-Ա՜ստղ, էսօր կիրակի ա,- ինձ քնից հանելով ասում է Մարինը` ընկերուհիս:
Դե, եթե կիրակի է, նշանակում է պետք է գնանք «Խաչ»: «Խաչ» ասվածն իրենից ներկայացնում է մի մատուռ, ավելի ճիշտ, մատուռի ավերակներ: Եթե չեմ սխալվում, մատուռը 16-րդ դարի կառույց է: Տարածքը, որտեղ գտնվում է Խաչը, գյուղացիներն անվանում են Կալեր: Մատուռի շրջակայքը պատված է գոմաղբով և զանազան անպետք իրերով: Չգիտեմ, մարդիկ ինչու են որոշել այդ սուրբ վայրը «զարդարել» աղբով: Ենթադրում եմ, որ դրա պատճառն այն է, որ մեր շրջանում մարդիկ հեռացել են հավատքից, ու գյուղում շատ քիչ մարդիկ կան, ովքեր եկեղեցի են հաճախում կամ գոնե որոշ չափով հավատում են Աստծուն: Այդ մարդկանցից է նաև տատիկս` Ամայը: Հիվանդության ու մի քիչ ծեր լինելու պատճառով (չեմ կարողանում նրան ծեր անվանել) նա չի կարողանում եկեղեցի գնալ, բայց երբ ես մոռանում եմ կամ ձևացնում եմ, թե մոռացել եմ, որ կիրակի է, Ամայն ասում է.
-Ամայ ջան, (մեկ-մեկ այդպես է ինձ դիմում), մոմ վեր կալ, քինյա Խաչը, մոմ վառի իմ իրեսը Իրա (Աստծո) վետի տակը:
Մեր ուխտատեղին հասնելու համար հաճախ մեզնից գերբնական ուժ է պահանջվում, և հատկապես այն ժամանակ, երբ եղանակը անձրևային է: Այնպիսի ցեխ է լինում, որ մինչև ծնկները ցեխի մեջ ենք խրվում: Երբեմն ստիպված ենք լինում թռչել սրա-նրա այգու ցանկապատի գլխով ու գողեգող ուրիշի տարածքով հասնում մատուռին: Թեև ամեն կիրակի այնտեղ ենք լինում, բայց ամեն անգամ ծանր ենք տանում, երբ տեսնում ենք մատուռի տխուր կերպարանքը: Տարածքում միշտ ուժեղ քամի է լինում, ու պատահում է մոմ վառելուց հետո չենք կարողանում առանց ընդհատելու աղոթել, որովհետև քամին անընդհատ հանգցնում է մոմը, և մենք ստիպված ենք լինում կրկին վառել: Նույն դժվարությամբ մենք տուն ենք գնում: Այսպիսով թեև մեծ դժվարությանը, մենք կատարում ենք մեր քրիստոնեական պարտքը:
Սա ինձ ու ընկերուհուս համար սովորույթ է դարձել, որն ընդօրինակել ենք մեր մեծ քույրերից:
Մենք ստիպված ենք լինում այդ դժվարին ճանապարհը կտրել-անցնել, որովհետև մեր գյուղում` Գետահովիտում, չկա եկեղեցի, չնայած այն բանին, որ մեր գյուղը համարվում է Իջևանի շրջանի ամենամեծ գյուղերից մեկը:
Այսօր կիրակի է, Խաչ գնալու ժամանակն է:
Հունիս, 2015