Մանվել Մանուկյանի բոլոր հրապարակումները

Ի՞նչ գույն ունի հողը…

…Պատերազմից առաջ ինձ թվում էր, թե հստակ գիտեմ այս հարցի պատասխանը, մինչդեռ հիմա նայում եմ այդքան հարազատ դարձած հողին ու զգում եմ տաք կարմիրը… Այո՛, հիմա ամեն ինչ զգում ու ապրում եմ այլ կերպ: Բոլոր հայերի կյանքը տակնուվրա արեց այս պատերազմը: Քանի՜ ճակատագիր փոխեց, քանի՜ երազանք կործանեց, հոգի ու մարմին հաշմեց, ծիծաղներ մարեց ընդմիշտ… Այս որքան փորձություններ վիճակվեցին իմ ազգին… Սակայն ես հավատում եմ, որ ի վերջո ոտքի ենք կանգնելու, մեր հաղթ գլուխը հպարտորեն է նայելու աշխարհին: Իմ ազգը միշտ պայքարել է կրոնի ու լեզվի համար, միշտ գոյատևել է ի հեճու՛կս… Երևի հայի մարմնում հատուկ գեն կա, որը միշտ առաջ է մղում ու զորացնում է…

Անհնար է երևակայել, թե ինչ էր կատարվում մեր ընտանիքներում այս պատերազմի ընթացքում: Հորեղբայրս պահեստազորային զինծառայող է, սեպտեմբերի քսանյոթի առավոտյան զանգեց հայրիկիս ու ասաց, որ իր ընտանիքը պետք է տեղահանվի, սակայն տատիկս ու պապիկս ոչ մի կերպ չէին համաձայնում հեռանալ… Ասես արմատապիրկ ծառեր՝ նրանք չէին կարողանում կտրվել իրենց հողից: Հորեղբորս որդին ծնվեց, հորեղբայրս մեն մի օրով կարողացավ իջնել դիրքերից… Պատերազմի վերջին օրերին ահազանգ ստացանք: Զանգողը հայրս էր: Մայրս միանգամից սկսեց լաց լինել… Իմացանք եղելությունը. եղբայրս ծանր վիրավորվել էր: Կյանքը կարծես կանգ առավ… Ուշքի գալուն պես հասկացա, որ արցունքներս կաթում են գետնին… Քեռիս նույնպես պահեստազորային զինծառայող էր: Այս ողջ ընթացքում մեկ րոպե անգամ հանգիստ լինելն անհնար էր… Քանի՜-քանի՜ ջահել զինվորներ այլևս երբեք կարոտով չեն փարվի իրենց մայրերին, շատերի կյանքի անբաժան ընկերը դարձավ հաշմանդամության սայլակը… Զինվորները պատմում են, որ ամենուր թշնամու դիերն էին՝ հենց ոտքի տակ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հոգևոր ուժ էր պետք այս ամենի միջով անցնելու համար: Երանի աշխարհում չլինեն պատերազմներ:

Հեռացած տղերքը մեզ հետ են: Առյուծասիրտ Մոնթեն ու նրանցից ամեն ոք շարունակելու է ապրել, քանի կանք մենք…

… Հողը ինձ համար հիմա ավելի հարազատ ու նվիրական է, քանի որ այնտեղ է մեր հերոսների արյունը: Հողը այսուհետ միայն հող չէ՝ ապրեցնող ուժ է ու պատասխանատվություն…

 

Գագարինի «Կանթեղ» գրական ակումբ

Manvel Manukyan

Ո՞վ ես դու, անհայտ զինվոր

Բարև՛, հեռավո՛ր ընկեր… Լսել եմ, որ Խորհրդային միությունում այդպես էին դիմում միմյանց: Անցել են յոթանասունհինգ երկար տարիներ, փոխվել է աշխարհը։ Թվում է՝ հավերժություն է անցել, բայց անփոփոխ է քո հանդեպ վերաբերմունքն ու երախտագիտությունը։ Հայաստանի բոլոր գյուղերում ու քաղաքներում դու հուշարձան ունես, չգրված պատմություններ, որոնք մեզ պատմել են ամեն ընտանիքում պատերազմից չվերադարձած իրենց զինվորի մասին: Ես նաև  շատ եմ դիտել Հայրենական պատերազմի մասին պատմող ֆիլմեր: Դրանք այնքան անկեղծ ու իսկական են։ Փորձել եմ մտովի պատկերացնել քեզ… Ինչպիսի՞ն ես, հայրենի՛ք փրկող անհայտ զինվոր: Հավանաբար խորն ու մտածկոտ աչքեր ունես, ազնիվ սիրտդ բաբախում է արդար զայրույթից: Իսկ գուցե քո՞ւյր կամ երեխանե՞ր ունես… Երևի կարոտում ես մորդ կամ կնոջդ, բայց փորձում ես հաղթահարել կարոտն ու կռվել, որպեսզի նրանց ոչ մի վտանգ չսպառնա, նրանք կարողանան ժպտալ ու ապրել… Հավանաբար գիտակցում էիր, որ կարող ես զոհվել կամ անհայտ կորչել, բայց պատասխանատվությունն ու ուխտը ավելի զորեղ էին… Հավանաբար ֆաշիստները չար էին ու դաժան, բայց դու անկոտրում էիր ու հզոր…

Պատերազմները մարդկության պատմության մեջ եղել և մնում են ամենավատ հիշողությունները, բայց մենք պետք է սերնդեսերունդ արթուն պահենք հուշը, որպեսզի դրանք էլ չկրկնվեն: Չպե՛տք է մոռանանք, թե ինչքան ցավ ու մահեր է բերում պատերազմը: Պիտի հիշենք, որ կարողանանք պահպանել ու գնահատել խաղաղությունը…

Հեռավո՛ր ընկեր, այս տարի շքերթներ չեն լինի, բայց բոլորս միահամուռ հիշելու ու հարգելու ենք քո հերոսությունը: Որքա՜ն որդիներ կորցրեցին մայրերը… Նրանք սգացին ցմահ:

Ամենահզոր հերոսը ինձ համար զինվորն է: Մի քանի տարի հետո ես էլ զինվոր կդառնամ, ես է՛լ կպաշտպանեմ իմ հայրենիքը, որի սահմանները գծվեցին մեր նորօրյա հերոսների արյամբ:

Անհա՛յտ զինվոր, քո շնորհիվ է աշխարհում հաղթել մարդկայնությունը: Այո՛, անմահ է հիշատակդ՝ անվերջ հուրհրատող կրակի նման…

Manvel Manukyan

Գլխիվայր շրջված իրականություն

Կարծես մեկեն հայտնվել ենք չար վհուկի՝ կորոնավիրուսի կողմից կախարդված մի աշխարհում: Թվում է՝ ուր որ է կարթնանաս և անհետ կցրվի մղձավանջը. աշխարհն էլի կլցվի տաք ու հարազատ ձայներով, գարնանային վառ գույները շրջապտույտի մեջ կառնեն մեր մոլորակը, բայց… Անցնում են ժամերը, օրերը, շաբաթները՝ կրկնվող ու անգույն առօրյայի մեջ պարուրելով մեզ: Երանի թե շուտ ավարտվեր այս ամենը և վերսկսվեր ծանոթ կենսակերպը։

Մեր դասացուցակն իրար է խառնվել, համացանցային դասերի պատճառով ժամեր շարունակ չենք հեռանում համակարգչից: Այո՛, ամեն ինչ ասես գլխիվայր է շրջվել, բայց մենք նախկինի պես էլի հաճույքով ենք պատրաստում դասերը, թեև ամեն ինչ հիմա այնքան արտասովոր է։

Մեր հայ ժողովրդին այս ինչքա՜ն փորձություններ բաժին հասան. երկրաշարժ, բազում պատերազմեր… Երկար տարիներ կարոտով ենք նայում մեր Մասիսին և փորձում ենք շենացնել մեր սրբազան ու ազնիվ հողը։

Մենք՝ հայերս, միշտ էլ լավատես ենք եղել ու ապրել ենք հրաշքի ակնկալիքով: Այ, հիմա էլ մտմտում ու փորձում եմ «դասակարգել» այս իրավիճակի դրական կողմերը: Օրինակ՝ ընտանիքս միշտ կողքիս է, ես ավելի եմ մտերմացել եղբորս հետ: Ես նրանից մի քանի տարով մեծ եմ և, անկեղծ ասած, գերադասում էի տարեկիցներիս հետ ժամանակ անցկացնել, բայց հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ հրաշալի է փոքր եղբայր ունենալը։ Պարզվում է, որ մենք կարող ենք նաև լավ ընկերներ լինել և շատ-շատ զրուցել՝ առանց ձանձրանալու։ Մինչդեռ առաջ քիչ էինք զրուցում: Այս օրերին ես հասկացա, թե որքան թանկ ու կարևոր է ինձ համար ընտանիքիս ամեն մի անդամը: Հիմա ավելի շատ եմ վայելում հայրիկիս ներկայությունը: Այնքան հետաքրքիր է նրա հետ տարբեր թեմաներով խոսելը, նրա խորհուրդները լսելն ու նրանից սովորելը։

Երբեմն թվում է, թե առաջ կյանքի ընթացքը մեզ իր հետ հապճեպ տանում էր ու չէինք հասցնում նկատել և զգալ շատ ու շատ կարևոր բաներ։ Հուսով եմ, որ այս չարաբաստիկ իրարանցումը շուտով կվերջանա և էլի կապրենք բնականոն: Բայց հուսով եմ նաև, որ այս փորձությունը մեզ կսովորեցնի նորովի արժևորել ամենը։