-Խնդրում եմ ներկայացեք:
-Ես Անահիտ Կարապետյանն եմ: Վանաձորի «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի պարուսույց և Վանաձորի «Հորովել» երգի -պարի անսամբլի պարուհի:
-Ինչպե՞ս որոշեցիք ընտրել այս ուղին:
-Շատ փոքր տարիքում, մոտավորապես երևի հինգ տարեկան էի, անընդհատ հեռուստացույցով պարեր էի դիտում և փորձում էի կրկնօրինակել: Հենց այդ ժամանակ էլ մայրիկս նկատեց, որ ես հակում ունեմ դեպի պարը, և որոշեց ինձ պարի դասընթացների տանել հենց իր կենտրոնում, և այդպես ես սկսեցի պարել:
-Ի՞նչն է ավելի հարազատ պարի բնագավառում. Ի՞նչ պարեր եք նախընտրում:
-Տեղափոխվենք երևի նորից մանկություն: Փոքր տարիքում ես միշտ ասում էի, թե հայկական պարեր հաստատ չեմ պարի, ու մասնագիտությունս երբ ընտրեմ, կզբաղվեմ ուրիշ պարերով: Բայց ստացվեց ճիշտ հակառակը. Ես ավելի շատ հիմա զբաղվում եմ ազգագրական պարերով, անսամբլում աշխատանքի բերումով: Բայց ազգագարականին զուգահեռ ուսումնասիրում եմ բոլոր ոճերը և փորձում եմ ամեն ոճի մեջ գտնել իր հետաքրքիր կողմը, կարելի ասել, կյանքի ամեն հատվածում ինչ-որ մի բան ավելի հոգեհարազատ է դառնում կախված զգացողություններից, այդ պահին կյանքում կատարվող տարբեր հետաքրքիր բաներից:
-Հայաստանում մանկության տարիներին շատերն են սիրում պարել, սակայն հետագայում պարողներին մի տեսակ այլ աչքով են նայում:
- Մեր օրերում այդպես մտածողները ավելի քիչ են: Հիմնականում ավելի շատ խնդիրներ են առաջանում կապված տղաների հետ: Հայերի մեջ այդպիսի բան կա, որ տղաները չպիտի պարեն: Չիտեմ դա ինչի հետ է կապված: Ամեն դեպքում պարը պիտի զարգացնեն և’ տղաները, և’ աղջիկները, մանավանդ ազգագրական պարի մեջ մեծ է տղաների դերակատարությունը, որպեսզի պարի ողջ ճոխությունը և շքեղությունը հետագա սերունդներին ավելի լավ փոխանցվի: Հույս ունեմ, որ առհասարակ արվեստի նկատմամբ գնալով հարգանքը կմեծանա: Ցավոք, մանավանդ մարզերում, արտիստների նկատմամբ այդքան էլ ճիշտ վերաբերմունք չի ձևավորված:
-Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Պարի հետ կապված պլանները շատ-շատ են: Ես կես-կատակ, կես- լուրջ միշտ ասել եմ, որ պիտի աշխատեմ մտնել պարի պատմության մեջ, ու ինչպես ես եմ հիմա ուսումնասիրում ինչ-որ հայտնի մարդկանց կենսագրություններ, որ ժամանակին ինչ-որ բան ներդրել են այս ամենը զարգացնելու համար, ես էլ պիտի ինչ-որ բան անեմ, որպեսզի հետագայում իմ մասին էլ խոսեն: Ներկա պահին փորձում եմ մարդկանց մեջ ակտիվացնել պարի հանդեպ սերը, որպեսզի մարդիկ հասկանան, որ պարը ուղղակի շարժվել չէ: Պարը շատ ավելին է, ու պարի միջոցով հնարավոր է ազատվել սթրեսից, հնարավոր է մարմնին տալ հանգստություն, ինքնաարտահայտվել… Ուզում եմ մեր երկրում զարգացնել մյուզիքլային ժանրը, բայց դա երևի մի փոքր ավելի ուշ կլինի, երբ ավելի վստահ կլինեմ իմ ուժերի վրա: Իսկ մոտ օրերս նախատեսվում է ֆլեշ-մոբ. հանգիստ եմ ասում, որովհետև արդեն ամեն ինչ պատրաստ է: Ֆլեշ-մոբը նվիրված է պարարվեստի տոնին, որովհետև քաղաքում մեր տոնը երբեք չեն նշել, (համենայն դեպս ես չեմ հիշում, որ հանրության մեծամասնությունը տեղյակ լինի, որ կա նման տոն, շնորհավորեն պարողներին): Ֆլեշ-մոբը նաև կօգնի մարդկանց` ազատվել բարդույթներից ու չամաչել պարելուց:
-Իսկ եթե ոչ պար, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Ինձ թվում է, եթե ես չլինեի պարուհի, ապա կընտրեի բեմի հետ կապված մասնագիտություն:
-Իսկ բացի պարից ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Բացի պարը ես զբաղվում եմ լեռնագնացությամբ, ժայռամագլցմամբ, սլեքլայնով, լրագրությամբ, փորձում եմ իմ ուժերը թատերական արվեստի մեջ և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեմ: Ես փորձում եմ երիտասարդներին հանել անտարբեր վիճակից:
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում:
-Ամեն մարդ պիտի զգա, թե ինչն է իրեն հոգեհարազատ: Պետք չէ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչը շատ գումար կբերի, ինչն է ավելի ընդունված: Իհարկե, դա էլ պետք է նկատի ունենալ, բայց ավելի շատ պետք է լսել սրտի ձայնին, հաշվի առնել նախասիրությունները: