ofelya hovhannisyan

Քեզ հետ, թեև առանց քեզ

Շուրջ 16 տարի ապրելով տատիկիս հետ՝ բազում խրատներ եմ նրանից լսել։ Երբեմն սխալվել եմ, սակայն հիշելով այն խրատները, որոնք տատս էր ինձ տվել, հաղթահարել ու շրջանցել եմ տարբեր տեսակի փորձություններ։ Երբ սխալ էի անում, արագ պատմում էի մտավախություններիս մասին, երբեմն գանգատվում, սակայն տատս ինձ կոփում էր, խրատում և ասում.

-Եթե ճիշտ ու արդար ես կատարում յուրաքանչյուր գործ, ապա մի՛ վախեցիր և առաջ շարժվիր։ Դժվարությունները մարդու համար են։

Տատս չէր սիրում ստախոս և կեղծավոր մարդկանց։ Առանց վախի զգացումի տատս խոսում էր ճշմարտության մասին, բացահայտում սուտը և նույնը ինձ հորդորում.

-Պարտադիր չէ կեղծավորություն անես, շողոքորթես, որպեսզի մարդիկ քեզ սիրեն ու հարգեն: Անկեղծ եղիր և երբեք մի՛ վախեցիր ճշմարտությունն ասելուց։ Եթե ոչ բոլորը, ապա գոնե մի քանիսը կլսեն քեզ անպայման։

Հատկապես շատ էի սիրում լսել տատիս պատմած պատմությունները։ Անվերջանալի պատմություններ, որոնք առանց հոգնելու պատմում էր տատս ինձ, իսկ ես լսում էի, և երբ ընդհատում էի իմ անիմաստ հարցերի տեղատարափով, տատս նախատում էր ինձ և ասում, որ մինչև վերջ լսեմ, այդ դեպքում կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանները։ Սակայն տատս ավելի շատ պատմում էր իմ մանկության մասին, իմ դրական ու բացասական հատկանիշների մասին։ Երբ հայտնեցի տատիս, որ ցանկանում եմ ռեժիսոր դառնալ, տատս ինձ մի պատմություն պատմեց՝ ասելով.

-Պատահական չէ, որ ընտրել ես այդ մասնագիտությունը։ Փոքր ժամանակ, երբ կինոներ էիր նայում, նմանակում էիր դերասաններին։ Մազերդ այդ ժամանակ շատ կարճ էին, դրա համար դու շալով փաթաթում էիր գլուխդ՝ իբրև թե երկար մազեր ունես։ Բացի դրանից՝ շատ էիր սիրում պարել և դրանով ուրախացնել բոլորին։

Երբ ես դարձա 17.am-ի թղթակից, տատիկս շատ էր ուրախացել։ Երբ դասերի պատճառով չէի հասցնում նյութեր ուղարկել, տատիկս խնդրում էր առանց պատճառաբանելու անընդհատ գրել։ Երբ ինձ տպագրում էին, տատիկս ինձանից շատ էր ուրախանում և բոլորին պատմում էր, թե այս անգամ ինչի մասին է նյութս։

Հիմա էլ տատիկս չկա, որ անընդհատ ինձ խնդրի նյութեր գրել։ Սակայն հիմա ես ավելի շատ ցանկություն ունեմ խոսելու, գրելու, մտածելու։ Գիտեմ, որ տատիկս ֆիզիկապես հիմա շատ հեռու է ինձնից, սակայն հոգեպես շատ ավելի մոտ է, քան երբևէ, և այն խրատներն ու դասերը, որոնք տատս այդ 16 տարիների ընդացքում ինձ է փոխանցել, շարունակ պիտի ինձ ուղղորդեն կյանքի դժվարությունների հանդիպելիս։ Ապագա պլաններս, որոնք պետք է կատարեմ, վստահ եմ, որ շատ կուրախացեն տատիկիս։ Ու թեև էլ չեմ կարող պատմել խնդիրներիս մասին կամ հայտնել, որ ինձ կրկին տպագրել են, միևնույնն է, ես գիտեմ, որ հոգեպես նա ինձ հետ է և ինձ հետ միասին ուրախանում է իմ հաջողություններով։