Քչերը գիտեն, բայց բնիկ աբովյանցիներ շատ քիչ կան Աբովյան քաղաքում: Աբովյան քաղաքի բնակիչների մեծ մասը հայրենադարձվել է եղել Պարսկաստանից: Թողնելով իրենց տունը` պարսկահայերը վերադարձել են իրենց երկիր: Նրանցից շատերը որպես բնակավայր ընտրել են հենց Աբովյանը: Այս քաղաքն իր գեղեցկությամբ և հանգստությամբ միանգամից գրավել է հայրենադարձների ուշադրությունը: Սակայն այժմ շատ քչերն են մնացել քաղաքում: Նրանցից շատերը գտնվում են արտասահմանում: Փորձեցինք պարզել, թե պարսկահայերից մի քանիսը ինչպե՞ս են ապրում քաղաքում, ինչո՞վ են զբաղվում և արդյոք կարոտո՞ւմ են իրենց տունը:
Սուրեն Ավագյան
Ես ծնվել եմ Ղարադաղի Քարագլուխ գյուղում: Տասներեք տարեկանում աղբորս հետ գնացել ենք Թեհրան: Մայրաքաղաքում սկսեցի գործ անել, աշխատել, արհեստ սովորել: Գյուղումը ունեցել ենք անասուններ, ամեն ինչ ունեցել ենք, բա, դրանցով ենք ապրել մենք էդքան տարիներ: Դաշտեր ենք ունեցել, ցորեն էինք ցանում ու հնձում, չարչարվում էինք, հաց էինք ստեղծում: Գյուղում մենք չգիտեինք փողը ինչ բան ա: Էրեխեն ի՞նչ գործ ուներ ծնողից բան պահանջեր: Լավ էր…
Դպրոց կար Պարսկաստան, ով կարողանում էր` գնում էր: Բայց դե ես չէի գնում, գյուղացի մարդ էի, մնում կենդանի էի պահում, որ գելը չուտի: Դրանից հետո էլ արտերը հնձում էինք, գյուղական գործեր անում: Գյուղացի մարդը ի՞նչ պիտի անի: Երբ մեծացանք, արդեն արհեստ սովորած էինք: Հայրս ասաց.
-Երեխեք ջան, պիտի գնանք մեր հող` հայրական հող:
Ասինք`
-Այ հեր, մենք չենք գնում:
Բայց, դե, հիմիկվա նման չի, է, որ մենք ասենք` չենք գալիս, ու մեր ասածով լինի: Չէինք կարում մի խոսքը երկու դարձնեինք: Ընտանիքով էկանք մեր հող: Սկզբում էկանք Հրազդան, ընդեղից գալիս էի ստեղ` Աբովյան, աշխատում էի: Հետո էլ տեսանք, որ լավ տեղ ա Աբովյանը: Էկանք Աբովյան մնացինք: Աբովյան լավ էր: Աշխատանք կար, դրա համար էկա ստեղ մնացի ու հիմա էլ Աբովյանին շատ եմ կապվել:
Լիքը բարեկամ եմ թողել Պարսկաստան, բայց դե հիմա խաբար չկա: Հիշում եմ մեր տունը, տեղը, բնությունը, արտերը, ուտելիքները: Կարոտել եմ, է…
Սիրանուշ Բեգիջանյան
Ես Սիրանուշ Բեգիջանյանն եմ, ծնվել եմ 1924 թվականին: Արդեն 92 տարեկան եմ, մինչև 18-20 տարեկանս ապրում էի Պարսկաստանի Նախրաբադ գավառում, մեր գյուղի անունն էլ Ղարաքյարիս էր։ 17 տարեկանում ամուսնացել եմ ու ամուսնանալուցս հետո հինգ քաղաքներում եմ ապրել: Ամուսինս անգլերեն գիտեր, աշխատում էր։ Արդեն քառասունհինգ տարի ա Հայաստանում եմ ապրում։ Ծնողներս էլ են Ղարաքյարիսից եղել, բա դու գիտես` ի՞նչ նշանակում Ղարաքյարիս: «Քյարիս» աղբյուր ա նշանակում, իսկ «ղարա»` սև: Սև աղբյուր, իսկ թե ինչի ա տենց կոչվել, ոչ մեկը չգիտի։
Պարսկաստանում զբաղվում էի գյուղական հոգսերով` պանիր, մածուն։ Մեր շրջանում հիմնականում գորգագործությամբ էին զբաղվում, ես էլ էի խալի գործում։ Հինգ երեխա ենք եղել, հիմա մի քանիսս ստեղ ենք, մի քանիսն էլ` Ամերիկա։ Պարսկաստանում էլ բարեկամներ ունենք, հեռու-մոտիկ բարեկամներ են։ Գալուցս հետո մե անգամ գնացել եմ Պարսկաստան, բայց էլ չեմ ուզի գնամ, արդեն Հայաստանին եմ սովորել: Էսքան տարի հետո կարոտն էլ արդեն սառում ա։ Արդեն որպես ծննդավայր եմ հիշում, հիշողություն ա դառել։ Հայաստանն էլ ենք սիրում, ինչի՞ պիտի չսիրենք, մեր հայրենիքն ա, էն ա, եկանք, էլանք հայաստանցի…
Ժանեթ Պետրոսյան
Ես Հայաստան եմ եկել Թեհրանից 1970 թվականին։ Իմ հորքուրը 1967 թվականին էր եկել Աբովյան, մեզ էլ պիտի տանեին Վանաձոր, բայց դե ասել էին, որ Աբովյանը շատ հանգիստ քաղաք ա, մենք էլ ասեցինք, որ Վանաձոր չենք ուզում, եկանք Աբովյան։ Որտեղ էլ տանեին, չէինք հարմարվելու, տարբերությունը շատ էր Հայաստանի ու Պարսկաստանի միջև, բայց դե քիչ-քիչ հարմարվեցինք։ Սկսեցինք սովորել, բայց հետո բացվեց Ամերիկայի ճանապարհը: Գնալը շատ հեշտ էր, բայց պապաս երդվյալ հայրենասեր էր, մնացինք Հայաստանում։ Հիմա շատ բարեկամներ Ամերիկա են գնացել, մենակ մենք ենք մնացել Հայաստանում: Դե, տենց ա, չէ՞, ամեն տոհմից մի քանի նմուշ պիտի մնա Հայաստանում: Մենք էլ էդ փոքր կտորներից ենք, որ մնացել ենք` Հայաստանը պահենք։ Երկու եղբայրներս Ռուսաստանում են, քույրս ամուսնացավ, գնաց Թեհրան, իսկ ես մեր տոհմի միակ ներկայացուցիչն եմ մնացել Հայաստանում։
Պարսկաստանում մեծ շուքով Զատիկ էինք նշում, ջրօրհնեքը, Սրբխեչը, իսկ սովետական տարիներին Հայաստանում մենակ Նոր տարին էին նշում։ Պարսկաստանում գլխավոր ուտեստը բրնձով փլավն ա, հետո` ավգուշտը:
Պարսիկները հայերին շատ լավ էին վերաբերվում: Ասորիների, հրեաների մեջ ամենալավը հայերի հետ էին, որովհետև հայերը շատ օրինապահ էին։ Ոստիկանությունն էլ միշտ հայերին էր հավատում: Տենց խոսք կար` «Հայը սուտ չի ասում»։
Զրույցը վարեցին` Գայանե Ավագյանը և Արման Արշակ-Շահբազյանը
Լուսանկարները՝ Արման Արշակ-Շահբազյանի