Սևակ Միրաբյանի բոլոր հրապարակումները

sevak mirabyan

Կեղծ լուրեր

Մենք ապրում ենք տեղեկատվական տարափի ժամանակաշրջանում։ Բոլորը լուր են ստեղծում, լուր հրամցնում, օգուտ ստանում որևէ լուրից կամ դառնում դրա զոհը։ Հաճախ եմ մեր լուսամուտից լուռ հետևում  բակի լրահոսին։ Լուրջ եմ ասում, մեր բակում են երկրագնդի «լավագույն վերլուծաբանները»։ Նրանք լուրջ քննարկում են քաղաքականությունից մինչև տնտեսություն, մոդայից մինչև առողջություն, ԱՄՆ-ից Չինաստան ու այսպես շարունակ…

-Էտի սաղ սութ ա, Ֆրունզ ձյաձ, հե՞ր տու ընձի չես հավատըմ, ի՞նչ կոռոնա, այ ախպեր, էտի պալիտիկայա: Տու սայթ չե՞ս մտնըմ, չեմ խասկնըմ, չե՞ս կառթըմ ինչ ա կիրած, – հարևանին վստահ համոզում էր 54-ամյա Գեղամը, ծխախոտի ծուխը քաշելով ու մի կերպ հևալով շարունակում, – սաղ սայթերում էլ կիրած ա, որ էտի ժողովրդին խափելու համար ա, սութի դեղեր են ծախըմ, որ մեզի թալանեն: Սութ ա, մի հավատա: Բա հե՞ր մեր կեղից մեկը չմեռավ, մեկը չվարակվավ… Է~հ, եսիմ է։

Ֆրունզե պապը լուռ լսում էր ու գլուխը վեր ու վար անում ի նշան համաձայնության։ Դե, ո՞նց չհամաձայնվեր. ո’չ ինտերնետ ուներ, ո’ չ էլ առավելապես դրանից օգտվելու ձևը գիտեր։ Ֆրունզե պապի օրը սկսվում էր կողքի բակի քննարկումների մասնակցելով, հաճախ էր լուռ մնում` չհասցնելով ու չկարողանալով առարկել ամբողջ օրը ինտերնետի միջոցով լուրեր ստացող իր բակի ջահելությանը, իրենը հին ու փորձված լուրերն են հեռուստացույցով, որոնց հավատում է տարիներ շարունակ։

-Սաղ քիչ էր, մկա` էլ դիմակն են սարքի պարտադիր, թե վովա տըսի ըտենց պյան, – նույն ոգևորությամբ շարունակում էր Գեղամը, – լավ ա էս սայթը կա. մարդիկ կարըմ են իրանց ուզածը իմանան։ Էն օրն էլ կարդըմ եմ, մե դոկտըր մարդ կիրել ա, որ դիմակը սութ ա, էտի տուգանելու խըմա են արի, ու շատ էլ ճիշտ ա ասըմ։ Ֆրունզ ձյաձ, չեմ տրել, չեմ էլ տնելու։

Ֆրունզե պապը միակն էր այդ մարդկանց մեջ, ով դիմակով էր ու բոլորից հեռու էր նստել, դե, հեռուստատեսությամբ տեսել էր, որ նախարարը հորդորում էր դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել, բայց ամեն անգամ Գեղամի ասածից հետո,  ծաղրի առարկա չդառնալու համար իսկույն հանում էր դիմակը։

Գեղամի տեղեկատվական քարոզը  արդեն ձանձրացրել էր Ֆրունզե պապին ու այլևս ցանկություն չուներ նրան լսելու։ Մի քանի օր բակ չէր իջել, երևի որոշել էր  մնալ տանը, համ մի լավ կհանգստանար Գեղամից, համ էլ զերծ կմնար վարակվելուց։

Մի շաբաթ անց տեսա Ֆրունզ պապին։ Մենակ էր նստած` զարմանալիորեն զրուցակիցը հետը չէր։ Մոտեցա, հարցրեցի առողջականից։

-Ես լավ եմ, բալա ջան, պինդ պոպոք եմ, ինձ պյան չի ըլնի։ Բայց համա լավ խաբար չլսի էսօր, – հոգոց հանեց ու շարունակեց, – Կեղամն ա մեռի, ասըմ են վիրուսից ա: Ջահել մարդ էր, ասա թե` տրան ի՞նչ էլավ։ Ասըմ էր` սաղ սութ ա, վիրուս չկա։ Ինչ սութ կար` կարդըմ էր ու հավատըմ, ինչ ա` իրան տենց էր ծեռնատու։

Ֆրունզ պապի հետ երկար խոսելուց հասկացա, թե ինչքան խոցելի ենք դարձել մենք։ Շուրջ բոլորը կեղծ լուրեր են, կեղծ իրականություն, կեղծ… Հասկացա, որ այս ամենին զոհ չգնալու համար մենք պետք է շարունակ կրթվենք, լինենք մեդիագրագետ, հետևենք արժանահավատ աղբյուրներին, չտրվենք սադրիչ վերնագրերով նյութերին, ստուգենք նյութի ճշմարիտ լինելը, տարբերակենք օգտակարը, պիտանին, ֆեյքը… Այլապես մենք էլ մի օր կդառնանք ֆեյք լուրերի զոհ, ինչպես մեր բակի Գեղամը…

Իմ «Տարվա մարդը». Դու կհաղթես, Արմեն

sevak mirabyan

Մեր շրջապատում այնքա՜ն շատ են մարդիկ, որոնց լավ թե վատ առումով կարող ենք «Տարվա մարդ» համարել։

Տեսնո՞ւմ եք այն սև վերարկուով տղամարդուն, ա՛յն, որ անկյունում ճգնում է ծխախոտ կպցնել իր երեքամյա որդուն գրկած․ տիպիկ  հայկական կերպար է, իսկական հայր, ով տարիներ հետո որդուն դնգստելու է ծխելու համար։ Բայց մինչ այդ նա իր շրջապատում սիրված ու հարգված մարդ է։ Հարցրեք ընկերներին, իրենց բակի ջահելությանը, բոլորը նրան լավագույն հատկանիշներով կնկարագրեն՝ իսկական «Տարվա մարդ»։

Էս էն մարդն է, ով միշտ ընկերների մոտ գլուխ է գովել, որ իր առաջնեկը տղա է, բա…  Չէ՞ որ հայ տղամարդու առաջնեկը պետք է արու զավակ լինի, թե չէ` ի՞նչ աղջիկ: Լավ․․․ Աղջիկն էլ հետո, տղայից հետո․․․ Ծերության ժամանակ «ջուր տվող էլ է պետք»։

Բոլորը նրան իսկական լավ տղա գիտեն, սիրող ամուսին, հոգատար հայր, բայց ոչ ոք չի էլ մտածում, թե քանի անգամ է կնոջը ուղեկցել հիվանդանոց՝ աբորտ անելու․․․ Կարևորը ինքը հեղինակություն է շրջապատում։

Բա համացանցի մյուս կողմում նստած, 25 տարի Ռուսաստանում բնակվող, Նիկոլին գովերգող մեկնաբանություններ գրող, մյուսների «տերը թաղող» հայրենասեր մորաքո՞ւյրը… Մի հերոս էլ ինքն է։

Ախր, ինքը շատ հայրենասեր է, չե՞ք տեսնում, համացանցում ամբողջ օրը հայրենիքի բարգավաճման մասին է գրում, մտածում, տվայտվում․․․

Երազում է, որ մի օր Հայաստանը դառնա հողագնդի ամենազարգացած երկրներից մեկը։ Ու ինքը էն կինն է, ով 25 տարի առաջ ստիպեց ամուսնուն երկրից գնալ, որովհետև չէր ուզում, որ տղան ծառայի «էդ անտեր մնացած երկրին»․․․

Չէ՛, ինձ այդպիսի հերոսներ պետք չեն, նրանք իմ տարվա մարդիկ չեն։

Իմ «Տարվա մարդը» փոքրիկ Արմենն է: Նրա նկատմամբ կյանքը դաժան է գտնվել, ու հիմա Արմենը պայքարում է քաղցկեղի դեմ։ Արմենը  ընդամենը 9 տարեկան է, բայց այնքա՜ն հասուն է, այնքա՜ն խելացի․․․

Նա ընդհանրապես չարացած չէ․ ասում է, որ դա փորձություն է, ու ինքը կհաղթահարի այն։

Փոքրիկ մարտիկը ժպիտով է պայքարում։ Հաճախ է ցավը տանջում տղային, փորձում  ծնկի բերել, բայց նա չի հանձնվում, ասում է, որ այս պայքարում  միակ հաղթողը ինքն է լինելու ու չի պատրաստվում մորը մենակ թողնել, ինչպես տարիներ առաջ հայրն էր լքել նրան։

Արմենը սիրում է նկարել։ Նրա նկարներում միայն պայծառ գույներ են։ Երփներանգ ծաղիկներ ու արև՜, արև՜․․․

Ամենից շատ մայրիկին է սիրում, ուսուցչուհուն ու․․․ բուժող բժիշկներին։ Հավատում է բոլորին, գիտի, որ մի օր Նարեկի, Արայի, Մհերի, Սուրենի, բոլորի հետ ֆուտբոլ է խաղալու, սար բարձրանալու ու դատավոր է դառնալու, արդարամիտ և խելացի դատավոր։

Իսկ մինչ այդ դպրոցն ու դասարանցիները, ողջ համայնքը գումար են փոխանցում նրա մայրիկի հաշվեհամարին։ Արմենին արտերկիր կտանեն ու․․․

Նա է իմ «Տարվա մարդը»` քաջ ու անվախ Արմենը։

Գիտեմ, նա կիրականացնի իր երազանքը, նաև մեր երազանքը։

Երազում ենք նրան առողջ տեսնել:

Նա չի ծխի, վատ սովորություններ չի ունենա, և․․․ 6 աղջիկ կունենա․․․