anna gasparyan aragats

Ես, իմ ձեռքբերումները և ընկեր Սուրենը

Հաջողություններիս շղթան սկսվեց այն օրը, երբ ես 2014 թվականին ընդունվեցի «Իմփաքթ» երիտասարդների զարգացման ակումբ, ծանոթացա ընկեր Սուրենի հետ և առաջ շարժվեցի: Ընկեր Սուրենն աշխատում է «World vision» կազմակերպությունում: Ամեն անգամ, երբ Ապարանում որևէ դասընթաց էր լինում, օրինակ՝ շահերի պաշտպանության, բռնության, անվտանգ համացանցի, մարդու իրավունքների վերաբերյալ, ընկեր Սուրենը գալիս էր դպրոց՝ տեղեկացնելու դասընթացների մասին և առաջինը իմ անունն էր գրի առնում ցուցակում: Նա ասում էր, որ ես անպայման պետք է մասնակցեմ բոլոր դասընթացներին: Երբ ընդունվեցի «Իմփաքթ», հանդիպումների ժամանակ ընկեր Սուրենը միշտ ներկա էր լինում: Նա ասում էր, որ ես աչքի եմ ընկնում իմ չարաճճիությամբ, շատախոսությամբ ու ընկերասիրությամբ: Ընկեր Սուրենը ոգևորում էր ինձ: Երբ գնում էի դասընթացների, ձեռք էի բերում նոր գիտելիքներ: Գիտե՞ք՝ ամենաուրախալին այն էր, որ դասընթացների հաջորդ օրերին դասարանի մի քանի երեխաներով հավաքվում էինք մի դասասենյակում, և ինձ խնդրում էին, որ պատմեմ այն, ինչ ես եմ սովորել: Այդ ժամանակ ես ամենաերջանիկ մարդն եմ դառնում, որովհետև երբ գիտակցում եմ, որ իմ շնորհիվ ընկերներս ստանում են նոր գիտելիքներ, որ այն, ինչ ես եմ սովորել ու գիտեմ, գիտեն նաև ընկերներս, երբ տեսնում եմ, թե ինչ լրջությամբ են լսում ինձ, հասկանում ամեն մի ասած բառս, պարզապես անբացատրելի զգացում եմ ունենում: Անբացատրելի է նաև այն, երբ ուսուցիչներն են ինձ հարցեր տալիս, լսում են և վերջում գրկախառնվելով ասում, որ հպարտանում են ինձանով:

Անկեղծ ասած՝ եթե ծանոթ չլինեի ընկեր Սուրենի հետ, հաստատ չէի իմանա շահերի պաշտպանության մասին ամեն մի մանրուք, չէի ուսումնասիրի մարդու իրավունքների մասին փաստերը մանրակրկիտ, չէի իմանա համացանցի մասին, սոցիալական կայքերի մասին, չէի իմանա բռնության մասին այն, ինչ այսօր գիտեմ: Եվ ամենակարևորն այն է, որ ես չէի իմանա 17.am-ի մասին և թղթակից չէի դառնա: Ես երջանիկ եմ, որ ճանաչում եմ ընկեր Սուրենին: