aneta baghdasaryan

Հավանականությունն ու մենք

Սովորականից ուշ արթնացա, նախաճաշեցի ու գնացի համալսարան: Հա, մենք շաբաթ օրերին էլ ենք դասի գնում: Համալսարանից համարյա մեկ կանգառ ներքև եմ ապրում, բայց այսօր, չգիտեմ՝ ինչու գնացի կանգառ: Կանգնած փորձում էի հիշել այդ օրը տեսած երազս, երբ կանգառում հայտնվեց 58 համարի երթուղայինը:

-Նստի, աղջիկ ջան, լիքը տեղ կա:

-Ոչինչ, մի կանգառից իջնում եմ:

Միայն տեսնեիք երթուղայինում նստածներին, երբ հասկացան, որ ալարել եմ մի կանգառ քայլել: Հասանք համալսարան: Առաջին ժամի համար եկածներն արդեն տուն էին գնում: Բողոքում ենք, որ մի դասի համար եկել ենք համալսարան: Բա իրավաբանականի երեխեքը ի՞նչ անեն. 4 դաս իրար հետևից ֆրանսիացու լեկցիա են լսելու: Եկավ հավանականության տեսության դասախոս պարոն Գևորգյանն, ու սկսեցինք գործնական պարապմունքը: Կասկածելի հասկանալի էր երկրաչափական հավանականությունը, համենայնդեպս՝ անհասկանալի «քսին» և «օմեգան» էլ չկային: Ուրախությունս երկար չտևեց, երբ հասկացա, որ այս տարի էլ ենք ինտեգրալ օգտագործելու: Երբեք չէի մտածի, որ կհաշվեմ Հայկի ու Անիի հանդիպելու հավանականությունը՝ այն էլ երկրաչափորեն: Եթե հետաքրքիր է, ասեմ, որ եթե նրանք պայմանավորվել են հանդիպել 19:00-20:00-ի սահմաններում, և հանդիպանն առաջին եկողը 15 րոպե սպասելուց հետո կհեռանա, ապա նրանց հանդիպելու հավանականությունն է՝  7/16, եթե նրանց հանդիպման գալու պահերը տարբեր են: Գիտեի՞ք, որ Հին Հունաստանում մարդիկ երկրաչափական մարմիններն ու դրանց միջով անցնող հատույթներն ավելի լավ պատկերացնելու համար հանում էին իրենց աչքերը: Թե ինչ էր ակնարկում պարոն Գևորգյանը սա պատմելիս, կարելի է ենթադրել:

Գործնականը շուտ անցավ, գնացի տուն: Տատիկս ջերմություն ուներ, եթե հիվանդանում է, ապա շատ ծանր: Մի կերպ համոզեցի, որ թեյ խմի: Թեյ պատրաստելիս փորձում էի հաշվել, թե որքան կլինի իմ՝ տատիկից վարակվելու հավանականությունը, երբ լսեցի մլավոց: Մեր բակի կատուներից մեկն էր, որը միշտ մեր պատուհանի տակ պառկած է: Այնքան գեր է, որ ալարում է տեղից վեր կենալ:

-Ո՞նց ես, փիսո, կներես, մոռացել էի կերակրել քեզ: Սպասի՝ մի բան տամ:

Հավանականությունն այստեղ էլ ինձ հանգիստ չթողեց: Հիմա էլ սկսեցի մտածել, թե ինչքան է հավանական, որ փիսոն ինձ կսպասի, մինչև կերը տանեմ ներքև:

Կատվի հետ երկխոսությունից հետո տատիկին թեյ տարա, ու երբ քնեց, նստեցի բազմոցին՝ գիրքս շարունակելու: Դե, Հոլդեն, տեսնենք քո ու Սալլիի հանդիպման հավանականությունն ինչքան է: