Դասերն արդեն վերջացրել էինք ու դասարանի աղջիկներով ժամ էինք որոշում, որ գնանք Անուշենց տուն: Մենք գոհ էինք, որ Անուշի ծնունդն էր, իսկ գլխավորը` դասարանցիներից ոչ մի տղա չէր գալու:
-Լավ, երեխեք, ես ժամը 2-ին ձեզ կսպասեմ,-ասաց Անուշը ու ափալ-թափալ գնաց տուն, որ սեղանը դնի:
-Ուխ,-մտածեցի ես ու թաքուն ժպտացի:
Մեր դասարանի Աննան ընդհանրապես մոռացել էր, որ Անուշի ծնունդն էր ու նվեր չէր գնել: Նա արագ-արագ վրա բերեց.
-Մանե, ես Անուշենց տան տեղը չգիտեմ, կզանգե՞ս ինձ, որ միասին գնանք:
Ես ու Անին սկսեցինք այնքան ուժեղ ծիծաղել, որ ստիպված էինք իրարից բռնվել:
-Աննա, դու Անուշենց տան տեղը չգիտե՞ս,-ծիծաղելով հարցրեց Անին:
-Չէ,-վախեցած ասաց Աննան:
-Քո տունը շինվի, ոնց որ մեր դասարանից չլինես,-ասացի ես ծիծաղելով, հետո լրջացա ու ավելացրեցի,-լավ, կզանգեմ, իրար հետ կգնանք:
-Լավ, ես գնամ,-ասաց Աննան ու վազելով գնաց, որ հասցնի նվերը գնել:
-Մեկ է, ամենալավ նվերն իմն է, ուխ,-դարձյալ մտածեցի ես:
Բոլորը գնացին: Արդեն ժամը 2-ն էր: Ես վերցրեցի Անուշի նվերը ու թռչելով ուզում էի գնալ:
-Ման, բա հաց չես ուտի՞,-հազիվ հասցրեց իմ հետևից կանչել մայրս:
-Չէ, մամ, ի՞նչ հաց, ծնունդ եմ գնում…
Ճանապարհին մտածում էի, թե ինչ համով բաներ եմ ուտելու, ինչքան եմ պարելու ու դրա համար էլ ուշադրություն չէի դարձնում, որ շուրջս գարուն է:
Անուշենց տանն ենք: Աղջիկներով զրույց էինք անում` առանց իրար լսելու, երբ Անուշենց հեռախոսը զնգաց: Զանգողը Աննան էր: Ես նրան մոռացել էի հետս բերել: Հիմա պիտի իջնեի դուրս ու Աննային դիմավորեի: Արդեն 10 րոպե էր, ինչ ես ու Անին, փողոցում կանգնած, սպասում էինք Աննային:
-Երևի նվերն է գնում,-ասացի ես:
-Եսիմ,-պատասխանեց Անին:
15 րոպե էլ անցավ: Ես պատկերացնում էի, թե ինչպես են Անուշն ու մյուս երեխեքը ուտում սեղանին շարված աղցանները, իսկ ես բոլորովին սոված էի:
10 րոպե էլ անցավ: Մենք սկսեցինք քայլել նրան ընդառաջ, բայց նա չէր երևում:
-Երևի հիմա վազելով կգա,- հույսը կտրած` ինձ հույս տվեց Անին:
Մի հինգ րոպե էլ չանցած, մեկ էլ տեսնենք՝ մեզ մի աղջիկ է մոտենում.
-Ան, ոնց որ Աննան լինի,-ասում եմ ես:
-Չէ, այ Ման, ինչ ես ասում, ոնց որ ֆրանսուհի լինի,-պատասխանեց Անին: Ֆրանսուհին մոտեցավ մեզ, Աննան էր: Այնքան էր գեղեցկացել, մազերը ֆրանսիական ոճով էր հարդարել` մի վարսակալով, գեղեցիկ ականջօղեր էր կախել:
-Մենք էլ ասում ենք, թե նվեր է գնում, իսկ նա հարդարվում էր,- ականջիս շշնջաց Անին:
Վերջապես մենք սեղանի շուրջը նստած ուտում էինք, առաջինը ինձ մատուցեցին:
-Անուշ, դո՞ւ ես պատրաստել,-հիացած հարցրի ես:
-Չէ, մաման,-ասաց Անուշը:
Առաջին պատառն էի ուզում ուտել, երբ ափսեիս մեջ մազ տեսա: Չկերա: Լուռ նստած էի, իսկ երբ հարցրեցին, թե ինչու չեմ ուտում, պատասխանեցի, որ կենաց ունեմ ասելու: Վեր կացա ու կարդացի ճառը: Հետո ստիպված սկսեցի որոշ բան ուտել:
-Անուշ, այս աղցանը դո՞ւ ես պատրաստել,-հարցրի ես:
-Չէ, տատիկը,-ժպիտը դեմքին ասաց Անուշը:
-Դե իհարկե, տատիկը, չէ՞ որ մեջը սպիտակ մազ կա,-մտքիս մեջ փնթփնթացի ես:
Հետո կռահեցի, որ երևի շիկահեր մորաքույրն էլ է աղցան պատրաստել: Բոլորը ուտում էին, բոլորը ծամում էին: Իսկ ես ստիպված եղա մի քանի կենաց էլ խմել: Բոլորը ինձնից էին հոգնել, ես` կենացներից: Ես շուտ դուրս եկա, որովհետև պիտի ուրիշ տեղ գնայի:
-Շնորհակալություն համով հյուրասիրության համար,-մի կերպ արտաբերեցի ես ու դուրս եկա:
Հաջորդ օրն իմացա, որ իմ գնալուց հետո պաղպաղակ էլ են կերել: Շատ ուրախացա, չէ՞ որ շատ դժվար կլիներ նայել, թե ինչպես են մյուսները պաղպաղակ ուտում. չէ՞ որ իմ պաղպաղակի մեջ մազ էր լինելու:
Մանե Տոնոյան 14տ., 2003թ.