Արագածավանի ներառական «Իմ թատրոնը» Երևանում

Դեկտեմբերի 3-ին, Երևանի պետական կամերային թատրոնում մի քանի ժամով փոխվել էին գույները, ձայներն ու անգամ ժպիտները՝ բեմում էին Արագածավանի փոքրիկ դերասանները: Դահլիճում նստած երեխաների ծնողների և ընկերների հուզված ժպիտներից կարելի էր ենթադրել, որ ներկայացումը հաջողվել է: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Իմ թատրոն Արագածավանը» ներկայացրեց Լայմա Ֆրենք Բաումի «Օզի հրաշագործը» բեմադրությունը:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ներկայացումը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Հետաքրքիր էր, որ դիտելով ներկայացումը, կարծես ականատես լինեինք մի նոր պատմության, քանի որ երեխաներն իրենք էին հրաշագործել, ստեղծել էին իրենց պատմությունը: Մանկական գրականության մեջ աշխարհահռչակ դասական Ֆրենք Բաումի գրած այս վեպը շատ անգամ է էկրանավորվել և բեմադրվել թատերական ներկայացումների համար: Ովքեր կարդացել են այդ վեպը, գուցե նկատեցին, որ շատ դրվագներ այլ կերպ էին բեմադրված, քանի որ երեխաներն այնքան կերպարային էին, որ շատ ավելի բովանդակալից էին դարձրել այդ պատմությունը:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Դորոթին, ով ուներ կախարդական կոշիկներ, բայց չգիտեր ինչպես օգտվել դրանց ուժից և մոլորվել էր տան ճանապարհին, արտասովոր առյուծը, որ վախենում էր անգամ իր մռնչյունից, թիթեղյա փայտահատը, ում սիրտը դժվարությունների պատճառով անէացել էր, ով երազում էր սիրտ ունենալ և ցանկանում էր, որ իր սիրտը ոչ թե դխկդխկա, այլ թրթռա, բայց նրան ոչ ոք չէր էլ նկատում: Ծղոտե խրտվիլակից ագռավները չէին վախենում, քանի որ նկատում էին, որ նա չի կարող վնասել իրենց:

Սկզբում բոլոր կերպարները խնդիրներ ունեին, բայց ընթացքում, տարբեր դժվարությունների միջով անցնելով, հասնում են իրենց նպատակներին: Փայտահատին վերջապես նկատեցին, ծղոտե խրտվիլակը խելք ու հոգի ստացավ, Դորոթին գտավ իր տան ճանապարհը: Խնդիրները լուծվում էին անգամ բացասական կերպարների միջոցով, և ուշագրավն այն էր, որ բացասական կերպարներին իրենց զվարճալի երկխոսությունների միջոցով հանդիսատեսը սիրեց:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Եվ զարմանալի է, որ թատերախմբի մասնակիցները դերասաններ չեն, նրանք սովորական երեխաներ են, ովքեր սիրում են արվեստը և ուզում են ինչ-որ ձևով հաղորդակից լինել: Արվեստը երբեք ինքնանպատակ չի լինում: Երեխաներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հաշմանդամ են դարձել և չեն կարողանում ամբողջովին ինտեգրվել հասարակության մեջ՝ բեմում էին, բեմում, ինչպես իսկական դերասաններ, նրանք վայելում էին իրենց ծափահարությունները և հասկանում, որ այսուհետ ամեն ինչ լավ կլինի: Նրանցից մեծ համարձակություն է պահանջվել, որ բեմում լինեն, և դա նրանց ներքին հաղթանակն է…

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Երեխայի և ընտանիքի աջակցության» ծրագիրը հոգեբանական թատրոնը կիրառում է որպես այլընտրանքային հոգեթերապևտիկ միջոց՝ անդրադառնալով գյուղաբնակ երեխաների հիմնախնդիրներին։

Թատերախմբեր են գործել Արմավիրի մարզի Քարակերտ, Գետաշեն և Արագածոտնի մարզի՝ Արագածավան համայնքներում։ «Իմ թատրոն» թատերախումբը սկսել է գործել 2016 թվականի մարտից և համախմբում է համայնքի 20 երեխաների և պատանիների։

Զրուցեցինք ռեժիսոր Մարինե Ասատրյանի հետ.

-Չեմ կարող ասել, որ հենց սկզբից մտածել եմ երեխաների հետ աշխատելու մասին, բայց երբ նոր էի սկսել իմ թատերական գործունեությունը, իսկ դա 1988 թվականին էր, այդ շրջանում իսկապես ավելի շատ կարիք կար երեխաների հետ աշխատելու, երեխաների կյանքն ավելի գունեղ դարձնելու… Սկզբում դպրոցում էի աշխատում, հետո ստեղծեցինք «Շոկոլադ», «Ավետիս», «Կանթեղ» թատերախմբերը:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Իսկ դրանք նո՞ւյնպես ներառական թատերախմբեր էին:

-Այն ժամանակ չէինք մտածում ներառական, ոչ ներառական. խմբում ով կար, նրանց հետ էլ աշխատում էինք: Վերջին տարիներին է, որ սկսել ենք տարբերակել: Որպես ներառական թատրոն առաջին փորձերը Մանկական զարգացման հիմնադրամի հետ եղավ: Սկսեցինք ներկայացումներ բեմադրել և Երևան քաղաքի տարբեր դպրոցների երեխաներին էինք հրավիրում: Շատ հետաքրքիր գրանտային ծրագրեր էին, Վիլյամ Սարոյանի և այլ հեղինակների գործեր էինք բեմադրում: Ներկայացումները տեղի էին ունենում հանրապետության տարբեր գյուղերում, քաղաքներում:

-Ի՞նչ ասել է «Հոգեբանական թատրոն»: 

-Մեր առջև դրված խնդիրներն այլ են, մենք չենք ընտրում այն երեխաներին, որոնց հետ ավելի հեշտ կլինի աշխատել: Պատկերացնո՞ւմ եք՝ ավելի հեշտ չի՞ աշխատել այն երեխաների հետ, ովքեր սիրում են թատրոնը, մաքուր խոսք ունեն, հմուտ են: Մենք ընտրում ենք այն երեխաներին, ովքեր կաշկանդված են, աչքի չեն ընկնում իրենց տաղանդներով, ովքեր անտեսված են, ովքեր ունեն հոգեբանական, խոսելու, քայլելու և այլ խնդիրներ: Մենք ոչ թե ցուցադրման արվեստն ենք ներկայացնում, այլ բացահայտման: Երեխաների մեջ բացահայտում ենք նոր ունակություններ, արդյունքում՝ թատրոնի մի նոր տեսակ է ծնվում: Այս մոտեցման շնորհիվ դպրոցում և, ընդհանրապես, կյանքում բարձրանում է երեխաների ինքնագնահատականը, ընտանիքում նույնպես սկսում են ճանաչել իրենց երեխաներին: Այսինքն, ոչ միայն դերասանի ենք բացահայտում, այլև անհատի բացահայտում է կատարվում մեր թատրոնում:

-Որո՞նք են ձեր հիմնախնդիրները: 

-Մեզ համար կարևորն այն չէ, որ երեխաները բեմ բարձրանան, իրենց բոլորը տեսնեն: Մինչև այդ ներկայացումը երեխան շատ երկար ճանապարհ է անցնում: Նա ինքն իր մեջ է իրեն գտնում, իր հարցերի լուծումներն է գտնում, վախերն է հաղթահարում, խոսելու հմտություններ է ձեռք բերում: Մենք խմբում տարբեր թեմաների շուրջ զրուցում ենք, երեխաները գրում են իրենց հուզող թեմաների մասին, հետո սկսում ենք աշխատել բեմադրության վրա: Ու հետո, երբ բեմ է բարձրանում, ավելի ինքանավստահ է լինում: Եթե նա կարողացավ բեմում իրեն դրսևորել, ուրեմն հասարակության մեջ արդեն խնդիր չի ունենա: Նա վատ չի զգա անգամ այն բանից, որ մտքերը չի կարողանում արտահայտել: Այսինքն, մենք բեմ ենք բարձրացնում լուծված խնդիրներով:

-Իսկ թեմայի ընտրությունն ինչպե՞ս է արվում:

-Դա կապված է, թե թատերախմբի երեխաներն ինչ խնդիրներ ունեն. վախի, ինքնավստահության և այլն:

-Այսինքն, դուք համապատասխան հերոսնե՞ր եք գտնում:

-Իհարկե, բաներ կան` ավելացնում ենք, փոխում: Այսինքն, կերպար և տեսակ խառնվում են իրար: Հերոսը և դերակատարը խառնվում են իրար, և հանդիսատեսը դա չի էլ նկատում, և մենք չենք էլ ուզում, որ նկատվի և դա հենց մեր հաջողությունն է, որ չի նկատվում, ուրեմն լավ են միաձուլվել: Սկզբում երեխաների գրած փոքրիկ պատմությունների հիման վրա էինք բեմադրություն անում: Օրինակ, Քարակերտ գյուղում արված ներկայացումը: Եթե ուշադիր լինեք, քարերն ամեն մեկն իր պատմությունն ունեն և հերոսների երազների հիման վրա մենք բեմադրեցինք այդ ներկայացումը, ու շատ մեծ հաջողություն ունեցավ: Երբ սցենարը նրանք են գրում, հրաշալի պատկերացնում են, թե ինչի մասին է խոսքը: Արդյունքում՝ ոչ միայն ներկայացում ենք ունենում, այլև ունենում ենք երեխաներ, ովքեր գտել են իրենց հարցերի պատասխանները: Երեխաների համար համարձակ քայլ էր նաև այն, որ նրանք ներկայացում ունեցան Արցախում՝ զինվորների համար: Այդպես երեխան սովորում է խաղալ ուրիշ մեկի համար, ոչ միայն դպրոցի հանդիսատեսի համար:

-Երեխաների հետ զրուցելիս հասկացա, որ բոլոր երեխաները ցանկանում են դերասան դառնալ: Պատկերացնենք, որ նրանք մեծացան, ունեն դերասանի գիտելիքներ, կա՞ այն հարթակը, որտեղ նրանք կարող են շարունակել իրենց թատերական գործունեությունը:

-Իրականում կա այդ խնդիրը: Նշեմ, որ մենք արդեն ունենք երեք դերասան, ովքեր սովորում են թատերական բուհում: Մեծ թատրունում իհարկե դժվար է, բայց ժամանակները փոխվել են, տեսադաշտը լայնացել է: Տարբերություն չկա մարդը ինչպես է խոսում, ինչպես է քայլում, կարևորն այն է, որ նա ցանկանում է լինել բեմում, ուրեմն պիտի լինի, որովհետև ասելիք ունի, ուրեմն վարագույրը թող բացվի:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Սաթենիկ Պողոսյանը՝ Օզի հրաշագործի դերակատարը, նշեց, որ նախկինում կարծում էր, թե թատրոնը վատն է, բեմ բարձրանալիս մարդիկ հուզվում են, ուրեմն վախենալու բան կա այնտեղ: Բայց երբ միացավ խմբին, շատ հավանեց, ամեն ինչ փոխվեց, այժմ իրեն ավելի ինքնավստահ է զգում և չի պատկերացնում կյանքն առանց թատրոնի: Քույրիկին էլ է համոզել, որ միանա թատերախմբին:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Դորոթիի դերակատարը՝ Հասմիկ Կարապետյանը, պատմեց. «Թատրոնն ինձ վստահություն ներշնչեց: Երբ ես առաջին անգամ եկա, մտածում էի, որ ոչինչ չի ստացվի, բայց շատ ուրախ եմ, որ ներկայացման մեջ ամենագլխավոր դերն իմն է: Սա երկրորդ ներկայացումն է, որ ես մասնակցում եմ, «Քառագագաթ» թատրոնում էլ դեր ունեի, շատ գոհ եմ այս ծրագրից: Ցանկանում եմ դերասանուհի դառնալ և ռեժիսոր ընկեր Մարինեի հետ լինել»:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Փոքրիկ դերասաններից մեկի՝ Մարիամի մայրիկի խոսքերով, թատերախմբին միանալուց հետո Մարիամը շատ է փոխվել: Առաջ շատ ներփակված էր, հիմա բոլորի հետ ազատ շփվում է, շատ ընկերներ է ձեռք բերել:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Ինեսա Գրիգորյանն իր հետ զրույցի ժամանակ նշեց.

-Մեր աշխատակիցները երեխաների հետ մի քանի ուղղություններով են աշխատում ՝ հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատանքի հետ կապված ուղղություն ունենք և ունենք հոգեբանական կամ ներառական թատրոնը, որը նաև անվանում ենք ինտերակտիվ: Մեր ծրագրերը շատ բազմաբովանդակ են: Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թվականին, և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Վերջերս մենք ունեցանք նաև «Սմարթ» նախաձեռնություն: Լոռու մարզում այս պահին «Սմարթ» ավան են կառուցում

-Իսկ այս նախագիծը միայն մարզերի երեխաների՞ համար է, թե՞ Երևանի երեխաներին էլ եք ներգրավում:

-Երբ մեր գործունեությունը սկսեցինք, մեր հիմնադիրը, ով սփյուռքահայ բարերար է՝ Կարո Արմենը, այցելել էր Հայաստան և ականատես էր եղել, որ գյուղական համայնքները անտեսված են, և Երևանի հետ տարբերությունը ակնհայտ զգացել էր: Դա իր համար շատ ցավալի էր: Երբ նա վերադարձավ ԱՄՆ, որոշեց մարզային որևէ ծրագիր սկսել, և պատահական չէ, որ հիմնադրամի անվանումը Հայաստանի մանուկներ է, քանի որ իրականացնում ենք համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրեր: Սկսեցինք Արմավիրի մարզից: Այնտեղ հաջողության հասնելով՝ ավելի ընդլայնեցինք ծրագիրը: Այս պահին Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ենք իրականացնում ծրագիրը:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Հետագա ի՞նչ նախագծեր կան:

-Ինչպես նշեցի՝ հիմա Սմարթ կենտրոն է կառուցվում Լուռու մարզի Դեբեդ համայնքի մերձակայքում: Իր էությամբ այն նորարարական գաղափար է Հայաստանի համար: Համարվելու է կրթական հանգույց, տեխնոլոգիապես հզոր հագեցված է լինելու և ունենալու է միջոցներ՝ ծառայելու ամբողջ մարզին: Մեր նպատակը այս յուրահատուկ մոդելը, զարգացման բանաձևը ամբողջ Հայաստանով տարածելն է: Ծրագրել ենք, որ եկող տասը, քսան տարիների ընթացքում յուրաքանչյուր մարզում առնվազն մեկական «Սմարթ» ավան լինի, որպեսզի այս բոլոր ծրագրերը, որոնք տարբեր մարզերում իրականացնում ենք, կենտրոնացնենք մի տեղ: Բնականաբար ամբողջը բարեգործական հիմունքներով:

Հուսանք, որ բոլոր նպատակներն իրականություն կդառնան, և երեխաներն իրենց ուժերով շատ ավելին կասեն, քան բոլորիս հազարավոր խոսքերը…