Բյուրականյան օրագիր խորագրի արխիվներ

Մեդիա ճամբար. հետադարձ հայացք

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Արդեն բոլորս հավաքվել ենք և սպասում ենք մեքենային, որպեսզի ուղևորվենք դեպի «Ամբերդ» հյուրանոց:  Մինչ մեքենան կգա, մենք զրուցում ենք, ծանոթանում, ոմանք արդեն ծանոթ են, ոմանք նոր են ծանոթանում: Շուտով մեքենան եկավ, և մենք շարժվեցինք: «Ամբերդ» հյուրանոցը գտնվում է Բյուրականից մի քիչ վերև՝Արագածի ստորոտին: Մենք ժամանեցինք առավոտյան, մաքուր օդ, արև և հիանալի տրամադրություն: Մեր սերբ ընկերները ժամանելու են գիշերը, և ժամանակը խնայելու նպատակով որոշեցինք սկսել աշխատանքը: Մի քիչ հանգստանալուց հետո հավաքվեցինք մեր առաջին քննարկմանը: Սկզբում ծանոթացանք տեղանքին, հետո սկսեցինք կիսվել մեր գաղափարներով: Դրանք շատ էին և հետաքրքիր: Օրվա վերջում կիսվեցինք տպավորություններով և ամփոփեցինք օրը: Հաջորդ օրն առավոտյան մեծ հետաքրքրությամբ իջանք նախաճաշի, կարծելով, որ կտեսնենք մեր սերբ գործընկերներին, բայց նրանք գիշերը ուշ էին եկել և հանգստանում էին: Մինչ նրանք կնախաճաշեին, մենք սկսեցինք մեր այսօրվա աշխատանքները: Հետո հանդիպեցինք ճաշարանում, ծանոթացանք: Միասին քննարկեցինք հայ-սերբական ընդհանուր խնդիրներ, և պարզվեց, որ կան շատ ընդհանուր գծեր: Երեկոյան կազմակերպեցինք բացoթյա երեկույթ լողավազանի մոտ: Մյուս օրն առավոտյան դաս ունեցանք սերբերի ղեկավարի հետ, նորից քննարկեցինք ֆիլմերը: Կեսօրին բարձրացանք Արագած՝Քարի լիճ, որից հետո գնացինք Ամբերդ, այստեղ մենք իմացանք շատ հետաքրքիր տեղկություններ բերդի և նրա պատմության մասին: Վերադառնալով հյուրանոց, ամփոփեցինք օրն ու անցանք խաղերի: Հաջորդ օրն առավոտյան գնացինք Երևան` մասնակցելու հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի վարպետության դասին, ինչպես նաև ձմերուկի փառատոնին: Զանուսսին Հայաստան էր եկել մեկ օրով: Նա կատակասեր և տաղանդավոր մարդ է: Նա մեզ ցույց տվեց իր ֆիլմերից մի քանիսից հատվածներ և երիտասարդ տարիքում նկարած մի կարճ ֆիլմ և մեկնաբանեց դրանք, այնուհետև մեզ` պատանի ռեժիսորներիս, բավականին լավ խորհուրդներ տվեց: Վերադառնալով հյուրանոց սկսեցինք պատրաստվել նկարահանումներին. որոշեցինք թիմերը, բաժանեցինք աշխատանքը: 

Մոտեցավ ամենահետաքրքիր փուլը՝չորրորդ օրը, սկսում ենք նկարահանումները: Առավոտյան նախաճաշից հետո գնում ենք նկարահանումների՝տարբեր ուղղություններով: Երեկոյան վերադառնում ենք և կիսվում տպավորություններով: Ֆիլմերի թեմաները տարբեր էին՝«Գյուղական կյանք», «Եզդիներ», «Մեղվապահներ», «Բյուրականի աստղադիտարան» և այլն: Հաջորդ օրը նույնպես նկարահանումներ եղան. ավարտեցինք կիսատ մնացած նյութերը: Այժմ մոտեցել է ամենադժվար փուլը՝մոնտաժը: Մոնտաժի ընթացքում գրեթե իրար չէինք տեսնում, յուրաքանչյուրս մեր սենյակում զբաղված էինք, հանդիպում էինք միայն հաց ուտելու ժամանակ: Սա մի բարդ, երկար, բայց միևնույն ժամանակ, հետաքրքիր գործընթաց է, որը տևեց երկու օր: Կան ֆիլմեր, որոնք նկարահանվել են մի քանի տեսախցիկներով և ընթացել են մի քանի ժամ: Դրանք պետք էր նայել, առանձնացնել որակով կադրերը, դասավորել ճիշտ հաջորդականությամբ, ինչը պահանջում է ժամանակ և համբերություն: «Սկզբից հեշտ էր թվում, հետո զգացինք, որ ժամանակի մեջ չենք տեղավորվում»,-ասում են մոնտաժողները: Այս և այլ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ավարտվեց ամենաբարդ փուլը: Հիմա մոտենում էր ժամանակը վայելելու մեր դժվար ու հետաքրքիր աշխատանքի արդյունքը:

Երեկոյան ֆիլմերի ցուցադրություն ենք պլանավորել: Յուրաքանչյուրս մեր սենյակում վերջին աշխատանքներն ենք կատարում: Եվ այսպես, մոտեցավ երկար սպասված պահը՝բոլորս հուզմունքով և ուրախությամբ նայում ենք մեր ֆիլմերը: Ամենահետաքրքիրը այն էր, որ հայ-սերբական ֆիլմում մեր Շուշանը հեղինակն էր, ֆիլմի ամբողջ ընթացքում մենք հիանում ենք նրա դերասանական տաղանդով, իսկ Շուշանը չգիտես ինչու ծիծաղում էր ամբողջ ընթացքում: Ցուցադրվեցին նաև Եզդիների մասին ֆիլմը, փիքսիլեյշնը: Մեր սերբ ընկերներից մեկը մի փոքր կատակով անդրադարձել էր իրենց երկրին: Մենք էլ ցուցադրեցինք հայերի մասին կարճ ֆիլմ, իսկ հետո միասին պարեցինք հայկական և սերբական շուրջպարեր, և կեսգիշերին մեր սերբ ընկերներին ճանապարհեցինք օդանավակայան: Առավոտյան մենք էլ պետք է ճանապարհ ընկնեինք, բայց շատ տխուր էինք: Այս շաբաթվա ընթացքում հասցրել էինք մտերմանալ իրար հետ, ասես դարձել ենք մի մեծ ընտանիք:

Զանուսսին

-Տեսնես ի՞նչ է ասելու Զանուսսին:

-Իսկ ո՞վ է Քշիշտով Զանուսսին:

Նմանատիպ հարցերով սկեսեց մեր օրը:

Մենք` «Մանանացիներս», մեդիա ճամբարի շրջանակներում հադիպում ունեցանք աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քրիշտով Զանուսսիի հետ: Մեզանից ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես է անցնելու այդ հանդիպումը, քանի որ հանդիպումները, որոնք բաղկացած  են զրույցներից, հաճախ ձանձրալի են ստացվում:

Ահա եկավ սպասված պահը, և Զանուսսին ներս մտավ. «Արվեստը տարիք չի հարցնում: Օրինակ` ռեժիսոր Մանուել դե Օրիվերան, երբ սկսել է ֆիլմեր նկարահանել, վաթսունչորս տարեկան է եղել. կարեոր չէ. մեծ ես, թե փոքր, կարևորը` կա ցանկություն, և դու պետք է հետևես նրան»:

Հետո Զանուսսին սկսեց պատմել, թե ինչ է ֆիլմ ասվածը:

-Ֆիլմը ծնվում է խոսքից, հոգու խոսքից, և շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ռեժիսոր հասկանա, թե որն է իր հոգու խոսքը:

Հետո նա ավելացրեց.

-Իմ վերջին նկարահանած ֆիլմը արտահայտում է իմ հոգու խոսքը, թեև նկարահանելով այդ ֆիլմը, ես շատ խոչընդոտների և քննադատությունների  հանդիպեցի, հատկապես, ֆեմինիստների կողմից:

-Ֆեմինիստը դա կանանց հատուկ ժանր է,և նման է խոլեստերինի ,-ասաց վարպետը:

Իսկ թե ինչու հենց ֆեմինիստների կողմից, որովհետև ֆիլմում բացասական կերպարը կին է, բացասկան ասելը մեղմ է ասված:

Հետո վարպետը ասաց.

-Ավելի լավ է ֆիլմը ցույց տամ, որովհետև ռեժիսորը, որը եկել է և անընդհատ խոսում է, կասկածելի է թվում:

Մենք իհարկե դիտեցինք ֆիլմից միայն հատվածներ, բայց ֆիլմը այնքան էր ինձ դուր եկել, որ երբ հետ վերադարձա ճամբար, դիտեցի այն ամբողջությամբ:

Ֆիլմի իմաստը շատ խորն է, շատ վեհ. դժվար թե բոլորը կարողանան հասկանալ:

Ֆիլմը, երբ ցուցադրվում էր դահլիճում, լեհերեն էր, բայց ռուսերեն սուբտիտրերով: Իմ կողքին էր նստած իմ շատ սիրելի Շուշանիկը, և նա չէր կարողանում կարդալ սուբտիտրերը, քանի որ մոռացել էր ակնոցը, և ես Շուշանիկի համար կարդում էի, որ նա լսի: Հիմա կմտածեք, թե ի՞նչ կապ ուներ այս ամենը ֆիլմի կամ Զանուսսիի հետ: Այն կապը, որ Շուշանիկը այն եզակի մարդկանցից մեկն է, որ համոզված եմ, հասկանում է ֆիլմի և առհասարակ արվեստի այդ վեհ ու խորը իմաստը:

Հիմա բոլորիդ հետաքրքրում է, թե ինչի մասին է ֆիլմը: Իսկ ֆիլմը սիրո և հավատքի մասին է: Սեփական կարծիքս չեմ կարող արտահայտել, քանի որ այս երկու երևույթների մասին խոսելու համար մարդ պետք է որոշակի հասունության հասնի, որի համար կարծում եմ դեռ փոքր եմ: Փոխարենը կասեմ, թե ինչ ասաց Զանուսսին.

-Սերը դա զգացմունք չէ, սերը դա ծանր աշխատանք է, սերը դա ամենօրյա ծանր աշխատանք է…

Հետո սկսեց հարցուպատասխան:

-Կներեք, ես գիտեմ, որ դուք ինը շուն եք պահում, իսկ դա ձեզ չի՞ խանգարում,-հարցրեց ներկաներից մեկը:

Վարպետը պատասխանեց.

-Իսկ ո՞վ ասաց, որ ես եմ շներին պահում, այդ շներն են ինձ պահում: Երբ ես ընկճված եմ լինում մի անգամ նայում եմ շներիցս մեկի աչքերի մեջ, և ամեն ինչ մոռացվում է:

Հետո ընկերներիցս մեկը հարցրեց.

-Իսկ մեզ` որպես երիտասարդ ռեժիսորների, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ ապագայի համար.

-Ամենամեծ խորհուրդը, որ կարող եմ տալ, դա այն է, որ երբեք ձեր եսը չկորցնեք և չսիրահարվեք ինքներդ ձեզ, քանզի գրեթե բոլորը տառապում են նարցիսիզմով, և հենց դա է սպանում մարդկանց…,-պատասխանեց մեծն վարպետ Քշիշտով Զանուսսին:

Նորից նկարահանումներ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեդիա ճամբարի ամենահետաքրքիր ու հակասական պահը ինձ համար նկարահանումներն էին: Ֆիլմ նկարելը իրականում հեշտ բան չէ, սակայն իրավիճակն ավելի է բարդանում, երբ ստիպված ես լինում աշխատել ֆիլմի մասին լրիվ ուրիշ պատկերացումներով մարդկանց հետ:

Մենք աշխատելու էինք հայ-սերբական հարաբերությունների մասին դոկումենտալ ֆիլմի վրա: Այնպես ստացվեց, որ ստիպված եղա համագործակցել գլխավորապես սերբական թիմի հետ: Մտածում էի, որ հետաքրքիր ու բացի այդ նոր փորձառություն կլինի իմ՝ ապագա դոկումենտալիստի համար այլ կինոդպրոցի հետ շփվելը, բայց ցանկացած նոր բան իր հետ դժվարություններ է բերում: Այս անգամը ևս բացառություն չէր: Որքանով հասկացա, մեր սերբ գործընկերներն ավելի շատ հակված էին խաղարկային ֆիլմին ու նույնիսկ դոկումենտալ ֆիլմում փորձում էին խաղարկային ֆիլմի տարրեր մտցնել: Հենց նախապատրաստական փուլում, երբ քննարկում էինք  ֆիլմի հիմնական ուղղությունները, համաձայնվեցի մի քանի զիջումների գնալ որպես հյուրընկալող կողմի ներկայացուցիչ և նույնիսկ մի քանի կադրում խաղալ: Էլ ի՞նչ իմանայի, որ պիտի ամբողջ դոկումենտալ ֆիլմում դերասան լինեի, ու ֆիլմը պիտի դառնար իմ պատմությունը:

Նախ, իմ փորձի ընթացքում ես սովորել էի, որ դոկումենտալիստը չպիտի իրեն դնի սցենարային կաղապարների մեջ, որովհետև արվեստը ստեղծագործական գործընթաց է և ազատություն է սիրում, հատկապես դոկումենտալ կինոն: Եթե ինչ-որ բան չկա նախապես պլանավորված սցենարում, բայց նկարահանումների ընթացքում հասկանում ես, որ կարող է ֆիլմին օգտակար լինել, կարելի է ավելացնել և հակառակը, եթե նախապես պլանավորել ես, բայց զգում ես, որ կարող է ավելորդ լինել, վատ չէր լինի առանց խղճի խայթ զգալու ազատվել այդ հատվածից: Սակայն սերբ գործընկերներս պնդում էին նախապես պլանավորված սցենարով շարժվել, ու հենց այստեղից էլ սկսվում էին մեր հակասությունները: Բացի այդ, իմ կարծիքով, եթե ֆիլմը, լուսանկարը կամ ասենք թեկուզ հոդվածը ամբողջական է, ապա այն կարիք չունի բացատրությունների, մեկնաբանությունների: Ճիշտ կադրը ինքնին պիտի տեսանելի ու հասկանալի լինի նայողին  առանց բառերի, իսկ այս ֆիլմում ես անընդհատ պիտի բացատրեի՝ ինչ եմ անում, ուր եմ գնում, ում հետ եմ խոսում: Ամենից շատ դա ինձ դուր չէր գալիս: Այդպես ֆիլմը դուրս է գալիս իր սահմաններից ու մոտենում հեռուստառեպորտաժին, ինչը դոկումենտալ ֆիլմի որոշ ուղղություններում ընդունված ձև է, բայց ոչ ցանկալի:

Ինձ համար դոկումենտալ ֆիլմը արկած է, ռիսկ: Դոկումենտալիստը պիտի նախ կարողանա նյութի լավ ընտրություն կայացնել, հետո ճիշտ լույսի տակ հրամցնել հանդիսատեսին: Նկարահանման ընթացքում պիտի կարողանաս իրականությունից «գողանալ» կադրը և ներկայացնել քո ուզած իրականության մեջ: Ռեժիսորը իր հերոսին պիտի կարողանա դնել իր ուզած իրավիճակում, պիտի ստեղծի իրավիճակ, որովհետև աշխատում է իրական մարդկանց հետ, ոչ թե դերասանների, իսկ դա ճկունություն է պահանջում: Ըստ իս կյանքը մեզ տալիս է ամեն ինչ, ուղղակի արվեստի ճիշտ ըմբռնում է պետք, ճիշտ լուծում: Ես սիրում եմ, երբ դոկումենտալ ֆիլմում ամեն մի կադրը իրական է, երբ զգում ես ռեժիսորի ներկայությունը, բայց չես տեսնում…

…Նկարահանուների փուլը շատ բուռն անցավ, սակայն մեր խմբի ղեկավարը՝

Միլիցան, ասաց, որ սա երբևէ ամենահեշտ, հաճելի  ու լավ կազմակերպված նկարահանումն է եղել, որ ինքը երբևէ ունեցել է: Պակաս բուռն չէր նաև մոնտաժի փուլը: Այս ընթացքում ավելի շատ կարևորեցի մոնտաժի դերը ֆիլմում: Դա այն փուլն է, երբ վերջնական տեսքի ես բերում, սարքում ես ֆիլմը, քո ուզած տրամադրությունն ու գույնը հաղորդում դրան:

Վերջապես պրեմիերա…

Ֆիլմը վերջնական տեսքով նայելիս հասկացա նաև իմ՝ որպես դերասանի թերությունները, ինչը ես անպայման հաշվի կառնեմ հաջորդ անգամ: Իմ՝ռեժիսորի որոշ դեպքերում ունեցածս անհամաձայնությունները ազդել էին մի քանի կադրերի վրա ու կեղծ երանգ տվել խաղիս:

Կարծիքները տարբեր էին ու նույնպես հակասական: Ինչևէ… Կարծում եմ՝ երկու կողմերի համար էլ հետաքրքիր էր աշխատել միասին…

Սիրելի՛ ընթերցող, շուտով ֆիլմը կներկայացվի նաև քո դատին, և դու ինքդ հնարավորություն կունենաս գնահատելու, արդյո՞ք ստացված է, թե՞՝ ոչ…

Մի քիչ պաղ օդ ամառվա տապի մեջ

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Ականջների խշշոց, գլխացավ.. Չէ, ոչ մի սարսափելի բան, ուղղակի օդի  ճնշումների փոփոխությունից է: Երրորդ օրը էքսկուրսիա ունեինք դեպի Քարի լիճ և Ամբերդ: 

-Անջատում ենք բոլոր հեռախոսները  և սմարթֆոնները, կայծակից տեխնիկայի պատճառով մարդ է մահացել այս կողմերում,- ասաց Լիլիթը, բոլորս վախեցած սկսեցինք անջատել:

Ճանապարհին Դավիթի կողմից հաճախ լսում էինք. «Խելոք մնա, թե չէ հեռախոսս կմիացնեմ ու կմտցնեմ գրպանդ» սպառնալիքը: Բայց բացի դրանից, մեզ զգուշացրին, որ այդ կողմերում շատ են նաև օձերը: Պետք էր դրա դեմը ինչ-որ ձևով նույնպես առնել: Հիշեցինք մեզ տրված խորհուրդը, որ օձերը վախենում են աղմուկից, և ամբողջ ճանապարհը քայլեցինք երգելով ու աղմկելով:

Անկեղծ ասած, մեզ  եղանակային փոփոխությունները շատ ուրախացրին, քանի որ Արագածը բարձրանալիս աստիճանաբար ցրտում էր, իսկ մենք երկու ձեռքով միայն կողմ էինք մի քիչ զովանալուն:

Քարի լճից հետո գնացինք Ամբերդ`Պահլավունի արքայական տոհմի ամրոցը,  ճանապարհից ներքև նկատեցինք փլված պատ, որը փաստորեն քանդվել և ընկել էր ամրոցից: Այնուհետև գնացինք թագավորական բաղնիք: Այնտեղ,  երբ մեզ բացատրեցին բաղնիքի աշխատելու սկզբունքը, բոլորս հիացանք կառուցողների մտքի ճկունությունից: Բաղնիքում ջուրը բարձրանում էր խողովկների միջոցով, իսկ առաստաղի վրա կար անցք, որպեսզի գոլորշին դուրս գա:

Հետ գալու ճանապարհին կանգ առանք եզդիների բնակավայրերի մոտ: Մոտեցա մոտ 10 տարեկան երեխայի, ով ոչխարներին էր հետևում:

-Բարև, կթողնե՞ս քեզ նկարեմ,- հարցրի ես:

-Հա, բայց ոչխարների հետ չէ, էլի,- ասաց նա, և ես նկարեցի նրան իր ուզած ձևով:

Վերադարձին, օձերի համար երգելուց հոգնած, բոլորս հասանք  հյուրանոց, առանց կողմնակի ձայն հանելու:

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Ինչպես են իրագործվում գաղափարները

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Մեզ հյուրընկալած հյուրանոցում` «Ամբերդում», միգուցե աշխատավայրո՞ւմ… Չէ, չէ, արդեն մեր տանը, պատերազմական դրություն էր. բոլոր գրոհները ուղղված էին տիկին Ռուզանի դեմ: Չորս կողմից գտնվելով շրջափակման մեջ, տիկին Ռուզանը կարողացավ ճեղքել շրջափակումը՝  դուրս գալով այդ իրադրությունից: Ինչպես նշում էր նա, մեկը մյուսին հետևել էին Լենկթեմուրի արշավանքը, Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերը և Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը: 

Ի՞նչ էր պատահել. Մեր նկարահանող խմբերը միանգամից մեկնել էին տարբեր ուղղություններով և ամեն փոքր խոչընդոտի դեպքում զանգում էին` ի՞նչ անել, թանգարանում նկարահանում թույլ չեն տալիս, հուշարձանի տեղը չեն գտնում, Բյուրականի երիտասարդները չեն ուզում նկարահանվել, աստղադիտարանում ընդմիջման ժամ է, Ռադիոֆիզիկայում ոչ մեկը չկա, որտեղի՞ց վերցնել լրացուցիչ տեսախցիկ…

Պետք է արագ տեղում որոշումներ կայացնել, լինել ճկուն և հերթով լուծել խնդիրները:

Ինչպես «Մանանայում» սիրում են ասել` եթե կա խնդիր, ապա կա նաև լուծում: Ես այս ճշմարտությունը գործնականում հասկացա այս շաբաթվա ընթացքում:

Մինչ նկարահանող խմբերը դրսում էին, իսկ մեր խումբը մայրամուտին պետք է մեկներ, ազատ չէինք մնացել նաև մենք: Ոմանք հոդվածներ էին գրում, մյուսները  արխիվացնում էին նյութերը, իսկ ես «վարպետության դաս» ստացա Սիրանից լուսանկարչության վերաբերյալ: Բացատրելով բոլոր ֆունկցիաները՝ Սիրանը ինձ մենակ թողեց ֆոտոապարատի հետ, և ես երկար ժամանակ փնտրում էի, թե ինչպես կարող եմ փոխել «ISO»-ն, սակայն չկարողացա գլուխ բերել, մինչև Սիրանը չվերադարձավ: Ոչ բոլոր փորձերը միանգամից ստացվեցին: Առաջին մի քանի լուսանկարները ֆոկուսից դուրս էին, հաջորդներում լուսավորությունը կամ շատ էր կամ էլ քիչ: Բայց նաև հաճելի էր տեսնել առաջին հաջող լուսանկարը:

Այս շաբաթվա ընթացքում հյուրանոցը վերածվել է իսկական մեծ ստեղծագործական արվեստանոցի, ուր ամեն վայրկյան մի նոր բան ես սովորում: Անգամ հյուրանոցի աշխատակազմը ամեն բան մոռացած լսում ու հետևում է մեզ, հարցեր տալիս, փորձում մի բան էլ ինքն առաջարկել:

Հավանաբար ամենաշատը այս մթնոլորտը կկարոտեմ:

Նկարահանման արկածներ

Լուսանկարը՝Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝Նելլի Խաչատրյանի

-Ես կգամ:

-Ես էլ,- բացականչեցինք ես ու Նելլին, երբ որոշվում էր, թե ով է հովիվների և կովեր նախիրի հետ գնալու գյուղ՝ ճանապարհին, իհարկե, նկարելով նրանց:

Երկուսով ճանապարհ ընկանք:

-Ուրեմն, ես կխոսեցնեմ, դու կնկարես,- ասացի ես Նելլիին, ու մենք համաձայնության եկանք:

-Նել, արի արագ հասնենք հովիվներին, էս շունը ինձ թարս ա նայում,- վախեցած վազեցի ես՝ նայելով վրաս մռնչացող շանը:

Մենք վազելով հասանք հովիվներին և նկարեցինք նրանց: Պարզվում է, որ բոլոր կովերը գիտեն իրենց տան տեղը, և երբ մտնում են գյուղ, բոլորն առանձնանում են ու գնում ճիշտ իրենց տան կողմը և կանգնում դարպասների առաջ: Չբավարարվելով միայն հովիվներով՝ ես ու Նելլին որոշեցինք նկարել նաև այդ տեսարանը և մի կովի հետևից թեքվեցինք դեպի քարքարոտ զառիթափը:

-Նկարի, նկարի, նկարի:

-Ստեղ հնարավոր չի, շատ քարքարոտ ա:

-Լավ, արի արագ գնանք հետևից, տուն մտնելուց կնկարենք:

Արագ. լավ էր ասված, բայց այդ քարքարոտ ճանապարհով արագ գնալը նույնքան անհնար էր, որքան այդ կովի հետ նկարահանման համար պայմանավորվելը: Ճանապարհի երկու կողմերից էլ մեծ փշեր էին, և մինչ ես նվնվում էի, որ փուշը պատռել է ձեռքս, կովը անհետացավ մեր տեսադաշտից:

-Լավ, չեմ հասկանում, էդ մեծ կովը ո՞ւր կորավ,- դեռ շարունակում էի նվնվալ ես՝ նկատելով, որ շուրջս տներ չկային, ուր կարող էր մտած լինել կովը:

-Արի` հետ գնանք գլխավոր փողոց,- առաջարկեց Նելլին:

-Էսքան եկել ենք, որ հետ գնա՞նք,- ընդդիմացա ես,- ոչ մի հետ, էդ փշերի միջով, միայն առաջ,- բացականչեցի ես և ավելացրի,- փշերի միջով:

Իմ գաղափարով շարժվեցինք առաջ լրիվ անծանոթ գյուղում, լրիվ անծանոթ փողոցով, եթե իհարկե, դա կարելի էր փողոց անվանել:

-Հա լավ, փոքր գյուղ ա, ոնց էլ լինի` մի տեղ դուրս կգանք,- կատակում էի ես:

-Արի, արի, մի տատիկ ա երևում:

Լուսանկարը՝Մանե Սարգսյանի

Լուսանկարը՝Մանե Սարգսյանի

Մենք վազեցինք տատիկի մոտ, որը մեզ փրկարար էր թվում: Այս տատիկը, ինչպես նաև Բյուրական գյուղի մյուս բոլոր բնակիչները, շատ հյուրասեր ու մարդամոտ էր: Ճանապարհը մեզ ցույց տալուց հետո նա սկսեց հետաքրքրվել, թե ինչ ենք նկարում, և ինքն էլ պատմեց գյուղի մասին, ինչը մենք նույնպես նկարեցինք:

-Հեսա, Տիգրանս եկավ, հետաքրքիր բա՞ն եք ուզում, Տիգրանս կպատմի, գիտե՞ք ինչ լավ տղա ա,- իր հարևանին էր գովում տատիկը, երբ մեզ մոտեցավ կապույտ մեքենայով Տիգրանը:

-Երեխեք, էս ի՞նչ եք էսքան նկարում:

-Մենք «Մանանա» կենտրոնից ենք…,- հերթական անգամ սկսվեց պատմությունը:

-Ուրեմն, ես մի հատ հին դարբնոց ունեմ, գործում է, կարող եք գալ նկարել,- առաջարկեց Տիգրանը, և մենք ուրախացանք, որ մի հետաքրքիր բան էլ ենք գտել:

Բայց էլ չէինք կարող երկար զրուցել. մեր խումբը մեզ էր սպասում: Ստիպված հրաժարվեցինք տատիկի սուրճի հրավերից և շարժվեցինք մեզ ցույց տված ճանապարհով: Գլխավոր ճանապարհը հարթ էր, ասֆալտապատ, բայց կտրուկ զառիթափ: Իսկ մենք ստիպված էինք շտապել: Սառը քամին այրում էր մեր կոկորդները: Վերջապես տեղ հասանք և նստեցինք մեքենան: Այստեղ էլ ավարտվեցին Մարիամի ու Նելլիի այդ օրվա արկածները, որոնք դեռ երկար տառապեցին մկանացավից, բայց ուրախ էին, որ մի քանի կադր ավել են նկարել:

 

Մի բուռ կապույտ կանաչի վրա

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Շատ մարդկանց և նաև ինձ մի հարց է հետաքրքրում, թե ինչ գործ ունեի ես մեղվապահի մոտ: Իհարկե, ճիշտ եք… Կիսաստացված լրագրողի մասնագիտությամբ ինչ-որ մեկին էլի պիտի զոհ դարձնեի:
Ես սիրահարված եմ աշխարհին, երբ առանց ակնոցի եմ: Այդ օրը առանց ակնոցի էի: Լավ տրամադրությունն ապահովված էր: Մի քիչ հեռու կանգեցինք: Կանաչի մեջ երևի բոլորի ուշադրությունը գրավեցին այդ տնակները: Ես յուրահատուկ չէի. մեծ կապույտ տնակ, իսկ կողքին` հավաքված մեղվի բներ. կարծես ձագուկները լինեին:
-Հե՞շտ է ապրել այստեղ:
-Երբեք ու ոչ մի տեղ  ապրելը հեշտ չէ, պիտի աշխատեք, աշխատելը հե՞շտ է,- սևեռուն նայեց ինձ մեղվաբույծ Դերենիկ պապիկը:
Ժպտացի: Ես երբեք չեմ աշխատել ու հարցնում եմ արդյո՞ք հեշտ է ապրելը:
-Գիտեք, մեղուներն էլ են մարդկանց նման ,մարդկանցից ավելի խելացի ու աշխատասեր: Եթե մեկ օր աշխատավոր մեղուներից մեկը առանց նեկտարի գա, նրան տուն չեն թողնի,  բայց քո մայրը հաստատ կթողնի,- նորից նայեց ինձ: Նորից ժպտացի:
Գիտեք, երբ ուզում եք մտածել, ստեղծագործել, մի այցելեք փիլիսոփայի կամ գիտնականի: Գտեք մի լեռնցու կամ հողագործի, նստեք կողքին ու լռեք, ու ոչ թե լսեք, այլ վայելեք նրա խոսքերը: Մարդիկ, որոնք հաճախ միայն տարրական կրթություն ունեն, կարողանում են կյանքը վերլուծել հրաշալի ձևով, հասկանալ երևույթները ամենախորքային տեսանկյունիցԲոլոր գիտությունների հիմքը բնությունն է, կյանքը հիմքը ևս: Ուստի, կյանքը հասկանալու համար ուղղակի մոտ եղեք բնությանը:
-Լավ աշխատանքը գնահատվում է,- շարունակեց նա,- անկախ նրանից թե որտեղ ես, ես դժգոհ չեմ իմ աշխատանքից, հավանաբար ես լավ եմ աշխատում:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Աշխարհից կտրված կապույտ տնակի մեջ ապրող մեղվաբույծ, առանց հեռախոսի, համացանցի, բայց ավելի երջանիկ, ավելի աշխատասեր ու գնահատող:
-Տեղեկացված եղեք ամեն ինչից, դուք չգիտեք, թե կյանքում ինչ է պատահելու ձեզ հետ: Տեսնո՞ւմ եք այն դեղատուփը, – ցույց տվեց առաստաղից կախված դեղատուփը,-դեղեր են, տարբեր դեղեր: Հիմա ենթադրենք, մեր հյուրերից մեկին մեղուն կծեց: Ալերգիա ունենալու դեպքում ես պիտի առաջին բուժօգնություն ցուցաբերեմ: Սարերում ապրելը և’ հաճելի է, և’ վտանգավոր: Եթե երեկ եկած լինեիք, մեղվից բացի նաև գայլ նկարած կլինեիք: Չնայած հնարավոր է, որ հիմա էլ  գա, անընդհատ իջնում են: Ես հորիցս եմ ժառանգել բնության հետ շփվելու կանոնները, հայրս` պապիկիցս:
-Իսկ դուք փոխանցո՞ւմ եք ձեր երեխաներին այն հմտությունները, որ ունեք:
-Անպայման, երեք տղաներիցս երկուսը շարունակելու են մեղվապահությունը, իսկ մեծ տղաս ալերգիա ունի, դժվար թե կարողանա աշխատել այստեղ:
-Իսկ այս փեթակի գույնը պատահակա՞ն է ընտրված:
-Ոչ, գույները ընտրում ենք այնպես, որ մեղուները կարողանան կողմնորոշվել, այսինքն, չխառնեն կանաչ գույնը փեթակի գույնի հետ. կարմիր, դեղին, կապույտ:
-Իսկ ո՞րն է ամենալավ մեղրը: Կան մեղվապահներ, որ շաքար են խառնում, կամ տարբեր խարդախություններ են անում:
-Ամենալավ մեղրը մարդու խիղճն է: Ուղղակի պետք է անկեղծ լինել, չպետք է խաբել, չխաբել ուրիշներին, և որ ամենակարևորն է չխաբել ինքդ քեզ:
Արդեն հեռանում էինք: Շուրջբոլորը կանաչ էր, կանաչ էր ամեն ինչ. թարմությունը, երջանկությունը, սարերում նույնիսկ սերն է կանաչ, ու միայն փեթակներն ու Դերենիկ պապիկի տնակն էր կապույտ:

Մեր մեքենան շարժվեց, ինչքան կարող էինք նկարահանեցինք: Հետդարձին անընդհատ կրկնում էի Դերենիկ պապիկի խոսքը` ամենալավ մեղրը մարդու խիղճն է: Միայն թե կարողանամ այդ մեղրը պահպանել…

Վարպետության դաս Վահրամ Մխիթարյանից

Ցանկացած ասպարեզում, հատկապես կինոյի ոլորտում, շատ կարևոր է փորձի փոխանակումը: Լավ կինոռեժիսոր դառնալու համար բավարար չէ միայն քո անձնական փորձը: Ռեժիսորը մարդ տեսակի հասունացման գործընթաց է, որը պահանջում է երկար ժամանակ, ջանք, ինքնակրթություն և իհարկե պրոֆեսիոնալների փորձ: Յուրաքանչյուր ոլորտի համար շատ կարևոր է, որ փորձի փոխանակման շղթան   չընդհատվի, սակայն էլ ավելի կարևոր է, որ քեզ խորհուրդներ են տալիս այն մարդիկ, ովքեր անցել են քո անցնելիք ճանապարհով: 

Երեկ մեր հյուրն էր «Մանանա» կենտրոնի նախկին  անդամ, իսկ այժմ Գդանսկի համալսարանի պրոֆեսոր, կինոռեժիսոր  Վահրամ Մխիթարյանը: «Այս  ճանապարհը, որ ընտրել եք պարտությունների ճանապարհ է, և եթե դուք պատրաստ չեք պարտության, կարող եք թողնել այս ոլորտը»,- մեջբերեց կինոռեժիսորը իր պրոֆեսորի խոսքերը հենց հանդիպման սկզբում: Հետո սկսեցինք խոսել մեդիայում աշխատելու դժվարությունների, հատկապես մեդիա «հիվանդության» մասին:  Նա ասաց, որ կարևորը իրականության զգացումը չկորցնելն է այս ասպարեզում: Երբեմն  շատերը  մոռանում են անվտանգության մասին ու ինչ-որ կադր անելու կամ նյութ ստանալու համար հայտնվում են էքստրեմալ ու վտանգավոր իրավիճակնրում: «Եղել են դեպքեր, որ լուսանկարիչը վտանգել է ոչ միայն իր կյանքը, այլ նաև իր հերոսի: Իրական դեպք եմ պատմում , որ լուսանկարիչը խնդրել է իր հերոսին խրամատից դուրս գալ, որ նկարի, ու թշնամին կրակել է»,-նշեց նա:

Հետո սկսեց պատմել իր հաջողությունների ու անցած ճանապարհի մասին: Ասաց, որ բացի ռեժիսոր լինելուց զբաղվել է լուսանկարչությամբ  և լրագրությամբ, որն էլ հենց իրեն շատ է օգնել կինոյի ասպարեզում: «Փոքր ժամանակ վախենում էի մթությունից: Հայրս ինձ ապարատ նվիրեց, ու ես սկսեցի  փորձարկումներ անել` մթության մեջ նկարելով: Դրանից հետո լուսանկարչությունը ինձ համար դարձավ վախերս հաղթահարելու, ինձ ճանաչելու միջոց»: Խոսեցինք նաև լրագրության մասին, ու նա խորհուրդ տվեց մեզ չտրվել նեգատիվ կամ պոզիտիվ լրագրությանը, այլ լինել լուծումներ առաջարկող, ինչ-որ բան փոխող լրագրող…

Սակայն հանդիպման ամենասպասված  մասը ֆիլմարտադրության մասին էր: Կինոռեժիսորը Հայաստան էր եկել «Ոսկե ծիրանի» շրջանակներում, և նրա ֆիլմերը նույնպես ցուցադրված էին փառատոնում: Իր հետ բերել էր 2 ֆիլմ` մեկը` դոկումենտալ`«Հովվի երգը», որն այս տարի «Ոսկե ծիրան» փառաոտոնի մրցույթային ծրագրում էր, մյուսը` խաղարկային` «Կաթնեղբայր», որը բազում մրցանակներ է ստացել տարբեր միջազգային կինոփառատոներում: Նախքան ֆիլմերի դիտումը  հեղինակը մեջբերեց հայտնի դոկումենտալիստ Յացեկ Բլավուտի խոսքերը, որ դոկումենտալ ֆիլմը պիտի նկարել որպես խաղարկային ֆիլմ, իսկ խաղարկային ֆիլմը պիտի անել որպես դոկումենտալ: Ապա ավելացրեց, որ իր ֆիլմերը նույնպես փորձել է այդ սկզբունքով նկարել:

Ֆիլմերը բավականին հաջողված էին թե’ թեմաների ընտրությամբ, թե’ հետաքրքիր ռեժիսորական լուծումներով, և թե’ կադրերի ու պատկերի ընտրությամբ: Ֆիլմում ցանկացած կադր կարող էիր հանել, ու դա կլիներ առանձին նկար: Սակայն բոլորիս հատկապես գրավեց ֆիլմերից մեկում օգտագործված երաժշտությունը, որը, ինչպես հետո իմացանք, գրել էր երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, ով նույնպես «Մանանայի» սաներից է եղել: Այդ  պահին այնքան ջերմություն զգացինք բոլորս: Դե, դա գաղտնիք չէր, որ «Մանանան» մեզ համար զուտ   ինչ-որ դպրոց կամ կազմակերպություն չէ, այլ թիմ, ընտանիք, գաղափար, որն իր շուրջ մարդկանց  է համախմբում: Եվ այդ փաստը կարծես մեկ անգամ ևս գալիս էր ապացուցելու, որ այստեղ մարդիկ միշտ պահում են իրար:

Բավականին ակտիվ քննարկում ունեցանք ֆիլմերից հետո: Հարցեր հնչեցին դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի տարբերությունների, դրանցում առկա սահմանների, մոնտաժի փուլի, նյութի ընտրության, տեխնիկական հմտությունների և այլնի մասին:  Կինոռեժիսորն ասաց, որ ավելի շատ նախընտրում է խաղարկային ֆիլմեր նկարել, որովհետև այդտեղ ռեժիսորն ունի ավելի մեծ ազատություն, իսկ դոկումենտալ ֆիլմն ավելի բարդ է, որովհետև դու աշխատում ես իրական կերպարների ու մարդկային ճակատագրերի հետ, և հաճախ չես կարողանում քո ուզած կադրը ստանալ: Պատահում է  նաև, որ դոկումենտալիստը կապվում է իր հերոսի հետ ու կարծես պատասխանատու է դառնում նրա ճակատագրի համար: Դոկումենտալ ֆիլմը դժվարանում է այն ժամանակ, երբ ռեժիսորը նաև օպերատորն է ֆիլմի, որովհետև մոնտաժի ժամանակ հաճախ հսկայական նյութ է հավաքվում, ու պիտի կարողանաս հեշտությամբ ազատվել դրա մի մասից, նույնիսկ եթե այն լավն է…

Հանդիպման վերջում խնդրեցինք  խմբակային լուսանկար անել: Չմերժեց, ավելին` լուսանկարվելու պահին  հասցրեց մի քանի գործնական խորհուրդներ էլ տալ մեզ լույսի հետ «աշխատելու» հմտությունների հետ կապված:  Դե, «Մանանայից» Է եղել, չէ, ինքն է մեր կենտրոնի ֆոտոստուդիան հիմնադրել, հո պահը իզուր չէ՞ր կորցնելու…