«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:
Գիրքը կարդացել եմ երկու անգամ: Իրոք, երկու անգամն էլ չեմ հասկացել թե՛ բառերը, թե՛ իմաստը:
Կոնկրետ ինձ համար դժվար կարդացվող գիրք է: Դանդաղ եմ կարդում, փորձում հասկանալ այն ամենն, ինչ կա թաքնված գրքի ներսում, այսինքն՝ այն, ինչ որ գիրքն իրականում է, ոչ թե մակերեսին:
Առաջին կարդալուց ընդհանրապես ինքս ինձ ստիպելով էի կարդում, երկրորդ անգամ աչքի անցկացնելուց՝ արդեն ծանոթ լինելով պատումների սյուժեին, մի փոքր ավելի արագ կարդացվեց: Ինձ թվում է, որ այն, ինչ հեղինակը ցանկացել էր տալ, ճիշտ ձևով չի մատուցել: Այսինքն, երբ ես ուզենամ գրել մի ստեղծագործություն, որը հասանելի լինի բոլորին, երբեք չէի գրի Գևորգ Տեր – Գաբրիելյանի ոճով: Կարդալու սկզբում դրանք կթվան պարզ և ամենահասկանալի պատմվածքները երբևէ, բայց չեմ կարծում:
Հենց սկզբում չհավանեցի հեղինակի գրելաոճը՝ չափազանց առօրեական, որը ձանձրացնում է ինձ հիմնականում: Համաձայն եմ, առօրյա կյանքի ներկայացումը հաճելի է ընթերցողին, որովհետև նա գտնում է ինքն իրեն, բայց տվյալ ստեղծագործության մեջ երևի դժվար է:
Հայ գրականության մեջ եղել են ու կան դեմքեր, ովքեր ներկայացնում են պարզ ու հասարակ առօրյան, բայց դրանք այնքան հաճելի են ու արագ կարդացվող: Վառ օրինակ են Շիրվանզադեն, Նար-Դոսը և այլք: Հենց այդ հաճելին էր, որ բացակայում էր տվյալ ստեղծագործության մեջ, վերջինիս դարձնելով ավելի շատ պարզունակ, քան ուղղակի հասարակ:
Որոշակի դրվագներում նկարագրվում են այնպիսի տեսարաններ, որ երկար մտածելու տեղիք են տալիս. թե որն է իրականում տվյալ պահի իմաստը: Այսինքն ցանկացած դրվագ պատմվում է, որովհետև ինչ-որ նպատակ է հետապնդում, բայց այստեղ ես ոչ միշտ եմ իմաստ տեսնում:
Հատկապես ուզում եմ կիսվել «Համլետի հոր ուռագանը» պատմվածքով: Պատմվածքը սկսվում է նրանով, որ ծնողները քննարկում են Արեգիկի փիսիկ կամ շնիկ ունենալու փաստը, որովհետև փոքրիկը, ինչպես նշվում է «քույրիկ կամ ախպերիկ» էր ուզում: Մայրը սրտնեղում էր, որովհետև մտածում էր, որ կեղտի բույն է: Հետո Արեգիկի մայրը հիվանդանում է, և հայրը Արեգին տանում է տատիկի տուն: Հենց այստեղ են կատարվում հիմնական դեպքերը. Տոլմա են փաթաթում և նայում «Համլետի հոր ուրվականը»:
Հետաքրքիր էր ավարտը, որը մտածելու տեղիք տվեց:
«Արեգիկը պատկերացրեց առուն ի վար լողացող տաշտակ, մեջը՝ աղիողորմ մլավող հինգը կատվիկ, օղակից նոր դուրս ծլած գլուխներով: Առվի եզրին՝ Մարինան, կարմիր մաշիկները հագին, ցիցը ձեռքին՝ փորձում է տաշտակը մոտեցնել ափին: Որ գիշերով Համլետի հոր ուռագանը չգա ձագերից մեկի գլուխը կտրի, ով գիտի որի»:
Նման առօրյա պատմություններն այդքան էլ չեն կլանում ընթերցողին, հատկապես, եթե ներկայացված են ժառգոնային բառերով:
Իրոք դուրս չի եկել նաև ժառգոնային բառերի չափազանց կուտակումը: Թվում է, որ հեղինակը իրոք ցանկացել է ստանալ մի ստեղծագործություն, որը կլինի հետաքրքիր, բայց սխալ ճանապարհ է ընտրել:
Կարծում եմ, ժառգոնային բառերի օգտագործումը ոչ տեղին է:
Լինում են, չէ՞, ֆիլմեր, որ դիտում ենք, ու մտածում՝ տեսնես ո՞րն է այս դրվագի իմաստը: Նույն կերպ էլ «Անաստված կինոթատրոն» գրքում, բառերի հետ է այդպես:
Շատ էին նաև մտքի սխալները, որոնց փորձել եմ ամենաքիչը ուշադրություն դարձնել: Կային վրիպակներ, բացթողումներ, ինչը չեմ կարծում, որ նորմալ է: