Մարգահովիտ տանելու ճանապարհին տեսա, որ սարերի վրայի խոտը ամբողջությամբ հնձել և հավաքել են: Նման բան առաջին անգամ էր, որ տեսնում էի: Գյուղ գնալու ճանապարհին մոլոկանները բանջարեղեն էին վաճառում: Հենց առաջին պատահած մոլոկանի մոտ կանգնեցինք: Ուրախ-զվարթ մոտեցանք տատիկին` նրանից հարցազրույց վերցնելու համար, բայց նա կտրականապես հրաժարվեց թե՛ նկարվելուց, թե՛ հարցազրույց տալուց: Նա վաճառում էր թթու, գազար, լոբի: Հենց իր հետևում նկատեցինք մի ընտանիք, որ արտում խոտ էր հավաքում: Նրանք նույնպես մոլոկաններ էին՝ տատիկն էր, պապիկը և նրանց երկու թոռնիկները: Սկզբից մոտեցանք նրանց և սկսեցինք բացատրել թե մենք ովքեր ենք և ինչ ենք ուզում: Տատիկը նույնիսկ հրաժարվեց խոսել մեզ հետ, ներկայանալ: Միայն կարողացա հարցնել, թե` արդյոք սիրո՞ւմ է իր աշխատանքը: Եվ ի զարմանս ինձ, ստացա պատասխան.
-Այո՛, սիրում եմ:
Դրանից հետո նայեց մեզ և ասաց, որ մենք խանգարում ենք իրեն, և արդյոք մեզ դուր կգա՞ր, որ մեր աշխատանքը անելու ժամանակ ինչ-որ մեկը գար և խանգարեր մեզ, կամ կթողնեի՞նք արդյոք, որ անծանոթ մարդիկ մեզ նկարեին:
Պապիկը բարի մարդ էր և ավելի հետաքրքիր: Նրա դեմքին նայելով կարող էիր հաստատ ասել, որ նա հայ չի, և շատ ջանասիրությամբ էր անում իր աշխատանքը: Նրանք ունեին երկու թոռներ ՝ Սաշան և Ալյոշան: Սաշան ապրում էր Ռոստովում , ուղղակի մի քանի օրով եկել էր հյուր:
Երբ արդեն հետ էինք գնում, պապիկը ասաց.
-Կարելի՞ է ձեզ մի բան հարցնել: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մենք ինչի՞ համար ենք այստեղ, ինչի՞ համար ենք մեր երկիրը թողել ու եկել այստեղ: Մեզ վռնդել են մեր երկրից, մեր հարազատ հողից : Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր հողը:
Եվ այստեղ մեր դերերը փոխվեցին: Հիմա մեզ են հարցեր տալիս:
-Այո, սիրում ենք,- ասացինք մենք»
- Ես շատ եմ ցավում, որ դուք թողնում ու հեռանում եք ձեր երկրից :
Ու մենք կարկամեցինք, հետո առանց բան ասելու հեռացանք:
Նա հակառակ իր կամքի, հեռացել էր իր երկրից, իսկ մեր հայ ժողովուրդը իր կամքով թողնում և հեռանում է այն հողից, որում ծնվել և մեծացել է: