Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Աննկատ, բայց ոչ մոռացված. Մաշտոց 45-ի գրախանութը

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մաշտոցի 45-ն է, կարմիր, մեծ տառերով գրված է՝ գրքեր: Սա Երեւանի ամենահին գրախանութներից է, ուր եկել եմ՝ զրուցելու գրավաճառ Կարեն Գասպարյանի հետ:

Ներս եմ մտնում՝ թաքուն մտավախությամբ. հանկարծ չխանգարեմ խանութի աշխատանքին: Բայց վաճառողից բացի ուրիշ ոչ ոք չկա ներսում: Վերջինս էլ, նստած էլեկտրական վառարանի կողքին, գիրք է կարդում: Գրքերի այդ բազմության մեջ՝ սառը ու ոչ շատ լուսավոր սրահում, նա էլ կարծես ինչ-որ գրքի հերոս լիներ:

-Ի՞նչ գիրք է,- հարցնում եմ:

-Կարտեր Բրաունի «Ностальгическое убийство» դետեկտիվն է: Աշխատանքի ընթացքում միշտ էլ կարդում եմ, բայց ոչ շատ լուրջ գործեր: Էստեղ դա հնարավոր չէ, անընդհատ մարդիկ են գալիս, ծանոթ-անծանոթներ, շեղվում ես, խոսակցության մեջ մտնում:

Մինչ ես շուրջս եմ ուսումնասիրում, պրն Գասպարյանը պատմում է.

-Գրախանութի շենքը հետաքրքիր նախապատմություն ունի. կառուցվել է 1940 թվականին: Ի սկզբանե եղել է թութունի խանութ: Ներսի արեւելյան դիզայնը հենց դրանով էլ պայմանավորված է: 1950-ականների կեսերից դարձել է երաժշտական խանութ, «Նոտաների խանութ» էին ասում: 1960-ականների վերջերից սկսել են զուգահեռ գրքեր էլ վաճառել: Հետո նոտաների խանութը տեղափոխել են, ու մի կարճ շրջան նույն վայրում մնացորդային գրախանութ հիմնել. այն գրքերը, որոնք չէին վաճառվում, բերվում էին այստեղ: Իսկ այ 1990-ականներից, երբ Անդրանիկ Շողունցը գնեց այն, դարձրեց գրախանութ:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հայտնի է նաեւ, որ կահույքագործ վարպետը Հովհաննես Նաղաշյանն է, ուրիշ տեղեկություններ պրն Գասպարյանը կարծես թե չի մտաբերում:

Հետո պատմում է, որ դպրոցական տարիներին գրեթե ողջ հայ գրականությունը կարդացել է, ապա անցել է ռուսալեզու գրականությանը: Եւ այդ ընթերցասիրությունը պատճառ է դարձել՝ ուսումը բանասիրության ֆակուլտետում շարունակելու:

-Երեկոյան հերթով էի սովորում, որպես ցրիչ՝ զուգահեռ աշխատում էի նաեւ «Պիոներ Կանչ» թերթում: Դա 1978-87 թվականներին էր: Դրանից հետո տեղափոխվեցի «Ավանգարդ», որտեղ աշխատեցի երկու տարի: Իսկ 1990-ական թվականներին արդեն «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղարն էի: Համալսարանն ավարտելուց հետո Մոսկվայի բարձրագույն կոմերիտական դպրոցում նաեւ լրագրություն եմ սովորել:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

-Այս ընթացքում երբեւէ ստեղծագործե՞լ եք,- հարցնում եմ:

-Չէ, չեմ փորձել, ես տաղանդ չունեմ:

-Բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, ախր:

-Ուրեմն՝ մնում է դրսեւորվի,- եզրակացնում ենք ու անցնում առաջ:

Հետաքրքրվում եմ՝ գրախանութո՞ւմ ինչպես հայտնվեց.

-Գնալ-գալով,- պատմում է,- ծանոթացա սեփականատիրոջ՝ Անդրանիկ Շողունցի հետ, ընկերացանք: Սկզբնական շրջանում միասին էինք աշխատում, հետո նա մեկնեց երկրից, 1995 թվականից ի վեր միայն ես եմ գրախանութում:

-Չե՞ք ձանձրանում:

-Ձանձրալի է, բայց արդեն սովորել եմ: Դե, քսաներկու տարի է՝ միայնակ եմ:

-Իսկ փողոցի աղմո՞ւկը, չի՞ խանգարում Ձեզ:

-Արդեն չեմ էլ նկատում, զրուցակից էլ որ լինում է, երկար չեմ կարողանում խոսել, հազիվ 15-20 րոպե:

Այ այստեղ անհանգստանում եմ. ախր ես այդ լռությունը երկար եմ խախտելու, որովհետեւ ինձ հետաքրքրող հարցեր դեռ կան:

-Ինչպե՞ս է գրախանութին հաջողվել տարիների մեջ պահպանել այս տեսքն ու կոլորիտը:

-Անդրանիկի շնորհիվ է,- ասում է,- դեպքեր են եղել, երբ գնորդներ են հայտնվել, ցանկացել են տարածքում այլ գործով զբաղվել, բայց նա համառորեն ուզել է, որ հենց գրախանութ լինի: Խնդիրները այդպիսով լուծվել են:

Բավական ժամանակ է անցնում, հաճախորդներ դեռ չեն երեւում:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

-Առաջ մարդկանց հետաքրքրությունը գրքերի նկատմամբ ավելի մեծ էր, հիմա այդպես չէ,- ասում է պրն Գասպարյանը,- գուցե դրա պատճառը նաեւ այն է, որ 90-ականներին գրախանութներում սկսեցին հայտնվել գրքեր, որոնք խորհրդային տարիներին չկային: Ասենք, մարդը կուզեր ունենալ «Հազար ու մի գիշեր»-ի յոթ հատորները, բայց չէր գտնի, կամ էլ կգտներ շատ թանկ գնով՝ 100-120 ռուբլի: Իսկ հիմա դրանք 7000 դրամ արժեն: Երբեմն իմ տարիքի մարդիկ հարցնում են՝ մի հատո՞րն է այդքան, ասում եմ՝ ոչ, բոլորը միասին: Զարմանում են, գիտե՞ք: Դե, ախր, հասարակարգ փոխվեց: Մեր օրերում չկարդացած մարդն էլ է մեծ հարգանքի արժանանում:

Պրն Գասպարյանը ցավով է նշում, որ այսօր գնորդը իր ուզած գիրքը չգտնելու դեպքում հաճախ շրջվում, գնում է, նրան էլ չի հետաքրքրում, որ գուցե դրանից շատ ավելի լավ ուրիշ մի գիրք լինի: Բայց ասում է, որ մշտական գնորդներ էլ ունեն, նույնիսկ կան մարդիկ, ովքեր իր աշխատելու առաջին տարիներից մինչ օրս գալիս են, երբեմն՝ թեկուզ ոչ գիրք գնելու: Բայց այն, որ մտնում են գրախանութ, որ կապը չեն ուզում կորցնել, նրա համար արդեն իսկ լավ է: Հիմնական մասը միջին տարիքի մարդիկ են, ուրախանում է, երբ երիտասարդներ էլ են գալիս:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Գրքերից բացի խանութում հին ֆոտոների վերատպված տարբերակներ են՝ հայկական տարազի, կենցաղի պատկերներով: Նաեւ նամականիշներ կան, ծրարներ, հուշանվերներ: Ներսի սրահում մի քանի նկարիչների գործեր են, դրանք եւս վաճառքի են ներկայացված: Մի անկյունում էլ պրն Գասպարյանի որդիների լուսանկարներն են.

-Մարտունիում են ծառայել, մի տարի միասին են եղել: Մեծ որդիս նույնիսկ պարգեւատրվել է, մինչ օրս էլ չի ասում՝ ինչի համար: Ենթադրում ենք, որ այդ օրերին դիվերսիա են կասեցրել,- ասում է՝ երեւի թաքուն հպարտանալով:

-Երեւանյան շատ գրախանութներ զբաղվում են իրենց գովազդով, հաճախ շնորհանդեսներ, տարատեսակ միջոցառումնե են անցկացնում: Ձեզ մոտ կարծես այդպես չէ:

-Չէ, մենք նման բաներ չենք անում, մի երկու անգամ շնորհանդես անցկացրինք, ու վերջ: Եթե գիտական ինչ-որ լուրջ աշխատանք լինի, գուցե էլի համաձայնենք: Բայց մեր տեղն էլ էնքան թաքուն է, շատերը չգիտեն էլ: Երեկոյան հինգից հետո էստեղով մարդ չի անցնում, ով էլ անցնում է, աշխատանքից տուն է գնում:

-Իսկ այլ աշխատանքի անցնելու կամ խմբագրություն վերադառնալու մտքեր չե՞ն ծագում,- հարցնում եմ:

-Չէ, չեմ ցանկանում: Խմբագրությունը մի շրջան էր, որ պիտի գար ու անցներ: Եթե վերադառնայի, տպագիր մամուլին կվերադառնայի, բայց դա էլ, ախր, այսօր այնքան է փոխվել, թերթը կորցրել է իր արժեքը:

Սա իմ տխուր թեման էլ է: Մարդիկ կան, ովքեր կարծում են, թե տարիներ հետո թերթերն առհասարակ կդադարեն գործել: Համամի՞տ է արդյոք պրն Գասպարյանը այս մտքին.

-Չեմ կարծում, թերթերը միշտ էլ կկարդացվեն, բայց, իհարկե, ոչ առաջվա պես: Նոր տեխնոլոգիաները կառաջարկեն այն, ինչը մենք քսան տարի առաջ չէինք էլ պատկերացնում: Մինչեւ վերջերս կարդում էի, հիմա՝ արդեն չէ: Հիմա այն, ինչ ուզում ենք, համացանցում կարող ենք գտնել:

Այս մեկ ժամվա ընթացքում ընդամենը երկու հաճախորդ է մտնում. մեկը՝ դրամը մանրացնելու, մյուսը՝ պարզապես նայելու: Պրն Գասպարյանը երեւի սովոր է այս ամենին…

-Ժամանակի հետ ինչ-որ բան կփոխվի՞,- հարցնում եմ:

-Չեմ կարծում: Նա, ով չի կարդում, հետո էլ չի կարդա, ով կարդում է, կշարունակի նույն կերպ: Միշտ էլ էդպես է. փոքր մասան է կարդում, փոքր մասան է հեղափոխություն անում: Մնացածը համակերպվում են:

Մտածում եմ՝ ժամանակն է ավարտել զրույցս, ախր, ժամից ավել է՝ խոսեցնում եմ նրան: Ներողություն եմ խնդրում սրա համար, ժամանակ խլելու համար: Դե, ամեն դեպքում: Բարի ժպտում է ու շարունակում խանութի ցուցափեղկերից հետեւել փողոցի անցուդարձին: Այսպես ողջ ընթացքում էր. երբ խոսակցության թելը կտրվում էր, կանգնում էր ցուցափեղկերի մոտ, հայացքն ուղղում փողոցին ու լռում:

Դուրս գալով գրախանութից՝ հասկանում եմ, որ ողջ ընթացքում ավելի շատ լռեցինք, քան խոսեցինք միասին, եւ նաեւ հավատում, որ ժամանակի հետ, ամեն դեպքում, ինչ-որ բան դեպի լավը կփոխվի գրախանութում, քաղաքում, ամեն տեղ: