-Գիտես, չէ՞, որ քեզ շատ ենք կարոտելու,- ասաց մայրիկը` ուշադիր նայելով դեմքիս:
-Ըհը, չանհանգստանաք,- ասացի ես արդեն քանիերորդ անգամ:
Նայեցի մյուսներին: Հայրիկը ոչինչ չէր ասում, բայց ձեռքը չէր իջեցնում ուսիցս: Նրա կողքին Մուշն ու Հոնն էին, երկուսն էլ` լուռ: Հոնը գլուխը հենել էր Մուշի թևին, աչքերն իջեցրել, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, որ լավ զգամ, ուղղակի չէր կարողանում: Մուշը կողք էր նայում, մերթ-մերթ քիթը վեր քաշում:
-Գիտես, չէ՞, որ քեզ շատ ենք կարոտելու, Գոռ ջան,- կրկնեց մայրիկս,- օրերն ենք հաշվելու:
-Գնացեք տուն, թող Մուշենք քնեն,- ասացի ես, բայց գիտեի, որ դեռ երկար են մնալու:
-Զգույշ կմնաս,- ասաց հայրիկը` փորձելով ձայնին անհոգության երանգ տալ:
-Չմտածեք,- պատասխանեցի ես:
Վերջապես Հոնը գլուխը բարձրացրեց, նայեց ինձ: Միշտ այդպես է նայում` առանց ժպտալու, առանց խոսքերի, ասես մեծ մարդ լինի: Հաճախ նույնիսկ անհարմար եմ զգում, ասես Հոնը չլինի: Այն ժամանակ էլ այդպես նայեց, հետո աչքով արեց, բայց դա միայն ես նկատեցի:
Մուշն էլ նայեց ինձ ու ժպտաց: Ոնց որ մայրիկը լինի: Վերջինս էլ էր ժպտում ու հայացքը չէր հեռացնում իմ դեմքից:
-Արդեն գնամ,- ասացի ես:
-Զգույշ կլինես:
-Ըհը:
-Նամակներ կգրես:
-Ըհը:
-Մենք քեզ կկարոտենք:
Ես դանդաղ հետ-հետ գնացի` ինձ մեղավոր զգալով, ասես վատ բան եմ արել:
-Գնացեք,- նորից ասացի ես:
Ոչինչ չպատասխանեցին:
Շրջվեցի ու առաջ քայլեցի: Չորսն էլ կանգնած էին` ամենաթանկ մարդիկ ինձ համար: Հոնը կրկին աչքերն իջեցրել էր, Մուշը կողք էր նայում, հայրիկը լուռ շոյում էր Հոնի գլուխը, իսկ մայրիկը ժպտալով ինձ էր նայում:
Սրահը դատարկ էր, ինչի համար շատ շնորհակալ էի: Դանդաղ առաջ էի քայլում, գիտեի, որ նրանք նայում են ինձ, սպասում, որ նորից ձեռքով անեմ: Առաջին անգամ հասկացա, որ նրանք իսկապես հաշվելու են օրերը, իսկապես հաշվելու են:
Այլևս չշրջվեցի, որովհետև ժպտալ չէի կարող, իսկ նրանք, իհարկե, ժպիտի էին սպասում:
Գոռ Բաղդասարյան, 15տ., 2003թ.