anush

«Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց»

Հարցազրույց հորս` Հայկ Աբրահամյանի հետ:

-Հայրիկ, որտե՞ղ ես ծնվել:

-Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, ջուլհակի ընտանիքում, հայրս նաև հողացործ էր: Ընտանիքում չորրորդ երեխան էի, սպասված երեխա էի, չնայած մայրս աղջիկ էր ուզում: Աղջկա անունը պետք է Հայկուհի դնեին, բայց որ տղա ծնվեցի, դրեցին Հայկ:

-Քո մանկությունից որևէ հետաքրքիր դեպք կարո՞ղ ես հիշել:

-Աղջիկս, թեև երբեմն կիսակուշտ էինք պառկում քնելու, հատկապես ձմռանը` կիսասառած վառարանի կողքին, միևնույնն է, կյանքը ջերմ էր:

Տատիկիս եմ հիշում, շատ անվախ կին էր, ու աչքի էր ընկնում աշխատասիրությամբ: Մի անգամ, հինգ կամ վեց տարեկանում, ինձ իր հետ տարավ հողամաս, որ ինքը կարտոֆիլը ջրի, իսկ ես մնամ իր կողքին: Հանկարծ նկատեցի, որ տատս վերցրեց բահն ու վազեց: Վեր թռա տեղիցս, որ տեսնեմ, թե ինչ է պատահել: Գայլ էր, փախչում էր, իսկ տատիկս հետևից բահով վազում էր: Տասը րոպե հետո վերադարձավ և բողոքեց, որ գայլին չի կարողացել բռնել:

-Ինչպիսի՞ն էիր դու դպրոցական տարիքում:

-Աշխույժ երեխա էի, լավ էի սովորում, հատկապես` ֆիզիկան: Նկարում էի, երբեմն փոքրիկ զարդեր քանդակում: Մի անաստված ուսուցիչ ունեինք, հենց մտնում էր դասարան, իր խռպոտ ձայնով գոռում էր` չշնչել: Մի օր իր հերթական «չշնչել»-ը գոռալուց հետո մոտեցավ ընկերոջս, ասաց.

-Այ տղա, շնչո՞ւմ ես:

Այս խեղճն էլ վախից, թե` չէ:

-Շան լակոտ, դու հիմի չե՞ս շնչում:

Այդ խիստ ու տարօրինակ ուսուցիչը ինձ շատ էր սիրում, դե, ես էլ երբեմն օգտվում էի դրանից:

-Իսկ որտե՞ղ ես ծառայել: 

-Ծառայել եմ հեռավոր Խաբարովսկում: Աշխարհի այդ ծայրում հազվադեպ էի նամակ ստանում ծնողներիցս:

-Իսկ որևէ արհեստի տիրապետո՞ւմ էիր մինչև բանակ գնալը: 

-Այո, հորեղբայրս սովորեցրել էր ինձ ուռկան գործել, սակայն մյուս եղբայրս` Արմենը, ավելի լավ էր գործում և արագ, նա հիանալի ձկնորս է:

-Քո ծառայությունը դեռ չէր ավարտվել, երբ մահացավ քո հայրը: Դրա մասին ե՞րբ իմացար:

-Ավարտեցի ծառայությունս ու ուղևորվեցի Հայաստան: Սիրտս կարոտ էր հողին, բացի այդ ուզում էի գրկել ծնողներիս ու եղբայրներիս, ովքեր միշտ ինձ հասած նամակների տակ նկարում էին: Ինձ դիմավորեցին հորեղբայրս ու քեռիս: Հայրս չկար: Հարցրի, չպատասխանեցին: Գյուղ հասնելուն պես ասացին, որ հայրս կաթվածից մահացել է, և ես հասկացա, որ առանց հորս դժվար կլինի բարակ ճյուղերով հաղթել քամուն:

-Պապ, իսկ ինչպե՞ս գոյատևեցիք «քաղցի» տարիներին:

-Դժվար էր: Ձմռանը անտառապահից թաքուն փայտ էինք բերում անտառից, ժամերով կանգնում էինք հացի հերթի ու «հո» անելով սպասում, թե այդ հազարավոր մարդկանցից հետո երբ կհասնի մեր հերթը: Իսկ հիմա արդեն տեսնում ես, ծառը արմատներ է ձգել:

-Հայրիկ, ի՞նչ կմաղթես մեզ` նոր սերնդին:

-Միշտ հավատացեք, որ ձմռանը կհաջորդի գարունը, գիշերվան` ցերեկը: Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց, որ ոչ մեկը չմնա ստվերում: Եվ վերջապես, որքան կարող եք` ամուր գրկեք ձեր ծնողներին:

-Հայրիկ, դու արտասվում ես:

Պատասխան չկա: