Սյուզաննա Խառատյանի բոլոր հրապարակումները

Syuzanna Kharatyan Vahan

Այն, ինչ ուրիշ էր

Ի՞նչ ենք անում մեծանալով․ հիմա կմտածեք` հասունանում, փոխում ենք մտածելակերպը, հասնում նպատակներին, ու չգիտեմ ինչեր։ Հա, չեք սխալվում, բայց մեծանալով մենք կարոտում ենք մանկությունը։ Փոքր ժամանակ նախանձով էի նայում երեխաների, ովքեր մեծանում են քաղաքներում։ Մի բան փոխվեց, չեմ ասի` ինչ։

Հիմա ուրախ եմ, որ ապրել եմ գյուղում, ունեցել պարզ ու մաքուր մանկություն։ Որ միշտ վերադառնալու ու խաղաղվելու տեղ կա։ Այն, ինչ ձեռք եմ բերել գյուղում, մնում է այստեղ, բայց հիշողությունները միշտ ինձ հետ են, ու ամեն տեղ քաշ եմ տալիս, կարոտում։

Քայլում էի փողոցով ու տեսա դատարկ այն բակը, այն տեղերը, որտեղ խաղում էինք ամեն օր։ Երբեք չեմ սիրել «արդեն ուշ է»  արտահայտությունը, որ տուն էր կանչում։

Կարոտում եմ բոլորին, ում հետ խաղում էինք մեր «խմբով», ու բոլոր տեղերում էլ կան այդ խմբերը, որոնք անփոփոխ են։  Կարոտում եմ ամեն ամառ  բարեկամի տուն եկած երեխաներին, ովքեր  միանում էին մեզ, դառնում մեր նոր ընկերները։  Կարոտում եմ այն օրերը, երբ տներից ուտելու մի բան էինք վերցնում  ու գնում գետի մոտ։ Կարոտում եմ այն մեկին, որ միշտ խարդախություն էր անում։ Ասեմ, որ այստեղ միայն ամառը չի, որ հետաքրքիր էր, բա ձմե՞ռը։ Գիտե՞ք ինչքան առատ էր ձյունը, ու թե ինչքան աշխուժություն կար: Տանը ոչ մի երեխա չէիր գտնի. բոլորս սահնակ էինք քշում փողոցում, դպրոցի բակում ու սարերում։

Այդ նույն ընկերների հետ մենք դպրոց գնացինք, շարունակվեց կյանքի մեկ այլ փուլ, չգիտակցելով, որ գալու է մի ժամանակ, որ այդ նույն ընկերները էլ չեն լինելու, այդ մարդկանցից շատերին մենք չենք հիշելու, որ կրելու ենք ինչ-որ դիմակ ու փոխվելու հավերժ։ Մինչդեռ այն ժամանակ դերեր էինք վերցնում միայն խաղի համար։ Մեր առաջին ընկերները արդեն երկրորդական մարդիկ են, մենք էլ՝ նրանց համար։  Փոխվել է նույնիսկ գյուղի ձմեռը, առաջվա նման ձյունառատ ու աշխույժ չի։

Զարմանալու ոչինչ չկա, փոխվում են ընկերները, փոխվում ենք մենք, երբեմն ձգտում մենակության, մտերմանում նրա հետ,՝ ում տանել չէինք կարողանում, հեռանում նրանից, ում խոստացել էինք մշտական ընկերություն։ Այս պարադոքսալությունը պատահական չի լինում, ու պատահական ոչ ոք մեր կյանքում չի լինում։

Եվ այդ կարոտը, որ միշտ մեզ հետ է։

Ինչն է առավել կարևոր իմ կյանքում

Syuzanna Kharatyan VahanԿա մի պարզ իրողություն, որ մենք ուզած, թե չուզած մեծանում ենք։ Ոմանք միայն տարիքով և ֆիզիկապես, մյուսները՝ տարիքից շատ, շատերն էլ զարգանում ու մեծանում են ժամանակին և օրինաչափորեն։ Եվ կատարվում է այն, որ տարիքի հետ մենք ուրիշ ենք դառնում ՝ այն, որ երեկ չէինք և այն, որ վաղը չենք լինի։ Ունենում ենք նոր արժեքներ, նոր ցանկություններ, փոխվում են առաջնահերթություն ներկայացնող երևույթները։ Թերևս կան արժեքներ, որոնք անփոխարինելի են, միշտ կան և ժամանակի հետ չեն անհետանում։ Մենք ասում ենք շատ երբեքներ, հաստատներ, ու կյանքը ոչնչացնում է այդ գաղափարները ու մեզ տալիս ուրիշ իրականություն։ Անհավատալի է, թե որքան մենք կարող ենք սովորել կյանքի մասին։ Հետաքրքիր է կյանքի ու բնության համեմատությունը։ Օրինակ՝ գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին ու կռահել հարյուրավոր տարիներ առաջ եղած կլիմայի և բնական պայմանների մասին։ Ծառերի աճն ուսումնասիրելիս՝ մենք կարող ենք սովորել, որ կատարյալ պայմաններում ծառերն աճում են բնականոն ու նորմալ արագությամբ։ Հակառակ դեպքում աճը դանդաղում է, քանի որ նրանք էներգիան ծախսում են գոյատևման համար անհրաժեշտ տարրական էլեմենտների վրա։ Այ քեզ համեմատություն։ Նույնը և մարդու դեպքում է։ Մարդու առողջ կենսագործունեությունը, նրա համար կարևորները, նպատակները, պահանջները կախված են ապրելու պայմաններից և շրջակա հարաբերություններից։ Դրա համար հաճախ մեկը զարմանում է դիմացինի կատարած արարքից, որովհետև դա իր արժեհամակարգից դուրս է, բայց միգուցե նրա ապրած պայմաններում իր հայտնվելու դեպքում ինքն էլ նույն կերպ կվարվեր։ Ինչևէ․․․

Հաջորդ կարևոր բանը մեր զբաղվածությունն է։ Եթե անկեղծ լինենք, ապա կխոստովանենք, որ ներկայումս շատ հեշտ է զբաղված լինել։ Մենք ստեղծում ենք գործողությունների մի ցուցակ և ծանրաբեռնում մեզ։ Այսօր շատերի համար զբաղված լինելը առավելություն է, բարձր ինքնագնահատականի հիմք, մեծ ինքնաարժևորում։ Անընդհատ լցնում ենք մեր ժամանակը՝ անգամ ճնշված ու հոգնած պահերին։ Բայց ցանկացած բան, որ հասնում է ծայրահեղության, վնասում է մեզ։ Մենք մոռանում ենք մեր աշխարհը, դառնում միջոց, դառնում բոլորինը, անհանգիստ, շտապում ենք, դառնում պարտավորված։ Երբեմն անում ենք շատ բաներ ստիպված՝ չկենտրոնանալով կարևորի վրա։ Մոռանում ենք մեր հույզերը, չենք նկատում դիմացինի զգացմունքները և անում ենք ինչ-որ բաներ։ Այսօր արդիական է բազմաֆունկցիոնալ մարդը։ Մտածում ենք, երազում՝ չապրելով պահը։ Պլանավորում ենք, բայց երբ հնարավորություն ենք ունենում՝ վախենում ու փախչում ենք։ Երբեմն էլ նպատակները դառնում են ամբիցիաներ, կանգնում կոկորդին։

Ես շատ եմ տպավորվել «Тысяча слов» ֆիլմից, որտեղ կարևորվում է ինքն իր հետ ներդաշնակությունն ու լռությունը։ Ցույց է տալիս սեփական ժամանակի գնահատման կարևորությունը։ Այսինքն՝ պետք է դուրս գալ կյանքի խելահեղ ընթացքից ու կարևորել ոչ թե հասարակությունից պարտադրվածը, այլ սեփականը։

Հակասական է, որովհետև միևնույն ժամանակ դուրս ես մնում հասարակական կյանքից։

Մտածելիս ուղղակի մոլորվում ես, չես ուզում ոչինչ հասկանալ ու կենտրոնանալ, պարզապես ուզում ես լինել։

Իմ կյանքում կա մի ճշմարտություն, որ պարզության մեջ է հստակությունն ու գեղեցկությունը, որը չենք գնահատում պարզ լուծումներ որոնելիս։ Կա կարծրատիպ՝ ինչքան բարդ, այնքան հետաքրքիր։

Ինձ համար կարևոր է պարզությունն ու թեթևությունը ընտանեկան հարաբերություններում, քանի որ այս հարցում անհաջողությունը չի կարող փոխհատուցվել ոչ մի այլ հաջողությամբ։ Նույնիսկ հասարակ երեկոյան ընթրիքը ընտանեկան հարաբերությունների նկարագիրն է։ Հայտնի է, որ այս հարաբերությունները՝ լավ, թե վատ, մենք տանում ենք միջանձնային շփում։ Մարդկային ցանկացած ճիշտ փոխհարաբերությունում գործում են շատ պարզ կանոններ՝ մենք խոսում ենք մեկս մյուսի հետ, ոչ թե մեկս մյուսի մասին։ Մենք սովորում ենք իրարից՝ սիրելով մեր տարբերություններն ու նմանությունները։ Նվիրում ենք միմյանց ժամանակ և օգտակար ենք լինում պարզապես լսելով։

Եվ վերջապես ամենակարևորն ինձ համար ինքներս մեզ հետ հարաբերությունն է։ Երբ ուսումնասիրում էի անձի արժեքները, հասկացա, որ բոլորի համար կարևոր են կողմնակի ինչ-որ բաներ կամ ինչ-որ մեկը, բայց ոչ հենց իրենք։ Ես գոնե մեկ տարի առաջ ամեն հարցում թերագնահատում էի ինքս ինձ, ուրիշներն ամենալավն էին ու ամենատաղանդավորները։ Ոչ, դա թերարժեքության բարդույթ չէր, դա անհիմն ինքնաարժեզրկում էր, դա ինքնաքննադատություն էր, բայց առողջ չէր։ Ես սովորեցի լսել ինքս ինձ, և սկսեցի զբաղվել ինքնաճանաչմամբ։ Օրինակ՝ ինձ համար շատ հաճելի են միայնակ զբոսանքները։ Ասում են՝ որքան մեծ է ճնշումը, այնքան հարմարումն ուժեղ է։ Ես ձգտում եմ չտրվել ճնշումներին։ Միգուցե թերություններն ավելի հաջողակ դարձնեն, կարևորը էֆեկտիվ կիրառումն է։

Հեշտ ապրելը գուցե անհետաքրքիր է։

Չկատարած իմ քայլը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Գիտեք, ես գյուղում եմ ապրում, իսկ ապրել գյուղում նշանակում է.

1. մեկը մյուսին ճանաչում է,

2. ամոթ է, վայ, քեզ խելոք պահի,

3. բա ի՞նչ կմտածեն իմ մասին

Շարքը կարող եմ շարունակել։ Ու յուրաքանչյուր գյուղում ապրող մարդ ինձ կհասկանա։

Թե ինչ է կատարվում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ բնակավայրերում, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, ու տեսնելով, թե ինչպես են մարդիկ՝ հասարակությունը, ծերերը, երիտասարդները, անգամ փոքրերը միահամուռ ձևով խաղաղ ցույց անում։ Հա՜, նշեցի՝ տեսնում, բայց միայն համացանցով, քանի որ ես այնտեղ չեմ։ Իսկ այստեղ՝ գյուղում, չենք կարող մենք էլ պայքարել, ցույց անել, քայլ անել, պահանջել, մերժել, քանի որ հիշե՜ք, թե ինչպես եմ սկսել նյութը։

Բայց գիտե՞ք, այդ ցույցերին մասնակցելը միայն իմ ցանկությունը չէ, դասադուլ անելը նույնպես, այլ մի ամբողջ դասարանի, ինչու ոչ, նաև այլ դասարանների ցանկությունը։ Ու մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք անել մեր քայլը, ինչպես կարող ենք մեզ մոտ էլ մերժել, համալրել այն հարյուր հազարավոր մարդկանց շարքերը, որոնք ցույց են անում, բայց դա միայն որոշում ենք օդում, քանի որ մեզ ասել են. «Անչափահաս եք, ձեր ի՞նչ տարիքն ա քաղաքականությամբ զբաղվելը, խելոք դասի եկեք»։

Ճիշտ է, չափահաս չենք, բայց այդքան էլ փոքր ու անգիտակից չենք, որ չհասկանանք՝ ինչ է կատարվում մեր շուրջը, մեր ժողովրդի հետ ու Հայաստանում։

Երանի ունենայի հնարավորություն անելու ԻՄ ՔԱՅԼԸ, բայց քանի որ չունեմ, ինձ մնում է հետևել և աղոթել մյուս բոլոր ցուցարարների համար։

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Ինչքան արագ է փոխվում իրավիճակը: Մինչ հոդվածը պատրաստվում է հրապարակման, այն արդեն իր հրատապությունը կորցրած է լինում: Սակայն չանդրադառնալ չենք կարող, որովհետև ով գիտի՝ վաղը միգուցե նույն իրավիճակը լինի:

Ազատ ժամանցը՝ պարապություն

Իմ գյուղում` Վահանում, չկան մշակութային կենտրոններ: Իմ հասակակիցները չունեն զբաղմունք, և շատ ձանձրալի է անցնում գյուղի կյանքը: Ես հաճախում էի պարի, սակայն դա երկար չտևեց: Դրանից ես շատ տխրեցի, որովհետև շատ եմ սիրում պարել: Իմ ընկերուհին հաճախում էր դաշնամուրի, սակայն մեր գյուղում չէ, այլ` Ճամբարակ քաղաքում: Նա գնում էր Ճամբարակ պատահական մեքենաներով: Մանավանդ ձմռանը շատ էր դժվար: Իմ հասակակիցների շրջանում կան երեխաներ, ովքեր գնացել են նկարչական խմբակի, բայց դարձյալ Ճամբարակում: Ես շատ կցանկանայի, որ մեր գյուղ մասնագետներ այցելեին և խմբակներ բացեին: Ես վախենում եմ, որ հետագայում իմ հասակակիցները իրենց կյանքից շատ կձանձրանան և կթողնեն գյուղն ու կգնան: