները, որտեղ հարմարավետ տեղավորված են ընդունված կարծրատիպերը:Ասենք այսպես՝ ընտանիք, որտեղ բոլոր վեց երեխաները ունեն ֆիզիկական արատ, ծնողները պիտի որ տխրության և «հավերժական տրտունջի» մեջ լինեին: Այնինչ սեղանը, որի շուրջ ճաշում էին, ամենալուսավոր կետն էր. այնքան սեր, հոգատարություն և լույս կար…

Աչքս չէի կտրում նրանցից, փորձում էի հասկանալ՝ ի վերջո, սա ծնողների առօրյա դարձած խա՞ղն է, թե՞ իրական ապրում: Եթե անգամ խաղ էր, այնքան իրական, որ վարակիչ և ապշելու աստիճան տպավորիչ էր: Իսկ տպավորությունները դարձյալ ճեղքեցին քառակուսին, երբ «բզեզիկներն» սկսեցին իմ «կյանքը ուտել»: Նրանք շատ հանկարծակի «հարձակվում էին», ամեն անգամ անակնկալի բերելով` ստիպում ինձ վազել իրենց հետևից հյուրանոցի տարածքով մեկ:

Երբ հերթական անգամ լրջորեն պատրաստվում էի, որ այլևս չեմ հանձնվելու, նրանք այնպիսի խաղ էին խաղում գլխիս. մի անգամ «գողանում էին» հեռախոսս, մի ուրիշ անգամ` բանալին, հաջորդ անգամ ձեռքիցս գիրքն էին փախցնում: Ու այնպիսի հաճույքով էին վայելում իրենց ձեռքբերումը, որ ինքս էլ դառնում էի նրանց չարաճճիության մասնակիցը, դառնում նրանց պես ազատ՝ անսահման ազատ, և դուրս քառակուսուց:

Շատ կարճ ժամանակ անց մենք ընկերարացանք, և զարմանալին այն էր, որ անգամ մեկ բառ չէինք փոխանակել: Հաջորդ զարմանքը՝ ես այլևս չէի խղճում, ավելին, ուզում էի միանալ նրանց, բաց չթողնել, դառնալ նրանցից մեկը՝ մոռացած «կարելին ու չի կարելին»:

Այստեղ նրանցը լինելու համար խոսքի կարիք չկար: Խոսում էին աչքերը, որտեղ այնքան խաղաղ բնակվում էին աղմկոտ ուրախությունն ու թախծոտ լռությունը. այնքա՜ն խոսքեր կային, որոնց հետևից չէի հասցնում վազել: Այդ աչքերում ես տեսնում էի, որ նրանք ապրում են, այլ ոչ թե հարմարվում:

Հայտնի ճշմարտություն կա, երբ տխրությունը այցելության գա՝ նայիր շուրջդ և մխիթարվիր. կան մարդիկ, որոնց բաժինն ավելի ծանր է:

Նարե Շարմազանովա

Իմ այցեքարտը

Անցյալ տարվա հունիսի վեցն էր: Հաջորդ օրը գրականության քննության էի: Մեզ տրված էր լինելու ինչ-որ երկտող, և դրա հիման վրա մենք պետք է շարադրություն գրեինք: Բնականաբար որոշեցի պատրաստվել քննությանը, բայց ինչպե՞ս:

Սկսեցի ուղղակի համացանցով երկտողեր փնտրել և շարադրություններ գրել: «Ընտանի դարձած գայլը` Ուիլի մականունով, ցնցել է իր վարժեցնողին ու նաև ողջ աշխարհին»,-  այս երկտողը դարձավ ինձ համար ճակատագրական:

…Ընտանի դարձած գայլը` Ուիլի մականունով, ցնցել է իր վարժեցնողին ու նաև ողջ աշխարհին:

Թոմը բնակվում էր Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի մի գյուղում: Նա շատ էր սիրում անտառներում ման գալ, տարբեր կենդանիների հետ խաղալ, զվարճանալ:

Մի օր անտառում նա մի ձագ տեսավ, մոտեցավ նրան, կարծեց , թե շան ձագ է, և քանի որ Թոմը խելքը կորցնում էր շան ձագերի համար, առանց մտածելու նրան իր հետ վերցրեց: Մենք մոռացանք նշել փոքրիկ «բայց»-ը , որը ամեն ինչ փոխեց: Ձագուկը իրականում գայլի ձագ էր: Այսինքն՝ ի՞նչ դուրս եկավ. գայլ մորից առևանգեցին իր շատ սիրելի ձագին: Մայրը վերադարձավ որսից , որպեսզի կերակրի ձագուկին, տեսավ, որ իր որդին չկա: Մայր գայլը խուճապի մեջ էր: Ում ճանապարհին տեսնում էր, հոշոտում էր, հոշոտում անխնա: Նա ատում էր ամեն ինչ՝ պատրաստ էր անգամ աշխարհը հոշոտել, բայց ցավոք, նրա ողբից իրականությունը չէր փոխվում:

«Շան ձագը» սևուկ էր, խորը, թախծոտ աչքերով: Թոմը երբևիցե այդպիսի գեղեցիկ կենդանի չէր տեսել: Վայրկյան առ վայրկյան Թոմը ավելի էր կապվում «շան ձագի» հետ, որին Ուիլի անվանեց: Թոմը անտառից տուն ճանապարհին խոսում էր նրա հետ, մտածելով, թե Ուիլին կդառնա իր կյանքի լավագույն ընկերը:

Թոմը արդեն տանն էր: Ծնողները անմիջապես հասկացան , որ Ուիլին գայլի ձագ է: Նրանք խղճում էին Ուիլիի մորը: Հազար անգամ փորձեցին Թոմին համոզել՝ վերադարձնել ձագուկին իր տուն ՝անտառ: Բայց ցավոք, դա անիմաստ էր: Մնում էր համակերպվել իրականությանը: Անցան տարիներ: Ուիլին փոքր ձագուկից վերածվել էր մի հսկայի, որը անծանոթների հետ դաժան էր, բայց հարազատների հետ մեղմ ու ջերմ: Թոմը արդեն տասներկու տարեկան էր: Շատ չէր անցել՝ ընդամենը երեք տարի, բայց քանի որ կենդանիները շուտ են ծերանում, այդ երեք տարին Ուիլիի համար կարծես քսան տարի լինեին:

Մի օր Թոմը որոշեց գնալ անտառ Ուիլիի հետ: Նա երբեք Ուիլիին իր հետ անտառ չէր տարել, քանի որ գիտեր, որ նրա մայրը չի թողնի Ուիլիին հետ գալ: Բայց այս անգամ տանում էր, որովհետև գիտեր, երբ մայր գայլերը ծերանում են, հիշողությունը կորցնում են:

Նրանք արդեն անտառում էին, և Ուիլիի մայրը մոտեցավ: Նա այնքան տանջված էր, այնքան ծերացած , բայց չէր կորցրել իր հմայքը, որով գայթակղել էր Ուիլիի հորը: Թոմը գիտեր, որ սա Ուիլիի մայրն է , բայց համոզված էր, որ չի հիշի տարիներ առաջ գողացված որդուն: Ասում են` մոր կոտրված սիրտը ոչ ոք չի կարող բուժել, և մոր բնազդը ոչ ոք չունի: Մայրը ճանաչեց զավակին: Նա ուզում էր ցատկել, գրկել նրան, երբ տեսավ մի խոչընդոտ՝ դա Թոմն էր: Նա արդեն վաղուց ծրագրավորել էր, թե ինչպես որդու հետ պետք է խժռի առևանգողին …

Կատարվեց անսպասելին: Մայրը նետվեց Թոմի վրա , իսկ Ուիլին պաշտպանեց: Ուիլին գիտեր, որ սա իր մայրն է: Նա բնազդով զգում էր: Ի՞նչ աներ Ուիլին: Թույլ տար, որ մայրը հոշոտի իր տիրո՞ջը: Այն մարդուն, ով իրեն և մայր է եղել, և հայր, և եղբայր …

Դժվար է հավատալ, որ կենդանին այսքան կկարողանա հասկանալ: Ուիլին նետվեց մոր վրա: Մայրը սարսափահար էր եղել: Մի՞թե սա իր հարազատ որդին է: Սա մոր համար ամենաուժգին հարվածն էր: Որդու հասցրած վերքը մոր համար դարձավ անբուժելի: Նա տեղում մահացավ: Ուիլին մոտեցավ մորը, մեղմ լիզեց նրա վերքը և աչքերը: Մոր զարմացած և տանջված աչքերը փակվեցին հավիտյան: Սրտի մեծ կսկիծով Ուիլին մորը թողեց անգղներին: Անտառապահը լսեց Ուիլիի հեկեկոցը, որը ցնցեց անտառապահին:

….Ընտանի դարձած գայլը` Ուիլի մականունով, ցնցել է իր վարժեցնողին ու նաև` ողջ աշխարհին:

Հ.Գ.

Երևի թե ինքներդ ձեզ հարց կտաք. ինչո՞ւ ճակատագրական: Ասեմ, եթե այս երկտողը չլիներ, ես չէի հասկանա, որ գրելը ինձ օդի և ջրի պես պետք է: Մանկուց սիրել եմ գրել, սակայն շատ չեմ խորացել և փոքրիկ պատմվածքներով սահմանափակվել եմ: Այս երկտողը մի նոր դուռ բացեց իմ առջև: Դարձավ իմ այցեքարտը: Նրա շնորհիվ ես սկսեցի գրել, արտահայտել մտքերս, ճանաչել ինքս ինձ և վերջապես այս երկտողի միջոցով ես եկա «Մանանա» և այժմ իմ նյութերը կարող եք կարդալ 17-ում:

 

Նարե Շարմազանովա

Բջնեցի Ռիմա տատը

Ռիմա տատին հանդիպեցի Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցում: Բնիկ բջնեցի է, բազմազավակ մայր: Ջերմ ընդունեց այնքան, որ ակամայից անցա դու-ի: Երեսուն տարի է` որբևայրի է: Ծնվել է 1939թ.-ին : Պատմում է, որ «սովետի ժամանակ» շատ խեղճ են ապրել.

«Ոտներս բոբիկ, տրեխները հագներիս, չանթիկները վզներիս գնում էինք դպրոց, բալա ջան: Իսկ հիմա, Աստծուն փառք, ապրում ենք: Մենակ խաղաղություն լինի աշխարհին: Որ ասենք` բջնեցիքը զբաղված են, զավոդում աշխատում են, տենց բան չկա: Հիմնականում զբաղվում ենք անասնաբուծությամբ ու հողագործությամբ»:

-Տատ, գո՞հ ես այսօրվա Հայաստանից. հիմա՞ է լավ, թե՞ այն ժամանակները:

-Ո՞նց կարանք համեմատենք հիման ու էն ժամանակները: Հիմա աշխարհը զարգացել ա: Գիտությունը զարգացել ա, մարդիկ զարգացել են: Բոլորը դեպի առաջ են գնում` հետ չեն գնում: Սովետի ժամանակ ի՞նչ կար, բալա ջան: Անասունով ենք ապրում, անասունով ենք զբաղված կամ եզով, գութանով` ցուրտ նեղ օրվա համար: Էն որ ասում են` եզո ջան, եզո ջան, էդ լրիվ դրա համար ա:

Դա մութ ու խավար երկիր էր: Հիմա զարգացել ա գիտությունը: Երեխաները առաջադիմում են: Հագնվում են լավ, կուլտուրական, մաքուր: Աստծուն փառք, որտեղ տեսնում ես` ապրուստը թափած: Մենակ պետք ա աշխատես: Ապրուստը ծովի պես կա: Եթե պառկես քնես, քեզ ո՞վ կտա: Պիտի աշխատես, պիտի ստեղծես, թե չէ, քեզ ո՞վ կտա: Դրա համար հիմիկվանը ավելի լավ ա ,հագուստի կողմից էլ, ուտելիքի կողմից էլ, բայց ունենաս էն պայմանները, որ աշխատող ունենաս տնիցդ: Գոնե երկու հոգի աշխատող ունենաս տնիցդ: Մնացածը դե թոշակով-մոշակով յոլա կգնանք»:

Ռիմա տատը հպարտությամբ է նշում` հինգ երեխաների մայր է: Բոլորին ամուսնացրել, «տնավորել» է: Որդու համար է անհանգիստ. «Զինվոր ունեմ Ղարաբաղում: Էս տասը օր ա, Ղարաբաղում ա, զանգի ենք սպասում»: (հուզվում է):

-Երևի դրա համա՞ր ես եկել եկեղեցի:

-Ինձ Աստծո տուն բերել ա իմ հավատքը: Միշտ էլ հավատացել եմ, միշտ էլ քրիստոնյա եմ եղել: Շատ օգնել ա ինձ Քրիստոս: Երբ ասել եմ` Աստված ջան, մի ճար արա, մի բան արա, Աստված իմ կողքին ա եղել: (կրկին հուզվում է)

-Հաջորդ անգամ Բջնի գալուց, տատ, կգամ քեզ հյուր, կարո՞ղ եմ:

-Անպայման կգաս, արևիդ մեռնեմ: Իմ թոռի թայ ես:

-Իմ անունը Նարե է, ինձ կհիշես:

-Նարինե անունով թոռ ունեմ:

-Նարինե չէ , Նարե, Նարե:

-Մարգարիտ անունով էլ ունեմ …