Մեկդարյա քարե դիցուհին կանգնած է իմ առաջ ու չի հավատում, որ լքելու եմ իրեն։ Տխրության քողը չի հանում վրայից. Նեղացած է։ Մեղավոր եմ զգում։
Երկու շաբաթ առաջ Հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտած ուսանողները երևի կհասկանան ինչ եմ զգում հիմա։
-Ինչո՞ւ ես գնում,-հարցնում են աջ ու ձախ կողմից, և թվում է` պատերի կանչն է ինձ հասնում։
-Դադար է պետք…
Շատերը չեն հասկանում, բայց ճանապարհները ավելի գեղեցիկ են, երբ դրանք դադարներով ենք անցնում։ Ճիշտ պահին կանգ առնելը ոչ թե նահանջի նշան է, այլ նոր ուժով առաջ ընթանալու։
-Այս սեպտեմբերին ես ուսանող չեմ։
-Կսպասեմ գալուդ,- շշնջում է դիցուհին և հրաժեշտ տալիս` հպարտանալով, որ ուր էլ գնամ, չեմ մոռանալու իրեն:
Նույն հպարտությունը ես եմ զգալու, երբ ամեն անգամ իմանամ հարազատ բուհի ձեռքբերումների ու հաջողությունների մասին: Հարազատ բառը բառարանում մոտ տասը հոմանիշ ունի: Ես հենց այդ բառով եմ բնութագրում ՀՊՄՀ-ն, որովհետև դրա տակ թաքնված է հազար ու մի պատճառ, թե ինչու եմ այդքան շատ սիրում մեր բուհը: Պատահաբար կամ դիտավորյալ ես այստեղ եմ հանդիպել իմ կյանքը փոխած մարդկանց: Այս պատերի ներսում միշտ կատարվում է անհավանականը:
Մի կախարդական բան կա այստեղ…