tatev aghazaryan

Արտյոմի հոդվածից հետո

Երբ կարդացի Արտյոմ Սաֆարյանի «Գրագողություն» հոդվածը, որոշեցի հենց այդ պահին մտքիս եկածը գրեմ: Բայց բնավորությանս համաձայն, ինքս ինձ ասացի. «Չէ, Տաթ, մի քիչ սպասիր, հետևիր անցուդարձին, որ ապացույցներով ներկայանաս»:

Ու հենց այդպես էլ արեցի: Հետևեցի, ու թղթակիցներից ոչ ոք չէր արձագանքում: Ինչո՞ւ չեք ուզում շարժել (ինչպես Արտյոմն էր ասում) ձեր ուղեղի գալարները: Նրա հոդվածից անցել է մոտ չորս ամիս, բայց ոչ մի արձագանք: Երևի չեք էլ նկատել, որ 17.am-ում էլ լինում են ինձ համար անընդունելի գրագողության պես բաներ (որին մի փոքր ավելի ուշ կանդրադառնամ):

Գրագողությամբ գրված գրքերը, այդ միօրինակ ֆիլմերն ու երգերը երկար ժամանակ համբավ չեն ունենում և չեն հասնի նույն պատվանդանին: Ուղղակի «քոփի-փասթ» անելով չեն հասնի նույն արդյունքին:

Օգտվել ուրիշի մտքերից, ես ընդունում եմ միայն այն դեպքում, երբ մշակվում են այդ հում էլեմենտները, քանզի պետք է հեղինակը քրտնի, չարչարվի, որ չմշակված գաղափարները չօգտագործվեն իր դեմ և հետևաբար չի մեղադրվի գրագողության մեջ:

Իսկ հիմա անդրադառնամ 17.am-ում իմ աչքից չվրիպած հինգ հոդվածների, որտեղ բոլորն էլ շա՜տ հետաքրքիր հատկանիշներով ներկայացնում էին անձնակազմին: Ուրեմն, օգոստոսի 4-ին հրապարակվեց Սարգիս Մելքոնյանի «Որպես ավարտ» հոդվածը (շատ լավ էր նկարագրել ճամբարի ընկերներին),հետո հրապարակվեց Լիդա Արմենակյանի «Մի անգամ «Մանանայում» հոդվածը (հետաքրքիր էր նորեկի կարծիքը անձնակազմի մասին), սրան հաջորդեցին Սերյոժա Բաբոյանի «Աղվերան Մեդիա ճամբարից լիցքավորված», Անի Հարությունյանի «Վերջացավ…» և Անգելինա Կարապետյանի «Փոփոխություններ» հոդվածները: Ես ընդունում եմ այս ձևը, որովհետև մեր թղթակիցները ոչ թե «քոփի-փասթ» էին արել նույն հատկանիշները, այլ թեև նույն թեմայով, բայց ամեն մեկը իր տեսանկյունով էր գրել:

Իսկ ի՞նչ է հեղինակային իրավունքը: Փաստորեն գոյություն ունի մի օրենք, որի համաձայն գրագողությունը համարավում է քրեորեն պատժելի արարք, որն էլ հետևյալն է՝ ՀՀ Քրեական օրենսգրի 158-րդ հոդվածով՝ «Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի»: Բայց մի հարց՝ աշխատո՞ւմ է այս օրենքը: Դժվար, թե:

Տեսնեմ՝ էլ ո՞վ ինձ նման հետազոտական աշխատանք կանի: Եվ այս իմ բնավորության պատճառով մայրս ինձ ասում է «ֆռից»:

Խմբագրության կողմից. Կիսում ենք Տաթևիկի մտահոգությունը, և շատ ուրախ ենք, որ հենց դուք՝ պատանի թղթակիցներդ եք բարձրացնում այս հարցը: Նա, ով մտավոր արժեք է ստեղծում, արդեն հասկանում է, թե ինչ ծանր ու ցավալի բան է, երբ գողանում են մտքերդ: Դե ինչ, քննարկումը շարունակվում է: