Ինեսա Կիրակոսյանի բոլոր հրապարակումները

inesa kirakosyan

Վազաշենը

Երկար էի մտածում, թե ինչպես նկարագրեմ, որ ընկալվի նույնքան «տիեզերական», ինչպիսին իրականում է: Շատերը անգամ չեն էլ լսել Վազաշենի մասին փոքրիկ և մայրաքաղաքից բավականին հեռու գտնվելու պատճառով: Ծնված օրվանից ի վեր ապրել և մեծացել եմ Վազաշենում: Հիմա մտածում եմ՝ եթե հնարավորություն լիներ ընտրելու ծննդավայրս, հաստատ գյուղը կընտրեի ու հենց Վազաշենը: Հիմա դա առավել քան կարևորում եմ, քանզի գիտակցում եմ, որ շատ շուտով անհրաժեշտություն է լինելու որոշակի ժամանակով հեռանալ հայրենի գյուղից, տնից ուսում ստանալու նպատակով: Շատ ու շատ պատճառներ կան գյուղը սիրելու համար: Ես հատկապես գարնանային Վազաշենն եմ սիրում. իմ կարծիքով՝ տարվա ամենահեքիաթային ժամանակաշրջանն է: Մաքուր օդը, ծառն ու ծաղիկը, թռչունների ծլվլոցը (որը, ի դեպ, ամենաշատն եմ սիրում), ջինջ երկինքը, ավելի ու ավելի են ձգում ու ստիպում, որ հիվանդագին սիրով սիրես: Բառերով չի ստացվի նկարագրել այն յուրահատուկ զգացողությունը, որ ունեմ: Վազաշենի գիշերներն էլ եմ շատ սիրում, երևի կասեք՝ ի՞նչն է առանձնահատուկ գիշերվա մեջ, երբ ամենը քնած է ու շուրջբոլորը մթություն: Աչքերդ մի պահ մեքենայաբար փակում ես, լսում «գիշերային» թռչունների ծլվլոցը, հեռվից լսվող գետի շառաչյունը, մեղմ քամին, որ թեթև տարուբերում է տերևները… Այս ամենը միասին այնքան ներդաշնակ են, որ մի տեսակ արտասովոր խաղաղություն են բերում հոգուդ: Թվում է, թե ամեն ինչ ուրիշ է, նույնիսկ մայրամուտները (ոչ մի վերջալույս լուսանկարելը բաց չեմ թողել, որքան էլ զբաղված կամ հոգնած եմ եղել, վերցրել եմ տեսախցիկն ու վազել երկրորդ հարկ` ֆիքսելու արևի՝ հորիզոնից անհետանալը): Այսքան յուրահատկություններով հանդերձ, ցավոք, Վազաշենում հաճախ չես լսի մարդկային աշխուժության ձայներ: Բնակչությունը քչանում է, ինչի պատճառը մի շարք խնդիրների առկայությունն է, որոնցից կառանձնացնեմ գործազրկությունն ու ադրբեջանական սահմանից եկող կրակոցները: Մոռացա նշել՝ Վազաշենը սահմանապահ գյուղ է:

Եվ գյուղիս հանդեպ տածած սիրո շնորհիվ է, որ ուզում եմ անել հնարավորը` աջակցելու, զարգացնելու այն, չէ՞ որ դա յուրաքանչյուրիս պարտքն է: Դրա համար էլ արդեն երկար ժամանակ է, ինչ նվիրաբար կամավորությամբ եմ զբաղվում և փորձում անել ամեն բան, որ ճանաչեն Վազաշենը: Շատ քաղաքաբնակներ գյուղը ասոցացնում են հետամնացության հետ՝ գյուղում միայն պատկերացնելով բառաչող անասուններ՝ չհասկանալով, որ իրենց պատկերացրած սև ու սպիտակը գյուղը չէ: Այսպիսի պատկերացումներով մարդկանց կողքին, սակայն կան նաև շատ ու շատ մարդիկ, ովքեր նույնքան ինքնատիպ են տեսնում գյուղը, ինչպես իրականում է: Անչափ շնորհակալ եմ իրենց, որ հասկանում ու գնահատում են: Դեռ ձեզ կպատմեմ Վազաշենի գեղատեսիլ վայրերի, մշակութային կոթողների մասին, որ պլանավորեք, թե արձակուրդները որտեղ եք անցկացնելու: Ասածս ինչ է` սիրեք ձեր հայրենիքը, ձեր գյուղը, քաղաքը, այն տարբերվում է մյուսներից` անկրկնելի լինելով: Հպարտացեք ձեր «տիեզերքով»: