Milana Gevorgyan

Մահվան վերելակների ռեվոլյուցիան

Բարև: Ես ապրում եմ բազմաբնակարան շենքի 12-րդ հարկում: Մեր վերելակը շաբաթը 3-4 անգամ գնում է արձակուրդ: Հա, մի՛ զարմացիր, չնայած նրան, որ #փողչկա, միևնույնն է, ինքը հասցնում է տեղ-տեղ օգտվել բարիքներից: Մեր շենքի ջրի խողովակները, որոնք վերելակի հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն, այնքան հին են, որ նույնիսկ Մովսես Խորենացին է իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ հիշատակել, ու այնքան անորակ են՝ կարծես ԱլիԷքսպրեսսից են գնել ու տեղադրել:

Ուրեմն՝ սկսում եմ ամենահետաքրքիր մասը պատմել: Մեր համեստ ու օրվա էլէկտրաէներգիայով ապրող վերելակը կարողանում է հանգստանալ, որովհետև մեր շենքի խողովակները միտինգ են կազմակերպում՝ ջրադուլ կամ ՋՐԱԴՈՒՅԼ, ու ամեն անգամ վերելակի շարժիչի աշխատանքին «վայիս» են լինում:
Անցնում եմ հաջորդ բողոքիս: Օրեր առաջ մեկուկես մետրանոց փոս փորեցին վերելակի դիմաց։ Կմտածեք, թե գանձեր էին փնտրում, բայց արի ու տես, որ որոշել էին խողովակները փոխել: Էդ փոսը դժոխքի դարպասների էր նման։ Ու ես ամեն անգամ՝ 15:30 վերածվում եմ ոչ թե Մոխրոտիկի, այլ Տարզանի: Ըհը, ես վերելակ եմ նստում ցատկոտելով, թռչկոտելով, վերելակի դռներից բռնվելով, որ հանկարծ «յոթն ու քառասունքս մեկ չլինի», ոչ էլ դժոխքի հետ մոտիկից ծանոթանամ:
Միշտ ասում են՝ երազանքին ու նպատակին հասնելու ճանապարհը քարքարոտ է ու դժվար: Հավատացե՛ք, ժողովու՛րդ, ճիշտ են ասում… Որովհետև պիտի ոտքով 12 հարկ բարձրանամ, որպեսզի հասնեմ Սառնարանին:
Մեր վերելակի դռները առավոտյան այնպիսի շխկոց-թխկոցով են փակվում՝ աղմկող հարևանների են հիշեցնում։ Այնքան պիտի խփես դռներին, որ փակվեն ու որոշեն, որ ժամանակն է արդեն աշխատելու ու վերև բարձրանալու:
Լուսավորությունը վերելակում շատ թույլ է, այսինքն մեր տեսողության մասին են մտածում կամ ինչպես ասել է Արամայիս Սահակյանը՝ Արեգակին պիտի հեռվից նայես (մեր դեպքում՝ լամպին): Երևի գիտեր, որ ապագայում այսպիսի վերելակներ են լինելու: Ու քանի որ լույսը նորմալ չի, ու վերելակն էլ մի կերպ է իջնում, հենց տեղ ենք հասնում ու լույս ենք տեսնում, մտածում ենք՝ արդեն երկնքում ենք ։ Հետո պարզվում է, որ պարզապես տեղ ենք հասել:
Ամենաջղային մասը: Ես երբեք ու երբեք չեմ հասկանա խոզերից հինգ պակասներին: Շատերի տան աղբը ինչ-ինչ կերպով հայտնվում է վերելակներում: Երևի տեսողական խնդիրներ ունեն, աղբամանը վերելակի հետ են շփոթում: Հավատացա՛ծ եղեք, չափից դուրս հաճելի է, երբ մաքրություն է տիրում:
Վերելակ մտնելիս մարդիկ խաչակնքում են, իջնելիս՝ աղոթում, դուրս գալիս փառք են տալիս, որ ողջ են մնացել… Կոճակները այնպես են ավիրել, որ սեղմելուց պիտի մատով չսեղմես, որովհետև մատդ կմնա կոճակի մեջ…
Որևէ հարկի ու վերելակի միջև մի քանի սմ տարածք է մնում, ու պիտի աստիճանները դնես, նոր նստես վերելակ:
Լավ, մի խոսքով՝ այս ամենը գրողին (բայց ո՛ր գրողին՝ չգիտեմ), մենք դեռ վերելակ ունենք ու, չնայած այս մի շարք թերություններին, էլի գոհ ենք ու տարվա մեջ մի անգամ բողոքելով անցնում ենք առաջ: Հրազդան քաղաքի վերելակների մեծամասնությունում «մե անմխիթար վիճակ» է տիրում, այսինքն՝ վերելակ էլ չկա, որ անմխիթար վիճակ լինի:
Մի խոսքով՝ արդար է, ժողովու՛րդ, ջնջե՛ք ու շահե՛ք…Բայց թե ի՞նչ կշահեք, Տիեզերքը գիտի…