Diana Karapetyan

Երբեք չեմ մոռանա

2004 թվական, ես այդ ժամանակ 4 տարեկան էի: Հայրիկս ամբողջ օրը աշխատում էր, դե մայրիկս էլ ամբողջ օրը փոքր եղբորս հետ էր, իսկ ես ինձ մի տեսակ միայնակ էի զգում:

Հիշում եմ, մի օր հայրիկս եկավ ու ասաց, որ իր ընկերոջ շունը երկու ձագ է ունեցել, և մենք գնում ենք ինձ համար փոքրիկ շնիկ բերելու: Ես շատ  էի ուրախացել, միշտ ասում էի, որ շնիկ եմ ուզում:
Երբ գնացինք այնտեղ, հենց բակը մտնելուն պես ինձ մոտ վազեց մի փոքրիկ շնիկ: Նա ամբողջովին սև էր ու այնքան փոքր էր, աչքերը այնպես էին փայլում,  կարծես երկու փոքրիկ աստղեր լինեին: Նա մոտենալով ինձ, ատամներով բռնել էր տաբատս ու բաց չէր թողնում, շարժում էր իր պոչը ու ամբողջ ուժով քաշում էր իմ տաբատից: Ես ծիծաղում էի ու շոյում էի նրան, և դա կարծես նրան դուր էր գալիս: Նա իմ կողքից այն կողմ չէր գնում, դե  ես նույնպես չէի ուզում նրանից բաժանվել և նրան ինձ հետ բերեցի տուն: Նրան անվանեցի Գրաֆչիկ:
Մենք անբաժան ընկերներ էինք դարձել: Ամբողջ օրը բակում միասին խաղում էինք: Ես նրա նման ամբողջ օրը չորեքթաթ քայլում էի, այնքան էինք խոտերի մեջ թավալվում, որ հոգնում ու հենց այդ խոտերի մեջ էլ միասին քնում էինք: Ես արթնանում էի միայն այն ժամանակ, երբ զգում էի, թե ինչպես է Գրաֆչիկը լպստում իմ երեսը: Երբ նրան ինչ-որ մի բան դուր չէր գալիս, նա ոտքիցս հանում էր կոշիկս ու վազում էր, որ ես էլ ընկնեմ նրա հետևից:

Մենք այնքան էինք մտերմացել, որ ես կարծես թե հասկանում էի նրան: Հասկանում էի, թե նա երբ է ուզում խաղալ, երբ` ուտել, երբ` քնել: Նա էլ ինձ էր հասկանում, գիտեր ինձ ինչպես ուրախացնի: Հիշում եմ, երբ մանկապարտեզ պիտի գնայի ու իրեն պիտի տանը մենակ թողնեի, ոնց էր տխուր հայացքով նայում ինձ ու գլուխը թեքելով հասկացնում, որ նեղացել է ինձանից, որ չի ուզում մենակ թողեմ իրեն: Բայց երբ հետ էի գալիս, ուրախ վազում էր իմ առջև և միշտ առաջինն էր ինձ դիմավորում:
Նա մեծանում էր իմ աչքի առաջ, և ես շատ ուրախ էի, որ նա կա, որ ես ունեմ նրա նման ընկեր:

Բայց ինչպես ամեն ինչ, այնպես էլ իմ ուրախությունը կարճ տևեց:
Ամռան մի առավոտ ես արթնացա մի տարօրինակ զգացողությամբ: Հավատացեք, բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում այդ պահին: Ամեն առավոտ ես արթնանում էի այն ժամանակ, երբ Գրաֆչիկը թաթերով խփում էր դռանը, բայց այդ առավոտը այդպես չէր: Ես արագ հագնվեցի և դուրս եկա տնից, աստիճաններին կանգնելով, բակում նկատեցի մայրիկին: Մայրիկը շրջվելց, տեսավ ինձ: Նրա աչքերը ամբողջովին պատված էին արցունքներով և դա ինձ սարսափեցրեց: Ես մոտ վազեցի ու իմ առջև բացվեց մի սարսափելի տեսարան: Այնտեղ` գետնին, պառկած էր Գրաֆչիկը`ամբողջովին արյան մեջ: Ես ուղղակի կորցրեցի խոսելու ունակությունը, սիրտս կտոր-կտոր եղավ, գրկեցի նրան ու սկսեցի լաց լինել: Օրը կարծես միանգամից մռայլվեց: Նրա մարմինը այնքան սառն էր, կարծես ես գրկել էի մի սառցե կտոր: Իմ ձեռքերը ամբողջովին պատվել էին նրա արյունով, իսկ արցունքներս արագ հոսում էին` թափվելով նրա անկենդան մարմնի վրա: Աչքիս առջևով սկսեցին թռչել նրա հետ կապված ամեն մի վայրկյանը: Նա ինձ համար ավելին էր, քան ուղղակի տնային կենդանի, ավելին, քան ուղղակի շուն, նա իմ պուճուր սրտի մի մասն էր, որին ես կորցրեցի:
Դեռ երկար ժամանակ ես չէի համակերպվում այն մտքի հետ, որ նա էլ չկա: Երբեմն, երբ հաց էի ուտում, ամանը ամբողջովին չէի դատարկում, վերցնում էի ու դուրս գալիս տանից, կանչում էի Գրաֆչիկին, բայց նա չէր գալիս:
«Ի՞նչ էր պատահել»,- այդ հարցը դուրս չէր գալիս իմ մտքից: Ի՞նչ էր պատահել, որ նա այդպես արնաքամ էր եղել: Ես այդպես էլ կոնկրետ չիմացա ու այդ հարցը մինչև հիմա տանջում է ինձ, թեկուզ և արդեն ութ տարի է անցել: Ութ տարի է անցել, բայց այն  տեսարանը դեռ իմ աչքի առջև է: Այն տեսարանը, որ իմ հավատարիմ ընկերը արնաքամ պառկած է իմ գրկում: Նա դարձավ իմ հոգում թափառող մի հիշողություն, որին ես երբեք չեմ մոռանա: