Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, հատկապես նախընտրում եմ ֆենթեզի ժանրը: Եվ ինձ թվում էր, թե իմ հասակակիցներից բոլորին էլ հետաքրքրում են գրքերը, ուղղակի ամեն մեկն ունի իր նախընտրած ժանրը, հեղինակը, գիրքը: Բայց արի ու տես…. Որ գիրքը կարող է այլ գործառույթ էլ ունենալ:
Դասերից հետո ես միշտ այցելում եմ իմ դպրոցի մոտ գտնվող գրախանութը ու ինձ համար գրքեր ընտրում, անչափ հետաքրքիր քննարկումներ ունենում գրքերի և հեղինակների մասին` ինձ հետ արդեն ընկերացած վաճառողների հետ: Ամենահետաքրքիրը գրքի ընտրության պահն է, երբ շրջում ես սրահով, ուր ամենուրեք գրքեր են` զանազան գեղեցիկ կազմերով և թղթի բույրով: Յուրաքանչյուր գիրք ընկալում ես որպես մի առանձին աշխարհ, որը սպասում է իր ընթերցողին: Այս վիճակը, իհարկե, կհասկանա նա, ով մտնում է գրախանութ և իր ձեռքն է վերցնում գիրքը և սկսում ճանաչել այդ անծանոթին, որը շատ շուտով կարող է դառնալ իր ընկերը, խորհրդատուն և սփոփողը…
Մի օր, այդ խանութում ես, կանգնած գրքերի բազմազանության մեջ, ուսումնասիրում էի դրանք, երբ հանկարծ մի տղա եկավ և շփոթված հայացքով նայելով գրքերի բազմազանությանը` դիմեց վաճառողին.
-Ախպերս, ինձ մի հատ սիրուն գիրք տուր:
Վաճառողը զարմացած հարցրեց.
-Սիրուն գի՞րք , իսկ կարո՞ղ եք գոնե ինչ-որ հեղինակի անուն ասել:
-Աաաաա¯, ի՞նչ հեղինակ, ախպե´ր ջան, ես տենց բաներից հեռու մարդ եմ, կարևորը սիրուն մի բան տուր:
Վաճառողը շփոթվեց և առաջարկեց մի գիրք, որը սիրո մասին էր, և այդ գրքի շապիկի վրա սիրահար զույգ էր նկարված, որոնք համբուրվում էին: Տղան երկար նայելով գրքի շապիկին ասաց.
-Ախպերս, էս ի՞նչ էս տվել, ընկերուհուս ծնունդն ա, ամոթա սենց բան տանեմ, ի՞նչ կմտածի:
Վաճառողը հետ վերցրեց այդ գիրքը և տվեց մեկ ուրիշը, որի շապիկը իսկապես շատ գեղեցիկ էր, չեմ էլ հիշում ինչ գիրք էր, միայն շապիկը հասցրեցի նկատել: Տղան, գոհ իր գնումից, վճարեց և շտապ խանութից դուրս եկավ:
Հաջորդ օրը`դպրոցում, պատահաբար լսեցի մեր դասարանի տղաների խոսակցությունը: Մեկը գիրքը կարդում էր, իսկ մյուսը նայում էր ընկերոջը և հանկարծ դժգոհ տոնայնությամբ ասաց.
-Այ մարդ, գիրք ինչի՞ ես կարդում, ինչի՞դ է պետք:
-Հա էլի, գիդես շատ էլ պե՞տքս է,- պատասխանեց երկրորդը,- գիրք եմ կարդում, որ կարողանամ աղջիկ կպցնեմ, հիմա թազա մոդայա, աղջիկները սկսել են գիրք կարդալ:
Ես հազիվ զսպեցի ծիծաղս, բայց հետո հասկացա, որ առաջին հայացքից զվարճալի այս միջադեպը, իրականում շատ ցավալի է, և ինձ շատ է տխրեցնում:
Ինձ տխրեցնում է այս փաստը, քանի որ գրքերը մեր հասարակության մեջ այնպես անտեսված են, որ մարդիկ չեն էլ փորձում կարդալ, կամ էլ կարդում են, ինչպես իմ դասարանցին էր կարդում, որովհետև աղջիկ պետք է կպցնել, իսկ աղջիկների մոտ էլ «մոդա» է, կամ էլ գալով գրախանութ պահանջում են «սիրուն» գիրք և հպարտորեն ասում, որ իրենք գրքերից հեռու են: Իհարկե, կան նաև իսկապես գիրքը գնահատող մարդիկ, բայց ցավոք ճնշող մեծամասնությունը նրանք չեն:
Չեմ կարող հասկանալ այդպիսի մարդկանց. չէ որ գիրքը դա մի առանձին աշխարհ է, որը պարուրում է քեզ ընթերցանության ժամանակ, տալիս է քեզ փորձ, գիտելիք, հաճելի զգացումներ, կյանքը հասկանալու իսկական իմաստնություն:
Գրքեր կարդալը նպաստում է սեփական կարծիքի ձևավորմանը, աշխարհայացքի ձևավորմանը, կարդացող մարդը ապրում է հազար կյանք, իսկ մարդը, ով երբեք չի կարդում, ապրում է ընդամենը մեկը: Եվ դեռ պարզ չէ, թե ինչպես է ապրում, կամ ինչու է ապրում…