Սովորական է դարձել արդեն առավոտյան ուրիշ քաղաքում արթնանալը (ես Ջերմուկից եմ և հիմա սովորում եմ Երևանում), մեկ ուրիշի տանը մնալը, ուրիշ ծանոթ ու ամեն անգամ նորը բացահայտող փողոցների երկայնքով քայլելը, ամեն օր տասնյակ անծանոթ ու մեկ-մեկ էլ ծանոթ մարդկանց տեսնելը, բարև փոխանակելիս երբեմն հարցական հայացքներ ընդունելը, ուրիշ ընկերները ու շրջապատը… Հանկարծ հասկանում ես, որ արդեն ունես պատասխանատվության զգացում ինքդ քո ապագա ես-ի առաջ ու մեկ էլ հոպ` արդեն ոնց որ թե չցանկանալով, բայց ինքդ քեզ խոստովանում ես, որ մեծացել ես, ու ամենավատն էլ այն է, որ միայն դու չես մեծացել, ընկերներդ էլ են մեծացել ու ամեն մեկն իր անձնական գործը, զբաղմունքը, մի շարք նոր ընկերներ ու գլուխ ցավեցնող առօրեական դարձած խնդիրներ ունի: Անգլերեն պարապելիս շտեմարանում մի տեքստ կար, ու հիմա էլ կա երևի, որը պատմում է մարդկանց մոտ միջավայրը փոխելուց հետո առաջացող սթրեսի տարբեր փուլերի մասին: Մի պահ է գալիս, որ հասկանում ես, որ դու էլ ես այդ նույն փուլերով անցել ու արդեն վերջին փուլում ես:
Երբ դեռ առաջին դասարանից, դպրոցի առաջին իսկ օրից չես սիրում դպրոցը ու ավարտելիս էլ լիակատար ուրախություն ես զգում, անկասկած դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ կկարոտես այդ նույն դպրոցը: Դե հա, պատկերացնում ես դասընկերներիդ ու առհասարակ, մարդկանց կարոտելը, բայց ոչ երբեք այդ դպրոցի շենքը, միջանցքներն ու քո աթոռ-սեղանը: Դա գիտակցելու պահին էլ ինքդ քեզ քննադատում ես. «Չէ, դու հաստատ ցնդել ես»:
Սիրում եմ Երևանը, մանավանդ գիշերային այս քաղաքը, քամոտ մետրոն, անցումն անցնելիս մարդկանց գրկախառնությունը և ուղղակի ճանապարհները: Բայց գիտե՞ք, տխուր է, երբ հիշում ես, թե ոնց էիր քո փոքրիկ, բայց ջերմ քաղաքում գրեթե ամեն անցորդի ճանաչում, բակի տատիկներին տեսնելիս մեկ-մեկ հետները նստում ու պատասխանում իրենց հետաքրքրող բոլոր հարցերին (ի դեպ, ընդդիմանալն անիմաստ էր, իսկ ուղղակի իրենց «ռադարի» մոտով չանցնել երբեք չէր հաջողվի), հարևաններին առանց առիթի տուն էիր կանչում սուրճ խմելու ու մամայի` էս մի անգամվա սարքած խմորեղենը փորձելու, իսկ երբ բան չկար անելու, ինքդ էիր հյուր գնում նրանց: Ի՞նչ հարցնել, ի՞նչ բան, միանգամից մխրճվում էիր իրենց առօրյայի մեջ ու դառնում էդ պահին իրենց տան մի մասնիկը: Նոր տարվա մասին էլ չեմ խոսում… Ինձ համար այն յուրահատուկ տոն է` կախարդական, երբ բոլորը բոլորի հանդեպ բարի ու ջերմ են, հյուրընկալ ու երջանիկ: Երևանում այդ տոնը նշելը սկզբում հետաքրքիր էր, ու մեծ սպասումներ կային, բայց ինչպես միշտ, իմ բախտը չբերեց, ու սպասումներս նորից չարդարացրին իրենց:
Մի խոսքով, գրեցի առաջին կուրսի ուսանողի կարոտի մասին, որ երևի զգում են շատերը: Գրեցի նրա մասին, որ ինձ նման մարդկանց համար դժվար է իրենց փոքրիկ գյուղից, կամ հեքիաթային քաղաքից հետո սիրել Երևանը ու հարմարվել նրա ռիթմին, նրա ամեն օրվա նորության ու ոչ միշտ ժպտերես ու բարև տվող մարդկանց հետ: Վերջ:
Հ.Գ. Այնքան կուզեի տեսնել իմ ուսուցիչների դեմքերը, երբ կարդան, որ ես կարոտել եմ դպրոցը (դա ֆանտաստիկայի ժանրից էր)…