Հովհաննես Խաչատրյանի բոլոր հրապարակումները

hovhannesKhachatryan

Այս անգամ` վերջնական

Չորրորդ դասարանից մտածել եմ ապագա մասնագիտությանս մասին։ Շատ փոփոխական բնավորություն ունեմ, միշտ տատանվել եմ հինգից ավելի մասնագիտությունների մեջ։ Սկզբում շատերն իմ մեջ բժիշկ էին տեսնում, ես էլ անգիտակցաբար կրկնում էի, որ ուզում եմ բժիշկ դառնալ: Հետո սկսեցի տարվել դատական համակարգով (չորս-հինգ տարեկանից չգիտակցելով, բայց հեռուստացույցով ցուցադրվող դատական նիստեր էի նայում): Սկսեցի ինձ հայտնի փաստաբան պատկերացնել ու ապագաս ծրագրել իրավաբանական ոլորտում։

Արդեն ութ-իններորդ դասարանում լրջորեն մտածում էի տնտեսագետ դառնալու մասին, մինչև… Մի գեղեցիկ օր մասնակցեցի ծրագրավորման դասընթացների, ու ճշգրիտ գիտությունների վրա հիմնված այդ ոլորտը գերեց ինձ իր ամբողջ հմայքով։ Տարվել էի կոդերով, ժամերով համակարգչից չէի կտրվում։ Այդ թվերի ու տառերի ոմանց համար անիմաստ շարքը այնպիսի գեղեցիկ պատկեր էին արտածում, որ ասես արբենայի: Խորացա, ուզում էի բարձրագույն կրթությունս այդ ոլորտում շարունակել, բայց… Հանկարծ հոգումս ինչ-որ փոքրիկ տեղ զբաղեցրած, բայց միշտ ապրող երազանքը նորից սկսեց այրել ու վերացնել բոլոր մասնագիտությունների հանդեպ ունեցածս սերը, այժմ արդեն ավելի մեծ ուժով, քան չորս-հինգ տարեկան հասակում։ Դա դարձյալ սերն էր դեպի իրավաբանությունը: Դա այն սերն էր, որ ծնվեց մի անգամ և անվերջ կապրի, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ։

Իրավական ոլորտը իր ճկունությամբ, իր անսպառ գործունեություն ծավալելու հնարավորություններով, իր ֆանտաստիկ հմտություններ պահանջող չափանիշներով ինձ դարձրեց իր մի մասնիկը։ Երբ դատական նիստեր եմ նայում, կարող եմ ժամերով աչքս չթարթել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանից` որևէ բան բաց չթողնելու  համար։

Հիմա տասնութ տարեկան, քիչ թե շատ հասուն մտածելակերպով լուրջ քայլեր եմ կատարում դեպի երազանքիս իրականացումը, որը դարձել է նպատակ, ու վստահաբար կարող եմ ասել, որ կգա օրը, ու իմ հետքը անխտիր կմնա հայրենիքիս, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի իրավական համակարգի ոլորտում։