Ալվարդ Դավթյանի բոլոր հրապարակումները

alla alvard davtyan

Կոշը

Թեև Դավթյան եմ, բայց Գալստյանների ճյուղի մի տերևն եմ։ Մենք Արագածոտնի շրջանի Կոշ գյուղից ենք։ Թեև Երևանում եմ ծնվել և մեծացել, բայց միշտ կապ եմ պահել մեր գյուղի հետ։ Ըստ ավանդության՝ այստեղ ապրել է Աստվածաշնչում հիշատակվող Քանանի որդի Քուշը, որի անվան ձևափոխումից էլ ստացվել են Կվաշ, Կավաշ, Կուաշ անվանումները։

Գյուղը հիշատակվում է Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում: Կոշում է ապրել կուրացած Տիրանը, որը խեղդամահ է արվել որդու՝ Արշակ Երկրորդի կողմից։ Գյուղում նաև մի աղբյուր կա՝ Սուրբ Վարդան աղբյուրը։ Այն այսպես է կոչվում Վարդան Մամիկոնյանի պատվին, քանի որ ամեն անգամ արքայի մոտ գալիս Վարդան Մամիկոնյանը ջուր է խմել այդտեղից։ Կոշում են գտնվում նաև Զաքարյան իշխանների կողմից կառուցված Կուսաբերդ կամ Աղջկա բերդ ամրոցը, 630 թվականին Գրիգոր իշխանի կառուցած Սբ. Ստեփանոս վանքը։

Գյուղում ապրում է մոտավորապես 3300 բնակիչ։ Պապս պատմում է, որ իր ապուպապերը Պարսկաստանից եկել են Կոշ 1828 թվականին։ Օրդուխան պապս ունեցել է 3 տղա՝ Կիրակոսը, Համբարձումը, Գալուստը։ Մենք Գալուստ պապի ճյուղից ենք։ Մենք ունենք նաև մեր տոհմածառը, որն սկսվում է Օրդուխան պապից, իսկ այսօր արդեն եղբորս անունն էլ կա այնտեղ: Մեր արմատների մասին հետաքրքրվել է նաև «Մենք ենք, մեր սարերը» հաղորդաշարը։