44-օրյա պատերազմից հետո «CyberGate» ընկերությունը փոխեց իր գործունեության ոլորտը։ Կիբերանվտանգության դասընթացների կազմակերպմանը փոխարինեց պատերազմական գործողություններից տուժած անձանց անվճար կրթությամբ ապահովելու ծրագիրը։
«CyberGate» -ը հասցեագրում է կոնֆլիկտից վնասներ կրած մարդկանց՝ մասնավորապես պատերազմական գոտուց տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքներին։
«CyberGate» խումբը ստեղծվել է 2020թ․ սկզբին։ Պատերազմական գործողություններից հետո խմբի անդամներից Արամ Հայրյանը, ով մասնակցել է մարտական գործողություններին, և ում ընտանիքը տեղահանվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից, առաջարկեց փոքր-ինչ փոխել խմբի գործունեության հունն ու կազմակերպել դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ինչպես պատերազմից վնասներ կրած և մարտական գործողությունների հետևանքով տեղահանված, այնպես էլ սոցիալական տարատեսակ խնդիրներ ունեցող ՀՀ և Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին ձեռք բերել ՏՏ ոլորտի բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններ և հետևաբար, կենսական պայմանները բարելավելու հնարավորություն։
Ծրագրի իրականացման հեռանկարների և ապագա նախագծերի մասին զրուցեցինք ծրագրի համահիմնադիր ու գաղափարի հեղինակ Արամ Հայրյանի հետ։
- Գիտակցելով թե որքան մեծ նշանակություն ունի կրթությունը, զարգացած սերունդ և անվտանգ երկիր ունենանալու համար, մեր ծրագիրը նպատակաուղղված է անվճար կրթությամբ ապահովել պատերազմի պատճառով վնասներ կրած և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։
Այդպիսի ընտանիքները այժմ ունեն բազմաթիվ առաջնային խնդիրներ՝ կացարանային, սննդի և այլն։ Ակնհայտ է, որ նրանցից շատերը պարզապես միջոցներ չունեն իրենց երեխաներին կրթությամբ ապահովելու, և այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում անվճար կրթություն ստանալ և ունենալ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն,- նշեց Արամ Հայրյանը։
Կրթական ծրագրի առանձնահատկությունները ընդգծելով, Արամ Հայրյանը հավելեց, որ «CyberGate»-ի դասընթացները համապատասխանեցված են միջազգային համբավ ունեցող ոլորտի լավագույն կրթական հաստատությունների նյութերին և դասավանդման մեթոդներին, և ներկայումս կազմակերպությունը ՀՀ-ում միակն է, որը կարող է միջազգային ինստիտուտներին համարժեք որակ ապահովել։
- Մեր գաղափարը միտված է հասարակության կրթական մակարդակի բարձրացմանը , ուստի ակնկալում ենք, որ կնպաստենք ավելի բարձր արժեհամակարգ ունեցող հասարակության ձևավորմանը։
Ծրագիրը հասանելի կլինի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ համայնքներում։ Համայնքների բնակիչների համար դասընթացները առայժմ կկազմակերպվեն հեռավար հիմունքներով, սակայն մոտ ապագայում կազմակերպության անդամները նպատակ ունեն կրթական հաստատություններ հիմնել նաև համայնքային բնակավայրերում։
- «CyberGate» ընկերության դասընթացները անց են կացվելու բացառապես հայերեն լեզվով, չեն պահանջելու նախնական գիտելիքներ, ինչով ապահովելու են կիբերանվտագության ոլորտում կրթության առավելագույն հասանելություն այդ թվում անգլերենի, կամ, օրինակ՝ մաթեմատիկայի թույլ իմացությամբ մարդկանց համար։ Դասընթացների ավարտին տրամադրվելու են վկայականներ և քայլեր կձեռնարկվեն լավագույն ուսանողներին աշխատանքով ապահովելու համար,- տեղեկացնում է Արամ Հայրյանը։
Դիմորդները կազմակերպության հետ կարող են կապ հաստատել հետևյալ ֆեյսբուքյան էջի միջոցով https://m.facebook.com/CyberGateSchool/ կամ զանգահարել 055-11-15-94 հեռախոսահամարին։